Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես պայքարել մոնոպոլիաների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 29 Մայիս 2016

Կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հայտնի ելույթում ընդունեց, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել մենաշնորհների խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն:

«Թերությունն ուղղելու ժամանակն է»,- ասաց նա և հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա, և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը:

Հանձնարարականի կատարման համար տրվեց 3 շաբաթ, որի կեսն արդեն անցել է։ Համապատասխան գերատեսչություններն այս պահին զբաղված են հանձնարարականի կատարմամբ, և այդ վերլուծության արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է։ Սակայն մինչ նրանք վերլուծում են, մենք էլ փորձենք վերլուծել` ինչ կարելի է անել մենաշնորհների հետ, և ինչ սպասել կառավարությունից։

Իսկ ի՞նչ է մենաշնորհը
Պայքար ասվածը պետք է սկսել այս ու դրանից բխող տարբեր հարցերից։ Կառավարությունը նախ՝ պետք է ինքն իր համար հստակեցնի՝ ում դեմ է պայքարելու։ Իհարկե, մենք ասում ենք, որ ամեն ինչ պարզ է, և բոլորս գիտենք՝ ովքեր են Հայաստանի մոնոպոլիստներն ու օլիգոպոլիստները։ Սակայն դա քիչ է՝ պետական մակարդակով քայլեր ձեռնարկելու համար։ Իսկ ավելի անկեղծ՝ դա ոչինչ է։ Պետությունը՝ Սահմանադրության պահանջով, պետք է այս հարցերը փակի։ Սահմանադրությունը նշում է, որ մենաշնորհի թույլատրելի տեսակները սահմանվում են օրենքով։
Սա նշանակում է, որ նախ՝ պետք է օրենքով հստակ սահմանվի՝ ինչ ասել է՝ մենաշնորհ։ Դասական սահմանմամբ՝ մենաշնորհն այն է, երբ շուկայում գործում է 1 վաճառող։ Սակայն հնարավոր է՝ շուկայում գործում են մի քանի վաճառողներ, պարզապես դրանցից մեկի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է, քան մնացած բոլորինը` միասին վերցրած։ Այսինքն՝ պետք են հստակ չափորոշիչներ։

Ո՞ր մենաշնորհների դեմ պետք է պայքարել
Չափորոշիչներից հետո արդեն պետք է ցանկ կազմել՝ որ շուկաներում են մենաշնորհները թույլատրելի։ Այսինքն, Սահմանադրության պահանջին համապատասխան օրենսդրություն մշակել։ Գազը թույլատրելի՞ մենաշնորհ է՝ լավ, էլեկտրաէներգիայի բաշխումը նո՞ւյնպես, սա էլ ներառվեց ցանկի մեջ։
Այդ ցանկն ամբողջացնելուց հետո գործը հեշտանում է։ Ստացվում է, որ մենաշնորհային դիրք ունեցող ցանկացած ընկերություն, որի գործունեությունն այս ցանկից դուրս է՝ չթույլատրված է։

Ու հետո արդեն պետք է դիտարկել առանձին ընկերությունները՝ ըստ շուկաների։ Նախ՝ որոշել՝ դրանք մենաշնորհայի՞ն են, թե՞ ոչ (ըստ հստակ չափորոշիչների), ու եթե այո՝ ապա թույլատրելի՞ մենաշնորհ են, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա արդեն գալիս ենք երրորդ փուլին։

Ինչպե՞ս պայքարել չթույլատրված  մենաշնորհների դեմ
Սա նույնպես բարդ հարց է։ Հստակ մեխանիզմ է պետք՝ ինչպես են վարվելու ընկերությունների հետ, որոնք փաստացի մենաշնորհային դիրքեր ունեն, սակայն ներառված չեն օրենքով թույլատրված մենաշնորհների ցանկում։ Որովհետև այդ մեխանիզմը մի կողմից՝ պետք է իրո՛ք վերացնի մենաշնորհը, մյուս կողմից՝ չքայքայի բիզնեսը։

Տուգանելո՞ւ են շրջանառության ինչ-որ տոկոսի չափով (ինչպես հիմա անում են գերիշխող դիրքը չարաշահած ընկերությունների դեպքում), լիցենզիայից զրկելո՞ւ են, մասնատելո՞ւ են։

Օրինակ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը մի առիթով ասում էր, որ պատրաստ են նաև գնալ ամենակոշտ ճանապարհով՝ մասնատել։ Սակայն այս հարցերը լուրջ քննարկումների առարկա պետք է դառնան։

Սրանք, կարելի է ասել, հակամենաշնորհային քաղաքականության 4 հիմնական սյուներից երեքն են։ Չորրորդ սյունը կարելի է պայմանականորեն անվանել «մանրուքներ», որոնք իրականում մանրուք չեն, և հակամենաշնորհային պայքարի արդյունավետությունը կախված է հենց այդ «մանրուքներից»:

Մրցակցային «մանրուքներ»
Նախկին երեք կետերում մենք նշեցինք՝ ինչն ինչից հետո պետք է անել։ Սակայն այդ քայլերն անելն իրականում բավականին բարդ գործ է։
Հաշվի առնելով ստվերայնության բարձր մակարդակը՝ դժվար է հասկանալ, ով է իրականում մոնոպոլիստ կամ օլիգոպոլիստ։ Օրինակ, ես վաճառում եմ տարեկան 1000 դրամի X ապրանք և ամբողջը ինչպես հարկն է՝ ձևակերպում։ Մյուսը վաճառում է 5000 դրամի X ապրանք, սակայն դրանից 4900-ը ձևակերպված է այլ, ավելի էժան ապրանքի անվան տակ։ Այսինքն, շուկայի իրական պատկերն ունենալու համար պետք է սկսել հիմքից՝ գնագոյացման շղթայի առաջին օղակից։ Պետք է բացառել օրենքի ցանկացած խախտում։ Կոռուպցիան պետք է վերանա մաքսային ձևակերպման գործընթացից մինչև վերջնական սպառողին հասնելու կետը։

Կամ՝ մեկ այլ օրինակ։ Պողոսն X ապրանքի շուկայում մոնոպոլիստ է։ Ինչ-որ պահի հասկանալով, որ իրեն կարող են պատժել մենաշնորհ ունենալու համար, որոշում է բացել 5 տարբեր ընկերություն, դե յուրե գրանցում է դրանք իր հետ և մեկը մյուսի հետ կապ չունեցող տարբեր մարդկանց անուններով և բիզնեսը հավասար բաժանում դրանց միջև։ Ու ստացվում է, որ տվյալ շուկայում գործում են իրարից տարբեր ու իրարից անկախ 5 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում շուկայի 20%-ը։ Իհարկե, հասարակությունը գիտի, որ բոլոր 5-ն էլ պատկանում են Պողոսին, սակայն դե յուրե Պողոսը դրանց հետ կապ չունի։ Այստեղ էլ հանգում ենք շահերի բացահայտման ինստիտուտին։ Վարչապետը դրա մասին էլ է խոսել։

Կամ՝ կան շուկաներ, որտեղ ունենք դուոպոլիա (երկու մատակարար), կամ օլիգոպոլիա (մի քանի մատակարար), որոնց բացասական ազդեցությունը մոնոպոլիային չի զիջում։
Կա նաև մոնոպսոնիա հասկացությունը (միագնորդ)։ Դա այն է, երբ գնորդը մեկն է, մատակարարները՝ շատ։

Օրինակ, պատկերացրեք՝ Հայաստանում գործում է միայն մեկ կոնյակի գործարան, և բոլոր գյուղացիներն իրենց աճեցրած խաղողը հանձնում են հենց այդ գործարանին։ Նա է գին և խաղի պայմաններ թելադրում։ Ընդ որում, այս ամենը վերաբերում էր միայն արդեն գոյություն ունեցող մենաշնորհների հայտնաբերմանն ու դրանց նկատմամբ կիրառվելիք քայլերին։ Այսինքն՝ մինչ այժմ խոսում էինք հետևանքների մասին։ Սակայն շատ ավելի կարևոր են պատճառները: Արդեն գոյություն ունեցող մենաշնորհների «հարցերը լուծելուց» բացի, պետք է նաև մեխանիզմներ ապահովել, որպեսզի չթույլատրված մենաշնորհներ չառաջանան։ Իհարկե, դա լիովին բացառել հնարավոր չէ, սա շուկա է, որտեղ մեկը կարող է շատ ավելի խելացի լուծումների ու նորարարության միջոցով գրավել շուկան, սակայն մեխանիզմը պետք է այդ պրոցեսը հսկողության տակ պահի։

Ամեն ինչ ավելի խորն է
Ստացվում է՝ մենաշնորհների դեմ պայքար, կոռուպցիա, շահերի բախում և այլն` սրանք բոլորը փոխկապակցված խնդիրներ են։ Այսինքն, հակամենաշնորհային քաղաքականություն ասվածն իրականում ենթադրում է խորը համակարգային փոփոխություններ։ Կարող եք պատկերացնել, թե որքան ժամանակ, ջանքեր և, ամենակարևորը՝ ինչպիսի կամք է հարկավոր դնել այս գործի համար։

Խոսքը գնում է ոչ թե առանձին երևույթների դեմ պայքարի, այլ ընդհանուր համակարգի բարեփոխման մասին (այդ թվում՝ քաղաքական, իրավական)։

Սա հենց այն է, ինչի մասին խոսում էր մեր հայրենակից, հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն, երբ ասում էր, որ մեր խնդիրներն իրենց բնույթով ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական։

Հիշում եք երևի տարեց մարդու հայտնի խոսքը, որը պարբերաբար հնչում էր հեռուստաընկերություններից մեկի եթերից՝ ձեր երկիրը քանդեք, նորից սարքեք։ Իրականում, պապիկն ասում էր մենաշնորհների ու մնացած երևույթների դեմ պայքարի ամենապարզ ու միակ արդյունավետ բանաձևը։

Ինչ կանի իշխանությունը
Այո, ոչ միայն կառավարությունը, այլ իշխանությունը՝ իր բոլոր թևերով հանդերձ։ Այս հարցը միայն կառավարության հարցը չէ։ Կգնա՞ խորքային, իրական փոփոխությունների։ Հովիկ Աբրահամյանն ասում էր, որ դրա համար ունեն բավարար քաղաքական կամք։ Ենթադրենք, որ այդպես է՝ ի՞նչ է լինելու հետո։

Խնդիրը բարդանում է նրանով, որ հասարակությունն արագ ու աղմկոտ փոփոխություններ է ուզում։ Հենց իշխանությունները սկսեն խոսել վերը նշվածի մասին՝ քաղաքականության, հայեցակարգերի ու օրենսդրության, մարդիկ կհիասթափվեն և կասեն՝ հերթական շոուն էր։ Որովհետև մինչև օրենսդրության ու մեխանիզմների մշակումը՝ հասարակությունն իր ընկալումների մեջ արդեն ունի բոլոր մոնոպոլիստների ցանկը։ Ու սպասում է, որ պետությունը պետք է սկսի քայլեր ձեռնարկել՝ հատ-հատ անդրադառնալով ցանկի բոլոր անդամներին։

Հասարակությունը սպասում է, որ ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող մարդը ձեռքը խփի սեղանին ու վաղվանից շաքարավազ կամ բանան ներմուծի ոչ թե՝ մեկ, այլ՝ մի քանի հոգի։

Նման բան, իհարկե, չի լինի։ Վիրահատական մեթոդների իշխանությունը չի գնա։ Որովհետև՝ մի կողմից՝ հասարակական ընկալման մեջ եղածներն ու իշխանության մեջ գտնվողները հիմնականում նույն մարդիկ են։ Ու երկրորդ՝ սուբյեկտիվ ընկալումների, «սիմպատիայի» կամ նման այլ գործոնների հիման վրա կայացված կոշտ որոշումները կարող են է՛լ ավելի վատացնել վիճակը։ Դրա հետևանքը կլինի այն, որ մեկ մոնոպոլիստին կփոխարինի մեկ ուրիշը, իսկ խնդիրներն իրենց խորքում կմնան չլուծված։
Իշխանությունն աննախանձելի վիճակում է։ Նա պետք է մի կողմից՝ այնպես անի, որ հասարակության վստահությունն իր նկատմամբ բարձրանա՝ գնալով արագ և, որոշ դեպքերում, կոշտ քայլերի։ Մյուս կողմից՝ նրան ժամանակ է պետք լուրջ փոփոխությունների համար։

Դրա համար կարծում ենք, որ, եթե իշխանությունն իսկապես ցանկանում է քաղաքական կամք ցուցաբերել ու իրավիճակը փոխել, պետք է գործի 2 ուղղություններով միաժամանակ։

Մի կողմից՝ զբաղվի օրենսդրության ու ինստիտուտների որակի իրական բարելավմամբ, մյուս կողմից՝ այսօրվանից սկսած առաջնորդվի խաղի նոր կանոններով. ոչ մի հովանավորչություն, ոչ մի կաշառք, ոչ մի «ռեկետ»։ Առավել աղմկահարույց դեպքերի ու դեմքերի մասով պետք է կատարվի անաչառ հետաքննություն՝ թեկուզև մի քանի հոգի պատժվեն։ Ոչ թե մեկ-երկուսին քավության նոխազ սարքեն ու աչքկապոցի նման մի քանի սլաքավարի դատեն, այլ… Իրենք ավելի լավ գիտեն՝ ում և ինչպես։

Իսկ ամենակարևորը՝ իշխանությունը պետք է ազնիվ լինի ժողովրդի հետ։ Հակառակ պարագայում ոչ մի դեղատոմսով հնարավոր չի լինի բուժել մեր հիվանդությունները։

Բաբկեն Թունյան

Աղբյուրը՝ 168 Ժամ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]