Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչու էժանացավ բենզինը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:14 , 24 Հունվար 2017

Հայաստանում բենզինի գինը միշտ հարցեր է առաջացրել։ Այն ժամանակ, երբ բարձրացել է, երբ անփոփոխ է մնացել, և անգամ վերջին շրջանում` երբ նվազել է։ Մեկ տարի առաջ սպառողներին հուզում էր այն հարցը, թե ինչու է Վրաստանում բենզինը շատ ավելի էժան, քան Հայաստանում։

Հիշեցնենք, որ 1 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզինը 2016 թվականի փետրվարի սկզբի դրությամբ արժեր Հայաստանում` 390 դրամ, իսկ Վրաստանում` 116 դրամով էժան` 274 դրամ (1.38 լարի)։ Վրաստանն էլ բենզին ներմուծող երկիր է, և գնային այս տարբերությունը հասկանալի չէր։

Խնդրով սկսեց զբաղվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Ուսումնասիրեց ու «պարզեց», որ բենզինի շուկայում ամեն ինչ նորմալ է, մուտքի խոչընդոտներ չկան, գերշահույթներ չկան, և այլն։ Ավելին, նա հիշեցրեց, որ Հայաստանում բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են` 470-ից հասնելով 390 դրամի։

Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով, և այդ պատճառով` հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի։

Ուրիշ շատ բաներ էլ ասաց պրն Շաբոյանը, սակայն չտվեց գլխավոր հարցի պատասխանը` ինչո՞ւ է Վրաստանում բենզինն էժան։ Փոխարենը` նա փորձեց ապացուցել, որ բենզինը Հայաստանում թանկ չէ։

Հետո կառավարությունը փոխվեց։ Ու զարմանալի զուգադիպությամբ` բենզինը սկսեց դրանից կարճ ժամանակ անց էժանանալ։ Այն նվազեց մի քանի փուլով` ամեն անգամ` 20 դրամով։ Այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժե 330 դրամ` 60 դրամով էժան, քան մի քանի ամիս առաջ։

60 դրամը 390 դրամի 15%-ն է։ Բենզինի գնի 15%-անոց նվազումը մի քանի ամսվա ընթացքում բավականին լուրջ փոփոխություն է։ Վարորդների համար` ուրախալի, սակայն ՏՄՊՊՀ-ի համար` ոչ այնքան։ Որովհետև բենզինի գնի վրա ազդող գործոններից ոչ մեկն այս ամիսների ընթացքում լուրջ փոփոխություն չի ունեցել` հարկերը չեն փոխվել, տրանսպորտային ծախսերը` նույնպես, փոխարժեքը մնացել է նույնը։ Նավթի գները նույնպես չեն էժանացել այս ընթացքում, և, եթե էժանացած էլ լինեին, սա դժվար թե հանգեցներ Հայաստանում վաճառվող բենզինի 15% էժանացման, որովհետև, ինչպես ՏՄՊՊՀ նախագահն է բազմիցս նշել, Հայաստան ներկրվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը փոքր է։

Այս ամենը նշանակում է, որ բենզինի էժանացման հիմքեր չկային։ Իսկ եթե էժանացել է, դա էլ իր հերթին` նշանակում է, որ բենզինի գինը մի քանի ամիս 15%-ով ուռճացված է եղել, և հնարավոր էր այն ժամանակ էլ էժանացնել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ՏՄՊՊՀ-ի այն ժամանակվա եզրակացությունը, մեղմ ասած, իրականությանը չէր համապատասխանում։

Այսինքն, պետք էր նորմալ հիմնավորում գտնել` ինչու է բենզինն էժանացել։ Այդ հիմնավորումը ներկայացվեց անցած տարվա հոկտեմբերի կեսերին։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ շուկայում հայտնվել է նոր ներկրող, որն էլ էժան գնով է վաճառում բենզինը։

«Ուսումնասիրությունները պարզել են, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը։ Շուկայում հայտնվել է նոր ընկերություն` «Մաքս Գրուպը», որն ավելի էժան գնով լուրջ խմբաքանակների ձեռքբերումներ է իրականացրել և արդյունքում ավելի էժան վաճառք կատարել ՀՀ-ում։ Դրա շնորհիվ բենզինի ընդհանուր գները նվազել են»,- ասաց Շաբոյանը` կրկին ընդգծելով, որ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, և ցանկացողը կարող է բենզին ներկրել Հայաստան։

Ավելի ուշ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը նաև ավելացրեց, որ այդ նոր ընկերությունն իր գործունեությունը սկսել է սեպտեմբերից և հասցրել է շուկայի վրա իր դրական ազդեցությունը թողնել, քանի որ այն անհամեմատ ցածր գներով է սկսել ներկրումներ իրականացնել։ Նշվեց նաև, որ ընկերությունն իր ներմուծումներն իրականացնում է Ռուսաստանից և Ռումինիայից։

Իհարկե, հասկանալի չէր, թե նորաստեղծ ընկերությանն ինչպես է հաջողվել այդքան կարճ ժամանակում ավելի էժան ներկրման աղբյուրներ գտնել ու ներմուծել, քան շուկայում վաղուց գործող «Ֆլեշն» ու CPS-ը։ Հասկանալի չէր նաև, թե այդ ընկերությունը ինչո՞ւ մեկ տարի առաջ բենզին չէր ներկրում, չէ՞ որ այն ժամանակ էլ հայտարարվում էր, որ մուտքի խոչընդոտներ չկան։ Սակայն դա չէր խանգարում, որ մի շարք գործիչներ այս օրինակով սկսեին խոսել մրցակցային միջավայրի բարելավման մասին։

Սակայն ամենազարմանալին դա չէր։

«168 Ժամը» վերջերս հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ` բանանի, շաքարավազի և բենզինի ներկրողների թվի փոփոխությունը պարզելու համար։ ՊԵԿ-ի պատասխանի համաձայն` շաքարավազի և բանանի շուկայում ներկրողների թիվը տարվա վերջին ամիսներին ավելացել էր։ Իսկ ահա վառելիքի շուկայում փոփոխություն չկար։ Ըստ ՊԵԿ-ի` 2016 թվականի հոկտեմբերին Հայաստան բենզին և դիզվառելիք շարունակել են ներկրել 2 ընկերություններ` CPS-ը և «Ֆլեշը»։

«Մաքս Գրուպի» անուն նշված չէր։ Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահն այս ընկերության մասին հայտարարել էր հոկտեմբերի 21-ին։

Շատ անհարմար բան է ստացվում։ Պետական մի կառույցը բենզինի գնի էժանացումը պայմանավորում է մի ընկերության ներկրումների հանգամանքով, որը բենզինի ներկրմամբ չի զբաղվում` ըստ մյուս պետական կառույցի։

Այնպես որ, բենզինի գինը նվազել է, սակայն բենզինի թեմայի շուրջ հարցերը` ոչ։

Ավելացնենք միայն, որ հայաստանցի վարորդները բենզինի գնի էժանացման իրենց տարբերակն ունեն։ Շատերն ահազանգում են, որ էժանացումներից հետո սկսել են նույն քանակի բենզինով ավելի քիչ վարել, այսինքն` բենզինի որակն ընկել է։ Իսկ եթե դա ճիշտ է, նշանակում է` Հայաստանում բենզինն իրականում չի էժանացել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]