Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կապ կա կոռուպցիայի դեմ պայքարի և կուտակային կենսաթոշակային համակարգի միջև

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ, վերլուծաբան Աշոտ Խորշուդյանը գրում է.

Սա Բադ Դուայերն է, Փենսիլվանիայի գլխավոր գանձապետը։ Նկարում պատկերված պահից մի քանի վայրկյան անց նա ինքնասպան կլինի։ Ինքնասպանությունից առաջ հրավիրել էր մամլո ասուլիս, իր սենյակում հավաքված լրագրողների աչքի առաջ ինքնասպան է եղել՝ պնդելով, որ ինքը մեղավոր չի։ Ֆոտոները և նույնիսկ վիդեոն կարող եք գտնել ինտերնետում, ահասարսուռ տեսարան է։ Իսկ այս ամենին նախորդել էր պայմանագիր շնորհելու դիմաց 300000 դոլար откат վերցնելու քրեական գործը, որի դատական վճիռը հաստատվելուց հետո Դուայերը 55 տարի պետք է բանտարկվեր …. բայց, նաև զրկվեր կուտակած թոշակից (սա մեր կուտակայինը չի, նման է դատավորների, զինվորականների թոշակայինին)։ Ինքնասպանություն՝ թողնելով երկու անչափահաս երեխա և կին, որոնք ստացան նրա կենսաթոշակային մահվան նպաստը՝ 1.28 միլիոն դոլար չափով։ Մինչև հիմա վիճում են, թե արդյո՞ք նա մեղավոր էր, թե՝ չէ՞, այնուամենայնիվ, քանի որ նա մահացավ մինչև պաշտոնից զրկվելը, օրենքը նրա ընտանիքին փոխանցեց նրա ծերության ապահովության գումարները: Մարդը գերադասեց մեռնել, սակայն ընտանիքին թողնել ֆինանսապես ապահով ապագա։ Ահա այսպիսի կարևորություն ունի կուտակած թոշակը։

Budd_Dwyer

Նախկինում, մեր հանրային բոլոր աշխատողները ստանալու էին այնպիսի թոշակ, որը կախված չէր լինելու ստացված աշխատավարձի չափից։ Լինես 1 միլիոն դրամից ավելի ստացող նախարար կամ պատգամավոր, թե 70 հազար դրամ ստացող մասնագետ։ Կոռուպցիան եթե պարզ դիտարկենք, ինչպես ցանկացած «եկամուտ», երկու նպատակ է հետապնդում, կամ ծախսել կամ կուտակել։ Կարող ես ամենօրյա ռեժիմով քիչ-քիչ կաշառքներ ստանաս ու ծախսես։ Սակայն կարող ես նաև միանգամից մեծ կոռուպցիոն սխեմայի մեջ մտնես ու ապահովես մեծ կապիտալ։ Ինչու՞ են խոշոր կոռուպցիոներները գնում ռիսկի։ Իհարկե կուտակելու համար, միանգամից հարստանալու համար։ Եթե նայենք նախկին բարձր պաշտոնյաներին, կտեսնենք կարճ ժամանակ աշխատածների, որոնք պետական պաշտոնից հետո … արդեն հարուստ են։ Ահա այդ կարճ ժամանակը բավարարել է հարստանալու համար։ Հարստանալու տարբեր ձևեր կան, մենք ունենք պաշտոնյաներ, որոնք պաշտոն ունենալու զուգահեռ բիզնես են գրանցել իրենց, եղբոր կամ էլ կնոջ անունով, հովանավորել են այն, աջակցել են տենդեր շահել և այլն։ Այսինքն, իրենց չեն պատկերացրել որպես պետական պաշտոնյա, հանրային ծառա։ Եթե աչքներս կկոցած նայենք, կտեսնենք, որ այս սխեման գործել է հենց «հավասարության» էպիկենտրոն սովետական համակարգում, ու հատկապես կուսակցական կարիերա անողների շրջանում, ուժայինների, ՕԲԽՍ-ի և այլնի մոտ։ Ահա, հենց այս հավասարությունն է, որ մարդիկ «չեն սիրել», իրենց համարել են առավել արժանի, առավել կարևոր, ու առավել ունակ, որպեսզի ապահովեն օրվելյան «ոմանք ավելի հավասար են» կանոնը։ Ես չեմ ուզում արդարության զգացման խնդրի մեջ խորանալ (չնայած, հաշվի առնելով արցախյան պատերազմը, անցումային շրջանն ու անհավասարությունը, կոռուպցիայի հետ կապված քաղաքական պատմության շատ դետալներ իր տեղն է գցում ու բացատրելի դարձնում)։ Այս պահին կխոսեմ միայն կուտակայինի մասին։

State_service_corruption
Կուտակայինը փոխում է հանրային ծառայողի կարգավիճակը և կոռուպցիային ավելացնում է արժանապատիվ թոշակի այլընտրանքը՝ ըստ իր «կարգավիճակի»։ Այսինքն նախարարը ավելի շատ կկուտակի, քան վարչության պետը, որն էլ ավելի շատ, քան բաժնի պետը և այլն։ Ինչ է սա նշանակում. Սա նշանակում է, որ եթե չլիներ կուտակայինը, ապա պաշտոնյան թոշակի անցնելուց հետո միանգամից հայտնվում է նվազ միջոցներով ապրող խավի ստատուսում։ Այս միտքը ևս կրկնեմ, քանի որ շատ էական է։ Դուք ունեք շրջապատ, ընտանիք, և սովոր եք ծախսել՝ ըստ ձեր եկամտի, ընտանիքին տանել ծով` հանգստի, նվերներ առնել և այլն։ Հանկարծ, ազատվում եք աշխատանքից, անցնում եք թոշակի, ու վերջ … դառնում եք շատ քիչ եկամուտ ունեցող անձ, ձեր շրջապատը, ձեր հարազատները արդեն այլ կերպ պետք է Ձեզ ընկալեն։ Մարդկային վարքագիծը փոխելը շատ դժվար է, աղքատ ծերությանը համակերպվելը՝ նմանապես։ Ահա այս միտքը շատ հանրային ծառայողների էր վախեցնում, ու հատկապես նրանց, որոնք ունեին «բարձր դիրք»։ Ինքնաբերաբար առաջանում էր «մի բան անելու» մոտիվացիա, որպեսզի ապահովես նույնակարգավիճակ ծերությունդ։ Կուտակային կենսաթոշակը երաշխավորում է այս ռիսկերից զերծ մնալ, մի օրում չդառնալ գոյատևող խավի ներկայացուցիչ։

Young_girl_old_lady_pension
Ուրիշի փողը հաշվելը սիրուն չի, սակայն հանրային ծառայողը այսօր եկամուտների հայտարարագրով հաշվետու է մեր առաջ։ Երբեմն նայում եմ ու բացահայտում որոշ պետական ծառայողների, որոնք ամբողջ կյանքը եղել են պետական համակարգում ու այսօր ունեն պատշաճ խնայողություն։ Այո, սա հավաստում է իմ պնդումը՝ մարդիկ ցանկանում են խնայել, ապահովում են իրենց ծերությունը։ Դա արել են բարձր աշխատավարձո՞վ, կոռուպցիո՞ն եկամուտներ են, միգուցե քի՞չ են ծախսել ու խնայել են, միգուցե պարգևատրու՞մներն են խնայել։ Իհարկե օրինական ու անօրնական խնայողության էթիկական երկընտրանք կա։ Բայց դե կուտակայինի ներդրմամբ այս ընտրությունը հեշտանում է. Նույնիսկ եթե չկարողանաս այլ կերպ խնայել, կուտակային խնայողությունը կապահովի արժանավայել ծերություն։ Իհարկե, նրանք, ովքեր մի քանի տարի են կուտակելու, չեն զգա սրա վայելքը, սակայն այն հանրային ծառայողները, որոնք 40 տարի կաշխատեն պետական համակարգում, հանգիստ կարող են անօրինական եկամուտի հետևից չընկնել ու այդ ռիսկին չգնալ։ Մնում է մրցունակ լինելու ռիսկը, որպեսզի չդառնաս գործազուրկ։
Նկարում առաջինը 25 տարեկանում պետական համակարգ մտած ու 300000 դրամ աշխատավարձ ստացողի կուտակածն է։
Իսկ երկորդը, 20 տարի է միայն աշխատել ու կուտակել՝ 1 միլիոն դրամ նոմինալ աշխատավարձով։ Սա էլ դիտարկենք որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ։ Կարող եք ինքնուրույն հաշվել, ու որոշել՝ կոռուպցիա՞, թե՞ օրինական ծառայություն։ http://www.epension.am/am/calcs/calcs_pension_calculator

Pension_Calculation-640-480

Իսկ այժմ հաջորդ պնդումս։ Նույնիսկ եթե կուտակային թոշակը պատշաճ ծերություն ապահովի, միևնույնն է՝ հանրային ծառայողները ձգտելու են լրացուցիչ գումար խնայել։ Ուստի նախորդ հատվածում գրածս էթիկական ընտրությունը այդքան էլ չի հեշտացել։ Ինչու՞ եմ հակառակ պնդումն անում։ Որովհետև մի քանի անորոշություն ու անկայունություն է մնացել, ու դրանց արժի մաս-մաս անդրադառնալ։ Ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ վստահեն համակարգային լուծումներին։ Սկսենք.

Trust
Քաղաքական և հայեցողական պաշտոններ։ Այո, այս պաշտոնները անկայուն են ու կախված են քաղաքական գործընթացներից։ Մինչդեռ հենց այս պաշտոնյաներն են ամենամոտիկը կանգնած որոշումների կայացմանը։ Ու ի՞նչ անեն։ Դասակարգենք.
ա/ Հավերժ քաղաքական գործիչներ։ Այո, եթե կարող ես ամբողջ կյանքդ վերընտրվել կամ էլ վերանշանակվել քաղաքական պաշտոնի, ապա ապահով ծերությունդ ապահովված է։ Ի դեպ, զարգացած երկրներում հասարակ ժողովուրդը հաճախ հենց այս կատեգորիային չի սիրում «ամբողջ կյանքը պառլամենտում խոսելուց բացի ուրիշ գործ չի արել, իսկ հիմա ինձնից բազմապատիկ անգամ մեծ թոշակ է ստանում, կասի ցանկացած ուսուցիչ»։ Բարձր պաշտոնների բարձր աշխատավարձը երկսայր է. մենք նրանց բարձր ենք վճարում, որ կոռուպցիոն գայթակղություն չլինի, սակայն այդպիսով նրանք նաև մեծ թոշակ են հետո ստանալու, երբ այլևս կոռուպցիոն լծակ չկա։ Այս մոդելը շատ երկրներում կա, որտեղ ունեն կուսակցական կայուն ավանդույթ, որտեղ փոքրուց պատրաստում են քաղաքական կարիերայի, ու երիտասարդ տարիքից մտնում են քաղաքական պայքարի մեջ։ Մեզ մոտ ավանդապես չենք սիրել «կոմսոմոլի» մոդելը։ Սակայն այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ շատ երիտասարդներ քաղաքական դաշտում հայտնվեցին, ստացան պաշտոններ։ Կոռուպցիոն ռիսկերի մասին չեմ ուզում գրել, կարող եք պարզապես գուգլել “revolving doors”, որպեսզի տեսնեք քաղաքական գործիչների լայն հեռանկարային հնարավորություններն ու գայթակղությունները։ Ամեն դեպքում, կայունություն կլինի միայն կայուն քաղաքական մշակույթի ձևավորման պարագայում։ Հայաստանում կայուն են միայն այն կադրերը, որոնք չլինելով քաղաքական գործիչ՝ զբաղեցնում են քաղաքական պաշտոններ։ Այս քվազի-պրոֆեսիոնալ-բյուրոկրատ-քաղաքական գործիչ ինստիտուտն ունի հին ու ավելի կայուն պատմություն։

բ/ Ժամանակավոր պրոֆեսիոնալներ։ Մարդիկ, որոնք մասնավոր հատվածում ունեցել են եկամուտ և մտել են քաղաքական դաշտ։ Այստեղ երկու մոդել կա՝ սոցիալական երկրների մոդելը, որտեղ համեստ աշխատավարձով մասնագետը հանգիստ բավարարվում է իր եկամուտով ու, մտնելով քաղաքական դաշտ, շարունակում է վայելել նույն կարգավիճակը։ Կամ էլ, կայացած հարուստ ինչ-որ ներկայացուցիչ մտնում է քաղաքական դաշտ։ Երիտասարդ նոր կայացող պրոֆեսիոնալի համար դժվար է անկայուն քաղաքական կարիերան, ինչ-որ պահի ինքն իրեն իր ապագայի մասին հարց է տալու՝ դառնամ մշտական քաղաքական գործի՞չ, թե՞ … Կարող եմ միայն նշել, որ եթե նման մասնագետը դուրս գա աշխատանքից ու շարունակի համեստ եկամուտով աշխատել (կամ դառնալ գործազուրկ), ապա կուտակայինը նրան չի ապահովի պատշաճ ծերություն։ Թերևս հայեցողական պաշտոնի մարդիկ ավելի անկայուն են։ Ու նախկինում էլ շատ էր ընդունված այս պաշտոնյաների համար ապահովել «ծրարներով եկամուտ» կամ էլ պարգևավճարներ, որպեսզի չտրվեն գայթակղությանը, մնան լոյալ քաղաքական իշխանություններին։ Իհարկե, կա երրորդ ուղի՝ մասնագիտորեն աճել ու դուրս գալ համակարգից մրցունակ։ Ամեն դեպքում, բոլոր լուծումները այսօրվա եկամուտին են վերաբերվում, ոչ թե ապագա կուտակայինին։

գ/ Բիզնեսմեններ կամ կայացած պրոֆեսիոնալներ։ Իհարկե, շատերը ուշ տարիքում են մտնում քաղաքական աշխարհ։ Այսպիսի խոսք կա, որ 40 տարեկանում է գալիս քաղաքական հասունությունը։ Եթե մարդ ուշ տարիքում մտնում է քաղաքական դաշտ, ապա արդեն կուտակել է ու կշարունակի կուտակել իր ծերության համար։ Երևի սա լավագույն համադրությունն է։

Politician_Politics
Քաղաքացիական ծառայություն
Իհարկե, աշխատանքի այս ոլորտի համար հիմնարար սկզբունք է կայունությունը։ Մարդ, որն ամբողջ կյանքում կաշխատի որպես քաղաքացիական ծառայող ու ամիս առ ամիս կկուտակի իր թոշակը՝ կապահովի իր եկամտին համահունչ ծերություն։ Թերևս, կոռուպցիան կուտակայինով նվազեցնելու լավագույն ազդեցությունը կտեսնենք հենց քաղաքացիական պաշտոններ ունեցողների մոտ։ Ցավոք, քաղաքացիական ծառայության համակարգը լիարժեք չդարձավ իր սկզբունքներին համահունչ, ու այն ռելսերի վրա դնելու հրամայականը այսօր էլ կա, բայց դա այլ թեմա է։

Civil_Servant-640-480
Դատավորներ/դատախազներ/ ուժայիններ
Ընդհանրապես այս ոլորտի կենսաթոշակայինի մասին քիչ են խոսում, սակայն այս ոլորտում բարձր թոշակի երաշխիքը գալիս է վաղուց, դեռևս հին Հռոմից, երբ թոշակի անցած զինվորներին հող էին շնորհում։ Իշխանությանը հավատարիմ ծառայելու երաշխիքը ապահով ծերություն խոստանալն է, կամ դրանից զրկելը, եթե խախտել ես հավատարմությունը. Մեր դեպքում՝ կոռուպցիայի մեջ ես բռնվել։ Սկսեմ երկրորդից։ Այո, այն կաղում է, մեզ մոտ չկան թոշակից զրկելու ցցուն նախադեպեր։ Սա առանձին թեմա է, կուտակայինի հետ կապ չունի, սակայն ուղիղ առնչվում է այսօրվա եկամուտ-վաղվա թոշակ-կոռուպցիա եռանկյան խնդրի քննարկմանը։

Judges_justice
Պարգևատրումներ/հարկային
Պարգևատրումներն հատկապես, իսկ հարկայինը` առանձնահատուկ կարևոր է, քանի որ հարկային համակարգում ոչ միայն վաղուց պարգևատրումների մասին խոսում են որպես կոռուպցիան կանխող մեխանիզմի, այլև այսօրվա պատասխանատուն էլ այս անկյան տակ մի քանի անգամ շեշտել է հարկայինի եկամուտների վերաբերյալ իր կարծիքը։ Սա մտահոգիչ է, ու ես սա միշտ կոչել եմ, «օրինական կոռուպցիա»։ Հատուկ շեշտեմ, խոսքը չի գնում «պարգևատրումը որպես մրցունակ կադրին համարժեք եկամուտի տրամադրում» երևույթի, այլ այն պարգևատրումների մասին, որոնք տրվում են կոռուպցիայի մոտիվը նվազեցնելու մտադրությամբ։ Այս մտածողությունը փոխելու նախադրյալը հենց կուտակայինն է, սակայն սրա մասին չեն խոսում։ Այո, ծառայողը պետք է իմանա, որ իր ազնիվ ծառայության փոխհատուցումը ոչ թե հավելյալ պարգևատրումն է, այլ կայուն աշխատանքը՝ ապահովված համարժեք կուտակած թոշակով։

Bonus_money-640-480
Սա էլ որպես բոնուս։ Նախարարությունում նստած էի, երբ եկավ առաջին նախագահին թոշակ նշանակելու (պլյուս գրասենյակի ծախսերի) վերաբերյալ որոշումը։ Բյուջեն հեշտ չէր կատարել, և կար լիքը առաջնահերթ ծախսեր։ Ես կխաբեմ, եթե ասեմ, որ համակրանք ունեմ առաջին Նախագահի հանդեպ, ավելին, գիտեմ, որ ոչ-ոք ինձ ոչինչ չէր ասի, եթե այդ ծախսը ուշացնեի։ Վերևից թոշակը վճարելու անմիջական հրահանգ չկար։ Սակայն անմիջապես առաջնահերթ այդ ծախսը ստորագրեցի ու ուղարկեցի փոխանցման, քանի որ նախագահական ինստիտուտի կայացման համար կարևոր է նաև ծերության երաշխիքը (ի վերջո այդ ժամանակ աշխատում էի նաև թեկնածուական թեզիս վրա, որի մի մասը հենց պայքարն էր կոռուպցիայի դեմ, ու լավ ուսումնասիրել էի ժողովրդավարական երկրների փորձը)։ Իհարկե, հաջորդ երկու նախագահների դեպքում այդ թոշակի էականությունը կորավ, սակայն այսօր այս թեման կրկին պետք է մտնի օրակարգ։ Առավելագույն իշխանություն ունեցողի ապահով ծերությունը պարտադիր նախապայման է կոռուպցիոն գայթակղություն չունենալու համար։ Իսկ մյուսների ապահով ծերությունը երաշխավորվում է պատշաճ թոշակով, որի մեխանիզմը ներդրված է՝ կուտակային թոշակը։

Old_governor_Roman_Emperor-640-480
Կենտրոնական բանկը
Որպեսզի կարևորենք մեր կուտակած կենսաթոշակը, մտածենք մեր ապահով ծերության մասին, լինենք այդ համակարգի մաս, մի քանի կարևոր խոստում է պետք։ Առաջինը, իհարկե կայուն քաղաքական ու քաղծառության համակարգ ունենալն է։ Հանրային ծառայողները չպիտի պետական աշխատանքի մասին մտածեն, որպես կարճ ժամանակով տրված հնարավորություն, որից օգտվելու գայթակղություն միշտ կարող է լինել։ Կոռուպցիան անխուսափելի է, սակայն համակարգային կոռուպցիան վերացնելու ուղին կուտակայինն է։ Շուտով կփոխվի Կենտրոնական բանկի նախագահը։ Ու հաջորդ ԿԲ նախագահները ԱԺ ամբիոնից մի կարևոր խոստում պետք է պարբերաբար տան։ Պետք է խոստանան, որ ֆինանսական համակարգը այնպես կայուն է լինելու, որ ինֆլյացիան այնպիսի ցածր մակարդակում է լինելու, որ հանրային ծառայողները իրենց խնայվելիք, կուտակվելիք կենսաթոշակին կվերաբերվեն որպես ծերություն ապահովելու ամենամեծ երաշխիքի ու չեն գնա այսպահային հնարավոր կոռուպցիոն գայթակղության ռիսկին։ Համակարգային կոռուպցիայի վերացման երաշխիքը Կենտրանական բանկի կողմից այս խոստումը կատարելն է։ Նույնիսկ եթե պետական համակարգում չկարողանանք աշխատավարձերը բարձրացնել, ապահով ծերություն պետական համակարգում աշխատողները պետք է ունենան. կուտակայինը ներդրված է ու այսօր ԿԲ-ի ուսերին է այս ակնկալիքը կյանքի կոչելը, որին մոտ 20 տարի դեռ կա (երբ մարդիկ կսկսեն համեմատաբար կայուն կենսաթոշակ ստանալ)։
Central_Bank_of_Armenia

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։