Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ծավալի ներդրումներ են կատարվել Հայաստանում և որքանով ենք զիջում Վրաստանին

Վերադարձ լուրերի բաժին

18:52 , 02 Սեպտեմբեր 2017

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) օրերս հրապարակեց Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշները՝ 2017 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար։

Թվերը, մեղմ ասած, տխուր են։

Իրական հատվածում կատարված ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը երկրորդ եռամսյակում բացասական է՝  -24.8 մլրդ դրամ։ Այսինքն՝ ավելի շատ կապիտալ արտահոսել է, քան ներհոսել։ 2016 թվականի երկրորդ եռամսյակում ցուցանիշը նույնպես բացասական էր, սակայն ավելի քիչ՝ – 15 մլրդ։

Ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, ճիշտ է, բացասական չէ՝ 17.3 մլրդ դրամ, սակայն նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշից պակաս է 1.1 մլրդ դրամով։

Մի խոսքով, այս թվերը ամենևին համահունչ չէին ներդրումային բումի վերաբերյալ կառավարության խոստումներին, և բնականաբար, սկսեցին բուռն քննարկվել մամուլում և սոցիալական ցանցերում։

Հարևան երկրի թվերը

Կրքերը ավելի թեժացան, երբ այս շաբաթվա վերջին Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ուղղակի ներդրումների իր վիճակագրությունը՝ 2017 թվականի առաջին եռամսյակի համար։

Ըստ այդ ներդրումների՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանն ունեցել է 403.3 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Այդ թիվը համադրվում էր Հայաստանի թվի հետ՝ 17.3 մլրդ դրամ (մոտ 36 մլն դոլար)՝ հունվար-հունիսին։ Ու դրան հետևում էր եզրակացությունը՝ Վրաստանը միայն առաջին եռամսյակում 11 անգամ ավելի շատ ուղղակի ներդրումներ է ներգրավել, քան Հայաստանը առաջին և երկրորդ եռամսյակներում։

Ճի՞շտ է արդյոք նման համեմատությունը։

Ոչ։ Որովհետև Վրաստանի 403.3 մլն դոլարն ու մեր 36 մլն դոլարը համադրելի ցուցանիշներ չեն։ Ճիշտ է, համադրելի ցուցանիշների պարագայում էլ Վրաստանի ներդրումները գերազանցում են Հայաստանին, սակայն տնտեսական վերլուծությունների ժամանակ պետք է մեթոդաբանական նրբությունները հաշվի առնել։ Ավելի պարզ ասած, չի կարելի 50 սանտիմետրը համեմատել 10 մետրի հետ՝ առանց այդ չափման միավորները համադրելի դարձնելու։

Ներդրումային վիճակագրության ոլորանները

Ներդրումային վիճակագրությունը, որը ԱՎԾ-ն ներկայացնում է եռամսյակը մեկ, հրապակում է ներդրումների ԶՈՒՏ ՀՈՍՔեՐԸ (հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունները)։

Սակայն Վրաստանի և այլ երկրների հետ համեմատություն անցկացնելու համար այս ցուցանիշը չի կարելի օգտագործել։ Կա մեկ այլ ցուցանիշ, որը կարելի է գտնել վճարային հաշվեկշռի մեջ, այն կոչվում է ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնում (ֆինանսական հաշիվ բաժինն է)։

Հենց այս ցուցանիշն է ԱՎԾ-ն տարին մեկ հրապարակում, և այդ ցուցանիշն է, որ ճշգրտվելուց հետո տեղ է գտնում Համաշխարհային բանկի և այլ կառույցների տվյալների բազաներում։

Ըստ այդմ, 2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի օտարերկրյա ներդրումների ներհոսքը (ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 73 մլն դոլար։ 2-րդ եռամսյակի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։

Հենց այս 73 մլն դոլարն է, որ համադրելի է Վրաստանի 403.3 մլն դոլարի հետ։

Որպեսզի առավել պարզ լինի, թե այս երկու ցուցանիշները ինչպես են տարբերվում, մենք մի քանի համեմատական ներկայացնենք:

FDI001

Ինչպես տեսնում եք, վերջին օրերին բուռն քննարկվող ցուցանիշը՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը, էապես տարբերվում է օտարերկրյա ներդրումների ներհոսքի ցուցանիշից (որը հաշվի է առնվում միջազգային կազմակերպությունների կողմից)։

Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 40.6 մլն դոլար (19.7 մլրդ դրամ), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը ըստ վճարային հաշվեկշռի՝ 73 մլն դոլար։

Ավելին, ըստ վճարային հաշվեկշռի տվյալների՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2016-ի առաջին եռամսյակի համեմատ կրկնապատկվել է՝ 38.7 մլն դոլարից հասնելով 73 մլնի (երկրորդ եռամսյակի տվյալները դեռ չկան)։

Հիմա համեմատությունների մասով։

Վրաստանի ուղղակի ներդրումների հետ համեմատելի են Հայաստանի այն տվյալները, որոնք ներկայացված են վճարային հաշվեկշռում։

Վերջին 10 տարիների կտրվածքով՝ պատկերն այսպիսին է (մլն դոլարներով)։

FDI002

Հայաստանի տվյալները վերցված են ՀՀ Կենտրոնական բանկի կայքում առկա վճարային հաշեկշռից, իսկ Վրաստանի տվյալները՝ այդ երկրի ազգային վիճակագրական ծառայության կայքից։

Ինչպես տեսնում եք, պատկերը այս դեպքում էլ մտահոգիչ է. 2016 թվականին Վրաստանը 4.6 անգամ ավելի շատ օտարերկրյա ներդրումներ է ներգրավել, քան Հայաստանը։

Լղոզված տվյալների էֆեկտը

Իրականում լրագրողները քիչ մեղք ունեն՝ ոչ համադրելի տվյալները միմյանց հետ համեմատելու հարցում, որովհետև մեր պաշտոնական վիճակագրությունը ներդրումային տվյալները ներկայացնում է այնպես, որ այն լինի առավելագույնս խճճված և անհասկանալի։

Օրինակ՝ սա մեր ԱՎԾ-ի տվյալներն են՝ ներդրումների մասով, իսկ սա՝ վրացիների։ Պարզապես համեմատեք։

Մի կարևոր հանգամանք էլ նշենք։ Այս տարվա երկրորդ եռամսյակի անկումային տվյալները (ընդամենըը և ուղղակի ներդրումների զուտ հոսքերի նվազումը) քննարկվում էր կառավարության՝ 830-840 մլն դոլար ներդրումներ ներգրավելու խոստման ֆոնին։ Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է խոսել ներդրումային ակտիվությունից, եթե նախորդ տարվա համեմատ անկում կա։

Իրականում, մինչ օրս անհայտ է՝ կառավարությունը ի՞նչ նկատի ունի 840 մլն դոլարի ներդրումների տակ։ Դրանք ընդամե՞նը ներդրումներ են, թե՞ ուղղակի։ Դրանք զո՞ւտ ներդրումներ են, թե՞ համախառն հոսքեր։ Կարճ ասած, պարզ չէ, թե կառավարությունը կոնկրետ ինչ է խոստացել կատարել։ Իսկ լղոզված ձևակերպումները վերջում թույլ են տալիս փաստացի տվյալնրը ներկայացնել ձեռնտու ձևով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%: