Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է ակտիվանում տնտեսությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 23 Ապրիլ 2017

Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան սպասվում էր։ Այսպես, 2017թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.6%։

Կամ՝ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 6.6%-ով աճել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի պետբյուջեի հիմքում դրված է 3.2% տնտեսական (ՀՆԱ-ի) աճի ցուցանիշը։ Ճիշտ է, ՏԱՑ-ն ու ՀՆԱ-ի աճը տարբեր ցուցանիշներ են, սակայն դրանց արժեքները շատ չեն տարբերվում։ Առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կհրապարակվի մեկ ամիս հետո, սակայն կարելի է ենթադրել, որ այն կլինի 5.5%-6%-սահմաններում։

6.6% տնտեսական աճի ցուցանիշը բավականին տպավորիչ է՝ հատկապես վերջին տարիների ֆոնին։ Հիշեցնենք, որ, օրինակ, 2016 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել էր 5.6%-ով, իսկ 2015-ին՝ 3%-ով։ Հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության աճի ավելի բարձր ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2014 թվականին՝ 8.7%, որը, սակայն, հաջորդ ամիսներին նվազեց և հունվար-դեկտեմբերին կազմեց 3.5%։

Տնտեսական ակտիվության աճը՝ 2012-2017թթ. առաջին եռամսյակներին

նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, %

Իսկ ներկայիս աճը կայո՞ւն կլինի, թե՞ նույնպես կարող է մինչև տարվա վերջ կտրուկ թուլանալ։ Իհարկե, նման կանխատեսումներ անելը չափազանց դժվար գործ է, քանի որ դա կախված է մեծ թվով գործոններից։ Սակայն լավատեսության նշույլներ կան՝ հաշվի առնելով 2016 թվականի վայրիվերումները։

Այսպես, 2016թվականը, ինչպես հայտնի է, փակեցինք շատ ցածր ցուցանիշով՝ ընդամենը 0.5% տնտեսական ակտիվության աճ՝ 2015-ի համեմատ։ Մինչդեռ տարին բավականին հաջող էինք սկսել. 2016-ի հունվարին տնտեսական ակտիվությունն աճել էր 4.3%-ով, հունվար-փետրվարին՝ 4.9%-ով, հունվար-մարտին՝ 5.6%-ով, հունվար-ապրիլին և հունվար-մայիսին՝ 5.7%-ով (համեմատությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ)։ Հունիսից սկսած աճի տեմպերը սկսեցին թուլանալ, իսկ տարվա վերջին եռամսյակում անգամ անկումային ցուցանիշներ գրանցվեցին (ամիսը՝ նախորդ ամսվա համեմատ)։

Ի՞նչ կապ ունի սա ներկայիս զարգացումների հետ։ Բանն այն է, որ այս տարվա 6.6%-անոց աճը գրանցվել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, երբ ցուցանիշները լավն էին։ Այսինքն՝ համեմատության բազան բավականին բարձր է. վիճակը բարելավվել է՝ բարելավվածի համեմատ։

Եթե հաջողվի տեմպը պահպանել նաև ապրիլ-հունիսին (նախորդ տարվա այդ ժամանակահատվածի ցուցանիշները նույնպես լավն էին), ապա տարվա երկրորդ կեսը ցուցանիշների առումով բավականին բարեհաջող է դասավորվելու։ Ինչպես նշեցինք, 2016 թվականի երկրորդ կեսից տնտեսական ցուցանիշները վատթարացան, և դրանց ֆոնին աճ գրանցելը շատ ավելի հեշտ է լինելու։

Որոշակի լավատեսություն է ներշնչում նաև այն հանգամանքը, որ 2017-ի դրական դինամիկան վերաբերում է ոչ միայն նախորդ տարիներին, այլև այս տարվա առաջին ամիսներին։ 2017-ի հունվարին՝ 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 6.4%-ով, հունվար-փետրվարին աճի տեմպը նվազել էր մինչև 6.2%, իսկ եռամսյակը, ինչպես նշեցինք, փակվում է տնտեսական ակտիվության 6.6%-աճով, ինչը նշանակում է, որ աճի տեմպն արագացել է։

Սակայն, այս ամենով հանդերձ՝ դժվար է ասել, թե ինչ ցուցանիշներ կունենանք տարեվերջին։ Այդ հարցում մեծ դեր են խաղալու կառավարության կողմից խոստացված օտարերկրյա ներդրումները։ Կառավարությունը հայտարարել է, որ միայն այս տարվա ընթացքում 840 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են գալու Հայաստան, եթե դա իրականություն դառնա, ապա տարեվերջին կունենանք 3.2%-ից շատ ավելի բարձր տնտեսական աճ։

Իսկ ինչի՞ հաշվին է տնտեսությունն ակտիվացել այս տարի։

ԱՎԾ տվյալներով՝ տնտեսության ճյուղերից ամենաբարձր աճը գրանցել է արդյունաբերությունը՝ 16.1% (արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալն առաջին եռամսյակում կազմել է 361.2 մլրդ դրամ)։ Այդ թվում՝ հանքարդյունաբերությունն աճել է 8%-ով, իսկ մշակող արդյունաբերությունը՝ 23.3%-ով։ Սակայն արդյունաբերության աճի որակով չափից դուրս ոգևորվել պետք չէ, որովհետև մշակող արդյունաբերության երկնիշ աճն ապահովվել է հանքարդյունաբերության հետ սերտորեն առնչվող հիմնային մետաղների արտադրությամբ։ Հիմնային մետաղների արտադրության ծավալներն աճել են 33.3%-ով և առաջին եռամսյակում կազմել 26.3 մլրդ դրամ։

Տնտեսական ակտիվության աճի հարցում մեծ է նաև ծառայությունների ոլորտի ներդրումը։ Ծառայությունների ծավալն առաջին եռամսյակում կազմել է մոտ 302 մլրդ դրամ, իրական աճը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 10%։

Ներքին առևտրի շրջանառության ծավալները նույնպես երկնիշ՝ 11.3%-անոց աճ են գրանցել։ 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ ներքին շուկայում կատարվել է 489.2 մլրդ դրամի առևտուր։ Սա նույնպես դրական ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա գնաճով պայմանավորված չէ. հակառակը՝ հունվար-մարտ ամիսների կտրվածքով ունենք 0.3% գնանկում։

Սակայն բոլոր ոլորտները չեն, որ աճ են ունեցել։ Շինարարությունը շարունակում է անկումը։ 2017 թվականի հունվար-մարտին հանրապետությունում կատարվել է մոտ 35.8 մլրդ դրամի շինարարություն, ինչը 13.7%-ով ցածր է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։ Մարտ ամսվա մանրամասն տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն հունվար-փետրվարի մանրամասն զեկույցից երևում էր, որ նվազել է պետական բյուջեի և միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարությունը (բնակչությունն ու կազմակերպությունները, հակառակը՝ ավելացրել են շինարարության ծավալները)։

Շինարարությանը բացասական առումով միացել է նաև գյուղատնտեսության ոլորտը։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 1.5%-ով և կազմել 69.5 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար