Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչո՞ւ են հրաժարական տվել Հայաստանի նախկին կառավարությունները

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 18 Հուլիս 2017

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցը երեկվա լրահոսի թիվ 1 թեման էր։

44 րոպե տևած հարցազրույցի մեծ մասը՝ 38 րոպեն, նվիրված էր ԼՂՀ հակամարտությանը, բանակի և անվտանգության թեմաներին։ Բնականաբար, հանդիպմանը վերաբերող քննարկումները հիմնականում հենց այս հարթության մեջ էին, ինչպես նաև՝ 2018 թվականին ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածությանն էին  վերաբերում։

Սերժ Սարգսյանը, սակայն, խոսեց նաև տնտեսության մասին։ Կարճ՝ ընդամենը 5 րոպե, սակայն բավականին կարևոր մեսիջներ կային այդ 5 րոպեների մեջ։ Հարցերը, բնականաբար, վերաբերում էին ՀՀ կառավարության հիմնական խոստումներին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման, տնտեսական աճի և ներդրումների մասին։

Նախ՝ սկսենք նվազագույն աշխատավարձից։ Կառավարությունը, ինչպես տեղեկացրել ենք, խոստանում է նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ՝ 5 տարվա ընթացքում։ Այն այսօր 55 հազար դրամ է, ըստ այդմ՝ այն պետք է 2022թ. հասնի 69 000 դրամի։

Նախկինում ևս խոստումներ են հնչել, ու դեռ 2013 թվականին կառավարությունը խոստանում էր, որ 2017 թվականին կունենանք 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։ Խոստումը, ինչպես տեսնում ենք, չի կատարվել։ Դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ այսօր տրվող խոստումներին թերահավատությամբ մոտենանք։

Պատասխանելով այս հարցին՝ Ս. Սարգսյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրում բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են։ Սակայն ընդունեց, որ նվազագույն աշխատավարձի մասով (և տնտեսական աճի մասով) չեն կատարվել մինչև վերջ։

«Այն ժամանակ կառավարությունը հաստատել էր, և դա իմ հավանությանն էլ էր արժանացել, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի։ Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32,5 հազար դրամ։ Արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ էր։ Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել։ 0.3 անգամ չենք կատարել մեր ասածը»,- ասաց հանրապետության նախագահը։

Ընդ որում, Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր ձևակերպում օգտագործեց խոստումների մասով՝ «Ասել ենք, որ կառավարությունը նպատակադրում է»։ Այսինքն՝ կառավարությունը ոչ թե խոստացել է կամ հավաստիացրել, որ տվյալ ցուցանիշները կապահովվեն, այլ հայտարարել է, որ իր նպատակն է՝ հասնել այդ ցուցանիշին։ «Նպատակադրում» բառը նոր բառ չէ, և այն օգտագործված է կառավարության ներկա և նախկին ծրագրերում, սակայն այն երբեք չէր օգտագործվել այս համատեքստով։

Սերժ Սարգսյանը, այսպիսով, տնտեսական բլոկի պատասխանատուներին հուշեց այս «կախարդական» բառի մասին՝ խոստումն ու հավաստիացումը մի բան է, նպատակադրումը՝ ուրիշ։ Կարծում ենք՝ այս բառը շուտով լայն տարածում կգտնի մեր պաշտոնյաների բառապաշարում։

Ներդրումների մասով։ Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստացել է առաջիկա 5 տարիներին ներգրավել 3.4 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ, որից 830-840 մլն-ը՝ այս տարվա ընթացքում։ Իրատեսակա՞ն է այս խոստումը։ Տնտեսական բլոկի պատասխանատուներին այս հարցը վերջին ամիսներին շատ անգամ է ուղղվել, և նրանք պատասխանել են, որ կասկած չկա՝ խոստացված չափով ներդրումները կապահովվեն։ Հանրապետության նախագահը, սակայն, այս հարցում ավելի զգուշավոր է գտնվել՝ ընդգծելով, որ կարևորը միտումն է և դրական ընթացքն է, որ մենք այսօր ունենք, իսկ ներդրումների՝ խոստացվածից 10 միլիոնով ավելի կամ պակաս լինելն այդքան լուրջ բան չէ։

«Մենք գործ ունենք մարդկանց հետ, պրոցեսների հետ։ Մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները։ Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակի մասին ունենալ ստույգ տեղեկություններ։ Դրա համար ասում են՝ «կանխատեսումներ»։ Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա։ Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի։ Բայց իմ ասածն ուրիշ է. իմ ասածն այն է, որ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում։ Ես տեսնում եմ հնարավորություններ ներդրումների ավելացման, էակա՛ն չափով ավելացման։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ինձ համար նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»,- ասել է երկրի նախագահը՝ ըստ էության կառավարությանն ապահովագրելով հնարավոր ձախողման պատասխանատվությունից։

Եվ, վերջապես, տնտեսական աճի մասին։ ՀՀ նախագահն ԱԺ առաջին նիստում իր ելույթի ժամանակ ասել էր, որ Հայաստանը պետք է տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ ապահովի՝ զարգացած երկրների հետ տարբերությունը կրճատելու համար։ Այդ դրույթը տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։ 5% տնտեսական աճի իրատեսական լինելու վերաբերյալ երկրի նախագահը նշեց, որ ինքը բարձր նշաձողի կողմնակից է, ոչ թե այն մոտեցման, որ կարելի է խոստանալ համեստ 2% տնտեսական աճ, և 3% աճ ապահովելու դեպքում հպարտանալ։ «Իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, և ոչ՝ մինչ ընտրությունները։ Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում՝ խնդիր եմ դնում գործադիր մարմնին։ Ձեր դիրքերից ելնելով՝ ես ինչպիսի՞ նշաձող պիտի դնեմ։ Ցա՞ծր նշաձող, թե՞ պետք է դնեմ նշաձող, որին պետք է ձգտել, հասնել, տքնել… ես այդպես եմ հարմար գտել։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որպեսզի ես հայտարարեմ, որ 2%-ը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է։ Բայց ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»,- իր այս հարցազրույցում ասաց ՀՀ նախագահը։

Իսկ նախկինում խոստացված ու տեղի չունեցած աճերի մասով Սերժ Սարգսյանը նախ՝ հիշեցրեց, որ 2013 թվականին խոստացվել էր 5-7%, սակայն եղավ 3%։ Եվ արեց մի շատ կարևոր արտահայտություն. «Դրա համար կառավարություններ են նաև փոխվել»։

Այսինքն փաստացիորեն առաջին անգամ երկրի նախագահն անուղղակիորեն հայտարարեց, որ նախկին վարչապետները պաշտոնից հեռացել են տնտեսական աճը ձախողելու պատճառով։ Կամ, եթե կուզեք՝ պատժվել են՝ խոստումը չկատարելու համար։  Այսինքն՝ նախագահն առաջին անգամ ակնարկում է պատասխանատվության մեխանիզմը գործի դնելու փաստացի օրինակների մասին։

Ո՞ւմ էր վերաբերում նախագահի ակնարկը՝ փոխվող կառավարությունների մասով։ Այդ հարցին պատասխանելուց առաջ աչքի անցկացրեք գծապատկերը, որտեղ ներկայացված է 2010-2020 թվականների ընթացքում տնտեսական աճի խոստումները՝ ըստ պետական բյուջեների, և տնտեսական աճի փաստացի ցուցանիշները (2018, 2019 և 2020 թվականների կանխատեսումները վերցված են 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրից)։

2009 թվականի բյուջեով կանխատեսվում էր 9.2% աճ, սակայն արձանագրվեց 14.1% անկում։ Դա համարենք ֆորսմաժորային տարի։ 2010-2012 թվականներին, ինչպես տեսնում եք, տնտեսական աճը կանխատեսվողից բարձր է եղել։ Օրինակ, 2012 թվականին արձանագրվել է 7.2% տնտեսական աճ՝ բյուջեի հիմքում դրված 4.2%-ի փոխարեն։

Սակայն հաջորդ տարի՝ 2013 թվականին, տնտեսական աճը կանխատեսվող 6.2%-ի փոխարեն՝ կազմեց 3.3%։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց 2014 թվականի ապրիլի 3-ին։

gdp1

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, սակայն, չկարողացավ շտկել վիճակը։ 2014 թվականին գրանցվեց 3.6% տնտեսական աճ՝ կանխատեսվող 5.2%-ի փոխարեն։ 2015 թվականին կանխատեսվում էր 4.1%, սակայն իրական աճը 3%-ից չանցավ։ Իսկ 2016 թվականն ամենախայտառակ արդյունքն էր՝ կանխատեսվող համեստ 2.2% աճի փոխարեն՝ գրանցվեց ընդամենը 0.2% աճ։

Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց 2016 թվականի սեպտեմբերի 8-ին։ Տարվա ցուցանիշը դեռ հայտնի չէր, սակայն արդեն ակնհայտ էր, որ աճը ցածր է լինելու։ Իր հրաժեշտի ելույթում նախկին վարչապետն ակնարկեց, որ 2016 թվականին տնտեսության վրա ազդել են ապրիլյան պատերազմը և հուլիսյան դեպքերը (ՊՊԾ գնդի գրավումը)։ Սակայն արդարացումները չընդունվեցին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի արտահայտությունը և վիճակագրությունը համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ են եղել տնտեսական աճի խոստումները չկատարելու համար։ Ամեն դեպքում, երկրի նախագահը հենց այդ մեսիջն է ցանկանում տեղ հասցնել՝ ակնարկելով, որ խոստումները չկատարողները հետագայում ևս երկար չեն պաշտոնավարի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Չի կարելի ֆետիշացնել տնտեսական աճի ցուցանիշը». հետաքրքիր մտքեր՝ Վլադիմիր Մաուից

Մենք առանձնացրել ենք մի քանի ուշագրավ մտքեր տնտեսագետի՝ Forbes-ին տված հարցազրույցից

Հայաստանից Ղրղզստան դեղերի արտահանումը կրկնապատկվել է

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ղրղզստան արտահանվել է 470.1 հազար դոլարի ապրանք։

Մտահոգիչ ցուցանիշների ժամանակը

Օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի մտահոգիչ է դառնում՝ հատկապես նախորդ տարվա ֆոնին