Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է փոխվում եկամտային հարկի դրույքաչափը

Վերադարձ լուրերի բաժին

12:37 , 24 Հունիս 2016

Հունիսի 15-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի տարբեր դրույթներ խիստ քննադատության արժանացան ինչպես գործարար համայնքի, անկախ փորձագետների և ընդդիմադիր պատգամավորների, այնպես էլ՝ իշխանական թևը ներկայացնող գործիչների կողմից։

Ամենաքննարկվող դրույթներից մեկը եկամտային հարկն էր։ Ինչպես արդեն նշվել ենք, դրույքաչափերի և շեմի փոփոխության արդյունքում 204 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների հարկային բեռը ավելանում է (թե որքանով է ավելանում ամսական վճարվող եկամտային հարկը աշխատավարձի տարբեր մակարդակների համար՝ մանրամասն կարող եք կարդալ այստեղ

168 Ժամ թերթը Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի հետ զրույցում խնդրել է մեկնաբանել՝ ինչ է նշանակում այս փոփոխությունը և արդյո՞ք այդ փոփոխությունն արվում է ընդամենը միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների հաշվին բյուջեն լցնելու համար։

«Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը չեզոք ազդեցություն է ունենալու բյուջետային եկամուտների վրա: Ընդամենը 1-1.8 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է ապահովելու բյուջե, որը, կարծում եմ, էական չէ: Եկամտային հարկի դրույքաչափի ու դիզայնի հիմնական փոփոխությունը նպատակ ունի բարելավել հարկի պրոգրեսիվությունը: Եթե մենք ընդունում ենք, որ եկամտային հարկը ՀՀ-ում պետք է լինի պրոգրեսիվ, ուրեմն դիզայնը պետք է լինի այնպիսին, որ այդ պրոգրեսիվությունն ապահովվի: 2013 թվականից գործող եկամտային հարկի կառուցվածքը, թվում է, պրոգրեսիվ դիզայն է՝ 24.4%, 26% և 36%: Բայց ուշադրություն դարձրեք՝ 24.4% և 26%-ը շատ թույլ պրոգրեսիվության դիզայն է: Առաջին և երկրորդ շեմերը շատ մոտ են (1.6 կետով), իսկ երրորդը շատ բարձր է՝ 10 կետով: Այսօր՝ փաստացի արդյունքներով ստացվում է, որ բարձր եկամուտ ունեցողները հեշտությամբ տրոհում են իրենց եկամուտները՝ ընկնելով երկրորդ կամ նույնիսկ առաջին շեմի տակ: Ու երբ վերլուծում ենք եկամտային հարկի փաստացի թվերը, ստանում ենք եկամտային հարկի 25% փաստացի դրույքաչափ: Սա առաջին թերությունն է: Այժմ առաջարկվում է 23%, 28% և 33%: Այսինքն՝ տարբերությունը յուրաքանչյուրի միջև 5 կետ է: Ու այս անցման նպատակը պրոգրեսիվությունն ընդգծելն էր:

Գործող համակարգի երկրորդ թերությունն ավելի գլոբալ է: Դա այն է, որ մենք գործող հարկային օրենսդրությամբ Հայաստանում չունենք եկամտային հարկ՝ որպես այդպիսին: Սա, ըստ էության, աշխատավարձից գանձվող հարկն է: Իսկ եթե դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքը, աշխատավարձի կշիռը բարձր է ցածր եկամուտ ունեցող խմբերի մոտ, և հակառակը՝ ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր բարձր եկամուտներ ունեն: Որովհետև նրանք այլ եկամուտներ ունեն (շահաբաժիններ, տոկոսներ և այլն): Այսինքն՝ եկամտային հարկի բնույթը մեզանում հավասարեցվել է աշխատավարձի հարկի ընկալմանը: Սակայն, եթե ասում ենք՝ եկամտային հարկ, դա պետք է վերաբերի բոլոր եկամուտներին: Հայտարարագրված բոլոր եկամուտները պետք է ունենան ֆիսկալ հետևանքներ, որն իրականում դա չի ապահովում: Ստացվել է այնպես, որ մեզանում եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմն աննպատակ կամ անարդյունավետ է: Մարդիկ հայտարարագրերում եկամուտներ են լրացնում, ու այդ ինֆորմացիան ֆիսկալ առումով ոչ ոքի կարծես հետաքրքիր չէ», – ասել է տնտեսագետը։

Ի դեպ, Հարկային օրենսգրքի հոկտեմբերի նախագծում առաջարկվում էր հակառակը՝ նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը և պրոգրեսիվ հարկման մեխանիզմի փոխարեն ներդնել միասնական 20% դրույքաչափ։ Հիմնավորումների մեջ նշվում էր, որ եկամտային հարկի ներկայիս դրույքաչափը բարձր է, ինչը հանգեցնում է եկամուտների թերհայտարարագրման, աղքատության ու արտագաղթի աճի։ Ի՞նչը փոխվեց մի քանի ամսվա ընթացքում, որ եկամտային հարկը ոչ միայն չթեթևացավ, այլ հակառակը՝ ծանրացավ։

Պատասխանելով այս հարցին՝ Գ. Գյուլումյանն ասել է. «Մասնագիտական տեսակետից՝ մեկ դրույքաչափի գաղափարը ռեգրեսիվ է, ու, կարելի է ասել՝ ոչ աղքատամետ: 20%-ի գաղափարը մերժվեց մի քանի պատճառով: Առաջինն այն է, որ դա չէր պահպանում ուղղահայաց արդարության սկզբունքը (որ ավելի բարձր եկամուտներ ստացողը դրույքաչափի առումով ավելի բարձր հարկ վճարի), և երկրորդը՝ դա միանգամից բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր ստեղծում»։

Նա նշել է, որ եկամտային հարկի 80-85%-ը ձևավորվում է ստորին շեմին համապատասխանող 120 հազար դրամ և պակաս եկամուտ ստացող հարկատուների միջոցով, ինչը արդար կառուցվածք չէ, որովհետև այս մարդիկ եկամուտների 80%-ին չեն տնօրինում, որ հարկերի 80%-ն իրենք ապահովեն: «Համամասնությունը խախտված է, իսկ դա վերականգնելու ձևերից մեկը հարկային օրենսդրության դիզայնն է, մյուսը՝ վարչարարությունը, որպեսզի ապահովվի համարժեք կիրարկումը»,- ասել է ՀԲ մասնագետը՝ զարմանք հայտնելով, որ ոչ ոք չի խոսում առաջին շեմի դրույքաչափի նվազեցման մասին՝ 24.4%-ից՝ 23%:

Նա նաև ավելացրել է, որ եթե եկամտային հարկի ընդգրկվածության խնդիրը լուծվի՝ եկամտային հարկի մեջ ներառվեն թե այլ եկամուտները, և թե բոլոր հարկատուները, բազան ընդլայնվի, այդ դեպքում կարելի է վերանայել դրույքաչափը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վախեր տարածելը չի բխում ոչ մեկի շահերից»

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին

Հայէկոնոմբանկը շուտով կավարտի «Ապագայի բանկ» նախագիծը. Աստղիկ Մանրիկյան

Հարցազրույց ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ի միջազգային և զարգացման գծով՝ գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանի հետ