Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ընդամենը պետք է դեմքով շրջվել արդյունք ստեղծող հայ գործարարին, մնացածը մեր հայ գործարարները կանեն». Հակոբ Ավագյան

Վերադարձ լուրերի բաժին

13:00 , 08 Փետրվար 2017

Եվրամիության EU4Business ծրագրի ներքո դեռևս անցած տարի Հայաստան այցելեցին փորձագետներ և բիզնեսի ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս տարվա հունվարին արդեն հայաստանյան փորձագետները այցելեցին Ուկրաինա և Բելառուս։ Ծրագրի հայաստանյան մասնակիցների թվում էր նաև ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ 

Վերջինս նշեց, որ ծրագրի հիմնական նպատակներից մեկն է՝ ուժեղացնել Պետություն-Մասնավոր հատված երկխոսությունը, զարգացնել այդ շրջանակում հմտությունները։ Ըստ Հակոբ Ավագյանի՝ ԵՄ նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են փորձի փոխանակման առումով, ժամանակ առ ժամանակ հարևան, զարգացող երկրների ներսից տեսնել թե նրանք ինչ ուղղությամբ են գնում, մենք ինչ:

– Պրն Ավագյան, ճիշտ է, ծրագրի շրջանակը շատ ավելի լայն էր, սակայն որպես հենց ՓՄՁ խնդիրներով զբաղվող կազմակերպության նախագահ՝ կասե՞ք՝ ինչ վիճակում է այսօր այդ ոլորտը գործընկեր երկրներում, ինչ տպավորություններ ստացաք և ինչ հետևություններ արեցիք՝ Հայաստանի հետ համեմատության մեջ։

– Ասեմ, որ թե Բելառուսի, թե Ուկրաինայի հետ համեմատած` այսօրվա մեր սկսնակ բիզնեսի, Փոքր բիզնեսի համար գործող հարկային օրենսդրությունը շատ ավելի լավն է ու բարենպաստ (չհաշված շուտով Հարկային օրենսգրքով ուժի մեջ մտնող որոշ վատթարացնող դրույթներ): Մեր երկրում գործող այլընտրանքային հարկային ռեժիմները, սկսնակների համար նախատեսված հարկային զրոյական արտոնություները շատ ավելի բարենպաստ են սկսնակի համար: Առաջատար ենք նաև էլեկտրոնային համակարգերով:

Բայց, օրինակ, չենք կարող առանձնանալ պետական աջակցության ծրագրերով, ֆինանսական հասանելի գործիքներով, որոնք ավելի մատչելի են այնտեղ: Սա լուրջ ու ակնհայտ խնդիր է: Եթե համեմատում ենք այդ երկրների աշխարհագրական դիրքն ու հզոր հնարավորությունները, ապա դրա հակառակ պատկերը, որն ունի մեր երկիրը, հենց այդտեղ էլ պետք է ուժեղացնել աջակցությունը՝ արտահանման լոգիսիտիկ խնդիրները, տեղական արտադրողին աջակցությունը պետական գնումներով, ֆինանսական մատչելի գործիքներով: Իսկ մնացածը մեր հայ գործարարները կանեն, ընդամենը պետք է դեմքով շրջվել արդյունք ստեղծող հայ գործարարին:

Մենք այնտեղ էլ հանդիպեցինք հայաստանյան ՓՄՁ ներկայացուցիչների: Մերոնք, ինչպես, միշտ աչքի են ընկնում իրենց ճկուն, ստեղծարար մտքով, աշխատասիրությամբ և արագ կարողանում են օտար շուկաներում իրենց կշռված խոսքն ասել: Ես չեմ խոսում պարզ առևտրականների մասին, այլ նկատի ունեմ այնպիսի բիզնեսների, որտեղ միտք է դրված, աշխատասիրություն ու ջիղ: Ինչու չէ, գովաբանություն չլինի, բայց հենց Ձեր կայքն էլ այսօր նոր խոսք է ասում իր ոլորտում, հիանալի գործիքակազմ առաջարկում թե՛ բիզնես հատվածին, թե՛ պետական. կարծում եմ Դուք նույնպես հավակնում եք գլոբալիստական բիզնես ծրագիր կոչվելու: Այստեղ հաջողելու դեպքում Դուք էլ կարող եք հաջող ինտեգրվել իմ նշած երկրներ:

Ես հպարտանում եմ մեր հայ ՓՄՁ-ներով, թե մեր երկրում, թե արտերկրում միտք վաճառող, արդյունք ստեղծող գործարարներով: Եթե մենք կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ լինեն հավասար մրցակցային պայմաններ, վերացնենք կոռուպցիոն գործող մեխանիզմները, ապա շատ կարճ ժամանակում մեր ՓՄՁ-ները իրենց մտքով և աշխատասիրությամբ մեջքները կուղղեն: Ընդամենը պետք է չխանգարել, հավասար խաղի կանոններ սահմանել և պետական աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որտեղ ինքը բիզնեսը միայնակ չի կարող հաղթահարել:

– ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրում։ Որքան գիտեմ՝ Ուկրաինայում այն արդեն ներդվել է։ Ինչպե՞ս է աշխատում այդ համակարգն այնտեղ։

– Բիզնես Օմբուդսմենի գրասենյակի մասին, եթե հիշում եք, մենք արդեն խոսում ենք 4 տարուց ավելի: Այս գրասենյակը նույնպես կարևոր օղակ է Պետություն-Մասնավոր հատված երկխոսության անընդհատությունն ապահովելու համար: Այո, Ուկրաինան այս հարցում մեզանից առաջ է ընկել, իհարկե ԵՄ աջակցությամբ:

Այս ծրագրի շրջանակներում, մենք հանդիպում ունեցանք այնտեղի գրասենյակի հետ, քննարկեցինք մի շարք հարցեր, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ թերություններ ունի իրենց մոտ ներդրված Բիզնես Օմբուդսմենի գրասենյակի մոդելը: Անկեղծ եթե ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով, այն,  որ ՎԶԵԲ-ը և մյուս դոնոր կազմակերպությունները տարեկան մոտ 1.5 մլն ԵՎՐՈ են ծախսում այդ գրասենյակի պահպանման ծախսերի համար, և ինչ արդյունք են ստանում, այդքան էլ համաչափ չէ: Տարեկան 580-600 գործ քննելն այդքան էլ արդյունավետ չէ: Կարծում եմ՝ այդ մոդելում շատ հարցեր կան, որոնք մեր երկրում ներդնելիս պետք է հստակ հաշվի առնվեն:

Վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի և ՎԶԵԲ գործարարարության աջակցման գրասենյակի հետ մշակած Բիզնես Օմբուդսմենի գրասենյակի մոդելի օրենսդրական փաթեթը շատ ավելի լավն էր, քան Ուկրաինայինը: Վերջապես այս կառավարության ծրագրում այդ գրասենյակի ներդրման մասին հստակ գրվեց, ճիշտ է քիչ այլ անունով՝ Հաշտարար, բայց հուսով եմ, որ այն ավելի խելամիտ և մեր երկրի խնդիրներին համահունչ մոդելով կներդրվի: Որպեսզի նպատակը չլինի միայն այդ գրասենյակն ունենալը:

– Պետություն-Մասնավոր հատված երկխոսության առումո՞վ ինչ համեմատականներ կարող ենք տանել։

– Համեմատության մեջ կարող եմ ասել, որ մենք փոքր-ինչ ավելի կայացած ենք և, ինչպես տեսնում եք, ունենք ավելի շատ գրանցված հաջողություններ: Քիչ առաջ իմ նշած հարկային օրենսդրական բարեփոխումները սկսնակ և գերփոքր բիզնեսի համար հենց բիզնես շահերը ներկայացնող կառույցների և կառավարության հետ ստացված երկխոսության արդյունքն է: Նկատի ունեմ շրջանառության հարկի ռեժիմը, Ընտանեկան ձեռնարկատիրության հարկազատումը, ՏՏ ոլորտի սկսնակների հարկազտումը, քրեական օրենսգրքի 205 հոդվածը (փոքր ինչ ապաքրեականացումը), և այլ օրինակներ, որոնք, եթե նայենք վերջին 4, արդեն 5 տարվա հետևողական աշխատանքի արդյունք են եղել:

Մեր օրենսդրությունը շատ ավելի ազատական է, ուրիշ հարց է, որ իրավակիրառ հարցերում չենք կարողանում հստակություն ապահովել: Բայց շատ ավելի վատ է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով, օրենսդրական պարտադրանքներով ավելի շատացնում ենք բյուրոկրատիան, հեռանում ենք մեր նախկինում որդեգրած Եվրոպական մոդելներից: Այստեղ էլ ունենք ընդհանրական խնդիրներ, մյուս երկրների ՓՄՁ ների հետ:

Հիմա փորձում ենք այդ երկրների ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների հետ միասին ստեղծել հակակշիռ՝ «ԵԱՏՄ բիզնես շահերի պաշտպանության կոալիցիա»: Պետություն-Մասնավոր հատված երկխոսությունը պետք է լինի անընդհատ, դա անհրաժեշտ է թե կառավարությանը, թե բիզնեսին: Դատապարտված է այն կառավարությունը, որը գալիս է այն տրամադրությամբ, թե ինքն ամեն ինչ գիտի և մերժում մինչ իրեն ձևավորված երկխոսությունն ու անցած ճանապարհը՝ լավ թե վատ: Այսօր էլ առկա են մի շարք հայեցակարգեր, առաջարկություններ, որոնք ճանապարհ ու բազմաթիվ քննարկումներ են ացել, կառավարություններ են փոխել ու ավելի ու ավելի հղկվել:

Մենք այսօրվա կառավարության սեղանին էլ ենք դրել թե «Աշխարհը շուռ տալու» ծրագիր հավակնելու հայեցակարգեր, գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագիր, Ազգային Բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագիր և այլն, որոնք անցել են թե միջազգային էքսպերտների գրաքննություն, թե բիզնես շահերը ներկայացնող կառուցների բազմաթիվ քննարկումներ: Դրանք դեն նետել ու սկսել նորից, կարծում եմ,  ժամանակի անտեղի կորուստ է լինելու, որի իրավունքը չունենք:

Կառուցողական երկխոսությունը երկկողմանի է կառուցվում: Իսկ մեր ՓՄՁ-ները իրենց բոլոր դրական հատկանիշներով միասին, օր առաջ ինչքան ավելի շատ ինտեգրվեն իրենց իսկ շահերի համար ծառայող հասարակական կառույցներ, պալատներ, միություններ ուժեղացնեն դրանք, այնքան ավելի ստացված երկխոսություն կունենանք, ավելի շուտ դրական արդյունքներ կգրանցենք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը