Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Վերադարձ լուրերի բաժին

09:00 , 23 Մայիս 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճն այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.7%: 12-ամսյա կտրվածքով (այս տարվա ապրիլը՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ) ՏԱՑ-ն աճել է 7.3%-ով։

Ըստ ոլորտների՝ ամենատպավորիչ աճը գրանցել է շինարարությունը։ 2018թ. հունվար-ապրիլին իրականացված շինարարության ծավալը կազմել է 64.8 մլրդ դրամ, ինչ 21.8%-ով գերազանցնում է 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 522.1 մլրդ դրամ։

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17.6%-ով և կազմել 487.1 մլրդ դրամ, ներքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 10.3%-ով և կազմել 787.6 մլրդ դրամ։ Ամենաթույլ աճը՝ 2.2%, գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ ծավալը՝ 129.4 մլրդ դրամ։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 31.2%-ով և հունվար-ապրիլին կազմել 2 մլրդ 221.8 մլն դոլար։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 25.5%-ով և կազմել 764.5 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 34.3%-ով և կազմել 1 մլրդ 457.3 մլն դոլար։

Ինչպես տեսնում եք առաջին գծապատկերում, 2017թ. հունվար-ապրիլին ՏԱՑ-ը հունվար-ապրիլ կտրվածքով աճել էր 5.7%-ով, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ 5.7%-ով։ Այսինքն, 2017թ. համեմատ՝ ունենք ոչ միայն տնտեսական ակտիվության աճ, այլ նաև աճի տեմպի արագացում։ Սակայն ամսական կտրվածքով՝ 2018թ. ապրիլը մարտի համեմատ, ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1%-անոց անկում։

tac01

Ապրիլյան անկումը սեզոնային չէ՝ և ինչպես երևում է արդեն 2-րդ գծապատկերից՝ 2011 թվականից ի վեր ապրիլ ամիսներին (մարտի համեմատ) երբեք անկում չի գրանցվել։ Ըստ ոլորտների՝ մարտի համեմատ 2018-ի ապրիլ ամսին անկում է գրանցվել արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտներում, իսկ ծառայությունների ծավալը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով (բողոքի ակցիաներ, փողոցներ փակել, դասադուլներ, գործադուլներ և այլն): Այդ օրերին և մինչև հիմա շատերն են հետաքրքրվում՝ ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ օրերի իրադարձությունները տնտեսության վրա։ Ապրիլյան 3.1%-անոց անկումը կարելի է համարել այդ իրադարձությունների հետևանք։ Սակայն սա ընդամենը մոտավոր գնահատական է, որպեսզի հասկանանք, թե այս 3.1 տոկոսանոց անկման քանի տոկոսն է պայմանավորված հեղափոխությամբ, անհրաժեշտ է առավել խորը վերլուծություն՝ բոլոր գործոնները հաշվի առնելով։

tac02

Չի բացառվում նաև, որ տնտեսական ակտիվությունը որոշ չափով նվազի նաև մայիս և հունիս ամիսներին՝ հաշվի առնելով որոշ գործոնների լագային ազդեցությունը (ժամանակային առումով)։

Ինչևէ, եթե անգամ ենթադրենք, որ ապրիլ ամսին գրանցված 3.1%-անոց անկումն ամբողջությամբ պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ, ապա այն շատ փոքր և թույլատրելի կորուստ է՝ հատկապես այն պոտենցիալ օգուտների ֆոնին, որոնք կարող են գրանցվել։

Այս կապակցությամբ հիշեցնենք նաև ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի գնահատականը, ով մայիսի 1-ին ԱԺ-ում հայտարարեց, որ շարժման յուրաքանչյուր օրը Հայաստանի տնտեսությունը ետ է գցում առնվազն 2 ամսով։ Այժմ ակնհայտ է, որ պրն Մելիքյանը, մեղմ ասած, սխալվում էր։

Կրկին նշենք, որ այս ցուցանիշները նախնական են և չեն ներառում առանձին ոլորտների ամբողջական պատկերը։ Ամսվա վերջին կհրապարակվի ապրիլ ամսվա ամբողջական զեկույցը, որտեղից կերևա, թե օրինակ արդյունաբերության որ ճյուղերում է անկում գրանցվել, առևտրի որ տեսակներն են նվազել, ինչ փոփոխություն են ունեցել հարկային մուտքերը կամ, ասենք, զբոսաշրջիկների ներհոսքը։

Եթե Հայաստանում ունենայինք կայացած ու ակտիվ գործող արժեթղթերի շուկա, ապա այն կլիներ վերջին շաբաթների իրադարձությունների ամենաճիշտ և ամենաօպերատիվ ինդիկատորը։ Ինչպես զարգացած երկրների ֆոնդային բորսաներն են րոպեների ընթացքում արձագանքում քաղաքական և այլ բնույթի իրադարձություններին, այնպես էլ մեզ մոտ կտեսնեինք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն ինչպես ազդեց խոշոր ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա։ Ինչևէ, նման համակարգ մենք (դեռ) չունենք։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ հրապարակել էր 2018թ. առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։ Թավշյա հեղափոխությունը այդ ժամանակ դեռ չէր սկսվել, սակայն տվյալները հետաքրքիր են տնտեսության նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց համար։

Այսպես, 2018թ. հունվար-մարտին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընթացիկ գներով՝ 1 տրլն 112.2 մլրդ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 1 տրլն 65.5 մլրդ դրամ։ 2017 թ. առաջին եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 9.6%-ով (իրական աճի ցուցանիշ)։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեծ մասը՝ 57.6%-ը (641.2 մլրդ դրամ) ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերության (ներառյալ՝ էներգետիկան) մասնաբաժինը ՀՆԱ-ում 21.6% է (239.2 մլրդ դրամ)։

Գյուղատնտեսությունը (այդ թվում՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն) ապահովել է ՀՆԱ-ի 6%-ը (66.9 մլրդ դրամ), իսկ շինարարությունը՝ 3.8%-ը (42.6 մլրդ դրամ)։

ԱՎԾ-ն նաև ներկայացրել է, թե նշված ոլորտներից որը որքանով է նպաստել ՀՆԱ-ի հավելաճին։ Ամենից շատ՝ 6.2 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Այսինքն, առաջին եռամսյակի տնտեսական աճի 2/3-ն ապահովվել է այս ոլորտի հաշվին։ Արդյունաբերությունը ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է 1.6 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.5 տոկոսային կետի չափով։ Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի աճին չի նպաստել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։