Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչով է պայմանավորված «Անելիք» բանկի վարկերի թռիչքային աճը

Վերադարձ լուրերի բաժին

19:50 , 27 Հունվար 2017

Օրեր առաջ ՀՀ առևտրային բանկերը հրապարակեցին իրենց միջանկյալ հաշվետվությունները՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի համար։ B4B PRO համակարգի միջոցով բանկերի հիմնական ցուցանիշները վերլուծելիս միանգամից «աչք ծակեց» բանկերից մեկի՝ «Անելիք» բանկի վարկային պորտֆելի թռիչքաձև աճը։

Ըստ բանկի հաշվետվության՝ հաճախորդներին տրված վարկերի ծավալը 2016 թվականի 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ գերազանցել է 217 մլրդ դրամը։ Այն դեպքում, երբ տարվա սկզբին այն 62 մլրդ դրամից էլ քիչ էր։ Վարկային պորտֆելի 3.5 անգամյա աճը այնքան ճչացող էր՝ մյուս բանկերի՝ տոկոսներով չափվող աճի կամ նվազման ֆոնին, որ վարկային ցուցանիշների հրապարակումից հետո շատերը հետաքրքրվում էին՝ արդյո՞ք ցուցանիշը ճիշտ ենք ներկայացրել։

B4B.am-ը գրավոր հարցում ուղարկեց «Անելիք» բանկ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված վարկերի շեշտակի աճը։ Ու չնայած բանկը վարկառուների տվյալները չի տրամադրում, ամեն դեպքում խնդրեցինք հնարավորության դեպքում նշել խոշոր վարկառու ընկերությունների ցանկը կամ գոնե ոլորտը։

«Անելիք» բանկից մեզ եկավ այս պատասխանը. «Բանկի 2016 թվականի հաջողությունները պայմանավորված են կապիտալի համալրմամբ եւ աշխատակազմի արդյունավետ աշխատանքով։ Բանկի հաճախորդների ցանկը ըստ ՀՀ օրենսդրության հանդիսանում է բանկային գաղտնիք։ Կապիտալի համալրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ http://www.anelik.am/news/detail.php»։

Ինչպես տեսնում եք, այս պատասխանից դժվար է հասկանալ՝ ինչի շնորհիվ է նման աճ գրանցվել (կապիտալի համալրումը գործոն չի, քանի որ «Անելիքից» բացի՝ կապիտալը համալրել են նաև մյուս բանկերը)։

Ինչպես տեսնում եք այս գծապատկերում՝ վարկային պորտֆելի աճը գրանցվել է 2016 թվականի 3-րդ և հատկապես 4-րդ եռամսյակներում։ Իսկ մինչ այդ՝ 2015 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2016 թվականի 2-րդ եռամսյակը (6 եռամսյակների ընթացքում) բանկի վարկային պորտֆելը լուրջ փոփոխություններ չի կրել և տատանվել է միջինը 60-61 մլրդ դրամի սահմաններում։

anelik-chart

Աղբյուրը՝ «Անելիք» բանկի միջանկյալ եռամսյակային հաշվետվություններ

Հաշվետվությունների ծանոթագրություններից երևում է, որ աճել է մասնավոր ընկերությունների տրամադրված վարկերի չափը, իսկ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերինը՝ նվազել։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ տեղի է ունեցել բիզնեսի վարկավորում։

Մասնավոր ընկերություններին տրված վարկերի ծավալը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 185.6 մլրդ դրամ՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի 28.6 մլրդ դրամի դիմաց։

Ընդ որում, վարկային պորտֆելի աճին զուգահեռ՝ նվազել է վարկառու ընկերությունների թիվը՝ 505-ից դառնալով 343։

Ու եթե 2015-ի վերջին 1 ընկերությանը բաժին ընկնող վարկային պորտֆելի միջին չափը կազմում էր մոտ 57 մլն դրամ, ապա մեկ տարի անց այդ թիվը 541 մլն դրամ է։

Սա անուղղակիորեն նշանակում է, որ բանկը 2016-ի ընթացքում վարկավորման մեջ նախապատվությունը տվել է խոշոր բիզնեսին, մեծ վարկերին (այս համատեքստում հիշեցնենք, որ «Անելիք» բանկը  2016թ. 4-րդ եռամսյակում խախտել է 1 փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը

anelik-report-01

Աղբյուրը՝ «Անելիք» բանկի 2016թ. 4-րդ եռամսյակի միջանկյալ եռամսյակային հաշվետվություն (ծանոթագրություններ)

Իսկ ո՞ր ոլորտների ընկերություններին է բանկը վարկավորել։ Սովորաբար, բանկերի հաշվետվությունները թույլ են տալիս այդ մասին կարծիք կազմել։ Սակայն «Անելիքի» դեպքում դա հնարավոր չեղավ։

Ինչպես տեսնում եք՝ վարկային պորտֆելի հիմնական աճը արդյունաբերության, շինարարության, առևտրի, սպառողական ու ծառայությունների ոլորտում չի գրանցվել։ Ավելի քան 170 մլրդ դրամանոց աճը գրանցվել է «այլ» ոլորտում, որը բանկը հարկ չհամարեց պարզաբանել։

anelik-report-02

Աղբյուրը՝ «Անելիք» բանկի 2016թ. 4-րդ եռամսյակի միջանկյալ եռամսյակային հաշվետվություն (ծանոթագրություններ)

Այսքանը մեզ հաջողվեց պարզել ինքնուրույն՝ ուսումնասիրելով բանկի՝ հրապարակման ենթակա (ոչ գաղտնի) հաշվետվությունները։

Թեմային այս աստիճանի մանրամասն անդրադառնալու պատճառն այն էր, որ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում միայն մեկ բանկի վարկերի աճը 155 մլրդով (250%-ով) չափազանց լուրջ ցուցանիշ է՝ աննկատ անցնելու համար։

Ամեն դեպքում, պետք է արժանին մատուցել «Անելիք» բանկին, որը կարողացավ տեղ գտնել ՀՀ խոշորագույն վարկատուների առաջին հնգյակում՝ առաջ անցնելով այնպիսի բանկերից, ինչպիսիք են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ինեկոբանկը» և «ՎՏԲ-Հայաստան» բանկը։

Իհարկե, լիարժեք հնարավոր չէ պարզել՝ ինչի հաշվին էր գրանցվել թռիչքը, սակայն կարծում ենք՝ որոշ հարցերի, այնուամենայնիվ, պատասխանեցինք։

Գլխավոր նկարը՝ BusinessNewsDaily

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։