Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու չի կարելի խոսել Ամուլսարի մասին

Վերադարձ լուրերի բաժին

21:11 , 07 Մարտ 2018

Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ խոսակցությունները միշտ են եղել։ Այդ խոսակցություններն ակտիվացել են՝ հանքի շինարարության և շահագործման ժամկետի մոտենալուն համահունչ։ Իսկ վերջին շրջանում հատկապես սրվել են՝ ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի գործոնով պայմանավորված, որի անունը ժամանակին ասոցիացվում էր «Լիդիան» ընկերության հետ։

Դե բնական է, հանքարդյունաբերությունն ամենացանկալի ոլորտը չէ։ Հանքարդյունաբերական ցանկացած նախագիծ միշտ ունի կողմնակի բացասական էֆեկտներ, և ըստ այդմ՝ միշտ ունի հակառակորդներ։ Բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել, բողոքել, ակցիաներ կազմակերպել։ Սակայն կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի։

Ցավոք սրտի, այդ սահմանները վերջին շրջանում Հայաստանում օրը մի քանի անգամ անցնում են։ Այն, որ «Ամուլսարը» ներկայացվում է հրեշավոր ծրագիր, նորություն չէր։ Բայց որ այս ծրագրի հետ որևէ անձի/կազմակերպության որևէ կերպ առնչություն ունենալն արդեն բավարար հիմք է՝ անձին կամ կազմակերպությանը պիտակավորելու ու վիրավորելու համար, սա արդեն նոր տրենդ է։ Աբսուրդն այն աստիճանի է խորացել, որ որոշ մարդիկ սկսում են արդարանալով հերքել իրենց կապն Ամուլսարի նախագծի հետ, ասես խոսքը վերաբերում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված ինչ-որ դավադրության։ Համոզվելու համար կարող եք այցելել առավել ակտիվ մի քանի բնապահպանների ֆեյսբուքյան էջեր։

«Ծախվածներ», «դավաճաններ», «սրիկաներ» և նման տիպի որակումների առատությունը միանգամից աչքի է զարնում։ Գիտե՞ք՝ ովքեր են այդ ծախվածներն ու դավաճանները։ Օրինակ, այն ԶԼՄ-ները, որոնք զբաղվում են իրենց գործով՝ լուսաբանում են այսօրվա դրությամբ Հայաստանի ամենախոշոր ներդրումային նախագծի ընթացքն ու մեկնաբանություններ վերցնում հնչած բնապահպանական մտահոգությունների կապակցությամբ։

Կարճ ասած, «Լիդիան Արմենիայի» հետ խոսել չի կարելի։ Նրանց փաստարկները ներկայացնել չի կարելի։ Ով լուսաբանեց՝ վերջ, դավաճան է կամ ծախված։ Լուսաբանել պետք է միայն իրենց՝ բնապահպանների տեսակետները։ Կապ չունի՝ նրանց ասածները որքանով են հիմնավոր, կապ չունի՝ որքանով են ճիշտ։ Ասում են՝ «Ոչ մի նոր հանք», ուրեմն ոչ մի նոր հանք։ Ասում են՝ հանքի շահագործման հետևանքով երկգլխանի երեխաներ են ծնվելու, ուրեմն՝ սպասեք երկգլխանի երեխաների։ Չփորձեք հանկարծ հակառակ կողմից մեկնաբանություն լսել, և թքած, որ, լրագրության կանոններով, պարզապես պարտավոր եք դա անել։

Այսինքն, բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները շատ ուրույն պատկերացում ունեն խոսքի և մամուլի ազատության վերաբերյալ։ Իրենց շահերը պաշտպանող միակողմանի պրոպագանդան լրագրողական էթիկայից դուրս չէ: Իսկ երբ լրատվամիջոցը ներկայացնում է «Լիդիան Արմենիայի» փաստարկներն իրենց իսկ կողմից հնչած մեղադրանքների կապակցությամբ, դա արդեն չի հանդուրժվում: Միակողմանի հարթակ ստանալու բացառիկ իրավունքն իրենցն է։

Ընդ որում, «ծախված» կամ «դավաճան» կոչվելու համար կարելի է ոչ միայն «Լիդիանին» խոսեցնել։ Այլ ճանապարհներ էլ կան։ Օրինակ, երբ բնապահպան ակտիվիստին խնդրում ես իր պնդումը հիմնավորել, նա քեզ ինչ-որ հղում է ուղարկում, հետո պատասխանում ես՝ եղբայր, սա քո գրած զեկույցն է, ինքդ քեզ ես հղում անում։ Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս։

Հետո ավելի ես խորանում, փորձում պարզել «հեղինակավոր անկախ փորձագիտական կազմակերպությունների» իրական հեղինակությունը, անկախությունը և պրոֆեսիոնալիզմը։ Եթե «քչփորելու» ընթացքում քեզ մոտ կամաց-կամաց տպավորություն է ստեղծվում, որ «հեղինակավոր անկախ փորձագիտական կազմակերպությունն» իրականում մարդ-կազմակերպություն է, որը ոչ մի արժեքավոր բան չունի ստեղծած, ուրեմն՝ հստակ գնում ես «ծախվածի» կոչմանն արժանանալու ճանապարհով։ Կամ` եթե պարզում ես, որ «միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոսն» իրականում ճանաչված է նրանով, որ դատարանում ետ է կանգնել մասնավոր ընկերություններից մեկի մասին իր իսկ տված եզրակացությունից։

Այլ եղանակներ էլ կան՝ հետաքրքրվել, թե բնապահպանական «հեղինակավոր անկախ փորձագիտական կազմակերպություններն» ինչո՞ւ են հրաժարվում լրագրողների ներկայությամբ տետատետ հանդիպել «Լիդիանի» մասնագետների հետ և ներկայացնել իրենց փաստարկները։ Ամենաթարմ օրինակն այս տարվա հունվարին էր, երբ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվեցին մասնակցել մասնագիտական քննարկմանը, որը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով:

Կամ կարելի է հետաքրքրվել, թե ինչո՞ւ է Ամուլսարն այդքան անհանգստացնում՝ ադրբեջանցիներին։ Իսկ եթե ուզում եք հաստատ համոզված լինել, որ հայտնվելու եք «ծախվածների» և «դավաճանների» սև ցուցակում, փորձեք պարզել՝ որո՞նք են այս կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները։ Օրինակ, ո՞ւմ փողերով են ֆինանսավորվել անցյալ տարի նկարահանված փաստավավերագրական ֆիլմը՝ Ամուլսարի թեմայով, կազմակերպվել մի քանի կոնֆերանս, քննարկում, միջոցառում, ո՞ւմ փողերով են սոցիալական մեդիայում անընդհատ Ամուլսարի դեմ հրապարակումները վճարովի գովազդվում, և այլն: Այս ամենը փող է, ընդ որում՝ ոչ քիչ փող։

Ի դեպ, փողի մասին։ Ընկերությունը դեռ ոսկի չի արդյունահանել ու վաճառել, սակայն արդեն իսկ 2017թ. արդյունքներով Հայաստանի 16-րդ խոշորագույն հարկատուն է` վճարել է ավելի քան 2.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2017թ. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է 251.7 մլն դոլարի ներդրում։ Ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը 856.5 մլն դոլար է։ Այսինքն՝ ներդրումային ծրագրերի մոտ 30%-ն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին։

Իսկ այդ 30%-ի առյուծի բաժինը հենց Ամուլսարինն է։ Ամուլսարի շնորհիվ շինարարության ոլորտը 2017թ. վերջին սկսեց ակտիվանալ և վերջապես դուրս եկավ անկումից՝ տարին փակելով թեկուզ` փոքր, բայց աճով։ Չենք մանրամասնի, թե արդեն քանի աշխատատեղ է ստեղծվել և ստեղծվելու, որքան հարկ է վճարվելու հանքի շահագործման ընթացքում, ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու այս ամենը։ Բավական է նշել միայն, որ Ամուլսարի նախագծի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է, որ կառավարությունը տնտեսական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս՝ հատուկ ուշադրություն է դարձնում դրա վրա։ Այսինքն՝ եթե վաղը նախագիծը դադարեցվի, բոլորը կկանգնեն փաստի առաջ։

Ու վերջապես, Ամուլսարը ոչ միայն հանքարդյունաբերության, այլ ամբողջ տնտեսության մասշտաբով այն եզակի ծրագրերից է, որն իրականացվում է միջազգային լուրջ ու հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ։ Իսկ դա ենթադրում է ավելի խիստ չափանիշեր, ավելի խիստ վերահսկողություն, միջազգային լավագույն փորձի կիրառում, և այլն։

Արդյո՞ք սա նշանակում է, որ ամեն ինչ իդեալական է։ Ո՛չ իհարկե։ Հանքարդյունաբերական ցանկացած պրոյեկտ այս կամ այն չափով վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Սա անհերքելի փաստ է։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է մեծ այդ վնասը, որքանո՞վ են պահպանվում ընդունված չափանիշերն ու պահանջները։ Սա բոլորն են հասկանում։ Սակայն դեմ լինել հանքարդյունաբերությանը միայն այն պատճառով, որ դա հանքարդյունաբերություն է, անթույլատրելի է։ Հատկապես Հայաստանի պարագայում Ամուլսարի նման խոշոր պրոյեկտից հրաժարվելն անթույլատրելի շռայլություն է։

Դա հասկանալի կլիներ, եթե բնապահպանները կարողանային ապացուցել, որ դրա բնապահպանական վնասն այնքան մեծ է, որ դրա ֆոնին ցանկացած տնտեսական էֆեկտ զրոյանում է։

Այնպես ապացուցեին, որ ո՛չ «Լիդիանի», ո՛չ ՀՀ կառավարության (որը հանքի շահագործման թույլտվություն է տվել), ո՛չ միջազգային կառույցների (օրինակ՝ ՎԶԵԲ-ի, որը նախագծի մասնակից է), ո՛չ ԱՄՆ-ի դեսպանի, ո՛չ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների հավաստիացումները՝ Ամուլսարի չափանիշերի մասին, կորցնեին արժանահավատությունը: Ոչ թե հեռակա կարծիքներ հրապարակեն «աշխարհահռչակ» գիտնականների կողմից ու խուսափեն տետատետ քննարկումներից։

Սակայն մերոնք ուզում են, որ իրենց հավատան ու վստահեն, իրենց կարծիքը հալած յուղի տեղ ընդունեն՝ միայն այն պատճառով, որ իրենք դեմ են նոր հանքերին։ Այդպես չի լինում։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: