Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու է դանդաղում շինարարության աճը

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 06 Սեպտեմբեր 2018

Օգոստոսի 20-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2018 թվականի հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս ցուցանիշներին արդեն անդրադարձել ենք՝ նշելով, որ բոլոր ուղղություններով աճ կա։

Մասնավորապես, այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունն աճել է 4.3%-ով, գյուղատնտեսությունը՝ 4.6%-ով, առևտուրը՝ 8.9%-ով, ծառայությունները՝ 18.7%-ով, շինարարությունը՝ 10.4%-ով։

Հատկապես շինարարության երկնիշ աճը բավականին ուրախալի էր՝ հաշվի առնելով, որ 2009 թվականի ճգնաժամից ի վեր այս ոլորտը չի կարողանում ոտքի կանգնել (բացառությամբ մեկ-երկու տարվա թույլ աճի՝ մնացած տարիներին անկում է գրանցվել)։ Սակայն շինարարության ցուցանիշներում մի մտահոգիչ պահ կար. ճիշտ է՝ հունվար-հուլիս ժամանակահատվածի առումով 10.4% աճ կար, սակայն ըստ ամիսների դիտարկելու դեպքում երևում էր, որ աճը գնալով դանդաղում է (տես գծապատկերը)։

2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, շինարարությունն աճել էր 19.7%-ով, փետրվարին՝ փետրվարի համեմատ, 25.1%-ով։ Ապրիլից սկսած, սակայն, շինարարության հավելաճը սկսեց դանդաղել։ Այդ միտումը խորացավ հատկապես մայիս և հունիս ամիսներին, երբ շինարարության աճը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, կազմեց, համապատասխանաբար, 8.8% և 4.2%։

Իսկ հուլիսի պատկերն ավելի մտահոգիչ է. աճը մոտեցել է զրոյին։ 2018 թվականի հուլիսին հանրապետությունում իրականացվել է 34.9 մլրդ դրամի շինարարություն, ինչն ընդամենը 0.5%-ով է գերազանցում 2017 թվականի հուլիսի ցուցանիշին։

Օգոստոսի վերջին ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց նաև շինարարության ոլորտի մանրամասն բացվածքը, որտեղ երևում են թե՛ իրականացված շինարարության ֆինանսավորման աղբյուրները, թե՛ ոլորտները։ Ըստ աղբյուրների դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ շինարարության աճի դանդաղումը պայմանավորված է հիմնականում կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալների նվազմամբ։ Այսպես, 2018 թվականի հուլիսին կազմակերպությունների կողմից իրականացվել է 13.2 մլրդ դրամի շինարարություն, որն այդ ամսվա ընդհանուր շինարարության 37.8%-ն է (ամենամեծ տեսակարար կշիռը)։ Սակայն 2017 թվականի հուլիսի համեմատ՝ կազմակերպությունների կողմից իրականացված շինարարությունը մոտ 13%-ով անկում է ապրել։ Այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը կրճատվել է 5 անգամ և հուլիսին կազմել ընդամենը 850.3 մլն դրամ։

Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը, հակառակը՝ աճել է 16,9%-ով և կազմել 10,4 մլրդ դրամ։ Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունն աճել է 10%-ով (ծավալը՝ 10.3 մլրդ դրամ), միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունը՝ 6.4%-ով (ծավալը՝ 6.6 մլրդ դրամ)։

Սակայն կազմակերպությունների շինարարության անկումն այնքան զգալի է եղել, որ վերը նշված աղբյուրների հաշվին իրականացված շինարարության աճը բավարար չի եղել ընդհանուր ոլորտի համար նորմալ աճ ապահովել հուլիս ամսին։

Ըստ ոլորտների դիտարկելու դեպքում նույնպես հետաքրքիր եզրահանգումների կարելի է գալ։ Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է շինարարության ծավալները՝ ըստ տնտեսական գործունեության 18 տեսակների։ Այդ 18-ից 10-ի գծով հուլիսին (նախորդ տարվա հուլիսի համեմատ) շինարարության ծավալները նվազել են։ Բացարձակ մեծությամբ՝ շինարարությունն ամենից շատ նվազել է գյուղատնտեսության ոլորտում՝ շուրջ 2.2 մլրդ դրամով (70%-ով)։ 2017 թվականի հուլիսին 3 մլրդ 71.1 մլն դրամի փոխարեն՝ այս տարվա հուլիսին գյուղոլորտում կատարվել է ընդամենը 913 մլն դրամի շինարարություն։

Տրանսպորտի ոլորտում շինարարությունը նվազել է 1.65 մլրդ դրամով (33.5%-ով) և կազմել 3.27 մլրդ դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեության, պետական կառավարման և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում իրականացված շինարարությունը նվազել է 685 մլն դրամով կամ 99%-ով։

Հանքարդյունաբերության ոլորտում իրականացված շինարարությունը նվազել է մոտ 3 անգամ և 1.3 մլրդ դրամից հասել 457 մլն դրամի։ Ավելորդ չի լինի նշել, որ այս ոլորտում շինարարության նվազումը պայմանավորված է հիմնականում Ամուլսարի նախագծի փաստացի դադարեցմամբ։

Տեղեկատվության և կապի ոլորտում իրականացված շինարարությունը նվազել է 472 մլն դրամով (35.2%-ով), ջրամատակարարման և կոյուղու ոլորտում՝ 407 մլն դրամով (54%-ով), ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում իրականացված շինարարությունը՝ 392.5 մլն դրամով (88.7%-ով)։

ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա ոչ թե հունվար-հուլիսի երկնիշ (առայժմ երկնիշ) աճի ցուցանիշ վրա և շրջանառության մեջ դնի այն, այլ պետք է ռեսուրսները կենտրոնացնի դինամիկայի վրա և փորձի հասկանալ՝ ինչու է ըստ ամիսների աճը դանդաղում։ Ոչ միայն հասկանա, այլև քայլեր ձեռնարկի, որովհետև այս միտումը շարունակվելու դեպքում շինարարության ոլորտը կրկին կհայտնվի լճացման մեջ։ Այս տարի ցուցանիշը դրական կլինի՝ պայմանավորված նախորդ ամիսների բարձր աճով, սակայն 2019 թվականին կրկին կգրանցվի անկում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին