Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու օգուտն ու վնասը. 168 Ժամ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

14:15 , 01 Մայիս 2016

168 Ժամը անդրադարձել է  ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանի առաջարկությանն ու դրա հետևանքներին։

«Արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա…»։ Մի քանի օր առաջ հնչած այս առաջարկի հեղինակը ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն էր, ով իր կոչը հիմնավորում էր Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով։
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ։

Թերթ ամփոփ ներկայացրել է հայ-թուրքական առևտրային հարաբերությունների վիճակը և հնարավոր օգուտներն ու վնասները՝ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու հետևանքով։

Օգուտը
Տնտեսական առումով օգուտ՝ որպես այդպիսին, չկա։ Տվյալ դեպքում մեր օգուտը Թուրքիային հասցված ֆինանսական վնասն է։ Այսինքն՝ զրկել նրանց այն գումարից, որը թուրքերը ստանում են Հայաստանում սպառվող ապրանքների դիմաց։ Ի՞նչ հետևանք սա կունենա Թուրքիայի համար։ Որպեսզի պատկերը պարզ լինի՝ 2 թիվ նշենք։
2015 թվականին Թուրքիայի ընդհանուր արտահանման ծավալը կազմել է մոտ 144 մլրդ դոլար։ Թուրքական ապրանքներ 2015 թվականին ՀՀ ներմուծվել են 137 մլն դոլարի չափով (ըստ ապրանքի ծագման երկրի)։ Սա նշանակում է, որ Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է ընդամենը 0,09%։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսությունն այդ հարվածը չի էլ զգա։

Մյուս պոտենցիալ օգուտը, որի մասին երբեմն խոսվում է, հետևյալն է՝ թուրքական ապրանքները կարող են փոխարինվել հայկականով։ Այսինքն, դա կխթանի տեղական արտադրությունը։ Որքանո՞վ է դա իրատեսական։ Կրկին մի քանի թիվ նշենք։
2015-ին ներմուծվել է ավելի քան 570 անուն ապրանք։ Ընդ որում, չկա այնպիսի ապրանք, որի տեսակարար կշիռը 5%-ից ավելի լինի։ Այսինքն Թուրքիայից Հայաստան (և ոչ միայն՝ Հայաստան) ներմուծումը խիստ դիվերսիֆիկացված է։ Աղյուսակում ներկայացված են Թուրքիայից ՀՀ ներմուծված այն ապրանքները, որոնց ծավալը 2015 թվականին մեծ է եղել 1 մլն դոլարից։ Ուսումնասիրեք այն և ինքներդ դատեք՝ դրանցից քանի՞սը կարող ենք փոխարինել հայկականով։

Turkey-axyusak

Ցավալի իրողությունն այն է, որ դրանք ոչ թե փոխարինելու ենք հայկականով (գոնե տեսանելի ապագայում), այլ ռուսականով կամ մեկ այլ երկրի արտադրանքով։
Որակի հետ կապված՝ թուրքական ապրանքները գին/որակ հարաբերակցությամբ հիմնականում միջին կատեգորիայի մեջ են տեղավորվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Թուրքիան սննդի միջոցով մեզ թունավորում է, ապա դա դավադրությունների տեսությունից է։ Թուրքական արտադրողն ի՞նչ գիտի, թե իր արտահանած խմբաքանակի որ մասն է գնալու հայկական շուկա։ Չէ՞ որ ապրանքների մի մեծ մասի դեպքում առևտուրը միջնորդավորված է. մենք թուրքական ապրանքի մի զգալի մասը գնում ենք ոչ թե՝ անմիջապես Թուրքիայից, այլ՝ հարևան երկրներից։

Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2015 թվականին ներմուծվել է թուրքական ծագման 137 միլիոն դոլարի ապրանք, սակայն առևտուր անողի տեսանկյունից՝ անմիջապես Թուրքիայից ներմուծվել է 91.1 մլն դոլարի ապրանք։ Սա նշանակում է, որ շուրջ 46 միլիոն դոլարի թուրքական ապրանքներ (այդ թվում՝ սննդամթերք), վերավաճառվել են մեզ այլ երկրների կողմից։

Մի խոսքով, այս ամենը ծանրութեթև անելով՝ կարող եք ինքներդ գնահատել, թե տնտեսապես ինչ ենք շահում։ Մեր կարծիքով՝ ոչինչ։ Միայն խիղճներս հանգիստ կլինի։

Վնասները

Իսկ ի՞նչ ենք կորցնում։ Բնականաբար, թուրքական ներմուծումը սահմանափակելու դեպքում պետք է սպասել նմանատիպ պատասխանի. թուրքերը նույնպես կարգելեն հայկական ապրանքի ներմուծումը։ Սակայն այս առումով մեր վնասը մեծ չի լինի. առանց այն էլ արտահանում ենք չնչին քանակություն (1.5 մլն դոլարի չափ)։ Սա կարելի է զոհել։

Սակայն վնասները միայն դրանով չեն սահմանափակվում։ Նախ, հայաստանյան մի քանի հազար ընտանիքներ այսօր օրվա հացը վաստակում են Թուրքիայի հետ առևտրի միջոցով։ Թե ինչու է այդպես, այլ հարց է։ Փաստն այն է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն այս մարդկանց միանգամից զրկում է ապրուստի միջոցներից։
Բացի այդ, կան շատ ապրանքատեսակներ, որոնք հիմնականում ներմուծվում են Թուրքիայից (զուգարանի թղթից՝ մինչև ցիտրուսային մրգեր)։ Արգելքի դեպքում շուկայում կնկատվի դեֆիցիտ և կլինի գների կտրուկ աճ։

Սրան ավելացնենք նաև շինանյութերն ու հայկական արդյունաբերության մեջ օգտագործվող թուրքական հումքը։

Փաստարկը, թե թուրքական ապրանքն արագ կփոխարինվի հայկականով, թույլ է։ Որովհետև շուկան թելադրում է իրենը, ու եթե, ասենք, բամբակի մանվածքը կամ տրիկոտաժի պաստառը հնարավոր լիներ նույն գնով ու նույն որակով արտադրել Հայաստանում (կամ ներմուծել այլ երկրներից), ապա այսօր այդ ապրանքների 80%-ը Թուրքիայից չէր ներմուծվի։ Սա նշանակում է մեկ բան՝ թուրքական ապրանքների տեղը դատարկ չի մնա, սակայն գինն ավելի բարձր կլինի։

Ու այս ամենը քաջ գիտակցում է նաև ՀՀ կառավարությունը։ Դրա համար էլ Արծվիկ Մինասյանը պատասխանել էր, որ գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի։

Ամփոփելով՝ թերթը եզրակացնում է՝  մեր գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ Թուրքիայից ապրանք ենք ներմուծում, այլ այն, որ Հայաստանում չենք կարողացել մինչ օրս առողջ, արտահանմանն ուղղված արդյունաբերություն զարգացնել՝ հույսներս դնելով միայն հանքարդյունաբերության ու կոնյակի վրա։

Ամբողջական հրապարակումը՝ սըզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։