Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի՞ մասին է «լռում» տնտեսագիտությունը, երբ խոսք է գնում ծխախոտային արտադրանքի գների բարձրացման մասին

Վերադարձ լուրերի բաժին

Այս օրերին, երբ Հայաստանում բուռն քննարկումներ են գնում ծխելու դեմ պայքարի միջոցների վերաբերյալ, առողջապահության ոլորտի մասնագետները մի փաստարկ են ներկայացնում, ըստ որի ծխախոտային արտադրանքի (այսուհետ` ծխախոտի) գնի 45% բարձրացման արդյունքում Հայաստանում 88 հազարով կկրճատի վաղաժամ մահերի թիվը ծխելը թողածների և չսկսածների շրջանում։ Չխորանալով տվյալ հետազոտության մեթոդաբանության մեջ, անշուշտ, պետք է ընդունել, որ թիվը տպավորիչ է։ Բայց արդյո՞ք այդ տեղեկատվությունը բավարար է լիարժեք ապացուցահեն քաղաքականություն վարելու համար, կարծում եմ՝ ո՛չ, ավելին` կան հարցեր, որոնց պատասխանները պետք է քաղաքականություն մշակողներն առնվազն ունենան (այլ հարց է հաշվի կառնեն, թե ոչ)։

Ինչպե՞ս է ազդելու ծխախոտի գնի 45%-անոց բարձրացումը ծխողների վարքագծի վրա

Ծխախոտի գնի այդպիսի կտրուկ բարձրացմանը դեմ հանդես եկողների մի մասը նշում է, որ ինչքան էլ պետությունը ծխախոտային արտադրանքի գինը բարձրացնի, միևնույն է, ծխող մարդը շարունակելու է նույն չափ ծխել ․․․Մեղմ ասած, սա մոլորություն է, իրականում ծխողների միայն մի մասն է այդպես արձագանքելու, մնացածը կամ շարունակելու են ծխելը, բայց ավելի քիչ, կամ դադարեցնելու են ծխախոտի օգտագործումը։ Առհասարակ, այլ հավասար պայմաններում, գնի 45% բարձրացման պարագում, միջինում ստացվելու է այնպես, որ «ծխող մարդը» ավելի քիչ է ծխելու, մասնագիտական լեզվով ասած, ծխախոտի պահանջարկը նվազելու է։

Ծխախոտի գնի 45% բարձրացումը միջինում ինչպե՞ս է ազդելու «ծխող մարդու» ծախսերի վրա

Տնտեսագիտության մեջ գնի և պահանջարկի միջև փոխկապակցվածությունը արտահայտվում է պահանջարկի գնային էլաստիկության միջոցով (ներողություն եմ խնդրում մասնագիտական սլենգի համար, երևույթն ավելի խոր հասկանալու համար կարող եք դիտել ասենք այս տեսանյութը), որը ցույց է տալիս, թե գնի 1% փոփոխության դեպքում, քանի տոկոսով կփոխվի ապրանքի պահանջարկը բնեղեն արտահայտությամբ՝ այսինքն քանակով (կավելանա, կպակասի կամ, միգուցե, կմնա նույնը)։

Ինչքա՞ն է ծխախոտի պահանջարկի գնային էլաստիկությունը Հայաստանում։ Ցավալի է, բայց այս հարցի պատասխանը ո՛չ կառավարությունը, ո՛չ միջազգային կառույցները չունեն։ Մենք ինտուիտիվ գիտենք, որ ծխախոտը Հայաստանում ոչ առաձգական ապրանք է, այսինքն գնի 1% բարձրացումը հանգեցնելու է պահանջարկի նվազման 0-ից մինչև 1% (-1,0) չափով, բայց կոնկրետ ինչքան է՝ չգիտենք։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի հայտնի հետազոտության մեջ հիմք է ընդունվել -0.54 ցուցանիշը։ Իրականում հայտնի է, որ ծխախոտի պահանջարկի ֆունկցիան ոչ գծային է, և պահանջարկի կորի տարբեր հատվածներում գնային զգայունությունը տարբեր է: Նմանատիպ այլ հետազոտությունները ցույց են տալիս (տե՛ս նույն տեղում), որ զարգացող երկրներում ծխախոտի պահանջարկի գնային էլաստիկությունը տատանվում է –0.4-ից –0.8 միջակայքում։

Դիտարկենք, երեք օրինակ՝
1. Դիցուք, Վարդանը, որն ամուսնացած է, ունի երկու երեխա, քաղծառայող է, ինչպես միջին վիճակագրական վարձու աշխատողը Հայաստանում, ստանում է միջինում 172,727 դրամ աշխատավարձ (մաքուր՝ 126,545 դրամ), կնոջ աշխատավարձի հետ միասին ընտանիքի միջին ամսական եկամուտը կազմում է 250,000 դրամ։ Վարդանը օրական ծխում է 1 տուփ սիգարետ։

2. Դիցուք, Վահանը, որն ամուսնացած չէ, ապրում է ծնողների հետ, աշխատում է որպես ծրագրավորող, միջին ամսական մաքուր աշխատավարձը 500,000 դրամ է (ընտանիքը այլ եկամուտներ չունի)։ Վահանը օրական ծխում է 1.5 տուփ սիգարետ։

3. Դիցուք, Վահագնը, որն ամուսնացած է, ունի երկու երեխա, ավտոլվացման երկու կետ ունի քաղաքում, միջինում ամսական ստանում է 1 մլն դրամ մաքուր եկամուտ (ընտանիքը այլ եկամուտներ չունի)։ Վահագնն օրական ծխում է 2 տուփ սիգարետ։

Ընդունենք, որ բոլոր երեքն էլ ծխում են նույն 500 դրամանոց սիգարետը, որի գինը 45% բարձրանալուց հետո դառնում է 725 դրամ։ Դիտարկենք պահանջարկի գնային էլաստիկության 5 սցենար։ Բոլորի դեպքում էլ ծխախոտի պահանջարկը նվազելու է, այսինքն՝ նրանք սկսելու են քիչ ծխել, ինչը ենթադրաբար դրական է անդրադառնալու նրանց առողջության վրա, միաժամանակ, այլ հավասար պայմաններում, նրանք ստիպված են լինելու ավելի շատ գումար ծախսել ծխախոտ ձեռքբերելու վրա։ Օրինակ՝ կախված անհատական պահանջարկի էլաստիկությունից՝ Վարդանը ծախսելու է տարեկան 14.7-45.9 հազ․ դրամ ավելի, Վահանը՝ 20.9-68.7 հազ․ դրամ, Վահագնը՝ 28.7-91.8 հազ․ դրամ։

Article_1

Ինչպե՞ս են վարվելու վարդանները, վահանները և վահագնները

Շատերը միգուցե ասեն՝ Վարդանին, Վահանին և Վահագնին տեղն է, թող ավելի ծախսեն, եթե նույնիսկ գնի 45% բարձրացման դեպքում շարունակելու են ծխել։ Էմոցիոնալ դաշտում դժվար է վիճել այդ մարդկանց հետ, բայց տնտեսագիտությունն ասում է, որ այս դեպքում երեք տարբերակ կա՝

1. Կրճատել այլ ծախսերը, այլ հավասար պայմաններում, ծխող անձինք, հնարավոր է, կրճատեն իրենց այլ ծախսերը, օրինակ՝ ընդմիջմանը ավելի պակաս սնվեն, քիչ միրգ գնեն, նոր հագուստ գնելու փոխարեն հնով յոլա գնան, և այլն, շարքը կարող ենք անվերջ շարունակել։ Թե ինչպիսի՞ ազդեցություն կունենան նրանց սպառողական որոշումները իրենց առողջության վրա, դժվար է ասել․․․

2. Կրճատել խնայողությունները, այլ հավասար պայմաններում, ծխախոտի վրա ավելի շատ գումար ծախսելու համար, ծխող մարդիկ ստիպված են լինելու կրճատել իրենց խնայողություննեը։ Թե այսպիսի վարքագիծը ինչպիսի մակրոտնտեսական հետևանքներ կարող է առաջացնել, ևս պետք է պատշաճ ուսումնասիրվի։

3. Անցում կատարել էժան փոխարինիչներին (դարձյալ տնտեսագիտական լեզվով ասած՝ սկսում է աշխատել փոխարինման էֆեկտը), սահմանափակ եկամուտների պայմաններում, ծխող անձանց մի մասը ստիպված է լինելու անցնել ավելի ցածր գնային սեգմենտի սիգարետի կամ նախապատվություն տալ էժան փոխարինիչներին, օրինակ՝ թութունին (махорка)։ Այս տարբերակի տնտեսական և առողջապահական էֆեկտները ևս պետք է հավելյալ գնահատվեն։

Ի՞նչ կցուցանե «առակը»

Այս տնտեսագիտական ակնարկն այն մասին չէ, թե պետք չէ ծխախոտի գինը բարձրացնել, ոչ էլ, առավել ևս, այն մասին է, թե պետք չէ պայքարել ծխելու դեմ, և մենք էլ չենք հավակնում վերջնական եզրահանգումներ տալու։ Փոխարենը ցանկանում ենք առողջապահության և էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել հարցերի վրա, որոնք թերևս հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 19-06-19

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 26504.00 կետ: