Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կարծիք ունեն տնտեսագետները՝ վարչապետի ելույթի մասին

Վերադարձ լուրերի բաժին

19:53 , 14 Մայիս 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության երեկվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով, ըստ էության, պայքար է սկսվում մենաշնորհների, կոռուպցիայի և տնտեսական զարգացմանը խոչընդոտող մյուս արատավոր երևույթների դեմ դեմ:

Տրվել են մի շարք հանձնարարականներ, իսկ վերջում վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարությունն ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը. «Այսուհետ պարբերաբար խոսելու ենք կատարված քայլերի մասին և գնահատելու ենք միայն դրանց շատ կոնկրետ արդյունքները»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։

Արդյո՞ք սա հերթական հայտարարությունն է, որ պարբերաբար արվում է` ցույց տալու համար, թե կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում և շարունակում է պայքարը մենաշնորհների դեմ, թե՞ այս անգամ իսկապես գործնական քայլեր է պետք ակնկալել: Թեմայի շուրջ զրուցեցինք մի շարք տնտեսագետների հետ:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով` ՀՀ Սահմանադրությամբ մենաշնորհների դեմ պայքարելու բոլոր հիմքերը կան, բայց այն ունի մի առանձնահատկություն. մեր օրենսդրությունը ոչ թե հակամենաշնորհային է, այլ տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված օրենսդրություն է: Այսինքն` մենք հիմնականում թույլ ենք տալիս, որ գները բարձր չլինեն, բայց մասնաբաժնի առումով խնդիր չի առաջացնում.

«Նոր Սահմանադրությամբ էլ հիմա արդեն ամրագրված է, որ մենաշնորհների դեմ պայքար պետք է լինի, բայց նման հայտարարություններ, հանձնարարություններ միշտ էլ եղել են ու կլինեն, իրականում դրանց արդյունքը որպես այդպիսին նկատելի չի եղել: Երբ կտեսնենք, որ մեր երկրում չկա որևէ ոլորտ, որտեղ որևէ մեկն ուզում է բիզնես դնել ու իրեն չեն խանգարում, կամ որևէ մեկն ուզում է ապրանք ներմուծել և այդտեղ նույնպես խնդիր չի ունենում, այդ ժամանակ ես կասեմ, որ մենաշնորհների դեմ պայքարը պսակվել է հաջողությամբ: Ես հայտարարությունների, հանձնարարությունների և խոսքի ուժը միայն այս մակարդակում եմ տեսնում, ընկալում»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանն ու հավելեց, որ չի ուզում կանխատեսել, թե սա հերթական հայտարարությունն է, և հույս ունի, որ գոնե այս անգամ այդ հայտարարություններն իրենց արդյունքը կտան:

Ի տարբերություն Վիլեն Խաչատրյանի` տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ընդհանրապես հույս չունի ու չի հավատում, որ այս անգամ կառավարությունն իր խոսքի տերն է լինելու, և որ սա հերթական սին հայտարարությունը չէ. «Ես նման որևէ հայտարարության չեմ հավատում, և հայտարարությամբ, ու որևէ հանձնարարությամբ չէ, որ մենաշնորհների դեմ պետք է պայքարել: Մենաշնորհները վերացնելու համար ուղղակի չպետք է խառնվել տնտեսվարողների գործերին և պետք է առաջնորդվել օրենքով, այդքան բան ընդամենը»,- ընդգծում է նա:

Ըստ Վահագն Խաչատրյանի` ընդհանրապես նման խնդիր չպետք է դնել` պայքար մենաշնորհների դեմ, պետք է ընդամենը թողնել, որ տնտեսությունը նորմալ աշխատի, չպետք է որոշ գործարարների արտոնություններ տալ, որ հնարավորություն ունենան շուկայում առավելություն ստանալ ոչ թե իրենց գործարար հատկությունների շնորհիվ, այլ ուրիշ հանգամանքներից ելնելով` հովանավորչություն, հարկերից խուսափում և այլն:

«Ինձ համար անհասկանալի է` ինչ է նշանակում պայքար մենաշնորհների դեմ: Եթե քո օրենսդրական դաշտն այնպիսին է, որ ինքն իր բովանդակությամբ հնարավորություն չի տալիս` մենաշնորհներ ստեղծվեն, իսկ մեզ մոտ օրենքները բավական լիբերալ են, ապա այդ մենաշնորհներն ինքնըստինքյան չեն լինի: Այսինքն` պետք է թողնել, որ օրենքն աշխատի, որ մրցակցություն լինի, չպետք է տնտեսվարողների առջև ինչ-որ ավելորդ պահանջներ, պայմաններ դնել: Այսինքն` եթե դուք ցանկանում եք շաքարավազ, յուղ, ձեթ, կարագ կամ բանան ներկրել, և ձեզ սահմանում չեն կանգնեցնում ու ասում` գիտեք, իրավունք չունեք, եթե դուք այդ դեպքում փորձում եք ընդվզել, ձեր իրավունքները պաշտպանել և միանգամից չեք հայտնվում ավելորդ քաշքշուկների մեջ, ապա նշանակում է` երկրում մենաշնորհ չկա, ամեն ինչ օրենսդրական դաշտում է»,- ասում է տնտեսագետը:

Նա համոզված է` շուտով միջոցառումների ծրագիր են կազմելու, հետո մի  հանձնաժողով ստեղծեն, հետո այդ հանձնաժողովում ամեն անգամ հավաքվեն հաշվետվություններ տալու, ամեն անգամ դրա արդյունքում պարզվելու է, որ մենաշնորհային դիրքը Հայաստանում ավելի է ամրապնդվել, ու ավելի շատ մենաշնորհներ են առաջացել. «Դա շատ ընդունված պրակտիկա է»,- ընդգծում է նա:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, դրական ակնկալիքներ ունի, քանի որ ըստ նրա` հայտարարության նյութը շատ կարևոր բաժիններ է ներառում, որոնք վարչապետն արծարծել է իր խոսքում. «Օրինակ`  խնայողությունը պետական ապարատում. ես միշտ ասել եմ` չի կարող  պետական ապարատում աշխատել 190 հազարից ավելի մարդ այն դեպքում, երբ մասնավոր սեկտորում ընդամենը 270 հազար է աշխատողների թիվը` գյուղատնտեսական ֆերմաները չհաշված: Այսինքն` դա շատ մեծ բյուրոկրատական համակարգ է, և շատ կարևոր է նման օպտիմալացում կատարել նախարարություններում ու պետական համակարգում:

Հաջորդ կարևոր բլոկը ՓՄՁ-ներին ավելի ազատ թողնելն է, որ նրանք շունչ քաշեն ու զարգանան: Ես կարող եմ մի երկու պաշտոնական տվյալ ասել. դրանք ես ստացել եմ Պետռեգիստրին ուղղված իմ հարցման արդյունքում: 2015թ.-ին լուծարվել են 9349 անհատ ձեռնարկատերեր և 680 իրավաբանական անձ կազմակերպություններ, ընդհանուր թիվը` 10029: Հիմա մեր հաշվարկով էլ` մոտ 5000-ը, այսինքն` կեսը չեն լուծարվել, բայց դադարել են գործել: Ստացվում է` 15 000 թիվ ունենք չգործողի կամ լուծարվողի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը միշտ ասում էր, որ 15 000-ի չափ բացվում են: Հիմա, երբ վարչապետն ասում է` ՓՄՁ-ներին թողնենք ավելի ազատ, դա շատ մեծ խթան կլինի, այդպիսով մենք իրոք կանենք պրակտիկ քայլեր, որոնք հնարավորություն կտան ՓՄՁ-ներին զարգանալու և գոյատևելու:

Եվ երրորդ բլոկը, որի մասին նա խոսել է` օլիգարխներ, անհավասար մրցակցություն, նույնպես շատ կարևոր են, քանի որ դա թույլ է տալիս հնարավորություններ ստեղծել մրցակցային դաշտի բարելավման տեսանկյունից:

Չորրորդ կարևոր բլոկն էլ այն է, որ այս բոլորի արդյունքում կոռուպցիան կարող է էականորեն նվազել, երկիրը կարող է դառնալ ավելի գրավիչ ներդրումների համար, կարող է նաև ստվերը կրճատվել, որովհետև այդ բոլոր օղակները նաև ստվերային խթանման աղբյուրներ էին հանդիսանում, և վերջին հաշվով` մենք ունենում ենք ավելի լավ տրամադրություն հասարակության շրջանում»,- հավելեց նա:

Ըստ Գագիկ Մակարյանի` միակ խնդիրը կարող է այն լինել, որ որոշակի գործազրկություն կլինի պետական ապարատում, բայց քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի տարբեր սոցիալական ծրագրեր գործազուրկներին աջակցելու, նրա կարծիքով` այդ ճանապարհով կարելի է նրանց տեղավորել կամ օգտագործել. «Վերջին հաշվով` պետական ապարատում կան նաև մարդիկ, որոնք բավական գրագետ են, ունեն գրագիտություն և սեր` փաստաթղթերի հետ աշխատելու համար, այդ մարդիկ կարող են շատ հեշտությամբ բազմաթիվ օֆիսներում, մասնավոր սեկտորի ձեռնարկությունների, գործարանների ոլորտում աշխատանք գտնել»,- ասում է նա:

Երբ հետաքրքրվեցինք, թե ըստ նրա` ինչու վարչապետը հենց հիմա որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, պարոն Մակարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` դանակն արդեն ոսկորին էր հասել. շատ տարբեր աղբյուրների, արտաքին ուժերի ու դեսպանների` կոռուպցիայի մասին խոսելը, օֆշորային սկանդալն ու այդ ամեն ինչը պետք էր զսպել: Եթե այս ամեն ինչը չարվի, միևնույն է, ինքնահոս ձևով է  ամեն ինչ պայթելու, արդյունքում շատ բաներ հրաբուխի պես ժայթքելու են, ու ներսում կարող են լինել նաև անկառավարելի գործընթացներ: Ավելի լավ է, որ կառավարությունն առաջին քայլը կատարելով այդ գործընթացը դարձրեց կառավարելի»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: