Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ենք վաճառում Իրանին և ինչ ենք այնտեղից ներմուծում. ՀՀ-Իրան առևտրի իրական պատկերը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

13:56 , 25 Հունվար 2016

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը, և այն տնտեսական օգուտները, որ մեր երկիրը կարող է ստանալ։

Խոսքը վերաբերում է իրանական ներդրումների ներգրավման, համատեղ ծրագրերի իրականացման, զբոսաշրջության զարգացման և արտաքին առևտրի խթանման մասին։

Առաջին երեք ուղղություններին առաջիկայում կանդրադառնանք։ Իսկ այժմ եկեք խոսենք արտաքին առևտրի մասին։ Խոսենք առայժմ ոչ թե հեռանկարներից, այլ Իրան-Հայաստան երկկողմ առևտրի ներկայիս վիճակից և վերջին տարիների դինամիկայից։ Որքան ենք արտահանում Իրան, որքան ենք ներմուծում, ինչպես է զարգացել (կամ հակառակը) Իրան-Հայաստան արտաքին առևտուրը, ինչ ենք վաճառում ու գնում:

Ինչպես տեսնում եք այս գծապատկերից, Իրան-Հայաստան արտաքին առևտրաշրջանառությունը 2005 թվականից հետո կայուն աճ է ունեցել՝ բացառությամբ 2009 ճգնաժամային տարվա։

 

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը 2005-2011 ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր՝ 117.7 մլն դոլարից հասնելով 323 մլն դոլարի։

Ընդ որում, բնական գազի դիմաց Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու սխեման սկսեց աշխատել 2009 թվականից։ Այսինքն՝ 2005-2009 թվականներին երկկողմ առևտրի աճը այս գործոնով պայմանավորված չէր։

2012 թվականին Իրանի դեմ կիրառված պատժամիջոցներն արտացոլվեցին արտաքին առևտրի պաշտոնական ցուցանիշներում. գրանցվեց անկում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին։

2015 թվականի համար ներկայացված տվյալը վերաբերում է հունվար-նոյեմբեր ժամանակահատվածին, քանի որ հոդվածը հրապարակվելու պահին դեկտեմբերի ցուցանիշները դեռ չէին ամփոփվել։

Այս գծապակտերին նայելով՝ կարելի է ենթադրել, որ պատժամիջոցների վերացումից հետո արտաքին առևտրի ծավալները կսկսեն վերստին աճել (ինչպես մինչև 2011 թվականն էր)։ Իրանից ներմուծման մասով թերևս այդպես էլ կլինի։ Սակայն Հայաստանից Իրան արտահանման տեսանկյունից չափից դուրս լավատես լինել չի կարելի։ Դա ասում ենք՝ հաշվի առնելով մեր արտահանման և ներմուծման կառուցվածքը։

Սկսենք արտահանումից։

2014թ. հունվար-նոյեմբերի տվյալներով Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 71 մլն դոլար։ Ի՞նչ ենք արտահանել։ Մոտավորապես 100 անուն ապրանք։ Սակայն այդ գումարի 88.8%-ը էլեկտրաէներգիան է (որի դիմաց ստանում ենք ոչ թե գումար, այլ գազ)։

Ներկայացված են 2014-ի տվյալները, քանի որ արտաքին առևտրի ցուցանիշները ապրանք-երկիր կտրվածքով 2015 թվականի համար դեռ չեն հրապարակվել։

 

Iran-Arm-Exp

 

Մնացած ապրանքատեսակների մասով ունենք արտահանման չնչին ծավալներ։ Արտահանել ենք 1 մլն 590 հազար դոլարի անմշակ ալյումին (ընդհանուրի 1.9%-ը), 1 մլն 582.8 հազար դոլարի ոչքարի և այծի միս (1.9%), 957 հազար դոլարի արյուն (հակաշիճուկ, պատվաստանյութ), 4400 գլուխ ոչխարներ և այծեր՝ 602 հազար դոլար մաքսային արժեքով, և այլն։ Այսինքն, մեր արտահանումը դիվերսիֆիկացված չէ և բաղկացած է 1 հիմնական ապրանքատեսակից՝ էլեկտրաէներգիայից։

Իրանից Հայաստանի ներմուծման դեպքում պատկերն այլ է.

 

Iran-Arm-Imp

Ինչպես տեսնում եք, Իրանից ՀՀ ներմուծման  կառուցվածքը (դեպի Հայաստան) շատ ավելի դիվերսիֆիկացված է։

Ճիշտ է, գազը մեծ տեսակարար կշիռ է կազմում՝ շուրջ 35 տոկոս, սակայն դա համադրելի չէ մեր արտահանման կառուցվածքում էլեկտրաէներգիայի 88.8%-ի հետ։ Իրանից Հայաստան է մտնում մեծ ծավալի նավթամթերք, բիտում, պարարտանյութեր, ապակի և այլ ապրանքներ։

Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան ներմուծվում է ավելի քան 600 անուն ապրանք՝ Հայաստանից Իրան արտահանվող շուրջ 100 անվան ապրանքի դիմաց։

Այս ամենը նշանակում է, որ արտաքին առևտրի տեսանկյունից Իրանի հետ շահավետ համագործակցություն զարգացնելու համար հարկավոր է դիվերսիֆիկացնել մեր արտահանման կառուցվածքը, և փորձել խթանել այն ապրանքատեսակների ուղղությունները, որոնց պահանջարկը Իրանը ունի։

Ճիշտ է, ավելի ճիշտ կլիներ, եթե այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկած լինեին դեռևս նախորդ տարվանից, երբ արդեն կարելի էր ենթադրել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվելու։ Սակայն այժմ էլ ուշ չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։