Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ գնով է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք բերել ADC ընկերությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:54 , 13 Մայիս 2017

Հայաստանյան բջջային կապի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) երեկ պաշտոնապես հաստատեց այն լուրերը, որ ձեռք է բերել ինտերնետի մատակարարմամբ զբաղվող ADC ընկերությունը («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ)։

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) հայտարարում է ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները ձեռք բերելու մասին՝«Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով»,- նշված էր ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Նաև նշվում էր, որ ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: «Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաև ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա»:

Գործարքի գինը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ չէր նշվում, սակայն այն գտնելը մեծ դժվարություն չի ներկայացնում։ Այդ մասին տեղեկատվությունը առկա է azdarar.am համակարգում։

Նախ նշենք, որ ADC-ն սնանկ է ճանաչվել 2014 թվականի նոյեմբերին 28-ին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ)։ ADC-ին սնանկ ճանաչելու հայցով նույն տարվա հոկտեմբերին դատարան դիմել էր «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ ընկերության ունեցած շուրջ 4 մլն դոլար վարկային պարտավորության և տույժ-տուգանքների համար: ADC-ի ակտիվները գրավադրված էին հենց «ՎՏԲ-Հայաստան բանկում»։

ADC-ի ակտիվները մի քանի անգամ դրվել են աճուրդի, սակայն չեն վաճառվել։ Վերջին՝ թվով 4-րդ կրկնաճուրդը տեղի է ունեցել ապրիլի 27-ին (նախկին՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով)։

Ապրիլի 27-ին «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից անցկացվել է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, ինչպես նաև երրորդ անձ հանդիսացող «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի կողմից որպես «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 20 տոկոսով նվազեցված էին նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմել են.

Լոտ 1 – «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, 7234 անվանում շարժական գույք /հիմնական միջոցներ և պաշարներ/ – ընդհանուր մեկնարկայինարժեքը կազմում է 383.145.984 ՀՀ դրամ /7212 անվանում, 366.474.944 դրամ ընդհանուր արժեքով գույքը գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում/

Լոտ 2- «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, 1 անվանում, գույք /ՎԱԶ 21214 մակնիշի, 2002թ. արտադրության անսարք ավտոմեքենա/ – մեկնարկային արժեքը կազմում է 320.000 ՀՀ դրամ

Լոտ 3 – «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, 1 անվանում, գույք /BMW 750 I մակնիշի, 1996թ. արտադրության անսարք ավտոմեքենա/- մեկնարկային արժեքը կազմում է 851.200 ՀՀ դրամ
Լոտ 5 Երրորդ անձ հանդիսացող «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ՍՊԸ-ին պատկանող, որպես «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, 296 անվանում շարժական գույք –ընդհանուր մեկնարկային արժեքը կազմում է 19.917.056 ՀՀ դրամ:

Այսինքն՝ ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 403.4 մլն դրամ կամ մոտ 830 հազար ԱՄՆ դոլար։ Սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի խոսքով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հենց այդ գնով էլ ձեռք է բերել ADC-ի ակտիվները։

«ՎՏԲ-Հայաստան բանկը» այս գումարով փաստորեն վերականգնում է իր պահանջի մի մասը։ Սակայն մյուս կողմից՝ ADC-ն հնարավորություն է ստանում շարունակել իր գործունեությունը արդեն շատ ավելի հզոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կազմում։

Հատկապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար այս գործարքը բավականին շահավետ է։ Այն փաստորեն 830 հազար դոլարով ձեռք է բերել փաստացի աշխատող ընկերություն (չնայած սնանկացմանը՝ ADC-ն չի դադարել ծառայություններ բաժանել հաճախորդներին)։

Ավելին, Վիվասել-ՄՏՍ-ը՝ ի տարբերություն Յուքոմի, Ռոստելեկոմի և Բիլայնի, չուներ սեփական մալուխային ցանցը։ Այդ բացը այժմ լրացվում է ADC-ի ձեռքբերմամբ, ինչը կարող է էականորեն փոխել հեռահաղորդակցության ոլորտում ուժերի դասավորությունը։

Ու թեպետ դե-յուրե Վիվասել-ՄՏՍ-ը աճուրդային եղանակով ձեռք է բերել միայն նյութական ակտիվներ՝ գույք, իրականում սա տիպիկ բիզնես գործարք է։ Այդ իսկ պատճառով սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանը համարում է, որ սա, ըստ էության, ընկերության առողջացման դասական օրինակ է։

ADC-ի պատմությանը՝ ստեղծման պահից մինչև Վիվասել-ՄՏՍ-ի կողմից ձեռքբերման պահը, առաջիկայում հանգամանորեն կանդրադառնանք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող Kerbedanz ժամացույցներին

2008 թվականին հիմնադրված այս ընկերությունը տարեկան թողարկում է մինչև 100 հատ ինքնատիպ ժամացույցներ, որոնցից շատերի գները արտահայտվում են յոթանիշ թվերով

Ստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին […]