Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Չարդարացված սպասումներ». Ինչպիսին էր 2015-ը տնտեսական առումով. Սիվիլիթաս

Վերադարձ լուրերի բաժին

17:55 , 15 Հունվար 2016

Սիվիլիթաս հիմնադրամը հրապարակել է 2015-ի իր տարեկան զեկույցը, որը վերնագրված է «Հայաստան – 2015: Հիշողություն, կեղծիք և իրականություն»: Զեկույցը, ինչպես նախկինում բաղկացած է երեք բաժիններից՝ Տարածաշրջան, Հայաստան և Տնտեսություն: «Չարդարացված սպասումներ» վերնագիրը կրող տնտեսական հատվածում ներկայացված են 2015-ի ընդհանուր տնտեսական պատկերը, գլոբալ միտումները և կանխատեսումները 2016-ի համար: Զեկույցի այդ բաժինը ամբողջությամբ ներկայացված է ստորև:

2015-ին, ինչպես նախորդ տարիներին, Հայաստանը շարունակեց կրել աշխարհում և տարածաշրջանում զարգացումների անմիջական ազդեցությունը, որոնք առավելապես դրսևորվեցին բացասական համատեքստում։ Տարվա ընթացքում շարունակվեց նավթի միջազգային գների անկումը՝ տարեվերջին մոտենալով 35 դոլարի սահմանագծին:

Հայաստանի հիմնական գործընկեր երկրում՝ Ռուսաստանում, տնտեսական անկումը շարունակվեց նաև 2015-ին։ Այս երկրի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները մնացին ուժի մեջ: Համաշխարհային բանկը Ռուսաստանում աճի վերականգնում կանխատեսում է 2017-ին, իսկ 2015-ին և 2016-ին ակնկալում է համապատասխանաբար 3,8 և 0,7 տոկոս անկում։

Զարգացող շուկայական տնտեսություններում, առաջին հերթին՝ Չինաստանում, թույլ աճը պայմանավորեց համաշխարհային տնտեսության դանդաղ աճը: Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում աճը 2015-ին գնահատվում է 2,1 տոկոս՝ նախորդող տարվա 2,3 տոկոսի փոխարեն, իսկ եվրոգոտում՝ շուրջ 1,4 տոկոս։ Միացյալ Նահանգներում աճը գնահատվում է 2,5 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2015-ին գլոբալ աճը կլինի 2,4 տոկոս՝ 2014-ի 2,6 տոկոսի փոխարեն:

Տնտեսական այս իրողությունները, ինչպես նաև դրանց վրա ազդող մի շարք աշխարհաքաղաքական գործոններ՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, պատերազմը Սիրիայում, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը և իրանա-սաուդական հակասությունների սրացումը ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի վրա:

2015-ին պահպանվեց համաշխարհային թույլ պահանջարկը՝ ապրանքային շուկաներում գնանկումային միտումներով: Նավթից բացի՝ նվազեցին ցորենի, շաքարավազի, բրնձի միջազգային գները, թեև հայաստանյան շուկայում այդ գնանկումը համարժեք չարտացոլվեց։ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բորսայական ապրանքներից մեկը՝ պղինձը, տարվա ընթացքում էժանացավ շուրջ 30 տոկոսով և տոննայի գինը հասավ 4650 դոլարի: Սա լուրջ հարված էր Հայաստանի արտահանման հիմնական ուղղության՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտին: Ոլորտի ընկերությունները մետաղների գների անկման բացասական հետևանքները փորձեցին մեղմել ֆիզիկական ծավալների ավելացման միջոցով։

2015-ի հունվարին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Սպասումները, որ մաքսային այս տարածքին և 180 միլիոնանոց շուկային անդամակցությունից Հայաստանը տնտեսական օգուտներ կունենա, առնվազն 2015-ի մասով չարդարացան: Ավելին, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազեց շուրջ 14 տոկոսով: Ընդ որում, նվազեց թե՛ արտահանումը՝ մոտ 30 տոկոսով, թե՛ ներմուծումը՝ մոտ 10 տոկոսով: ԵՏՄ անդամակցությունից չավելացավ նաև այդ միությունից ներդրումների հոսքը Հայաստան: Ռուսաստանից ընդհանուր ներդրումները երեք եռամսյակների արդյունքով կրճատվեցին 2,7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,4 անգամ: Չարդարացան նաև հավելյալ մաքսային եկամուտներ ստանալու սպասումները:

Չնայած այս իրողություններին՝ Հայաստանի կառավարությունը չվերանայեց 2015-ի պետական բյուջեի հիմքում դրված 4,1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը և դրանից բխող բյուջեի ծախսային և եկամտային ցուցանիշները: Փոխարենը շարունակեց մեծացնել արտաքին պարտքը՝ դրա հետագա ավելացման համար կատարելով նաև օրենսդրական փոփոխություններ: Ակնկալվում է, որ 2015-ի արդյունքներով շուրջ 15 տոկոսով պակաս հարկային եկամուտներ կհավաքագրվեն բյուջեով նախատեսվածից:

Տարվա ընթացքում հատկանշական էր, որ նոր արտաքին պարտքերի ներգրավումը որևէ կերպ չդրսևորվեց խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում, որոնք կարող էին խթանել տնտեսական աճը: Միակ խոշորամասշտաբ ծրագիրը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, հետ է մնացել ժամանակացույցից և տնտեսության աճի հիմնական շարժիչներից մեկը լինելու փոխարեն դարձել է տնտեսության ճիտին պարտքը:

Տնտեսության առջև ծառացած խնդիրները կառավարությունը շարունակեց պայմանավորել միայն արտաքին միջավայրով՝ իրական պայքար չմղելով կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, շուկայի ազատականացման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար: Կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած դրա համար հատկացվող գումարներին, կրեց ձևական բնույթ:

Կառավարությունը շարունակեց առկա բարդ խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու վարքագիծը՝ առանց զարգացման մեծ ծրագրերի և տեսլականի:

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, հետ է մնացել ժամանակացույցից և տնտեսության աճի հիմնական շարժիչներից մեկը լինելու փոխարեն դարձել է տնտեսության ճիտին պարտքը:

Իրականի և պաշտոնականի անջրպետը

Ինչպիսի՞ն էր 2015-ը տնտեսական առումով: Հարցի պատասխանը կախված է նրանից, թե ում է այն ուղղված։ Եթե ուղղված է գործարարներին, հատկապես՝ մանր ու միջին, վարձու աշխատողներին, թոշակառուներին, ամեն ինչ վատ է։ Նույն պատասխանն են տալիս նաև դատարկ մնացած գովազդային վահանակներն ու վարձով տրվող ու վաճառվող խանութներն ու տարածքները։

Պաշտոնական վիճակագրության առումով, սակայն, ամեն ինչ այդքան վատ չէ: Ավելին, կյանքը փոխվում է դեպի լավը: Տնտեսությունն աճել է, ներդրումներն աճել են, աղքատությունը կրճատվել է։ 2015-ի տնտեսական ամենաակնդետ իրողությունը թերևս սա էր, երբ քաղաքացիների աչքի տեսածն ու պաշտոնապես ներկայացվող թվերն իրար չեն բռնում։

2014-ի վերջին, երբ նավթի միջազգային գների անկմանը զուգահեռ արժեզրկման ռեկորդներ էր սահմանում ռուսական ռուբլին, Հայաստանի կառավարությունը 2015-ի պետական բյուջեի հիմքում դրեց 4,1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը՝ արդեն իսկ առկա իրողությունները գնահատելով որպես ռիսկեր:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որ 2014-ի հոկտեմբերին Հայաստանում 2015-ի համար կանխատեսում էր 3,5 տոկոս աճ, ապրիլին գնահատականը իջեցրեց մինչև 1 տոկոս անկում: Սակայն հոկտեմբերին փոխեց գնահատականը՝ տարվա կտրվածքով կանխատեսելով 2,5 տոկոս աճ:

Նույնը տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գնահատականներում: Եթե 2014-ի հոկտեմբերին բանկը 2015-ի համար Հայաստանում կանխատեսում էր 3,5 տոկոս աճ, ապա երեք ամիս անց՝ հունվարին, կանխատեսեց 0 տոկոս աճ, իսկ մայիսին՝ մինչև 1,5 տոկոս անկում։ Հոկտեմբերին, սակայն, ՎԶԵԲ-ը հայտարարեց, որ 2015-ին Հայաստանում ակնկալում է 1-3 տոկոս աճ:

Կառավարությունն իր կանխատեսումը չվերանայեց դեպի նվազում: Ավելին, պաշտոնական վիճակագրությունը պարբերաբար ներկայացրեց աճի ցուցանիշներ՝ 6 ամիսներին՝ 4,2 տոկոս, 9 ամիսներին՝ 3,5 տոկոս, իսկ 11 ամիսներին՝ 2,9 տոկոս աճ: Օգոստոսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը  նախարարներին հորդորեց դրական ազդակները փոխանցել հասարակությանը։ Այսինքն՝ տեղեկացնել, որ իրենք ավելի լավ են ապրում։

Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության մի շարք այլ ցուցանիշներ հակասում են ներկայացվող աճի տրամաբանությանը: Այդ ցուցանիշներից ամենավառը մանրածախ առևտրաշրջանառության ծավալների նվազումն է։ 2015-ի 11 ամիսներին ներքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 7,1 տոկոսով՝ կազմելով 2 տրլն դրամ: Չեն ավելացել նաև մարդկանց խնայողությունները։ Այսինքն՝ Հայաստանի բնակիչները 2015-ին ավելի քիչ են վաստակել և ավելի քիչ են ծախսել։ Նույն ժամանակահատվածում ներմուծումը նվազել է 26,2 տոկոսով և հասել 2,97 մլրդ դոլարի, ինչը նույնպես վկայում է բնակչության գնողունակության անկման և սպառման կրճատման մասին։

2016-ի հարցում կառավարությունն ավելի զգուշավոր գտնվեց՝ պետական բյուջեի հիմքում դնելով 2,2 տոկոս աճի կանխատեսումը:

Գյուղատնտեսությունը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, տարվա ընթացքում եղան տնտեսական աճի շարժիչը։

Գյուղատնտեսությունը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, տարվա ընթացքում եղան տնտեսական աճի շարժիչը։ 2015-ի 11 ամիսներին գյուղոլորտի համախառն արտադրանքի ծավալը կազմել է 931,4 մլրդ դրամ՝ գրանցելով 11,6 տոկոս աճ։ Տեսակետներ հնչեցին, որ գյուղոլորտի տպավորիչ աճը իրականությանը չի համապատասխանում, և եթե անգամ որոշակի աճ կա, դա ոչ թե կառավարության քայլերի շնորհիվ է, այլ բարենպաստ եղանակային պայմանների։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ աճն իրական է և դրանում կառավարությունը նույնպես դեր է ունեցել:

Արդյունաբերությունում, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է 4,6 տոկոս աճ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 11 ամիսներին կազմել է 1,18 տրլն դրամ։ Սակայն արդյունաբերության ոլորտի աճը պայմանավորված է գլխավորապես հանքարդյունաբերության ոլորտի աճով։ Այսպես, 2014-ի վերջից շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում 2015-ի 11 ամիսներին պղնձի խտանյութի արտադրությունը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 61,4 տոկոսով, կոնվերտորային պղնձի արտադրությունը՝ 16 տոկոսով։ Մյուս կողմից, սակայն, մոլիբդենի գների զգալի գնանկումը 11 ամիսների կտրվածքով հանգեցրել է ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալների 13,8 տոկոսով կրճատմանը։ Մշակող արդյունաբերության ճյուղերի մեծ մասի գծով գրանցվել է արտադրության ծավալների անկում։

Ծառայությունների ոլորտն աճել է 3 տոկոսով, արտադրանքի ծավալը կազմել է 1,06 տրլն դրամ։ Զբոսաշրջության ոլորտում, չնայած ակնկալիքներին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ավելի մեծ հոսք կլինի, 9 ամիսների կտրվածքով գրանցվել է 0,6 տոկոս անկում (Հայաստան է եկել մոտ 933 000 զբոսաշրջիկ):

Շինարարության ոլորտում 11 ամիսների կտրվածքով գրանցվել է 3,1 տոկոս անկում: Տնտեսության երբեմնի հիմնական շարժիչը 2015-ին նույնպես չկարողացավ թոթափել 2009-ի ճգնաժամից ստացած ծանր հարվածը։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,6 տոկոսով և կազմել 4,3 մլրդ դոլար։ Ներմուծումը նվազել է 26,2 տոկոսով և կազմել 2,968 մլրդ դոլար, իսկ արտահանումը նվազել է 4,7 տոկոսով և կազմել 1,345 մլրդ դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015-ի 11 ամիսներին կազմել է 1,623 մլրդ դոլար։

Կառավարության պաշտոնյաներն այս վիճակագրության մեջ փորձում են լուսավոր կետ գտնել՝ նշելով, որ ներմուծման կրճատումը բարելավում է երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը։ Սակայն ներմուծման զգալի կրճատումը խոսում է նաև բնակչության գնողունակության անկման և ներմուծումից բյուջե մուտքագրվող հարկերի կրճատման մասին։ Այս կապակցությամբ մտահոգություն էր հայտնել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ներմուծման այս տեմպերի պահպանման դեպքում 2016-ին կարող են դժվարություններ առաջանալ բյուջեի կատարման առումով։

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ից ակնկալվող հույսերն առևտրի ծավալների մեծացման մասով չեն արդարացել։

Եվրասիական տնտեսական միություն

Արտաքին առևտրաշրջանության մասին խոսելիս հարկ է առանձին ուշադրություն դարձնել ԵՏՄ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ից ակնկալվող հույսերն առևտրի ծավալների մեծացման մասով չեն արդարացել։ Մասնավորապես, 2015-ի 11 ամիսներին Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13,8 տոկոսով և կազմել 1,11 մլրդ դոլար: Չնայած դրան, Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ավելացել է 2,1 տոկոսային կետով` 23,7 տոկոսից հասնելով 25,8 տոկոսի։

Նույն ժամանակահատվածում դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 28 տոկոսով և կազմել մոտ 203 մլն դոլար։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը նույնպես անկում է ապրել, սակայն ավելի քիչ չափով. ըստ առևտուր անող երկրի՝ Ռուսաստանից ներմուծումը նվազել է 9 տոկոսով և կազմել 646 մլն դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 9,8 տոկոսով և կազմել 908,3 մլն դոլար։ Արդյունքում` Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015-ի 11 ամիսներին կազմել է 705,4 մլն դոլար։

2015-ի 11 ամիսներին Բելառուսի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ավելացել է 2,4 տոկոսով և կազմել 37,3 մլն դոլար (բացասական հաշվկշիռը՝ 27,6 մլն դոլար) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ղազախստանի հետ առևտրի անկումը կազմել է 31,8 տոկոս։ Այդ երկրի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է ընդամենը 4,7 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, ԵՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն  իր տեսակարար կշռով ընդհանուրի մեջ կազմել է 26,8 տոկոս, որում 96,3 տոկոսը Ռուսաստանի  մասնաբաժինն է:

Օտարերկրյա ներդրումներ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա ներդրումների առումով 2015-ին դրական տեղաշարժ է արձանագրվել: Ճիշտ է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը կատարել է մեթոդաբանության որոշակի փոփոխություններ՝ անհնար դարձնելով համեմատականներ անցկացնելը նախորդ տարիների հետ, սակայն գոնե 2014-ի հետ այդ համեմատականները կան։ Ըստ այդմ՝  2015-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 141,5 մլրդ դրամ (զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունն  են)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են շուրջ 39 մլրդ դրամով կամ 27,5 տոկոսով։ Այդ թվում՝ ուղղակի ներդրումների զուտ հոսքն աճել է 17,9 մլրդ դրամով կամ 16,7 տոկոսով և կազմել 125,1 մլրդ դրամ։

Սակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Նախ, ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներից երևում է, որ ներդրումների հոսքը և աճը պայմանավորված է հիմնականում մեկ ոլորտով` հանքարդյունաբերության և հարակից ոլորտներում ներդրված գումարներով։ Երկրորդ, երեք տասնյակ երկրների շարքում, որոնց հետ Հայաստանը ներդրումային հարաբերություններ ունի, 14-ի դեպքում արձանագրվել է թե՛ պորտֆելային, թե՛ ուղղակի ներդրումային հոսքերի կրճատում։

Ներդրումների պատկերը ԵՏՄ պրիզմայով դիտարկելու դեպքում նույնպես պատկերը դրական չէ: Ռուսաստանից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է 14,2 մլրդ դրամ, ուղղակի ներդրումներինը` 14,4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 38,2 մլրդ դրամ և 48,7 մլրդ դրամ։ Այսինքն, Ռուսաստանից կատարված ընդհանուր ներդրումների հոսքերը կրճատվել են 23,9 մլրդ դրամով (2,7 անգամ), իսկ ուղղակի ներդրումների հոսքերը` 34,2 մլրդ դրամով (մոտ 3,4 անգամ)։

Ղազախստանի հետ ներդրումային գործարքներ չեն եղել։ Իսկ Բելառուսից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ 22 մլն դրամի չափով: Այսինքն` տեղի է ունեցել կապիտալի արտահոսք։

Փաստորեն, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ներդրումների առումով, ինչպես և արտաքին առևտրի,  օգուտ չի տվել։

2015-ին Հայաստանի իրական հատվածում կատարված ներդրումների առումով երեք եռամսյակների արդյունքով առաջին տեղում Շվեյցարիան է՝ 44,6 մլրդ դրամի ներդրումներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,3 մլրդ-ի դիմաց։ Այդ թվում, ուղղակի ներդրումները կազմել են 41,7 մլրդ դրամ՝նախորդ տարվա նույն ժամանակահատված 4,9 մլրդ դրամի համեմատ։ Ի դեպ, հանքագործության ոլորտի ներդրումների մեծ մասը (ավելի քան 42 մլրդ դրամ) բաժին է ընկնում հենց Շվեյցարիային։

Գներ, աշխատավարձ և աղքատություն

Ավելացե՞լ է արդյոք բնակչության բարեկեցությունը, թե՞ ոչ. սա կարևորագույն հարցերից մեկն է, որը հաշվի չառնելու դեպքում տնտեսական աճն ու մյուս ցուցանիշները դառնում են ինքնանպատակ։ Իսկ բարեկեցության չափման հիմնական չափանիշներից մեկը գնաճի և աշխատավարձերի աճի համեմատությունն է։ Վերջին տարիներին վիճակագրությունը գների և աշխատավարձի այնպիսի տվյալներ է ներկայացնում, որ ստացվում է՝ բնակչության բարեկեցությունը կայուն աճում է։ 2015-ն այս առումով բացառություն չէ: Խորհրդարանում տարին ամփոփելով՝ վարչապետը նաև այս մասին խոսեց՝ նշելով, որ «2015-ի սեպտեմբերին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 000 դրամ՝ 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7,2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4,7 տոկոս»։

Աշխատավարձերի դինամիկան, սակայն, կարելի է նաև այլ տեսանկյունից դիտարկել։ Օրինակ՝ 2015-ի նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է 181 982 դրամ կամ 379 դոլար՝ այդ պահի փոխարժեքով։ Նախորդ տարվա նոյեմբերին աշխատավարձը եղել է 175 207 դրամ կամ 417 դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով։

Նոյեմբերին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, ըստ որի՝  2014-ի վերջի դրությամբ Հայաստանում աղքատությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 տոկոսային կետով՝ կազմելով 30 տոկոս։ Իհարկե, սա կարող է ներկայացվել որպես ձեռքբերում, սակայն այդ թիվը նշանակում է, որ 2014-ի վերջին Հայաստանում աղքատ է եղել շուրջ 900 000 մարդ կամ Հայաստանի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը:

Զեկույցը աղքատությունը բաժանում է երեք խմբի՝ աղքատ, շատ աղքատ և ծայրահեղ աղքատ: Ուշագրավ է, որ ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է 0,7 տոկոսային կետով կամ շուրջ 20 000-ով։

Դժվար է հավատալ, որ իշխանությունները թույլ կտան դրամի կտրուկ արժեզրկում, քանի որ դա ոչ միայն կհանգեցնի ներմուծվող ապրանքների գնաճի, այլև կարող է փաստի առաջ կանգնեցնել բանկային համակարգը:

Դրամի վարքագիծը

2014-ի փոխարժեքային շոկից հետո 2015-ի ընթացքում, ընդհանուր առմամբ, դրամի փոխարժեքը լուրջ տատանումներ չունեցավ: Հունվար-նոյեմբերին դոլարի միջին գինը 477,5 դրամի սահմաններում էր։

ԱՄՆ դոլարը տարվա ընթացքում երկու անգամ պիկ ունեցավ, առաջինը՝ սեպտեմբերի առաջին կեսին, երբ միջին փոխարժեքը գերազանցեց 485 դրամը։ Այնուհետև իրավիճակը հանդարտվեց։ Դրամի արժեզրկման երկրորդ փուլը սկիզբ առավ նոյեմբերի վերջին 20 օրվա ընթացքում, երբ դոլարի պաշտոնական փոխարժեքն աճեց շուրջ 5 դրամով։ Սա կտրուկ տատանում անվանել չի կարելի, սակայն շատերն անմիջապես սկսեցին անհանգստանալ՝ կկրկնվի՞ արդյոք նախորդ տարվա շոկը։

Տարեվերջին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ մոտեցավ 490-ին, բայց չգերազանցեց այն: Իսկ 2016-ի պետական բյուջեի նախագծի հաշվարկներում դոլարի փոխարժեքը սահմանված է 473 դրամ։

Դրամի էական արժեզրկման լուրջ հիմքեր չկային։ Ճիշտ է՝ տարվա ընթացքում տրանսֆերտները շարունակեցին նվազել (հունվար-նոյեմբերին մասնավոր անձանց դրամական փոխանցումները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 482 մլն դոլարով), սակայն մյուս կողմից՝ էապես կրճատվել է ներմուծումը։ Արդյունքում՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը նվազել է շուրջ 1 մլրդ դոլարով, ինչը փոխհատուցել է դրամական փոխանցումների և ներդրումների կրճատումը։

Բացի այդ, Կենտրոնական բանկը դեռևս ուժի մեջ է պահում արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման 20 տոկոսանոց նորմատիվը, որը նախորդ տարվա դեկտեմբերին դարձավ դրամի «վերակենդանացման» հիմնական գործիքը։

Դեկտեմբերի կեսերից առավել ակտիվացան այն խոսակցությունները, որ դրամը կտրուկ կարժեզրկվի՝ հաշվի առնելով նավթի գնանկումն ու ռուսական ռուբլու թուլացումը։ Սակայն դժվար է հավատալ, որ իշխանությունները թույլ կտան դրամի կտրուկ արժեզրկում, քանի որ դա ոչ միայն կհանգեցնի ներմուծվող ապրանքների գնաճի, այլև կարող է փաստի առաջ կանգնեցնել բանկային համակարգը՝ մեծացնելով անվճարունակ վարկառուների թիվը։ Այնպես որ, քանի դեռ ռեսուրս կա, Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ դրամի լուրջ թուլացում թույլ չտալու համար։

Պետական պարտք

Տնտեսական թույլ աճի և բյուջեի հարկային մուտքերի հավաքագրումների դժվարությունների պատկերին 2015-ին շարունակեց աճել արտաքին պետական պարտքը: Պաշտոնյաները արտաքին պարտքի մասին խոսելիս մշտապես նշում են, թե այն թույլատրելի մակարդակում է, վտանգավոր շեմի չի հասել, պետք չէ անհանգստանալ։ Պետական պարտքի մասին օրենքով՝ այն չի կարող գերազանցել տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը:

Իսկ ի՞նչ անել, որպեսզի և՛ շարունակես պարտք վերցնել, և՛ միևնույն ժամանակ չխախտես օրենքը։ Հայաստանի իշխանությունները հնարամիտ լուծում գտան՝ փոխեցին օրենքի այդ դրույթը։ Հունիսին Պետական պարտքի մասին օրենքում «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվեց «կառավարության պարտք» արտահայտությամբ, այսինքն՝ կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերն առանձնացվեցին: Դա, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը ցանկանում է մեծնացնել պարտք ներգրավելու հնարավորությունը՝ շուրջ 10 տոկոսի չափով. այդքան է Կենտրոնական բանկի բաժինը ընդհանուր պարտքի մեջ: Պաշտոնական հիմնավորումը լրիվ այլ բան էր ասում՝ «օրենքի փոփոխությամբ պարզապես լուծվում են տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ»:

2015-ի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 4,68 մլրդ դոլար էր, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 3,986 մլրդ դոլար։ Նոյեմբերի վերջի դրությամբ՝ պետական պարտքը 4,81 մլրդ դոլար էր, արտաքին պարտքը՝ 4,1 մլրդ դոլար։ Այսինքն՝ չորս ամսվա ընթացքում պետական պարտքն աճել էր մոտ 130 մլն դոլարով, արտաքին պարտքը՝ մոտ 76 մլն դոլարով։

Կառավարությունը 2016-ին նույնպես շարունակելու է մեծացնել արտաքին պարտքը և այդ մասին անկեղծորեն խոստովանել է 2016-ի պետական բյուջեի նախագծում։ 2016-ի պետական բյուջեի պակասուրդի 63,2 տոկոսը կամ 120,6 մլրդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից։ 2016-ի բյուջեի փաստաղթղով՝ արտաքին պարտքի մեծությունը տարեվերջին կկազմի 4,818 մլրդ դոլար։ Դա 329 մլն դոլարով գերազանցում է 2015-ի սպասողական ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ՝ պետական պարտքը կավելանա 443 մլն դոլարով և կկազմի 5,565 մլրդ դոլար։ Իսկ պետական բյուջեի ծախսերի 7,2 տոկոսը 2016-ին նախատեսված է ուղղել պետական պարտքի սպասարկմանը։

Ամենակարևոր փակագիծը՝ ՀԷՑ-ի գործարքի գինը, մինչ այժմ չի բացվել։

ՀԷՑի վաճառքը

2015-ի կարևորագույն տնտեսական իրադարձությունների շարքում, անշուշտ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարն էր և Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ձեռքբերումը ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբի կողմից: ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրը հաստատվեց սեպտեմբերին: Մինչ այդ թե՛ Տաշիր խումբը, թե՛ ՀԷՑ-ը հերքում էին դա:

Ընդ որում, Տաշիր խումբը ՀԷՑ-ը նրա սեփականատիրոջից՝ Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի. ընկերությունից ձեռք էր բերում ոչ թե ուղղակիորեն, այլ Կիպրոսում գրանցված օֆշորային մի ընկերության միջոցով:

Հայաստանի հանրության համար անհասկանալի էր՝ ինչու կառավարությունը չի բացահայտում ՀԷՑ-ի իրական գնորդին: Իրական գնորդի անունը հաստատվեց միայն գործարքից երկու շաբաթ անց, երբ Տաշիր ընկերությունների խումբը հայտարարեց, որ Ինտեռ ՌԱՕ ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել՝ Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Ըստ պայմանագրի՝ Տաշիրն իր վրա էր վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները:

Դեկտեմբերին ռուսական ՌԲԿ թերթին տված հարցազրույցում Սամվել Կարապետյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ Հայաստանի էլեկտրաբաշխիչ ընկերությունը գնելու խնդրանքով իրեն դիմել են Հայաստանի կառավարությունից: Նա նաև նշեց, որ արդեն փակել են ՀԷՑ-ի 220 մլն դոլար պարտքի 20 տոկոսը, և որ այդ պահին իրենց արդեն պատկանում է բաժնետոմսերի 50 տոկոսը: Սակայն ամենակարևոր փակագիծը՝ գործարքի գինը, մինչ այժմ չի բացվել։

Օրանժը հեռանում է Հայաստանից

Տարվա ամենակարևոր գործարքների թվում էր հուլիսին բջջային կապի օպերատոր, ֆրանսիական անդրազդգային Orange խմբի մեջ մտնող Օրանժ Արմենիայի ձեռքբերումը հայկական Յուքոմ ընկերության կողմից:

Այս իրադարձությունը միանշանակ չընկալվեց Հայաստանում։ Մի մասը ողջունեց, որ հայկական ընկերությունը կարողանում է կլանել ֆրանսիական աշխարհահռչակ բրենդի ձեռնարկությունը:

Շատերն էլ մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի՝ առանց այն էլ վատացած ներդրումային միջավայրի համար Օրանժի հեռացումը վատ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար: Քննադատները ուշադրություն դարձրին նաև այն հանգամանքի վրա, որ բջջային կապի շուկան, որ Հայաստանում եղել է ամենամրցակցայինն ու թափանցիկը, կարող է գնալ մենաշնորհացման ճանապարհով:

Ինչպես ՀԷՑ-ի, այս դեպքում ևս գործարքի գինը պաշտոնապես չհայտարարվեց: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Յուքոմը գործարքի համար վճարել է շուրջ 70 մլն դոլար՝ վարկ վերցնելով հայաստանյան առևտրային բանկերից մեկից:

Բանկային միաձուլումներ

Բանկային համակարգում տարվա ընթացքում ցնցումներ չեղան, սակայն համակարգում արագացավ խոշորացումների գործընթացը: Տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք, երկուսն էլ՝ գրեթե միաժամանակ՝ դեկտեմբերի առաջին կեսին։

Հայէկոնոմբանկը հայտարարեց ղազախական կապիտալով ԲՏԱ Հայաստան Բանկի ձեռքբերման մասին։ Մեկ օր անց Ինեկոբանկը հայտարարեց գերմանական կապիտալով Պրո Կրեդիտ Բանկ – Հայաստանի ձեռքբերման մասին։ Այս գործարքի համար Ինեկոբանկը 20 մլն դոլար վարկ վերցրեց Միջազգային ֆինանսական կորպորացիայից:

Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ տեղական կապիտալով գործող բանկերը գնեցին ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով բանկեր։ Այսինքն՝ երկու դեպքում էլ օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս հայաստանյան շուկայից:

2014-ի վերջին Կենտրոնական բանկը բանկերի սեփական կապիտալի նվազագույն շեմը 5 մլրդ դրամից բարձրացրեց 30 մլրդ դրամի։ Նոր ստեղծվող բանկերի համար այդ պահանջն արդեն գործում է, իսկ արդեն գործող բանկերի համար այն ուժի մեջ կմտնի 2017-ի հունվարի 1-ից։ Ներկայում հայաստանյան 21 բանկերից հինգն են համապատասխանում Կենտրոնական բանկի այս պահանջին։ Մնացած բանկերը կա՛մ պետք է տարվա ընթացքում ավելացնեն սեփական կապիտալը, կա՛մ միաձուլվեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այն մասին, թե ինչու ՀՀ կառավարությունը չի կարող ինքնուրույն ազատել էլեկտրամոբիլների ներմուծումը հարկերից և տուրքերից

Որոշ լրատվամիջոցներ ժամանակից առաջ ընկան՝ վարչապետի ցանկությունը ներկայացնելով՝ որպես իրականություն

Կապիտալ ապրանքներ կամ ներմուծման թաքնված «հմայքը»

«Ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Հանցագործությունների թվի և տնտեսական աճի կապը Հայաստանում

Մենք համադրել ենք Հայաստանում գրանցված հանցագործությունների (այդ թվում՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների) քանակը և տնտեսական աճի տեմպը՝ 2003-2016 թվականների համար