Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ահաբեկել ներդրողներին

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 30 Հոկտեմբեր 2017

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF), PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին, դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը։

Վարկային համաձայնության խզման պատճառն ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ Արդյունքում՝ նշված հիմնադրամն ու գործակալությունը պահանջել են «Վալլեքսից»՝ վարկը ամբողջությամբ վերադարձնել` առանց դանիական կողմերի համար որևէ կորստի:

Հոկտեմբերի 20-ին լրագրողներն այս խնդրի հետ կապված մեկնաբանություններ խնդրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք այս պատմությունը վնաս չի՞ հասցնում երկրի հեղինակությանը և չի՞ խոչընդոտում պոտենցիալ ներդրումներին։

Նախարարը պատասխանեց։ Այնպես պատասխանեց, որ մտահոգությունները բազմապատկվեցին։ Մինչ առաջ անցնելը խորհուրդ ենք տալիս կարդալ Աշոտ Մանուկյանի պատասխանի սղագրությունը։

«Մեր երկրի հեղինակության տեսանկյունից՝ իհարկե մտահոգիչ է։ Երկուսի մասով էլ պատասխանեմ՝ և՛ Թեղուտի, և՛ Ամուլսարի մասով։ Նույն խնդիրը մենք ունեինք Ամուլսարում։ Այսինքն՝ կար փորձագիտական եզրակացություն, առաջինը՝ արված շահագործողի կողմից։ Այնուհետև հայտնվեց ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որը տառացիորեն տարբերվում էր, ճիշտ հակառակը՝ տարաբևեռ եզրակացություններ են։ Այս պարագայում ևս խնդիրը նույնն էր. մենք ունեինք մինչև այժմ մի փորձագիտական եզրակացություն, որով մենք ղեկավարվում էինք (ղեկավարվել էինք լիցենզիա տրամադրելիս, ղեկավարվում ենք շահագործման ամբողջ ընթացքում, հիմա հայտնվեց երկրորդը։

Բնապահպանության նախարարության մեր գործընկերները շատ հստակ և, կարծում եմ՝ կատարյալ լուծում գտան այս պահին. Ամուլսարի պարագայում երկու փորձագիտական եզրակացություններն էլ կատարված են միջազգային համարում և վարկ ունեցող մասնագետների կողմից։ Բնապահպանության նախարարությունը առաջարկեց երկուսին էլ հավաքվել Երևանում, նստել դեմ դիմաց և անցկացնել մասնագիտական քննարկում։

Ոչ թե հանրային քննարկում՝ ԶԼՄ-ների մակարդակով, այսինքն՝ ոչ թե սիրողական մակարդակով, այլ զուտ՝ նեղ մասնագիտական քննարկում։ Եվ այդ հանդիպումը կկայանա Ամուլսարի մասով հունվար ամսին։ Այսինքն, Ամուլսարի մասով մենք կսպասենք երկու փորձագիտական խմբերի վերջնական եզրակացությանը, որից հետո կընդունենք որոշում։ «Վալլեքսի» դեպքում նույնը պետք է աշխատի։ «Վալլեքսի»  դեպքում էլ մենք ունեինք մի եզրակացություն, հետո ստացանք երկրորդը։ Գուցե համադրենք կամ հակադրենք՝ հասկանանք իրականությունը։ Ես պատրաստ չեմ այս պահին որևէ մեկի կողմը պահելու, որովհետև չունեմ այն կողմից որևէ լրացուցիչ տեղեկատվություն, բացի այն, ինչ կարդացել եմ ԶԼՄ-ներում»,- ասել էր նախարարը։ Ճշտող հարցին, թե «Վալլեքսի» պատմությունը չի՞ վտանգում երկրի հեղինակությանը, նախարարի պատասխանում դարձյալ հայտնվում է Ամուլսարը, պատասխանում է՝ նույն ձևով վտանգված է նաև Ամուլսարի պարագայում։ Այս պատասխանի մեջ այնքան ուշագրավ կետեր կան, որ դրան անդրադառնալը դառնում է նախադասությունների վերլուծություն։

1. «…Մենք ունեինք մինչև այժմ մի փորձագիտական եզրակացություն, որով մենք ղեկավարվում էինք (ղեկավարվել էինք լիցենզիա տրամադրելիս, ղեկավարվում ենք շահագործման ամբողջ ընթացքում), հիմա հայտնվեց երկրորդը…»:

Սա ընդհանրապես աբսուրդ է։ Ստացվում է՝ կառավարությունը հանքի շահագործման թույլտվություն է տալիս ոչ թե սեփական ուսումնասիրությունների հիման վրա, այլ ինչ-որ կազմակերպությունների։ Բայց չէ՞ որ հանքարդյունահանող ընկերությունները պետությունից են ստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) փորձաքննությունը, որի հիման վրա տրամադրվում է լիցենզիան։ Ստացվում է՝ եթե ընկերությունները չանցկացնեն միջազգային փորձագիտական ուսումնասիրություն, իսկ այդպիսի ուսումնասիրություն ունեն շատ քիչ հանքեր՝ օրինակ՝ հենց Ամուլսարը, Հայաստանի ՇՄԱԳ փորձաքննությունը ոչինչ չարժե, քանի որ իրականում ձևական թուղթ է։

2. «…Կսպասենք երկու փորձագիտական խմբերի վերջնական եզրակացությանը, որից հետո կընդունենք որոշում…»: «…Գուցե համադրենք կամ հակադրենք (փորձագիտական եզրակացությունները)՝ հասկանանք իրականությունը…»:

Նախ՝ որոշումն արդեն ընդունված է։ Ժամանակին որոշում է ընդունվել՝ շահագործման թույլտվություն տալ այս հանքարդյունաբերողներին։ Կամ՝ ինչպե՞ս է կառավարությունը «հասկանալու իրականությունը»՝ փորձագետներին «կռվացնելո՞վ»։

Կառավարությունը պետք է արդե՛ն իսկ իրականությանը տիրապետեր, ոչ թե Դանիայի «Արտահանումների վարկավորման գործակալությունը» հուշեր, որ ընկերությունը խախտում է կանոնները։ Ստացվում է՝ միջազգային մի կազմակերպություն այնքան սկզբունքայնություն ու հետևողականություն ունի, որ բնապահպանական պատճառներով պատրաստ է հրաժարվել իր շահույթից և իր ներգրաված միջոցները հետ կանչել։

Այս առումով, Վերակառուցման և զարգացման եվրապական բանկը (որը Ամուլսարի ծրագրի բաժնետերերից է) շատ ավելի նախանձախնդիր է։ Ու գալիս ենք տրամաբանական մի եզրակացության. միակ երաշխիքը, որ հանքարդյունաբերական ընկերությունները կհետևեն սահմանված չափանիշերին և պատասխանատու կգործեն, միջազգային կառույցների մասնակցությունն է նման պրոյեկտներին։ Այլ կերպ ասած, նրանք ավելի լավ են կատարում վերահսկողական գործառույթը (իրենք իրենց նկատմամբ), քան կառավարությունը։

3. «…Նույն խնդիրը մենք ունեինք Ամուլսարում…»:

Նախ՝ ի սկզբանե անհասկանալի էր, թե Թեղուտի վերաբերյալ պատասխանի մեջ ինչու է մշտապես հիշատակվում Ամուլսարը։ Ինչևէ։

Ամուլսարի դեպքում նման խնդիր չկա։ Այսպես, Թեղուտի պարագայում բացասական եզրակացություն է տվել վարկատու կազմակերպությունը և դադարեցրել ֆինանսավորումը։

Իսկ Ամուլսարի պարագայում եզրակացություն են տվել մի խումբ փորձագետներ՝ Ամուլսարի ընդդիմախոսների պատվերով, ընդ որում, ոչ թե՝ ծրագրի գործունեության, այլ՝ ուսումնասիրությունների վերաբերյալ: Այդ եզրակացությունները, որոնց, ի դեպ, «Լիդիանի» փորձագետները պատասխանել են, չունեն իրավական հիմք և չեն ենթադրում ֆինանսավորողների հանդեպ Ամուլսարի ծրագրի ստանձնած բնապահպանական պարտավորությունների չկատարում:

Ամեն դեպքում, նախարարի այս զուգահեռի հետ կապված՝ մենք հարցում ուղարկեցինք «Լիդիան Արմենիա» և ստացանք հետևյալ պատասխանը. «Ամուլսարի ծրագրում նման խնդիր չկա: Ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունները, այդ թվում, օրինակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ամուլսարի ծրագրում իրականացնում են պարբերական աուդիտ, և «Լիդիանը» կատարում է Ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների և վարկատուների, ինչպես նաև՝ ծրագրի շահագրգիռ կողմերի առաջ ստանձնած բնապահպանական պարտավորությունները»:

Մի կարևոր «մանրուք» էլ նշենք։ Նախարարի պատասխանից այնպես է ստացվում, որ հունվարին պետք է լինի փորձագիտական խմբերի հանդիպում, որից հետո նոր միայն կառավարությունը որոշում կընդունի։ Մինչդեռ հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ: «Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլի» կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին՝ որպես գործընկեր»,- նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ: Ուշադրություն դարձրեք՝ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 11-ին, երբ Ամուլսարի ծրագրի հետ կապված մի խումբ փորձագետների եզրակացությունն արդեն վաղուց շրջանառվում էր և հայտնի էր։

Սա միակ հակասությունը չէ։ Օրինակ, մինչ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը, թեկուզ՝ հպանցիկ, չի բացառում կոնկրետ Ամուլսարի ծրագրում նոր «որոշման» հնարավորությունը, նրա գործընկերները լրիվ այլ բան են ասում։ Օրինակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը խոստացվող ներդրումների մի զգալի մասը պայմանավորում է հենց այս ծրագրով։ Առաջիկա տարիներին արտահանման աճի մեջ ոսկու արտահանումը մեծ կշիռ ունի։ Կամ՝ Ֆինանսների նախարարությունը ենթակառուցվածքների ու, մասնավորապես, շինարարության մեջ կատարվելիք ծախսերը հիմնավորում է Ամուլսարով։ Ու ընդհանրապես, կառավարության տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուներից մեկն այս ծրագիրն է, ավելի խոշոր նախագիծ, ցավոք սրտի, չկա։ Ամուլսարի ծրագրի ցանկացած հետաձգման հետևանքով առաջիկա տարիների պլանավորումը միանգամից փուլ կգա։ Ու այս առումով առնվազն անհասկանալի է նույն կառավարության տարբեր գերատեսչությունների հակասական տոնայնությունը։

Վերադառնալով Թեղուտին՝ այդ պատմությունը, իրոք, անցանկալի բան է։ Սակայն երկրի միջազգային հեղինակությանը և ներդրողներին ամենամեծ վտանգը հասցնում է պետական պաշտոնյաների ոչ կոմպետենտությունը։ Այս պատմությունը և դրան հաջորդած նախարարի պատասխանը միջազգային հանրությանը և ներդրողներին 3 մեսիջ է հղում.

1. ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ունակ չէ անել և ղեկավարվում է այլոց եզրակացություններով։

2. ՀՀ կառավարությունն ունակ չէ վերահսկել՝ արդյո՞ք ընկերությունները կատարում են ստանձնած բնապահպանական պարտավորությունները։

3. ՀՀ կառավարությունը կարող է մի օր «մոռանալ», որ ինքն է թույլտվություն տվել, և կասկածի տակ դնել իր իսկ որոշումների ճշմարտացիությունը։ Ընդ որում, հնարավոր արդարացումը՝ թե թույլտվությունը տվել է նախկին կառավարությունը, ամենևին ընդունելի չէ, քանի որ թույլտվությունը տալիս է պետությունը, որն իրավական պատասխանատվություն է կրում իր տված պետական երաշխիքների համար: Երբ փոփոխությունները կախված են անձանցից, ոչ թե համակարգից ու օրենքներից, դա լավագույն հակագովազդն է և ապագա ներդրողներին վախեցնելու լավագույն դեղատոմսը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար