Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է ազդել ապրիլյան պատերազմը հայկական եվրոբոնդերի վրա

Վերադարձ լուրերի բաժին

21:06 , 20 Մայիս 2016

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ Ազգային ժողովում խոսել է ապրիլյան պատերազմի հետ կապված միջազգային շուկաների անդրադարձի մասին։ Նա նշել էր, որ դա լավագույնս արտացոլվում է  եվրոպարտատոմսերի հետ կատարվող փոփոխությունների միջոցով: «Դա որևէ կերպով չանդրադարձավ եվրապարտատոմսերի վրա, հակառակը` շտկվեց իրավիճակը»,- ասել էր Ա.Ջավադյանը` հավելելով, որ այդ իրադրությունը հակառակը՝ լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա:

Մենք որոշեցինք ավելի կոնկրետ ճշտել՝ ինչ աստիճանի լուրջ են եղել բացասական ազդությունները Թուրքիայի և Ադրբեջանի համար, և որքանով է շտկվել մեր պարտատոմսերի իրավիճակը։ Սակայն, ի զարմանս մեզ, սպասվածի լրիվ հակառակ պատկերը ստացանք։

* * *

Նախ, տնտեսագիտության հետ առնչություն չունեցող մարդկանց մեկ-երկու բառով պարզաբանենք՝ ինչի մասին է խոսքը, որից հետո պատկերը նրանց նույնպես կհետաքրքրի։  Այս պարտատոմսերը ազատ շրջանառվում են ֆոնդային բորսայում և դրանց հաջողության չափանիշը եկամտաբերությունն է։ Որքան բարձր է եկամտաբերությունը, այնքան ի վնաս պարտատոմսը թողարկողի։ Ավելի պարզ ասած՝ սա այն տոկոսն է, որով պարտատոմս թողարկողը պարտք է վերցնում։

Ընդ որում, այդ եկամտաբերությունը ֆիքսված չէ և կարգավորվում է շուկայական օրենքներով։ Ու երբ ԿԲ նախագահը խոսում է պարտատոմսերի վրա ազդեցությունից, պետք է նկատի ունենալ  տոկոսադրույքը. եթե այն բարձրանում է, ուրեմն ազդեցությունը բացասական է, պարտատոմսը դիտարկվում է առավել ռիսկային։ Իսկ եթե իջնում է՝ հակառակը։

Պարզ ասած, մենք պետք է դիտարկենք, թե ապրիլյան պատերազմի օրերին ինչպես են փոխվել Հայաստանի և մյուս երկու երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը (տվյալները վերցված են Ֆրանկֆուրտի բորսայից։)։

Հայաստանի համար վերցրել ենք 2-րդ թողարկման եվրապարտատոմսերը։ Դրանք տեղաբաշխվել են 2015 թվականի ապրիլին։ Մարման ժամկետը՝ 10 տարի, ծավալը՝ 500 մլն դոլար, կուպոնային եկամտաբերությունը՝ 7.15%:

Ադրբեջանի համար դիտարկել ենք Ադրբեջանի միջազգային բանկի (International Bank of Azerbaijan) եվրոպարտատոմսերը։ Տեղաբաշխվել են 2014 թվականի հունիսին: Մարման ժամկետը՝ 5 տարի, ծավալը՝ 500 մլն դոլար, կուպոնային եկամտաբերությունը՝ 5.65%:

Թուրքիայի դեպքում տեղաբաշխումները շատ են։ Համեմատության համար վերցրել ենք 2014 թվականի ապրիլի 11-ին տեղաբաշխված պարտատոմսերը։ Մարման ժամկետը՝ 9 տարի, ծավալը՝ 1 մլրդ դոլար, կուպոնային եկամտաբերությունը՝ 4.125%5:

Որպես ժամանակահատված ընտրել ենք 2016 թվականի մարտի 29-ից ապրիլի 8-ը։ Կարմիր ֆոնով առանձնացված է ապրիլյան պատերազմի ամենաթեժ շրջանը՝ 1-ից 5-ը։

FB01

Ինչպես տեսնում եք, Հայաստանի դեպքում ապրիլի 1-ից 5-ը պարտատոմսերի երկամտաբերությունը բարձրացել է 0.174 տոկոսային կետով։ Այսինքն՝ ազդեցությունը եղել է բացասական։ Դրանից հետո եկամտաբերությունը նվազել է՝ ապրիլի 20-ին հասնելով 7.2473%-ի։ Սակայն մայիսի 20-ի դրությամբ հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 7.6973% էր՝ ավելի բարձր, քան ապրիլի 1-ին։

Ադրբեջանի դեպքում գրեթե նույն դինամիկան է՝ ապրիլի 1-ից 5-ը պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 0.3423 տոկոսային կետով։ Ազդեցությունը եղել է բացասական ու փոքր-ին ավելի խորը, քան մեր դեպքում։ Դրանից հետո նրանց պարտատոմսերի եկամտաբերությունը մի թեթև նվազել է և կայունացել և ապրիլի 20-ի դրությամբ հասել 8.1301%-ի։ Իսկ մայիսի 20-ի դրությամբ ադրբեջանական եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը 7.4857% է, ավելի ցածր, քան մերը։

Ինչ վերաբերում է թուրքական պարտատոմսերին, ապա ինչպես տեսնում եք դրանց եկամտաբերությունը ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում գրեթե չի փոխվել։ Ապրիլի 20-ի դրությամբ նվազել է մինչև 2.8776%։ Իսկ մայիսի 20-ի դրությամբ 3.0072% է։

Այս գծապատկերի վրա առավել պարզ է երևում, թե ինչ է կատարվել մեր ու մեր հարևանների պարտատոմսերի հետ՝ վերջին 50 օրվա ընթացքում։ Հայկական եվրապարտատտոմսերի եկամտաբերությունն աճել է և այժմ գերազանցում է ադրբեջանական պարտատոմսերին։

FB02

Իսկ Թուրքիայի դեպքում լուրջ բացասական ազդեցություն (համենայնդեպս, մեր դիտարկած պարտատոմսերի դեպքում) այստեղ չի նկատվում։

Վերջում ավելացնեն, որ առաջին թողարկման հայկական պարտատոմսերի դեպքում պատկերը նույնն է. դրանց եկամտաբերությունը նույնպես աճել է՝ 6.2122%-ից (ապրիլի 1-ին) հասնելով 6.5697%-ի (մայիսի 20-ին)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճը

2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 5.4%-ով։ Իսկ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա հունվար մայիսի համեմատ, աճը 8.6% է։

Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել (պաշտոնական)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։