Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է ՓՄՁ ոլորտը պայքարելու Հարկային օրենսգրքի կործանարար դրույթների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

20:12 , 15 Հունիս 2016

Ազգային ժողովում շարունակվում են քննարկումներն ու բուռն բանավեճերը Հարկային օրենսգրքի նախագծի նախագծի շուրջ: Սակայն այդ քննարկումները միայն Ազգային ժողովով չեն սահմանափակվում. փոքր և միջին ձեռնարկատերերը  նույնպես իրենց դժգոհությունն ու բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ այդ փոփոխությունների:

Մասնավորապես «Կասեցում» շարժումը, որ ձևավորվել էր դեռևս մեկուկես տարի առաջ, երբ մի շարք ՓՄՁ ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, այս անգամ էլ իրենց պայքարը շարունակում են Հարկային օրենսգրքի դեմ: Շարժման մի քանի անդամներ այսօր հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով` հստակեցնելով ՓՄՁ առջև ծառացած խնդիրներն ու իրենց առաջարկ-պահանջները նոր օրենսգրքի մասով:

Շարժման անդամներից Սամսոն Գրիգորյանի խոսքով` խնդիրները շատ են, բայց առաջնայինն այն է, որ երկարատև պայքարի արդյունքում իրենք հասել էին նրան, որ ԱԱՀ-ի շեմը հարկային օրենսգրքով բարձրացվել էր մինչև 115 մլն դրամի, իսկ այժմ նորից առաջարկվում է իջեցնել շեմը 40 մլն դրամի` տարեկան շրջանառությամբ: Ձեռնարկատերերը դա համարում են կործանարար ՓՄՁ-ի համար, քանի որ «ավելացված արժեք» հասկացությունը, ըստ նրանց, մանր բիզնեսի համար չի կարող լինել հարմար աշխատանքի միջոց` նախ հարկերի բարձր լինելու հետ կապված, հետո էլ` մանր բիզնեսը շատ թույլ է իր ռեսուրսներով. «Ավելացված արժեքի հարկ վճարելու համար համար պետք են լավ հաշվապահներ, պետք են իրավաբաններ և այլ գործիքներ, որոնք մանր բիզնեսն իրեն չի կարող թույլ տալ»,- ընդգծեց նա:

Երկրորդ մեծ խնդիրը, որ ձեռնարկատերերը տեսնում են նոր օրենսգիրքում, տուգանքների վճարման հետ է կապված. «Օրինակ` եթե հարկայինի ստուգման արդյունքում հայտնաբերվեց խախտում, նշանակվեց տուգանք, ձեռներեցը` տնտեսվարողը, պարտավոր է մուծել տուգանքը, նույնիսկ եթե հայցով դիմել է դատարան: Նա պարտավոր է մինչև վերջ մուծումները կատարել, հետո նոր դատական հայցին ընթացք տրվի: Այսինքն` դատական հայցը չի սառեցնում տուգանքի մուծումը, և հնարավոր է` բիզնեսը կործանվի այդ տուգանքների արդյունքում, մինչև դատարանի վճռով պարզվի, որ ոչ մի խախտում էլ չէր եղել իրականում»,- պարզաբանեց Սամսոն Գրիգորյանը` հավելելով, որ միաժամանակ նաև շատ մեծ արտոնություններ են տրված ստուգող մարմիններին` տեսուչներին, ՊԵԿ-ի աշխատակիցներին ու մյուսներին.

«Կարծում ենք` այդպիսի մեծ շռայլություններ չի կարելի թույլ տալ, որովհետև այսօր արդեն մենք ունենք խնդիր, որի հետ ամեն օր բախվում ենք. մենք գիտենք, որ չնայած ամպագոռգոռ հայտարարություններին` առավոտյան ՊԵԿ-ի տեսուչները հավաքվում են իրար գլուխ, որոշում են` ինչպես կազմակերպել, որ կարողանան տնտեսվարողներին տուգանել: Դե պատկերացրեք, թե ինչ դժվարությունների առաջ կկանգնի տնտեսվարողը, եթե մենք այդ մարդկանց ավելի մեծ հնարավորություններ տանք»,- ասաց նա:

Շարժման անդամներից Հարություն Կարապետյանն էլ ընդգծեց, որ երկու տարի է, ինչ հարկային օրենսգիրքը ստեղծման փուլում է, բայց ընդամենը երկու-երեք ամիս է, ինչ սկսվել են քննարկումներ, որոնց ներկա են ոչ թե ռեալ ՓՄՁ ներկայացուցիչներ, այլ ինչ-որ գրանտակեր հիմնարկներ, հկ-ներ, որոնք ընդամենը ներկա գտնվելու համար են այնտեղ, և նրանցից ոչ մեկին չեն հետաքրքրում ՓՄՁ շահերը. «Երկու տարի է` ստեղծվում է օրենսգիրքը, այդ ընթացքում ոչ մի քննարկում, ոչ մեկին չեն լսում, գալիս են վերջին երկու ամսում տեսախցիկների առջև ձևական քննարկումներ են անում ու տեքստն ուղարկում Ազգային ժողով, հետո էլ ուզում են առաջին ընթերցմամբ անցկացնել, երկրորդ ընթերցմամբ արդեն փոփոխել ու էլի ստանալ հարկային օրենսգիրք, որն այսօրվա եղածի նման է. կարդում ես ու ոչինչ չես հասկանում, մեկ նախադասության մեջ տասը տեղով հղում են անում: Դա ոչ մի լեզվաբանական իմաստ չունի, դա առնվազն անհասկանալի է: Կարելի է, չէ՞, ստեղծել վերջնական մաքուր գրված օրենսգիրք, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարդա ու հասկանա յուրաքանչյուր դրույթ»,- նկատեց նա:

Մեր հարցին, թե ի վերջո, որոնք են իրենց առաջարկներն ու պահանջները, Սամսոն Գրիգորյանը պատասխանեց, որ նախ` տվյալ օրենսգիրքը հետ կանչվի, ամբողջովին նորից վերլուծության ենթարկվի, բայց ոչ թե նշանակված ներկայացուցիչների հետ, այլ ռեալ բիզնեսի ներկայացուցիչների հետ. «Մենք խնդրում ենք ամբողջովին վերանայել օրենսգիրքը, հղումներ ու ուղղումներ չանել մեջը, ինչպես շրջհարկի դեպքում եղավ, երբ հարյուր անգամ փոփոխությունների ենթարկվեց օրենքը: Հնարավոր չէ՞ գրել մի այնպիսի օրենք, որ լինի վերջնական ու աշխատելուն հարմար:

Իրենք շեշտում են, որ հարկային օրենսգիրքը չի կարող հաճելի լինել որևէ տնտեսվարողի, բայց մենք այդքանը հասկանում ենք, մենք հո չե՞նք ասում` մեզ հարկերից ազատեք, մենք ասում ենք` խելամիտ հարկեր դրեք: Իրենք ուզում են հարկերը բարձրացնե՞լ, արդյունքում էլ ոչ մի տնտեսվարող ոչ մի գրանցված աշխատող չունենա՞, և սոցիալական վճարներով այդ հարկերը հե՞տ վերադարձնեն ժողովրդին: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացողին լրիվ ազատեին հարկերից, գործատուին նույնիսկ տային հնարավորություն, որ նրա համար շահեկան լիներ աշխատողին գրանցելը, նոր աշխատակիցներ ընդունելը. չէ՞ որ դրանով մեր երկրի սոցիալական վիճակն էլ կբարելավվի, աղքատության շեմից կբարձրանանք: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե մարդն աշխատի, աշխատավարձ ստանա, քան թե պետության վզին նստի»,- նշեց նա:

Որո՞նք են լինելու տնտեսվարողների հետագա քայլերը, եթե իրենց պահանջներն այնուամենայնիվ չբավարարվեն: Սամսոն Գրիգորյանը շեշտեց, որ փողոց դուրս գալն ու բողոքի ցույցեր կազմակերպելը վերջնական պայքարի միջոց չեն. «Պայքարի ամենավերջնական միջոցը, որով տնտեսվարողը կարող է մեծ հարված հասցնել երկրի տնտեսությանը, հեռանալն է այդ երկրից: Տեսեք, խեղճուկրակ Ռուսաստանն այսօր ավելի գրավիչ է տնտեսվարողի համար, քան Հայաստանը, հասկանո՞ւմ եք: Լավ, մի քանի անգամ դուրս եկանք պայքարելու, բայց հո ամբողջ կյանքում չե՞նք պայքարելու: Տնտեսվարողն ուղեղ ունի, գումար ունի ներդնելու, կարողանում է ստեղծել, նա կթողնի կգնա հարևան երկրում կներդնի այդ գումարը, ու դա կլինի պայքարի վերջնկան աստիճանը: Ու մենք ամեն օր ենք տեսնում, որ մեր ընկերներից մեկը լքում է Հայաստանը…»,- նկատեց նա:

Հավելենք, որ Խորհրդարանում այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվել Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի նախագիծը։ Այն ընդունվեց 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: