Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփի «պողպատաալյումինային» մարտահրավերը և մենք, կամ` “в чужом пиру похмелье”

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 12 Մարտ 2018

Մարտի 8-ին, հինգշաբթի օրը առավոտյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրամանագիր ստորագրեց ներկրվող պողպատի և ալյումինի համար, համապատասխանաբար, հավելյալ 25% և 10% ադվալորային[1] մաքսային դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի հրամանագրի ստորագրումից 15 օր հետո և կտարածվի բոլոր երկրների վրա՝ բացառությամբ Կանադայի և  Մեքսիկայի։

Ի՞նչ ազդեցություն կունենա

Այսպիսի պրոտեկցիոնիստական որոշման պաշտոնական պարզաբանման[2] մեջ նշվում է, որ այն հիմնված է  Առևտրի քարտուղարության հաշվետվության վրա, ըստ որի՝ առաջարկվում էր սահմանել հավելյալ 24% մաքսային դրույքաչափ պողպատի և 7.7% ալյումինի համար՝ նպատակ ունենալով պողպատի և ալյումինի գլոբալ ավելցուկային առաջարկի պայմաններում սահմանափակել ներկրումը, փոխարենը ընդլայնել տեղական արտադրությունը և նպաստել ազգային անվտանգության ամրապնդմանը։

Մասնավորապես, նշվում է, որ այսպիսի քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի պողպատի և ալյումինի տեղական արտադրական կարողությունները շահագործումը հասցնել մինչև 80%, այնինչ այս պահին պողպատի արտադրական կարողությունները ծանրաբեռնված են 73%-ով, իսկ ալյումինինը՝ 48%-ով։ Առհասարակ, 2017թ-ին ԱՄՆ-ն արտադրել է 741 հազ․տոննա ալյումին (միայն որպես մետաղ), այնինչ ներքին պահանջարկը 5.5 անգամ ավելի շատ է։

Իհարկե, այսպիսի որոշումը, նախևառաջ, ուղղված է պողպատի և ալյումինի խոշոր համաշխարհային արտահանողների դեմ՝ Չինաստան, ՌԴ, ԵՄ և սպառնում է հրահրել նոր համաշխարհային առևտրային պատերազմ, սակայն իր բացասական հետևանքներն է թողնում նաև այլ երկրների վրա, այդ թվում Հայաստանի, որը ալյումինի նրբաթիթեղ է արտահանում ԱՄՆ։

Ինչպիսի՞ն են հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները

Հայաստանից ԱՄՆ արտահանման ավելի քան 50%-ը կամ մոտ 20 մլն դոլար FOB գնով (2016թ․), կազմում է HS 7607 11 ենթադիրքը, այն է՝ մինչև 0.2 մմ հաստությամբ գլանված, սակայն առանց հետագա մշակման ալյումինե նրբաթիթեղը, որը արտադրում և արտահանում է «Ռուսալ Արմենալ»  ՓԲԸ-ն։

Առհասարակ, 2016թ․-ին այս ենթադիրքով ԱՄՆ է ներկրվել շուրջ 600 մլն դոլար ապրանք (CIF գնով), որի մոտ 3.5%-ը բաժին է ընկել Հայաստանին: Ավելին, Հայաստանը այս ենթադիրքի ներկրման գծով հանդիսանում է ԱՄՆ-ի 4-րդ առևտրային գործընկերը՝ զիջելով միայն Չինաստանին, Գերմանիային և ՌԴ-ին։ Լինելով ամերիկյան GSP-ի շահառու երկիր՝ մինչ այժմ հայաստանյան արտահանողների համար այս ապրանքային ենթադիրքի գծով գործում էր 0% մաքսատուրքի դրույքաչափ, որի արդյունքում «Ռուսալ Արմենալի» խնայողությունը միայն 2016թ-ին գերազանցել է 1մլն ԱՄՆ դոլարը։

“В чужом пиру похмелье”

Տվյալ հրամանագրից բխում է, որ հայաստանյան արտահանողների համար մարտի 23-ից սկսած՝ գործելու է 10% մաքսատուրքի դրույքաչափ (0%+10%), ինչն ուղղակիորեն և անուղղակիորեն բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։

Եթե խոսքը գնում է ուղղակի ազդեցության մասին, ապա պետք է նշել, որ այս ենթադիրքի գծով Կանադան և Մեքսիկան լուրջ արտահանում չեն իրականացնում, ըստ էությանխ եթե շահելու լինեն, կշահեն ամերիկյան տեղական արտադրողները, որոնք, ստանալով գնային առավելություն, կարող են ընդլայնել իրենց շուկայական մասնաբաժինը՝ կրճատելով նաև «Ռուսալ Արմենալ»-ի վաճառքը ամերիկյան շուկայում, իսկ անուղղակի ազդեցությունը կդրսևորվի այլ շուկաներում մրցակցության սրացմամբ և դրանից բխող հետևանքներով։

Առհասարակ պետք է ասել, որ ամերիկյան շուկան մեծ կարևորություն ունի «Ռուսալ Արմենալի» համար, մասնավորապես Հայաստանից 7607 11 ենթադիրքի գծով արտահանման վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանից արտահանվել է 29 հազ․ տոննա ապրանք ընդհանուր 78.7 մլն դոլար արժեքով (2016թ․), որից ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 26%՝ զիջելով միայն Գերմանիային։

777

2017թ-ին «Ռուսալ Արմենալը» խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.363 մլրդ դրամ հարկ և ապահովելով 686 աշխատատեղ (առ 31.12.2017թ․)։ Հետևաբար, եթե անհրաժեշտություն առաջանա արտադրությունը կրճատել պետբյուջեի հարկային մուտքերը այս ընկերության մասով կկրճատվեն և հնարավոր է նաև աշխատանքից ազատումներ լինեն։

«Կրակից շագանակ հանելու» ևս մի հնարավորություն

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն, որ 2000թ-ից ի վեր գտնվում է ոլորտի համաշխարհային հսկաներից Ռուսալի կազմում, ալյումինե փայլաթիթեղի միակ գործարանն է Կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Ընկերությունը արտադրում է 0.07-0.2մմ հաստությամբ և 20-1500մմ լայնությամբ ալյումինե փայլաթիթեղ, ինչպես նաև ալյումինե գլանվածք և ունի 40 հազ․ տոննա տարեկան արտադրողականություն։ Ընդ որում՝ 2017թ-ին արտադրել է 33,181 տոննա փայլաթիթեղ և 543 տոննա գլանվածք, այսինքն աշխատել է մոտ 84% ծանրաբեռնվածությամբ։

Ինչպես արդեն նշեցինք հայաստանյան արտահանողների համար մարտի 23-ից սկսած գործելու է 10% մաքսատուրքի դրույքաչափ, այնինչ GSP-ի շահառու չհանդիսացող երկրների արտահանողների համար (ինչպիսին Ռուսաստանն է) լինելու է 13%, 15.3% կամ 15.8%՝ կախված կոնկրետ ապրանքից, հետևաբար եթե հումքի մատակարարման և պատրաստի արտադրանքի առաքման հավելյալ տրանսպորտային ծախսերը չգերազանցեն ապրանքի արժեքի 10%-ը՝ նպատակահարմար կլինի ՌԴ-ից հումքը առաքել Հայաստան, վերամշակել և արտահանել ԱՄՆ։ Բայց այստեղ էլ աճի հնարավորությունն է խիստ սահմանափակ՝ 6000տ, իսկ կարճաժամկետում արտադրական հնարավորությունների ընդլայնումն իրատեսական չի։

Ինչպիսի՞ սցենարներ են հնարավոր

Նախևառաջ, պետք է հարցը դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում և համաշխարհային շուկայի ենթատեքստում, ոչ միայն ամերիկյան։ Կարճաժամկետում, ամերիկյան շուկայի վերաձևումը էական արդյունքներ չի տա, և նույնիսկ տեղական սպառողները որոշակիորեն կտուժեն, քանի որ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել ներկրվող ալյումինե արտադրանքի համար։ Երկարաժամկետում, եթե այսպիսի դրույքաչափերը պահպանվեն, ամերիկյան շուկան էականորեն կփոխվի և իրենց դիրքերը կամրապնդեն հյուսիսամերիկյան արտադրողները։

Կարճաժամկետում, Հայաստանի պարագայում, հնարավոր է «շագանակների» մեխանիզմի շնորհիվ տեղական արտադրությունը որոշակի զարգանա, թեև քիչ հավանական ենք համարում, քանի որ տրանսպորտային ծախսերը շատ են։ Երկարաժամկետում, երբ ամերիկյան շուկայում իրենց մասնաբաժինը կորցնեն գերմանական, չինական, ռուսական արտադրողները, մրցակցությունը կսրվի նաև այլ շուկաներում, այդ թվում եվրոպական, ինչը բացասական ազդեցություն կունենա «Ռուսալ Արմենալի» գործունեության վրա։

Առհասարակ, չի բացառվում նաև, որ Չինաստանը որոշակի զիջումների դիմաց համաձայնության կգա Թրամփի վարչակազմի հետ և կխուսափի մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումներից, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են։ Դա, իհարկե, ամենաանցանկալի սցենարն է մեր համար, քանի որ Հայաստանի համար ավելի բարձր դրույքաչափեր կգործեն (10%), քան Չինաստանի (3%, 5.3%, 5.8%),իսկ Չինաստանը 7601 11 ենթադիրքի գծով ապահովում է ԱՄՆ ներկրման 70%-ը (2016թ)։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հրամանագիրը թույլ է տալիս, բացառություններ անել որոշ օտարերկրյա արտահանողների համար, եթե ամերիկյան սպառողները համապատասխան հայտով դիմեն իշխանության մարմիններին՝ հիմնավորելով, որ ներմուծման փոխարինում հնարավոր չի իրականացնել, կամ դա էականորեն կազդի իրենց ապրանքի ինքնարժեքի վրա, սակայն սա արդեն Ռուսալի և իր ամերիկյան գործընկերների հարցն է։ Իսկ հուսալ, որ Հայաստանը պետության մակարդակով կնախաձեռնի բանակցություններ այս հարցի շուրջ և հաջողության կհասնի, իրատեսական չի, ցավոք։

[1]  ad valerom tariff, այսինքն մաքսային արժեքի նկատմամբ հաշվարկվող

[2] Պողպատի համար տես՝ https://goo.gl/chvWZ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների