Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչով է զբաղվում գերփոքր և փոքր բիզնեսը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

11:43 , 29 Օգոստոս 2018

Հայաստանում շատ է խոսվել և խոսվում փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին։ Սակայն իրականում խնդիրն այն է, որ հստակ վիճակագրություն չկա ՓՄՁ իրական վիճակի մասին՝ քանի տնտեսվարող սուբյեկտ կա իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն է ապահովում ՓՄՁ-ն, և այլն։ Ավելին, շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ ասել է՝ ՓՄՁ, որ ընկերություններն են համարվում գերփոքր, փոքր կամ միջին։

Թյուր ընկալում կա անգամ ՓՄՁ հասկացության հետ կապված։

Շատերը ՓՄՁ սուբյեկտներին նույնացնում են շրջանառության հարկ վճարողների հետ։ Սակայն «Փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցության մասին» օրենքով սահմանվում են հստակ չափանիշեր.

Գերփոքր ձեռնարկություններ՝ մինչև 10 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 100 մլն դրամից պակաս:

Փոքր ձեռնարկություններ՝ մինչև 50 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 500 մլն դրամից պակաս։

Միջին ձեռնարկություններ՝ մինչև 250 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 1.5 մլրդ դրամից պակաս։

Պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, լիարժեք տվյալներ չի տալիս ՓՄՁ ոլորտի վերաբերյալ։ Այս բացը որոշ չափով լրացնում են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցության գրասենյակի վերլուծությունները։ Այս կազմակերպությունը դեռ 2 ամիս առաջ հրապարակել էր «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017», զեկույցը, որի համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում գործել է 82209 ՓՄՁ կազմակերպություն, որից 76615-ը (կամ ակտիվ հարկատուների 72%-ը) գերփոքր ընկերություններն են, 4570-ը (կամ ակտիվ հարկատուների 4%-ը)՝ փոքր ընկերությունները, 1024-ը (կամ ակտիվ հարկատուների 1%-ը)՝ միջին ձեռնարկությունները։

Նույն զեկույցում նշվում էր, որ 72% գերփոքր հարկատուները 2017 թվականին ապահովել են ՀՆԱ-ի ընդամենը 11%-ը։ 4% փոքր հարկատուներն ապահովել են ՀՆԱ-ի 12%-ը, 1% միջին հարկատուները՝ 12%-ը։ ՀՆԱ-ի մեծ մասը՝ 65%-ը, ապահովվել է 23% այլ (խոշոր) ընկերությունների շնորհիվ։

Մի քանի օր առաջ հրապարակվեց նոր զեկույց՝ արդեն ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից՝ ՀՀ տնտեսության ավելացված արժեքի կառուցվածքի մասին՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների չափերի։ Հրապարակումը պատրաստվել էր Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Վիճակագրական կոմիտեի այս հրապարակումն արտացոլում է 2016 թվականի պատկերը, սակայն բավականին արժեքավոր տեղեկություններ է պարունակում։

Ըստ այդ զեկույցի, 2016 թվականին ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից ստեղծված ավելացված արժեքը կազմել է 2 տրլն 38.5 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 40.2%-ն է։

Այդ թվում, գերփոքր և փոքր ընկերությունները (մինչև 49 աշխատող ունեցող) ստեղծել են 901.1 մլրդ դրամի ավելացված արժեք, միջին չափի (50-ից 249 աշխատող) ընկերությունները՝ 385.2 մլրդ, իսկ խոշոր (250 և ավելի աշխատող) ընկերությունները՝ 752.2 մլրդ դրամի ավելացված արժեք։

sme-001

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, գերփոքր և փոքր բիզնեսն ավելացված արժեք ստեղծում է հիմնականում առևտրի ոլորտում։ Այսպես, 2016 թվականին գերփոքր և փոքր բիզնեսի ստեղծած 901.1 մլրդ դրամ ավելացված արժեքից 346.4 մլրդ դրամը ստեղծվել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում։ Այսինքն՝ գերփոքր և փոքր բիզնեսի ստեղծած ավելացված արժեքի 38.4%-ը բաժին է ընկնում առևտրին և նորոգմանը։

Գերփոքր և փոքր գործարարների շրջանում երկրորդ կարևոր ճյուղը, որքան էլ զարմանալի թվա, մշակող արդյունաբերությունն է։ 2016 թվականին գերփոքրերի և փոքրերի ստեղծած ավելացված արժեքի 15.4%-ը (139.2 մլրդ դրամ) գեներացվել է հենց մշակող արդյունաբերության գծով։

Շինարարությունը կազմում է գերփոքր և փոքր գործարարների ստեղծած ավելացված արժեքի 14.1%-ը, փոխադրումները և պահեստային տնտեսությունը՝ 8.9%-ը։

sme-002

Պատկերը բավականին հետաքրքիր է նաև, երբ դիտարկում ենք, թե որ ոլորտում ով է ավելի մեծ դեր խաղում՝ գերփոքր ու փո՞քր բիզնեսը, միջի՞ն, թե՞ խոշոր։

Խոշորացված 4 ոլորտներից 3-ում գերփոքր և փոքր բիզնեսն առավելություն ունի։ Այդ առավելությունն ընդգծվում է հատկապես մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում։ Այսպես, 2016 թվականին մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 461 մլրդ դրամի ավելացված արժեք, որից 75.1%-ը բաժին է ընկնում գերփոքր և փոքր բիզնեսին, 12.6%-ը՝ միջին, 12.3%-ը՝ խոշոր բիզնեսին։

Շինարարության ոլորտում 2016 թվականին ստեղծված ավելացված արժեքի 50.7%-ը գեներացվել է փոքր և գերփոքր բիզնեսի կողմից (շինոլորտում 2016 թվականին ստեղծվել է 250.3 մլրդ դրամի ավելացված արժեք, որից 126.8 մլրդ դրամը՝ փոքր և գերփոքր ընկերությունների կողմից)։

sme-003

Ծառայությունների ոլորտում նույնպես գերփոքրերն ու փոքրերը գերիշխում են։ Ավելացված արժեքի 51.3%-ը գեներացվել է նրանց կողմից։

Միակ ոլորտը, որտեղ գերփոքրերի և փոքրերի կշիռը փոքր է, արդյունաբերությունն է։ Այստեղ 2016 թվականին ստեղծված ավելացված արժեքի միայն 20.5%-ն է գեներացվել գերփոքր և փոքր ընկերությունների կողմից։ Արդյունաբերության ավելացված արժեքի մեծ մասը՝ 66.8%-ը, գեներացվել է խոշոր ընկերությունների կողմից՝ հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին