Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպե՞ս գրավել ներդրողներին. Առնո Մոսիկյան

Վերադարձ լուրերի բաժին

13:58 , 10 Փետրվար 2016

Օտարերկրյա ներդրումները հսկայական դեր են կատարում տնտեսության զարգացման գործում: Ինչու են հայկական ընկերությունները դժվարանում օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ինչպես բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը, և կա՞ն արդյոք Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման հույսեր։ Այս ամենի մասին է Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանի հետ զրույցը, որը հրապարակված է բանկի պաշտոնական կայքում:

Պ-ն Մոսիկյան, որքանո՞վ է Հայաստանի ներդրումային միջավայրը նպաստավոր՝ ռեսուրսներ ներգրավելու համար:

Ձեր հարցը բավականին լայն է և բազմաշերտ, և մեկ կարճ հարցազրույցի ընթացքում դժվար է դրան պատասխանել: Նախ, հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ մտադիր ենք արդյոք քննարկել պորտֆելային ներդրումները կապիտալի շուկաներում, թե՞ ուղղակի ներդրումներն իրական հատվածում: Ես առաջարկում եմ առայժմ չանդրադառնալ մակրոտնտեսական կայունության, տնտեսության զարգացման պետական ռազմավարության, պետական հաստատությունների թափանցիկության և այլ հարցերին:

Եթե անկեղծ լինենք, իրական հատվածում ուղղակի ներդրումների տեսանկյունից, մասնավոր հատվածը միշտ էլ դժվարությունների է հանդիպում: Իր հիմնադրման օրից ի վեր Ամերիաբանկն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա ներդրողների հետ, որոնք միջոցներ են ներդնում ոչ միայն բանկային հատվածում, այլև տնտեսության մնացած ճյուղերում: Մենք բավականին լավ ենք հասկանում օտարերկրյա ներդրողների պահանջները և գիտենք, թե ինչ դժվարությունների են նրանք հանդիպում ներդրումների ողջ ընթացքում:

Նախքան օտարերկրյա ներդրողների որևէ ներդրումային գաղափար, ընկերության բաժնեմաս կամ նախագիծ «վաճառելը», հայկական ընկերությունները բավականին շատ ժամանակ և ռեսուրսներ են ծախսում՝ մանրակրկիտ բացատրելու համար, թե ինչու ներդրողը պետք է իր ներդրումը կատարի հենց Հայաստանում և հայկական ընկերությունում, ո՞ր երկրի իրավազորությամբ պետք է աշխատի: Ի՞նչ է Հայաստանը, ինչպիսի՞ ռազմավարական հենանիշներ ունի, ինչպիսի՞ համեմատական մրցակցային առավելություններ կան երկրում, ինչպե՞ս են աշխատում հիմնական օրենքները, օտարերկրյա ներդրողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենքները, նորմատիվ ակտերը և այլն: Այսինքն, ակնհայտ է, որ միջազգային ասպարեզում մեր երկրի առաջխաղացման համար դեռ շատ անելիք ունենք:

Որպեսզի կարողանանք ինքներս գնահատել Հայաստանի ներդրումային գրավչությունը, պետք է ուսումնասիրենք և հասկանանք Հայաստանի ընկալումն այն ներդրողների շրջանում, ովքեր գոնե ներդրումներ են արել տարածաշրջանում (Անդրկովկաս, ԱՊՀ կամ Հարավ-Արևելյան Եվրոպա): Ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում Հայաստանը, ինչպե՞ս է երկիրը դիրքավորված, ինչպե՞ս են ներդրողները պատկերացնում Հայաստանը: Եթե ինձ հարցնեք, ապա կարող եմ ասել, որ Արարատ լեռից, Նոյյան տապանից, միգուցե կոնյակից և ամենագլխավորը՝ Քիմ Քարդաշյանից բացի, Հայաստանը, ցավոք, բիզնեսի համար կարևոր, էական ոչ մի ուրիշ բանի հետ չի ասոցիացվում, որը կարող է հետաքրքրություն առաջացնել ներդրումների նկատմամբ:
Եթե խոսենք կապիտալի շուկաներում պորտֆելային ներդրումների ներգրավման մասին, ապա այստեղ առաջ են գալիս այլ գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, մասնավորապես՝ որքանով է զարգացած կապիտալի շուկայի ենթակառուցվածքը, ինչ ներդրումային պրոդուկտներ են առաջարկվում, որքանով է այդ պրոդուկտների շուկան ծավալուն և իրացվելի, միացված են արդյոք հիմնական առևտրային հարթակը և շուկայի ամենախոշոր՝ պետական պարտատոմսերի հատվածը առևտրի, փոխհաշվարկների, պահառության համաշխարհային համակարգերին, զարգացման որ փուլում են գտնվում բաժնետիրական ընկերությունները:

Եթե մի քանի տարի առաջ կարող էի ասել, որ պետությունը կարող է ակտիվացնել բաժնետոմսերի շուկան որոշ ենթակառուցվածքային ընկերությունների բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) միջոցով, ապա հիմա պետության ձեռքում ներդրողներին հետաքրքրող ակտիվներ գրեթե չեն մնացել: Գրեթե ամեն ինչ սեփականաշնորհվել է, հետևաբար պետության տիրապետման տակ գնալով ավելի քիչ գործիքներ են մնում: Մենք տեսանք, որ անգամ Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո էլ բաժնետոմսերի շուկան չակտիվացավ:
Որքան էլ տարօրինակ թվա, այս համատեքստում երբեմն դժվար է բացատրել որոշ պետական մարմինների վարքագիծը: Պատկերացրեք ռեալ իրավիճակ, երբ որոշ պաշտոնյաներ, ովքեր ներկայացնում են պետությունը՝ Հայաստանի սուվերեն եվրապարտատոմսերի թողարկողին, հրաժարվում են հանդիպել խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներին (չտեսնված բան է), ովքեր ներդրում են կատարել Հայաստանի եվրապարտատոմսերում և տարին մեկ անգամ այցելում են Հայաստան, որպեսզի գնահատեն ներդրումային միջավայրը, ֆիսկալ քաղաքականությունը, մակրոտնտեսական վիճակը և որոշեն՝ շարունակել արդյոք պահել պարտատոմսերը, թե՞ հետ «շպրտել» շուկա: Եթե մեր նպատակը ներդրումային գրավչությունը բարձրացնելն է և մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, ապա սա պարզապես քայլ է հակառակ ուղղությամբ …

Նշեմ, որ այս տարի հոկտեմբերին Նյու-Յորքում ՀՀ կառավարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ անցկացնում են ներդրումային ֆորում, որին կմասնակցեն ներդրողներ տարբեր երկրներից, ինչպես նաև Սփյուռքից: Ֆորումն անցկացվում է միջազգային կոնսորցիումի աջակցությամբ, որը ղեկավարում է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը, և որի անդամ է հանդիսանում ամերիկյան «Պրագմա» ընկերությունը: Ֆորումի նպատակն է ներդրումային հնարավորությունների մանրակրկիտ վերլուծությամբ ներդրողներին ներկայացնել Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք զարգացման առավելագույն ներուժ ունեն:

Սա բավականին հետաքրքիր թեմա է, որի շուրջ կարելի է շատ երկար խոսել, բայց կարծում եմ, որ Ձեր հարցը կարելի է ամփոփել հետևյալ եզրահանգմամբ՝ միանշանակ կան «դեղատոմսեր» Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար, պետք է որակական վերլուծության ենթարկել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, արագ արձագանքել և պատրաստ լինել ճիշտ ժամանակին ներգրավվելու տեղի ունեցող գործընթացներում, բաց չթողնել պահը: …կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ Արևմուտքի՝ Իրանի կապիտալի շուկայում պորտֆելային ներդրումների ֆորպոստ (առաջապահ ուղեկալ), որը հույս ունենք, որ մոտ ապագայում կբացվի կամ օգտվել Ռուսաստանում տեղի ունեցող ապաօֆշորացման իրավիճակից և ռուսական մասնավոր ֆինանսաներդրումային կապիտալի համար փոխարինել Կիպրոսի իրավազորությանը, կարո՞ղ է արդյոք Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրը նորագույն տեխնոլոգիաների հաշվին զգալի դիրք գրավել Ռուսաստանի և այլ երկրների գյուղմթերքների որոշ շուկաներում… սրանք հարցեր են, որոնք սպասում են իրենց «հերոսներին» և’ պետական մակարդակում, և’ մասնավոր հատվածի մակարդակում:

Հայկական ընկերությունները, որոնք չունեն միջազգային վարկային պատմություն, զրկված են միջազգային ֆինանսական հաստատություններից միջոցներ ներգրավելու հնարավորությունից: Դուք արդեն ունեք հայկական ընկերությունների համար միջազգային ֆինանսական հաստատություններից պարտքային միջոցների ներգրավման փորձ: Արդյո՞ք բանկի կապիտալում ՎԶԵԲ-ի և IFC-ի մասնակցության շնորհիվ այժմ ավելի հեշտ կլինի ներգրավումը:

Դա այդքան էլ այդպես չէ. անշուշտ, «մաքուր» վարկային պատմությունը և բարձր վարկային վարկանիշն օգնում են միջոցներ ներգրավել ավելի արագ և ավելի գրավիչ պայմաններով, սակայն դրանց բացակայությունը դեռ չի նշանակում, որ միջազգային պարտքային կապիտալի ոչ հանրային շուկան փակ է հայկական նման ընկերությունների համար:
2008թ., երբ մենք գործնականում զրոյից էինք սկսում մեր գործունեությունը որպես առևտրային բանկ, Ամերիաբանկը ևս նման իրավիճակում էր: Այո, մեզանից շատ ջանք ու եռանդ պահանջվեց միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցելու համար, բայց այդ ջանքերի արդյունքը եղավ այն, որ մենք երկրի տնտեսության համար ներգրավեցինք շուրջ 500 մլն դոլարի երկարաժամկետ ռեսուրս, Fitch գործակալության կողմից մեզ շնորհվեց երկրի վարկանիշին հավասար վարկանիշ, Նիդեռլանդների զարգացման բանկի (FMO) հետ կնքվեց աննախադեպ գործարք՝ 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, IFC-ի հետ՝ Հայաստանի պատմության ընթացքում ստորադաս փոխառության ներգրավման խոշորագույն գործարքը՝ 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՎԶԵԲ-ի հետ՝ տարածաշրջանում Բանկի կապիտալում միանվագ բաժնեմասնակցություն ձեռք բերելու խոշորագույն գործարքը (40 մլն ԱՄՆ դոլար):

Այժմ մեր օգնությամբ հայկական ընկերությունների համար, իհարկե, ավելի հեշտ է միջազգային ֆինանսական հաստատություններից միջոցներ ներգրավելը: Մենք արդեն 5 տարի է, ինչ աշխատում ենք այդ ուղղությամբ, մեր հաճախորդների թվում են տնտեսության տարբեր ճյուղերում աշխատող խոշոր հայկական արտադրողներ, ընկերություններ:

Բայց պետք է ասեմ, որ միայն ցանկությունը ներդրումներ բերելու և Ամերիաբանկի ծառայությունների դիմաց վճարելու համար քիչ է միջազգային ֆինանսական հաստատություններից պարտքային և բաժնետիրական ֆինանսավորում ստանալու համար: Նման գործընկերների հետ աշխատանքը ենթադրում է ֆինանսական հաշվետվությունների թափանցիկության, կորպորատիվ կառավարման որակի և ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալիզմի լիովին նոր մակարդակ, պետական մարմինների հետ փոխկապակցվածության բացակայություն, ինչպես նաև շրջակա և սոցիալական միջավայրի վրա ազդեցության վերահսկման համակարգի առկայություն: Իհարկե, այդ ամենն ակնհայտորեն ենթադրում է մեծ ծախսեր՝ հեղինակավոր աուդիտորական ընկերության, պրոֆեսիոնալ ղեկավարների ներգրավում, ներքին հսկողության համակարգի ներդնում, բայց ստացված օգուտը շատ ավելի մեծ է: Արդյունքում հաճախորդը ստանում է երկարաժամկետ վարկային ռեսուրս՝ համեմատաբար ցածր տոկոսադրույքով, մինչդեռ տեղական առևտրային բանկերը նույն պայմաններով ֆինանսավորում գործնականում չեն առաջարկում:

Ամերիաբանկի կողմից ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքների կնքումը ոչ միայն ավելի դյուրին կդարձնի արտաքին ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, այլև արմատապես կփոխի իրավիճակը Հայաստանի բանկային շուկայում: Նախկինում հայկական խոշոր, համակարգ ձևավորող ընկերությունները ներգրավում էին սինդիկացված վարկեր միջազգային բանկերից՝ առանց հայկական առևտրային բանկերին դիմելու, քանի որ վերջիններիս կապիտալի չափը, վարկային վարկանիշը և հետևաբար նաև վարկային միջոցների ինքնարժեքը թույլ չէին տալիս առաջարկել միջազգային բանկերի համեմատ ավելի մրցունակ պայմաններ: Ինչպես գիտեք, ՀՀ ԿԲ նորմատիվների համաձայն՝ բանկերի վրա դրված են սահմանափակումներ մեկ փոխառուին կամ մեկ ներդրումային նախագծին տրամադրվող վարկերի առավելագույն ծավալի առումով: Այս նորմատիվը կախված է բանկի նորմատիվային կապիտալի չափից: ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքների կնքումից հետո Ամերիաբանկի նորմատիվային կապիտալը զգալիորեն ավելացել է (գրեթե կրկնակի), հետևաբար բանկն արդեն կարող է վարկավորել ավելի խոշոր և երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող նախագծեր, ինչն իր հերթին կբերի հաջորդ շղթայական ռեակցիան՝ տեղական բանկային ռեսուրսները կօգտագործվեն հայկական ներդրումային ծրագրերում, տոկոսային եկամուտը կմնա երկրում, բանկերը կստանան ավելի մեծ շահույթ (նոր աշխատատեղեր), բյուջեն՝ ավելի շատ հարկեր:

Բացի այդ, Ամերիաբանկը և ՎԶԵԲ-ը կարող են համաֆինանսավորել ներդրումային ծրագրեր, ինչն առնվազն երկու անգամ կավելացնի բանկի վարկավորման ներուժը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վախեր տարածելը չի բխում ոչ մեկի շահերից»

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին

Հայէկոնոմբանկը շուտով կավարտի «Ապագայի բանկ» նախագիծը. Աստղիկ Մանրիկյան

Հարցազրույց ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ի միջազգային և զարգացման գծով՝ գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանի հետ