Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է կատարվում Հայաստանի բանկային համակարգում. 2018թ. զարգացումները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

19:35 , 30 Հոկտեմբեր 2018

Հայաստանի թվով 17 առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2018 թվականի երրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունները։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերի համար 2018 թվականի առաջին 9 ամիսները հաջող են եղել։

Իսկ ի՞նչ ցուցանիշներ ունեն առանձին բանկերը և ինչ փոփոխություններ են կրել այդ ցուցանիշները՝ 1 տարվա կտրվածքով։

Մենք առանձնացրել ենք 5 կարևոր ցուցանիշ, որոնցով կդիտարկենք առանձին բանկերի դիրքն ու շարժը։ Այդ ցուցանիշներն են՝ ակտիվներ, կապիտալ, հաճախորդներին տրված վարկեր, հաճախորդների հաշիվներ և ավանդներ, զուտ շահույթ։

Ակտիվներ

Ըստ բանկերի ներկայացրած հաշվետվությունների՝ 2018 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ, բոլոր բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 4 տրիլիոն 738.9 մլրդ դրամ։ 2017 թվականի երրորդ եռամսյակի վերջի համեմատ՝ բանկային համակարգի ակտիվներն աճել են 619 մլրդ դրամով կամ 15%-ով։

Ակտիվների մեծությամբ՝ առաջին տեղում Ամերիաբանկն է՝ 710.3 մլրդ դրամ (աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 43 մլրդ դրամ կամ 6.4%)։ Երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 670.9 մլրդ դրամ, իսկ խոշորագույնների եռյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 597.1 մլրդ դրամ։

Դիտարկվող ժամանակաշրջանում աճել են բոլոր բանկերի ակտիվները՝ բացառությամբ HSBC Հայաստան բանկի։

Ind1-assets

Բանկերի կապիտալը

Ակտիվներից բացի՝ աճել է նաև բանկային համակարգի կապիտալիզացիան։

Այսպես, ՀՀ 17 առևտրային բանկերի սեփական կապիտալը 2018 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 748.66 մլրդ դրամ, ինչը 68.1 մլրդ դրամով կամ 10%-ով գերազանցում է 2017-ի սեպտեմբերի ցուցանիշը։

Սեփական կապիտալի մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 87.4 մլրդ դրամ սեփական կապիտալով։ Երկրորդ և երրորդ տեղերում են, Արդշինբանկը և ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը, համապատասխանաբար, 68.8 մլրդ դրամ և 63.5 մլրդ դրամ սեփական կապիտալով։

17 բանկերից 14-ի կապիտալը դիտարկվող ժամանակահատվածում աճել է, 3-ինը (HSBC Հայաստան, Յունիբանկ, Էվոկաբանկ) նվազել։

Ind2-equity

Վարկային պորտֆելները

Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 1 տարվա ընթացքում աճել է 447 մլրդ դրամով կամ 15.6%-ով։ Եթե նախորդ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2 տրլն 463.7 մլրդ դրամ էր, այս տարվա սեպտեմբերի վերջին այդ ցուցանիշը հասել է 2 տրլն 910.9 մլրդ դրամի։

Բացի HSBC Հայաստանից, մնացած բոլոր բանկերի վարկային պորտֆելներն աճել են։

Ամենախոշոր վարկային պորտֆելն ունի Ամերիաբանկը՝ 496.1 մլրդ դրամ (2017 թվականի սեպտեմբերի վերջին՝ 422.6 մլրդ դրամ էր)։ Փաստորեն, Ամերիաբանկը այս պահին միակն է, որի վարկային պորտֆելը դոլարային արտահայտությամբ գերազանցում է 1 մլրդ դոլարը։

Ind3-loans

Հանրապետության երկրորդ խոշոր վարկատու բանկը Արդշինբանկն է՝ 455.1 մլրդ դրամ ցուցնաիշով (2017 թվականի սեպտեմբերի վերջին՝ 340.4 մլրդ դրամ), երրորդը՝ Հայբիզնեսբանկը՝ 416 մլրդ դրամ (2017 թվականի սեպտեմբերի վերջին՝ 341.9 մլրդ)։

Վարկերի պորտֆելի ցուցանիշով առաջատար այս 3 բանկերին բաժին է ընկնում ՀՀ բանկային համարգի ընդհանուր վարկերի 47%-ը (նախորդ տարվա սեպտեմբերի վերջին՝ 44.7%), ինչը նշանակում է, որ նրանք է՛լ ավելի են ամրապնդել դիրքերը վարկավորման շուկայում։

Ավանդներ և հաշիվներ

Հայաստանյան բանկերի կողմից հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների ծավալը, որի մեջ մտնում են հաճախորդների ավանդներն ու հաշիվները, տարվա ընթացքում նույնպես աճել են և գերազանցել 2.7 տրիլիոն դրամը։

Մասնավորապես, հաճախորդների հաշիվների և ավանդների գծով բանկային համակարգի ցուցանիշը 2017 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 300 մլրդ դրամով կամ 12.5%-ով։

Խոշորագույն ավանդային պորտֆելը պատկանում է Հայբիզնեսբանկին՝ 424.4 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 375 մլրդ դրամով, երրորդը Ամերիաբանկը՝ 363.2 մլրդ դրամ։

Ind4-deposits

Բանկերի զուտ շահույթը (շահույթը՝ հարկումից հետո)

Բանկային համակարգի համար 2018-ը բավականին շահութաբեր է. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի ընթացքում ՀՀ բանկերը գեներացրել են ռեկորդային՝ 51.7 մլրդ դրամի շահույթ։  2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բանկերի շահույթն աճել է 22.2 մլրդ դրամով կամ  75.1%-ով։

Հատկանշական է, որ այս տարվա 9 ամիսների կտրվածքով շահույթով են աշխատել Հայաստանի բոլոր բանկերը։

Շահույթի գծով առաջատարը Ամերիաբանկն է. 2018 թվականի հունվար-սեպտեմբերին ընկերությունը ունեցել է 8 մլրդ 69.7 մլն դրամի շահույթ, ինչը մոտ 50%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ind5-profit

Շահույթի աճի առումով առանձնանում է Արցախբանկը, որը եռապատկել է շահույթն ու 5.6 մլրդ դրամով այսօր երկրորդն է բանկային համակարգում։

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի շահույթը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 5 մլրդ 564.3 մլն դրամ՝ 23.6%-ով ավելի շատ, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում։

Ամփոփում

Ինչպես տեսանք, մեր դիտարկած բոլոր 5 ցուցանիշների գծով ՀՀ բանկային համակարգը տպավորիչ առաջընթաց է գրանցել։

Իսկ եթե դիտարկենք ըստ առանձին բանկերի, ապա դիտարկված 5 ցուցանիշների 4 ցուցանիշների գծով առաջատարը Ամերիաբանկն է (ակտիվներ, կապիտալ, հաճախորդներին տրված վարկեր, զուտ շահույթ), իսկ հաճախորդներից ներգրավված ավանդների և հաշիվների գծով՝ Հայբիզնեսբանկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։