Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես կործանել Volkswagen-ը. թվեր, որոնք ապացուցում են՝ դա անհնար չէ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

17:43 , 24 Սեպտեմբեր 2015

Ոչ այնքան հայտնի «Մաքուր տրանսպորտի միջազգային խորհուրդ» (International Council on Clean Transportation) մի քանի օրվա ընթացքում դարձել է ամենահայտնիներից մեկը՝ Volkswagen մեքենաների հետ կապված սկանդալի պատճառով։ Ու որ ամենաուշագրավն է՝ ամեն ինչ ստացվել է պատահաբար։ Սակայն ամեն ինչ հերթով։

ICCT-ի ներկայացուցիչներ Փիթեր Մոքն ու Ջոն Ջերմանը որոշել են թեստավորել ԱՄՆ-ում վաճառվող Volkswagen մակնիշի դիզելային ավտոմեքենաները՝ ապացուցելու համար, որ դիզելային շարժիչները կարող են թունավոր գազերի արտանետումների տեսանկյունից մաքուր լինել (այս մասին երկար տարիներ հայտարարում է հենց ավտոարտադրողը)։  «Մենք կասկածների համար ոչ մի պատճառ չունեինք։ Համոզված էինք, որ մեքենաները մաքուր են», – ասել է Ջերմանը։

Ինչևէ՝ բարի նկատառումներով սկսված այս նախագիծը հանգեցրել է մի արդյունքի, որը մեքենաների վաճառքի ծավալներով աշխարհի երկրորդ ընկերությանը կարող է արժենալ բազմամիլիարդ տուգանքներ, շուկայի և հեղինակության կորուստ, իսկ թոփ-մենեջերները կարող են հայտնվել ճաղերի ետևում։

Թեստավորման գործը կազմակերպությունը վստահել է Արևմտյան Վիրջինիայի համալսարանի՝ այլընտրանքային վառելիքների հետազոտություններով զբաղվող կենտրոնի գիտնականներին։

Անցկացվել է 2 տիպի թեստ՝ լաբորատոր պայմաններում և ճանապարհին։

Առաջին դեպքում թեստի արդյունքները լրիվ նորմայի մեջ էին։ Իսկ ահա ճանապարհային փորձարկումները շոկի են մատնել հետազոտողներին։ Դիզելով աշխատող Jetta-ն գերազանցել է ազոտի օքսիդի արտանետումների թույլատրելի մակարդակը ԱՄՆ-ում 15-35 անգամ, իսկ Passat-ը՝ 5-20 անգամ։

Այս ամենը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ ամերիկյան կարգավորիչները հետաքննություն սկսեցին Volkswagen-ի նկատմամբ։ Դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ պարզել է խնդիրների պատճառը, և համաձայնեց հետ կանչել 500 հազար մեքենա ԱՄՆ շուկայից։ Սակայն դա չհամոզեց պատկան մարմիններին և նրանք չհամաձայնեցին սերտիֆիկացնել Volkswagen-ի արտադրանքը ամերիկյան շուկայի համար, որովհետև ընկերությունն այդպես էլ նորմալ չէր բացատրել՝ ինչու են լաբորատոր և ճանապարհային թեստերի արդյունքները այդքան տարբեր։

Միայն դրանից հետո Volkswagen-ը խոստովանեց, որ իր մեքենաների մեջ տեղադրել է հատուկ ծրագրեր, որոնք թույլ էին տալիս խաբել ստուգողներին։ Խորամանկ ալգորիթմները որոշում էին, թե մեքենան երբ է թեստի ենթարկվում, և այդ ընթացքում ժամանակավորապես սահմանափակում էին գազի արտանետումները։ Ընկերությունն այդ հնարքը բանեցնում էր 7 տարի շարունակ՝ 2009 թվականից։ Նման ծրագրեր են տեղադրվել VW Jetta, Golf, Beetle և Passat, ինչպես նաև՝ Audi A3 մոդելների վրա։ Ընկերությունն այդ կերպ է փորձել նվաճել ամերիկյան շուկան, որտեղ բնապահպանական նորմերն ավելի խիստ են, քան այլ երկրներում։

Սեպտեմբերի 22-ին պարզ դարձավ, որ արտանետման համակարգի խարդախությունը վերաբերում է մոտ 11 միլիոն ավտոմեքենաների։ Այս պահին դեռ պարզ չէ, թե այս խախտումները ինչ կարժենան ընկերության համար։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (EPA) հայտարարել է, որ յուրաքանչյուր մեքենայի համար կարող է ընկերությանը տուգանել 37,5 հազար դոլարով։ Սակայն մոդիֆիկացված մեքենաների թիվը հստակ չէ։ Ընկերության նախապես հայտարարած թիվը հիմք ընդունելու դեպքում (500 հազար մեքենա) ստացվում է, որ տուգանքը կարող է կազմել 18 մլրդ դոլար։

Այս ամենի արդյունքում՝ միայն երկուշաբթի-երեքշաբթի օրերի ընթացքում Volkswagen-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 25 մլրդ եվրոյով՝ 77 միլիարդ եվրոյից հասնելով 52 միլիարդի։

Volkswagen AG-ի բաժնետոմսերը միայն երկուշաբթի օրվա ընթացքում արժեզրկվեցին 23%-ով, իսկ երեքշաբթի օրը՝ ևս 19.8%-ով։ Ընդ որում, տուժեցին նաև մյուս ավտոարտադրողները։ Մտավախությունները, որ նման պրակտիկա կիրառում են նաև մյուս ընկերությունները, Daimler-ի արժեթղթերը էժանացրին 5,5%-ով, BMW-ինը՝ 5,4%-ով, Renault-ինը՝ 6,3%, Peugeot Citroën-ինը՝ 8,6%-ով։

Ակնհայտ է, որ Volkswagen-ի սկանդալը միայն ԱՄՆ-ով չի սահմանափակվի։  Հարավային Կորեայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ կթեստավորեն VW Jetta և Golf մոդելների 5000 ավտոմեքենա, ինչպես նաև՝ Audi A3-ները։ Ու եթե պարզվի, որ նման ծրագրեր տեղադրվել են նաև կորեական շուկայի համար, ապա ստուգումները կտարածվեն այլ երկրներում։

Ըստ Slon.ru-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: