Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու Western Union-ը հրաժարվեց Հայաստանից՝ ընտրելով Ադրբեջանը

Վերադարձ լուրերի բաժին

15:18 , 29 Սեպտեմբեր 2015

Ուղիղ 7 տարի առաջ Western Union վճարահաշվարկային համակարգը դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում։ 2008 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը Հայաստանի տարածքում գործող բանկերին արգելեց մասնակցել դրամական փոխանցումների Western Union միջազգային համակարգին:

ԿԲ-ն հայաստանյան բանկերին հանձնարարեց լուծարել Western Union-ի հետ պայմանագրերը՝ այդ պայմանագրերում առկա կարգի համաձայն:

Որոշումը անսպասելի էր, հատկապես այն մարդկանց համար, ովքեր երկար տարիներ Western Union-ի միջոցով դրամական փոխանցումներ էին կատարում արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Կենտրոնական բանկն իր որոշումը պատճառաբանեց բանկային համակարգի համար ռիսկերի առկայությամբ՝ նշելով, որ Western Union-ը թույլ է տվել Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի անհիմն և չպատճառաբանված խախտումներ: ԿԲ-ն ընդգծել էր, որ արձանագրվել են դեպքեր, երբ դադարեցվել է հաճախորդների սպասարկումը բանկերի որոշ մասնաճյուղերում, ինչը կարող է խախտել բանկերի բնականոն գործունեությունը, ֆինանսական կայունությունը, ինչպես նաև հանգեցնել դրամական փոխանցումների ոլորտի անկանխատեսելի իրավիճակի:

Սակայն փակագծերը շատ արագ բացվեցին։ Ճիշտ է՝ ԿԲ-ն այդպես էլ բաց տեքստով այդ մասին չհայտարարեց, սակայն պարզ դարձավ, որ խնդիրը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ։ Western Union-ը չէր սպասարկել ԼՂՀ բանկերի հաճախորդներին։ Այսինքն՝ հրաժարվել էր գործել Լեռնային Ղարաբաղում։

WU-ն, ըստ էության, տեղի էր տվել Ադրբեջանի շանտաժին։ ՀՀ ԿԲ որոշումից 3 շաբաթ առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 2-ին, Ադրբեջանի Ազգային բանկի հատուկ հրամանով երկրի սահմանների ներսում դադարեցվել էր Western Union և Money Gram դրամական փոխանցումներով զբաղվող համակարգերի գործունեությունը։ Պատճառն այն էր, որ «Western Union համակարգը հայկական սփյուռքին օգնում էր փողեր փոխանցել Լեռնային Ղարաբաղի անջատողականներին»։

Այդ որոշումից հետո WU-ը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, որին արդեն հետևեց ՀՀ Կենտրոնական բանկի հակաքայլը։ Պարզ ասած, Western Union-ը կանգնած էր ընտրության առաջ՝ աշխատել հայկակա՞ն շուկայում, թե՞ ադրբեջանական։ Եվ ընտրությունը կանգ առավ Ադրբեջանի վրա։

Այս թեմային այսօր անդրադարձել է Western Union-ի նախագահ Հիքմեթ Էրսեկը՝ ռուսական Ведомости-ին տված իր հարցազրույցում։ Լրագրողի հարցին՝ երբ դուք ընտրություն էիք կատարում Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև, ինչո՞ւ ընտրեցիք երկրորդը, Էրսեկը պատասխանել է. «Խնդիրը քաղաքական հարցերի և Լեռնային Ղարաբաղի մեջ է։ Երկու երկրների կենտրոնական բանկերը մեզ կանգնեցրին ընտրության առաջ. մենք կարող էինք գործունեությունը վերսկսել միայն այդ երկրներից մեկում։ Ես կուզեի, որ մենք կարողանայինք աշխատել նաև Հայաստանում, սակայն մենք պարտավոր չենք հարմարվել հանգամանքներին։ Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ գործունեություն կսկսեմ այնտեղ»։

Ինչպես տեսնում եք՝ Էրսեկը բացահայտ նշել է, որ հարցը քաղաքական էր։ Ավելին՝ նա նաև նշել է, որ չի պատրաստվում հրաժարվել Ադրբեջանից և Հայաստանում կաշխատեն միայն այն դեպքում, երբ մերոնք թույլ տան չսպասարկել ԼՂՀ հաճախորդներին։ Էրսեկը, սակայն, չի պատասխանել ուղիղ հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը։ Իհարկե, Ադրբեջանի շուկան ավելի մեծ է և բիզնես-շահերի տեսանկյունից դա հասկանալի որոշում էր։ Սակայն դժվար է ասել՝ այստեղ միայն զուտ գործարար շահե՞րն են դեր խաղացել, թե Ադրբեջանը նաև այլ լծակներ է բանեցրել Western Union-ի վրա։

Ավելացնենք նաև, որ այս պատմությունից 4 տարի անց՝ 2012 թվականի սեպտեմբերի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկը որոշեց նախապես ապահովագրվել նման անախորժ պատմություններից և փոփոխություններ կատարեց «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցում։

Ըստ այդ որոշման՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ սահմանված չէ օպերատորի պարտավորությունը համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում ապահովելու դրույթը։Այդուհետ վճարահաշվարկային օպերատորը պարտավոր էր լինելու համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում, ուղղակի ձևով իր ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում։

Այսինքն, ՀՀ ԿԲ-ն արտասահմանյան համակարգերին պարտադրեց գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում և դրա մասին հայտարարել պաշտոնապես։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով