Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է աճել արտահանումը

Վերադարձ լուրերի բաժին

09:31 , 12 Փետրվար 2018

Արդեն հայտնի է, որ 2017 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար։ Աճի ցուցանիշը բարձր է, սակայն կարևոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։ Նախ նշենք, որ արտահանման 25.2%-ը ոչ թե իրական աճ է, այլ անվանական։ Սա շատ կարևոր «մանրուք է»։

Սա ոչ թե նշանակում է, որ վիճակագրությունը մեզ խաբում է, այլ պարզապես հաշվի չի առնում գների աճը։ Կենցաղային օրինակով խոսենք, որ ավելի հասկանալի լինի։ Պողոսը 2016 թվականին աճեցրել էր 100 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 50 դրամով և ստացել 5000 դրամ։ 2017 թվականին Պողոսն աճեցնում է ավելի շատ՝ 120 կգ կարտոֆիլ, կարտոֆիլի գինն էլ բարձրանում է մինչև 60 դրամ, և նա ստանում է 7200 դրամի հասույթ։ Ստացվում է՝ Պողոսի հասույթն աճել է 2200 դրամով կամ 44%-ով։ Սա անվանական աճն է։ Սակայն, եթե Պողոսը կարտոֆիլը վաճառեր նախորդ տարվա գնով՝ 50 դրամով, կստանար ոչ թե՝ 7200 դրամ, այլ՝ 6000 դրամ։ Ու կստացվեր, որ Պողոսի հասույթն աճել է 1000 դրամով կամ 20%-ով։ Սա էլ իրական աճն է։

Մեր արտահանման 25.2%-ը հենց անվանական աճն է՝ արտահանման ծավալների բացարձակ արժեքների տարբերությունը։ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 791.7 մլն դոլարի ապրանք, 2017 թվականին՝ 2 մլրդ 242.9 մլն դոլարի։ Տարբերությունը կազմում է 451.1 մլն դոլար կամ 25.2%։ Այդ աճի մի զգալի մասը պայմանավորված է, օրինակ, պղնձի միջազգային գների աճով։ Արտաքին առևտրի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար տնտեսագետներն անպայման ուշադրության են արժանացնում նաև իրական աճը։

Իսկ իրական աճը ստանալու համար պետք է հաշվի առնել արտահանվող բոլոր ապրանքների գների փոփոխությունները։ Այս պահին բավարար տվյալներ չկան նման հաշվարկ կատարելու համար, սակայն, երբ մաքսային ծառայությունը հրապարակի 2017 թվականի արտաքին առևտրի տվյալները, հնարավոր կլինի հասկանալ՝ այդ 25.2%-ի մեջ որ մասն է պայմանավորված գների գործոնով։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Երբ խոսվում է 25.2%-անոց արտահանման աճի մասին, շատ կարևոր է հասկանալ, թե որ ապրանքախմբերի հաշվին է ապահովվել այդ աճը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք՝ արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացվո՞ւմ է, թե՞ կախվածությունը մի քանի ապրանքատեսակներից է՛լ ավելի է խորացել։

Ազգային վիճակագրական ծառայությունն առայժմ հրապարակել է 20 խոշորացված ապրանքախմբերի վիճակագրությունը՝ արտահանման և ներմուծման մասով։ Ավելի մանրամասն տեղեկատվություն (օրինակ՝ քառանիշ կոդերով ապրանքների համար առանձին-առանձին) դեռ չի հրապարակվել։ Այստեղ էլ կան այլ կարևոր մանրուքներ, որոնց մասին կխոսենք։ Տեսեք, աղյուսակը վերցված է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Այնտեղ երևում է, թե 20 ապրանքախմբերից յուրաքանչյուրի գծով արտահանման ծավալը որքան է կազմել և ինչպես է փոխվել 2016 թվականի համեմատ։ Կան ապրանքներ, որոնց արտահանման ծավալը չի փոխվել. օրինակ՝ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները։ 2016 և 2017 թվականներին Հայաստանից արտահանվել է նույն արժեքով՝ 15.3 մլն դոլարի տրանսպորտային միջոց։ Կան ապրանքախմբեր, որոնց արտահանումը նվազել է (օրինակ՝ թղթի և թղթից իրերի արտահանումը նվազել է 26.8%-ով)։

Եվ, իհարկե, կան ապրանքներ, որոնց արտահանումն աճել է, ընդ որում՝ տպավորիչ չափով։ Պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն աճել է 27.5%-ով, մանածագործական իրերի արտահանումն աճել է 35%-ով և կազմել 130.6 մլն դոլար։ Հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 46.9%-ով, իսկ, օրինակ, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը գրեթե կրկնապատկվել է (87.5% աճ)։

Ո՞ր ապրանքախմբի աճն է Ձեզ ավելի տպավորում։ Առաջին հայացքից, իհարկե, մեքենասարքավորումների 87.5% աճն ավելի կարևոր է թվում, քան սննդամթերքի 27.5%-անոց աճը։ Սակայն իրականում սննդամթերքը 6 անգամ ավելի մեծ «լումա» է ունեցել ընդհանուր արտահանման 25.2%-ի մեջ, քան մեքենասարքավորումները։ Որովհետև սննդամթերքի արտահանումն աճել է շուրջ 115 մլն դոլարով, իսկ մեքենասարքավորումներինը՝ 18.4 մլն դոլարով։ Այսինքն, կարևոր է ոչ միայն աճի տեմպը, այլև տվյալ ապրանքախմբի կշիռը։

Ըստ այդմ՝ մենք ԱՎԾ-ի աղյուսակը մի փոքր «լրամշակել» ենք և ավելացրել վերջին սյունը, որտեղ, հաշվի առնելով կշիռները, ներկայացված է, թե յուրաքանչյուր ապրանքախումբը քանի՞ տոկոսային կետով է նպաստել արտահանման 25.2%-անոց հավելաճին։ Ինչպես տեսնում եք, այդ աճը գրանցվել է հիմնականում հանքահումքային արտադրանքի արտահանման աճի շնորհիվ՝ նշված 25.2-ի մեջ 12.3 տոկոսային կետն ապահովվել է հենց այս ապրանքախմբի հաշվին։ Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը 2017 թվականին գերազանցել է 692 մլն դոլարը։

exp1

Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն է, որի նպաստումն արտահանման հավելաճին 6.4 տոկոսային կետ է։ Նշենք, որ այս խոշորացված խմբի մեջ մտնում է նաև ծխախոտի և խմիչքների արտահանումը։ Ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը արտահանման հավելաճին նպաստել են 3.09 տոկոսային կետով, մանածագործական իրերը՝ 1.89 տոկոսային կետով, տարբեր արդյունաբերական ապրանքները՝ 1.64 տոկոսային կետով, կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքը՝ 1.3 տոկոսային կետով։

Ու եթե պարզ լեզվով ամփոփենք, կստացվի, որ արտահանումն աճել է հիմնականում պղնձի խտանյութի, այլ մետաղների, սննդի, կոնյակի, ծխախոտի և ոչխարների արտահանման հաշվին։ Իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանմանը նպաստումը բացասական նշանով է՝ -2.64 տոկոսային կետ (այս ապրանքախմբի «պատճառով» արտահանման հավելաճի ցուցանիշը 2.64 կետով քիչ է)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հունվարյան տնտեսական ցուցանիշները. Ինչ կհետևի տպավորիչ մեկնարկին

Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: