Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է կատարվում Հայաստանի ՏՏ ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 29 Մայիս 2017

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն։ Կամ պարզապես՝ ՏՀՏ ոլորտ։ Սա վերջին տարիների ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից մեկն է։

Այն մեր տնտեսական գերակայությունների թվում է, և բնական ռեսուրսներից աղքատ լինելով՝ մեր տնտեսական ապագան կապում ենք հենց այս ոլորտի հետ։ Անգամ տրանսպորտի և կապի նախարարությունն «արդիականացվեց»՝ իր անվան մեջ ավելացնելով «տեղեկատվական տեխնոլոգիաները» բացակապակցությունը։

Իսկ ինչպե՞ս է զարգանում ՏՀՏ ոլորտը Հայաստանում, և արդյո՞ք աճի տեմպը համահունչ է հնչող ելույթների քանակին։

Ոմանք ՏՀՏ ոլորտի վիճակագրությունը նույնացնում են հեռահաղորդակցության և կապի ոլորտի ցուցանիշների հետ։ Սակայն դա սխալ է։ Հեռահաղորդակցությունը ՏՀՏ ոլորտի մի մասն է, սակայն դրա մեջ չեն մտնում տեղեկատվական ոլորտների մյուս տեսակները, օրինակ՝ ծրագրային ապահովումը։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2009 թվականից սկսած յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում և հրապարակում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ցուցանիշները։ Այդ ցուցանիշները հրապարակվում են ԱՎԾ զեկույցների վերջում՝ «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում։

Մենք ամփոփել ենք վերջին 5 տարիների՝ 2012-2016 թվականների ցուցանիշները ՏՀՏ ոլորտի համար։ Ինչպես տեսնում եք 1-ին գծապատկերում, 2012 և 2013 թվականներին ՏՀՏ ոլորտը գրանցել է տարեկան համապատասխանաբար 6.8% և 11.7% աճ։ 2014-ին գրանցվել է 0.5% անկում, իսկ 2015 թվականին անկումն ավելի է խորացել՝ հասնելով 0.7%-ի։

chart1

Միայն 2016 թվականին աճը սկսել է վերականգնվել, չնայած շատ համեստ ցուցանիշով՝ ընդամենը 1.1%-ով։ 2016 թվականին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ծավալը կազմել է 238.1 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 4.7%-ը)։

Իհարկե, նման տեմպերով չի կարելի հույս ունենալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներով «աշխարհը շուռ տալ»:

Սակայն ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ ԱՎԾ-ն, բացի այս ընդհանուր ցուցանիշից՝ ներկայացնում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշներն առանձին։

Ինչպես տեսնում եք, 2012-2016թթ. ընթացքում հեռահաղորդակցության ոլորտը նվազել է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները՝ աճել։

IT2

Այսպես, եթե 2012 թվականին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել էր 165.2 մլրդ դրամ, 2016-ին այն նվազել է մինչև 143 մլրդ դրամ։ Իսկ, այսպես ասած, «մաքուր» ՏՏ ոլորտի ծավալն այս ընթացքում կրկնապատկվել է՝ 48.7 մլրդ դրամից հասնելով 95 մլրդ դրամի։

Արդյունքում՝ «մաքուր» տեղեկատվական տեխնոլոգիաների կշիռը 2012 թվականի 22.8%-ից հասել է մոտ 40%-ի։

Իսկ հեռահաղորդակցության ոլորտի հասույթի նվազումը բացատրելի և օրինաչափ երևույթ է։ Բանն այն է, որ թվային տեխնոլոգիաների և ինտերնետի տարածման հետևանքով բաժանորդները սկսում են հրաժարվել «դասական» զանգերից և հաղորդագրություններից՝ փոխարենն օգտագործելով Viber, Skype և նման տիպի այլ հավելվածներ (այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Սամվել Մարտիրոսյանի՝  Բջջային օպերատորների ամենամեծ թշնամին. OTT հոդվածում)։

Ստացվում է, որ ՏՀՏ ոլորտի երկու բաղադրիչները՝ տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցությունը, թեժ պայքարի մեջ են, որում հեռահաղորդակցության ոլորտն աստիճանաբար զիջում է դիրքերը։

Կոնկրետ Հայաստանի պարագայում այդ դինամիկան առավել ցայտուն կերպով շարունակվում է նաև այս տարի։

Այսպես, 2017 թվականի առաջին եռամսյակում ՏՀՏ ոլորտի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.5%։ Ոլորտի ծավալը կազմել է շուրջ 60.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 53 մլրդ-ի դիմաց։

Այդ թվում` հեռահաղորդակցության ոլորտի ծավալը 35.1 մլրդ դրամից նվազել է մինչև 31.9 մլրդ դրամ (նվազում 3.2 մլրդ դրամով), իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներինը՝ 17.9 մլրդ դրամից հասել է 28.7 մլրդ-ի (աճ 10.7 մլրդ դրամով)։

Այսինքն՝ Հայաստանի ՏՀՏ ոլորտի երկնիշ աճը պայմանավորված է բացառապես «մաքուր» ՏՏ ոլորտով։ Եվ այդ աճի արդյունքում ընդհանուր ՏՀՏ ոլորտի մեջ ՏՏ-ի տեսակարար կշիռն արդեն կազմում է 47.4% (2016 թվականի առաջին եռամսյակում՝ 33.8%):

Կարճ ասած, Հայաստանի ՏՀՏ ոլորտում ընթանում են լրջագույն փոփոխություններ։ Հեռահաղորդակցության ոլորտը (մասնավորապես, բջջային կապի օպերատորները) կամ պետք է այս փոփոխություններին համահունչ քայլեր ձեռնարկեն, կամ համակերպվեն իրենց հասույթների շարունակական նվազման հեռանկարի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։