Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են տնտեսագետները գնահատում ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության առանձնացումը

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 03 Մարտ 2016

«Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորված գործունեությունը կարող էր շահերի բախման և ոչ թափանցիկության խնդիր առաջացնել, իսկ դրանց առանձնացումը հնարավորություն կտա եկամուտների մուտքերի մասն ապահովել առանձին բլոկով, որը կոչվում է Պետական եկամուտների կոմիտե և որը ներառում է հարկային ու մաքսային մարմինները միաժամանակ: Իսկ Ֆինանսների նախարարությունը պատասխանատվություն կկրի ծախսերի ճիշտ կազմակերպման համար: Կարծում եմ` վատ մոդել չէ»,- այսօր մեզ հետ զրույցում այս տեսակետը հատնեց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առանձնացվում է ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Գագիկ Մակարյանի կարծիքով` կարևոր խնդիր կարող է մնալ այն, թե ովքեր կլինեն հարկային կամ մաքսային օրենսդրության փոփոխության պատասխանատուները, որպեսզի շահերի բախում չառաջանա. «Նախկինում, երբ դրանք առանձին էին, Ֆինանսների նախարարությունն էր զբաղվում այդ փոփոխություններով, իսկ երբ միացրին, օրենքներն ու փոփոխություններն առաջարկվում էին այնպես, որ ավելի շատ նպաստում էին վարչարարության գործիքների ավելացմանը: Բայց վարչարարությունը պետք է զուգահեռ գնա տնտեսության պահանջներին, տնտեսության խնդիրների կարգավորմանը: Հիմա առանձնացնելով, եթե նորից կստացվի այնպես, որ եկամուտների կոմիտեն կզբաղվի միայն հարկային և մաքսային վարչարարությամբ, իսկ Ֆինանսների նախարարությունն իր ձեռքը կվերցնի օրենսդրական փոփոխությունների ողջ քաղաքականությունը` որպես ավելի ինքնուրույն մարմին` արդեն չունենալով իր ներսում եկամուտների կոմիտե, որն ազդեցության թելադրելու տեսանկյունից կարող էր լուրջ դերակատարում ունենալ, ապա այս կողմից կարող է դրական դիտարկվել ՊԵԿ-ի ու Ֆիննախի առանձնացումը»,- նշեց Մակարյանը:

Անդրադառնալով նաև մի քանի նախարարների վերջին փոփոխություններին` նա ասաց, որ ուրախ է այդ առիթով, քանի որ կառավարությունում հայտնվում են նաև  երիտասարդներ` նոր ու ազնիվ մտածելակերպով: Արդյունքում առաջանում է ավելի ինտելեկտուալ բլոկ, որը միշտ ավելի ողջունելի է. «Որտեղ կա ինտելեկտ, այնտեղ խնդիրներն ավելի արագ և հեշտ են լուծվում` դեմոկրատական, թափանցիկ, չկոռումպացված ճանապարհով ու առանց շահերի լուրջ բախումների: Սա շատ կարևոր է: Ուրախ եմ, որ մի քանի նախարարություններում էական փոփոխություններ եղան, որոնց հասցեին մենք միշտ քննադատություն ենք ուղղել ու ցույց ենք տվել նրանց թերի աշխատանքը: Այնպես որ, ուրախ եմ նաև այդ փոփոխությունների համար, մասնավորապես` էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների»,- հավելեց պարոն Մակարյանը:

 Թեմայի շուրջ զրուցեցինք նաև տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ, ով ևս դրական արտահայտվեց ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը միմյանցից առանձնացնելու հարցի շուրջ. «Ես անգամ կողմ եմ, որ մաքսային ծառայությունն էլ լինի առանձին, որովհետև այն ունի երկրից դուրս գնացող ու երկիր մտնող ապրանքների վերահսկողական ֆունկցիա, իսկ հարկայինն ավելի լայն լիազորություններ ունեցող մարմին է, այսինքն` չպետք է հարկայինը խառնվի մաքսայինի գործերին, որպեսզի հանկարծ չառաջանան, օրինակ, ճնշումներ ներմուծողների նկատմամբ և այլն:

Այսինքն` մաքսայինը պետք է իր կոնկրետ ֆունկցիան իրականացնի, որ ապօրինի ապրանք չմտնի երկիր ու երկրից դուրս չգա. այդքան բան: Իսկ քանի որ Հայաստանի հարկային համակարգը կատարելագործման շատ տեղեր ունի, պետք է առանձին մարմնի շրջանակում գործի, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ լուծումներ տալ խնդիրներին»,- նկատեց պարոն Խաչատրյանը:

Նրա խոսքով` եթե նախկինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ու Ֆինանսների նախարարությունը միասին էին գործում, ապա ամենայն հավանականությամբ նպատակ կար բյուջեի եկամուտներին ու ծախսերին առնչվող բոլոր ֆունկցիաները կենտրոնացնել մեկ մարմնի շրջանակում: Բայց այդ մարմինները սովորաբար առանձնացվում են այն նպատակով, որպեսզի կարողանան իրենց լիազորություններն ավելի արդյունավետ իրականացնել:

Իսկ ինչպե՞ս կանդրադառնա այդ փոփոխությունը բիզնես միջավայրի վրա: Վիլեն Խաչատրյանի կարծիքով` փոփոխությունը դրական կլինի, որովհետև ավելի արդյունավետ լուծում կտա բիզնես միջավայրի խնդիրներին` շնորհիվ երկու մարմինների կենտրոնացած գործունեության:

Այս թեմայով՝ «Հարկէվոլյուցիա». ինչ փոփոխություններ է կրել հարկային համակարգը 1991 թվականից ի վեր (ինֆոգրաֆիկա)