Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թե ինչպես ԱՊՀ վիճակագրական կոմիտեն շփոթեցրեց Հրանտ Բագրատյանին

Վերադարձ լուրերի բաժին

11:23 , 06 Մարտ 2018

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս էջում անդրադարձել էր 7.5% տնտեսական աճի ցուցանիշին և 2017 թվականին իրականացված 856 մլն դոլարի ներդրումային ծրագրերին։

Մասնավորապես, ներդրումների մասով՝ Հրանտ Բագրատյանը գրել էր.

«Կառավարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց 850 մլն դոլար ներդրումների մասին։ Տարեվերջին հրապարակվեց փաստացի կատարողականը՝ 856.5 մլն դոլար (http://www.gov.am/u_fi…/file/documents/INVESTMENTS_28_02.pdf) կամ 415.9 մլրդ դրամ՝ իբրև ներդրումներ հիմնական կապիտալի վրա։

Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։ Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ (http://www.cisstat.ru/)»։

Այսինքն՝ հաշվի առնելով սպառողական, արդյունաբերական և շինարարական գների աճը՝ 2016 թվականի 410.6 մլրդ դրամը ավելի մեծ է, քան 2017 թվականի 415.9 մլրդ դրամը։ Սա, իհարկե, տրամաբանական է։

Սակայն պարզվում է՝ հաշվարկի հիմքը սխալ է։

Նախ, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները բազմիցս հայտարարել են, խոսքը ոչ թե ներդրումների, այլ ներդրումային ծրագրերի մասին է։ Այսինքն՝ 856.5 մլն դոլարի ներդրումային ծրագրերը ստանդարտ ցուցանիշ չեն, նախկինում չեն հրապարակվել, և այդ թիվը ստացվել է մոնիթորինգի արդյունքում։

Հիմա, ըստ Բագրատյանի, ստացվում էր, որ իրականում դա պարբերաբար հրապարակվող ցուցանիշ է և հրապարակվում է մասնավորապես ԱՊՀ միջազգային վիճակագրական ծառայության կայքում։ 410.6 մլրդ և 415.9 մլրդ դրամ ցուցանիշները Հրանտ Բագրատյանը վերցրել է այս աղյուսակից։

Ինչպես տեսնում եք՝ այս աղյուսակում ներկայացված են հիմնական կապիտալում կատարված ներդրումները՝ ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին։

CIS-stat

415.9 մլրդ դրամն էլ մոտավորապես 860 մլն դոլար է, փոխարժեքը մի թեթև  «շտկելու» դեպքում էլ կդառնա 856 կամ 857 մլն դոլար։ Այսինքն՝ այնքան, որքան հայտարարվել է ներդրումային ծրագրերի մասով։

Համաձայնեք, որ առաջին տպավորությամբ հենց այդպես էլ կա։

Սակայն։

2017 թվականի ներդրումների ցուցանիշները՝ ոչ օտարերկրյա, ոչ հիմնական միջոցների (կուտակման) մասով, դեռ չեն հրապարակվել։  Որտեղի՞ց է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն վերցրել այս թիվը։

Մենք փորձեցինք այս աղյուսակի նախորդ տարիների ցուցանիշները գտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան զեկույցներում, սակայն չգտանք։ Հիմնական միջոցներում կատարված ներդրումները Ազգային հաշիվներում արտացոլվում են ոչ ֆինանսական կազմակերպությունների համախառն կուտակում բաժնում, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում այս աղյուսակի թվերին։

Այդ դեպքում ի՞նչ թվեր են արտացոլված ԱՊՀ այս բազայում։ Այս հարցի պատասխանը ոչ ոք հստակ չէր կարող տալ, եթե 415.9 մլրդ դրամ թիվը մեկ այլ տեղից ծանոթ չլիներ։ 2017 թվականին 415.9 մլրդ դրամ եղել է շինարարության ծավալը։ 

Որոշեցինք նաև ստուգել նախորդ տարիների շինարարության ճշգրտված ցուցանիշները։ Ահա դրանք։

Համեմատեք այս թվերը վերևի աղյուսակի հետ։

shinarar

Այսինքն, ԱՊՀ վիճակագրական կոմիտեն որպես հիմնական կապիտալի վրա կատարված ներդրումներ ներկայացրել է ընդամենը ՀՀ շինարարության ծավալները՝ ընթացիկ գներով։ Բնականաբար, այս թիվը չի կարող արտացոլել ամբողջ ներդրումները, քանի որ այնտեղ ներառված չէ սարքավորումների ձեռքբերումը և այլ տարրեր։

Թե ինչու է ԱՊՀ-ն այս կերպ ներկայացրել ցուցանիշները, դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ Հրանտ Բագրատյանը ներդրումների մասին համեմատականը անցկացրել է շինարարության թվերի հիման վրա, ոչ իր մեղքով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ