Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից. 3 նույնանման կարծիք

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 23 Հունվար 2016

«Հավասարակշռելով դրական ու բացասական միտումները՝ մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ճիշտ էր և մեզ հնարավորություն տվեց 2015թ.-ի ընթացքում խուսափելու անցանկալի քաղաքական և տնտեսական վայրիվերումներից, որում հայտնվել են շատ ու շատ երկրներ: Մենք կարծում ենք, որ 2016թ.-ը լի է զանազան մարտահրավերներով ու դժվարություններով, որոնց դիմակայելու համար ուղղակի օրհասական անհրաժեշտություն է Եվրասիական տնտեսական միության պայմանագրից բխող համագործակցության զարգացումը անդամ երկրների միջև»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկան «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամները՝ հանդիպման հենց սկզբում ընդգծելով՝ իրենք հայամետ են և բոլոր հարթակներում առաջին հերթին պաշտպանում են Հայաստանի շահերը:

Ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանն իր խոսքում նշեց՝ Եվրասիական փորձագիտական ակումբը միավորում է Հայաստանի և Ռուսաստանի 27 տնտեսագետների, սոցիոլոգների, իրավաբանների, միջազգայնագետների, քաղաքագետների, լրագրողների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր 2015թ.-ի ընթացքում կատարել են բազմաթիվ քաղաքական և տնտեսական հետազոտություններ՝ ուսումնասիրելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին քայլերը և սկզբնական գործընթացը: Արդյունքում եկել են եզրակացության, որ տարին Հայաստանի համար եղել է բարենպաստ:

Մասնավորապես.

1. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով 2015թ. Հայաստանը ստացել է 150 մլն դոլար ներդրումային վարկ` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագծի համար:

2. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով Հայաստանին հատկացվել է 40 մլն դոլար ներդրումային վարկ` ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի համար:

3. Տնտեսական կայունության աջակցմանն ուղղված բարեփոխումների եռամյա ծրագրի իրականացման համար Հայաստանին հատկացվել է 300 մլն դոլար ֆինանսական վարկ՝ 20 տարի մարման ժամկետով և 10-ամյա արտոնյալ փուլով:

4. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հնգամյա ծրագրի շրջանակում «Ճանապարհային քարտեզի» իրականացման նպատակով 2015թ.-ից սկսած՝ 3 տարվա ընթացքում Հայաստանը կստանա ավելի քան 50 մլն դոլար ծավալով անհատույց ֆինանսավորում:

5. Մեծամորի ատոմակայանի գործարկման ժամկետը երկարաձգելու ծրագրի համար 2015թ.-ի համաձայնագրով Հայաստանը ստացել է 270 մլն դոլար պետական վարկ և 30 մլն դոլար անհատույց աջակցություն:

6. 2015թ. հունիսին կնքված համաձայնագրով Հայաստանը ստացել է 200 մլն դոլար պետական վարկ ռուսաստանյան ռազմատեխնիկական արտադրանք ձեռք բերելու համար:

Տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն էլ նկատեց, որ Հայաստանը պարտավոր է բոլոր ուղղություններով իր հնարավորություններն օգտագործել: Իր խոսքում նա անդրադարձավ ՀՀ տնտեսական մարտահրավերներին՝ առանձնացնելով հետևյալ կետերը.

1. Քանի որ հայկական դրամն էապես «ծանրացել» է ոչ միայն ռուսական ռուբլու նկատմամբ, այլև տարածաշրջանի ազգային արժույթների և եվրոյի նկատմամբ, ապա մեր ապրանքի՝ արտասահմանյան արժույթով թանկացման պատճառով արտահանումը կրճատվել է դեպի Ռուսաստան 28%-ով, ինչը դոլարային արտահայտությամբ է, այլ ոչ թե ֆիզիկական ծավալներով: Հետևաբար՝ տարադրամի հոսքը դեպի Հայաստան արտահանումից կրճատվել է:

2. Ռուսական և հայկական արժույթների փոխարժեքի էական փոփոխության պատճառով զգալորեն նվազել են նաև տրանսֆերտները (մասնավոր դրամական փոխանցումները)՝ մոտ 30%-ով:

3. Էապես իջել են գունավոր մետաղների գները միջազգային շուկայում: Պղնձի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 23%, այսինքն՝ 5660 դոլարից մինչև 4360 դոլար: Գունավոր մետաղների խտանյութի արտահանումը կազմում է մոտ 30%:

Չնայած սրան՝ Թավադյանը կարծում է, որ նշված մարտահրավերները շատ ավելի շոշափելի կլինեին, եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ. «Գազի գնի համար կվճարեինք 30%  մաքսատուրք, որը կբերեր մոտ 130 մլն դոլարի կորստի: ՀՀ աշխատուժի որոշակի սահմանափակումներն ավելի կնվազեցնեին տրանսֆերտները, քանզի ԵԱՏՄ-ն ընդունում է առաջին հերթին աշխատուժ միության տարածքից: Այստեղ լրացուցիչ կորուստը կարող էր կազմել մոտ 500 մլն դոլար, կաճեր նաև գործազրկությունը Հայաստանում: Տեղի կունենար արտահանման է՛լ ավելի կրճատում մաքսատուրքերի և լրացուցիչ սանիտարական նորմերի սահմանման պատճառով: Հաշվի առնենք նաև, որ Հայաստանը ստանում է ռազմավարական ապրանքներ արտոնյալ գներով ու վարկեր ինչպես Եվրասիական զարգացման բանկից, այնպես էլ Ռուսաստանից: Պետք է նշել, որ 1.13% սահմանված մաքսատուրքերի չափը, որը փոխանցվում է ՀՀ պետբյուջե, գերազանցում է մեր հավաքագրման ցուցանիշը»,- ընդգծեց նա:

Լրացնելով գործընկերների խոսքը՝ տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը որքան էլ դեռ կայացման փուլում է և որքան էլ դեռ խոցելի տեղեր ունի, այնուամենայնիվ, որպես տարածաշրջանային միություն, որպես ռեգիոնալիզացիայի օրինակ հետխորհրդային տարածքում՝ չունի այլընտրանք. «Այլընտրանք չունի նաև Հայաստանի մասնակցությունն այս միությանը, որովհետև անկախության 25 տարիների ընթացքում մեզ մշտապես փորձել են մեկուսացնել, հեռու պահել հատկապես Հարավային Կովկասում ցանկացած տարածաշրջանային ծրագրերից, և քաղաքական ու տնտեսական առումով կլիներ ինքնասպանություն, եթե մենք հրաժարվեինք նման միությանն անդամակցությունից»,- համոզված է Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար բացվում են բազմաթիվ հնարավորություններ տնտեսության աշխուժացման համար: Հետևաբար՝ անհրաժեշտ է ձևավորել ազգային օրակարգ՝ հստակ առաջնահերթություններով. «Հայաստանը կարող է կարևոր գործընկեր դառնալ հատկապես Ռուսաստանի համար՝ Թուրքիայի հետ տնտեսական սահմանափակումների համատեքստում: Մենք իրատեսական ենք համարում գյուղմթերքի արտահանման քառապատկումը Ռուսաստան բարենպաստ կլիմայական պայմանների և պետության կողմից կազմակերպչական բնույթի աջակցության դեպքում: Նույնը կարելի է ակնկալել Ռուսաստանի շինարարական ինդուստրիայում հայկական ընկերությունների կողմից ծավալուն պատվերների ձեռքբերման ասպարեզում: ԵԱՏՄ բոլոր երկրներում մեծ պահանջարկ կա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, էներգետիկայի, հատկապես դրա այլընտրանքային ճյուղերի զարգացման, ինչպես նաև արժութային կայունացման արդյունավետ գործիքների կիրառման, որտեղ Հայաստանի հետ գործընկերությունը կարող է խիստ պահանջված լինել: Հայաստանը պետք է փորձի ԵԱՏՄ երկրներից էժան գներով հումք և էներգակիրներ ներմուծել, զարգացնել տեղական վերամշակող արդյունաբերությունը և դրանք արտահանել ոչ միայն ԵԱՏՄ, այլև հեռավոր երկրներ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր:

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը…

Սերժ Սարգսյանը հաստատել է Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ Սոչիում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։