Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զգուշավոր բյուջե-2019-ը

Վերադարձ լուրերի բաժին

09:41 , 01 Հոկտեմբեր 2018

Եվ այսպես, վերջապես հրապարակվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին տնտեսագետները, տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու ընդհանրապես՝ տնտեսությամբ հետաքրքրվող մարդիկ բավականին անհամբեր էին սպասում։

Պետբյուջե 2019-ը կառավարության հավանությանն է արժանացել սեպտեմբերի 27-ի նիստում, սակայն նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևողները չեն տեսել դա, քանի որ հարցը ներառված էր նիստի գաղտնի մասում։ Սակայն E-gov.am կայքում տեղադրված են բյուջեի նախագիծը, ուղերձը և հավելվածները, որտեղից կարելի է մանրամասն ինֆորմացիա ստանալ։

Ինչո՞ւ են տնտեսությամբ հետաքրքրվողներն անհամբերությամբ սպասում պետբյուջեի նախագծին։ Որովհետև անկախ հնչող հայտարարություններից և ելույթներից՝ պետբյուջեն հստակ, թվային տեսքով ցույց է տալիս, թե իրականում ինչպե՞ս է գնահատում կառավարությունը մեր տնտեսության հնարավորությունները և որ ոլորտներին է ավելի մեծ ուշադրություն դարձնում։ Սկսենք բյուջեի եկամուտներից և ծախսերից։

Այսպես, ըստ պետական բյուջեի՝ 2019թ. պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրլն 614 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրլն 462.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 151.6 մլրդ դրամ։ Դեֆիցիտի մեծ մասը՝ 98.56 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին պարտքի, 53 մլրդ դրամը՝ ներքին պարտքի հաշվին։ Եկամուտների մեծ մասը՝ 1 տրլն 396.9 մլրդ դրամը, ապահովվելու է հարկային մուտքերի հաշվին։

Շա՞տ է աճել բյուջեն, թե՞ քիչ։

Եթե համեմատենք 2018 թ. հաստատված ցուցանիշների հետ, ապա այո՝ լուրջ աճ կա։ Մասնավորապես, եկամուտներն աճել են 154 մլրդ դրամով (մոտ 12%-ով), իսկ ծախսերը՝ 148.8 մլրդ դրամով (10%-ով)։ Սակայն միանգամից ասենք՝ ոչ մի դեպքում սա չի կարելի ներկայացնել՝ որպես աննախադեպ աճ կամ թավշյա հեղափոխության, նոր կառավարության գործունեության, ստվերի կրճատման արդյունք։

Հիմա պարզաբանենք, թե ինչո՞ւ։

Դեռ նախորդ կառավարությունը մշակել էր 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ), որտեղ հստակ կանխատեսումներ կային առաջիկա 3 տարիների բյուջեի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՄԺԾԾ-ն վերջնականապես հաստատվեց այս տարվա հուլիսին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից։ Դեռ հուլիսին, անդրադառնալով միջնաժամկետ ծախսերի ծրագրին, մենք ենթադրել էինք, որ 2019թ. բյուջեն շատ չի շեղվի նախապես սահմանված ուղենիշերից։ Փաստորեն, չէինք սխալվել։

Աղյուսակում ներկայացված են պետական բյուջեի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը՝ ըստ Բյուջե-2019-ի նախագծի և ըստ ՄԺԾԾ-ի։ Ինչպես տեսնում եք, շեղումը շատ քիչ է։

Մասնավորապես, 2019թ. պետբյուջեի եկամուտներն ընդամենը 8.4 մլրդ դրամով (0.6%-ով) են գերազանցում միջնաժամկետ ծախսերի ծրագրի կանխատեսումը։ Ընդ որում, եկամուտների թվում հարկերի չափն ավելի քիչ շեղում ունի՝ ընդամենը 4.5 մլրդ դրամ (շեղումը ՄԺԾԾ-ից՝ 0.3%)։ Պետբյուջե 2019-ի ծախսային մասը ՄԺԾԾ-ի ցուցանիշից ավելի է 9,6 մլրդ դրամով կամ 0.6%-ով։

budget-MJCC

Ի՞նչ է սա նշանակում, եթե արտահայտվենք ավելի պարզ և հասկանալի լեզվով։ Սա նշանակում է, որ ներկայիս կառավարությունը խոստանում է 2019թ. հավաքել 0.3%-ով ավելի շատ հարկ, քան 2019թ. համար կանխատեսում էր նախորդ կառավարությունը, և ծախսել 0.6%-ով ավելի շատ գումար, քան նախատեսում էր նախորդը։

Այսինքն, 2019թ. բյուջեն պաթոսից զուրկ է և ամենևին չի արտացոլում այն սպասումները, որ ստվերի դեմ պայքարի արդյունքում հարկման բազան կտրուկ մեծանալու է՝ բերելով բյուջեի եկամուտների կտրուկ աճի։ Կամ եթե կուզեք՝ Բյուջե-2019-ը հեղափոխական չէ։ Ավելին ասենք, մակրոտնտեսական մյուս ցուցանիշների առումով ներկա կառավարությունն ավելի զգուշավոր է, քան նախկինը։ Օրինակ, ներկա կառավարությունը 2019թ. համար կանխատեսում է 4.9% տնտեսական աճ, ինչը արտացոլված է 2019թ. պետբյուջեի նախագծում։ Մինչդեռ նախորդ կառավարությունը 2019թ. համար կանխատեսում էր 5.3% աճ, ինչն արտացոլված էր ՄԺԾԾ-ում։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ հաջորդ տարի հարկերը բյուջեով նախատեսված չափը չեն գերազանցի, կամ տնտեսությունը 5%-ից արագ չի աճի։ Ամենևին ոչ՝ չի բացառվում, որ բյուջեն գերակատարվի, տնտեսական աճն էլ լինի 7, 8 կամ 10 տոկոս։ Բայց պետբյուջեի գլխավոր «հեղինակը»՝ Ֆինանսների նախարարությունը, սովորաբար շատ զգուշավոր է և խոստանում է այն, ինչը լիովին իրատեսական է գնահատում։ Սակայն, չնայած այս զգուշավորությանը՝ կառավարությունը նշում է, որ իրականությունը լավ իմաստով կգերազանցեն Բյուջե-2019-ի թվերը։

Մասնավորապես, բյուջետային ուղերձում նշվում է, որ հեղափոխության դրական էֆեկտը կապիտալացնելու համար կառավարությունը տնտեսական զարգացման քաղաքականություն է մշակելու՝ բոլոր շահագրգիռ և կարող ուժերի ներգրավմամբ և ժամանակակից աշխարհում կուտակված հսկայածավալ գիտելիքն ու փորձը օգտագործելով։ Բացի այդ, Կառավարությունը նախատեսում է լայն հանրային քննարկումների ճանապարհով ախտորոշել պետության հանրային միջոցների բաշխմանը կոչված հարկային համակարգը, ինչպես նաև՝ բյուջետային ծախսերի միջոցառումները, և նախաձեռնել դրանից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

«Սակայն մինչ այդ պետք է նկատի ունենալ, որ հնարավոր չէ հասարակական կյանքի ընթացքը կանգնեցնել, նոր ծրագրերի քննարկում նախաձեռնել և դրանց ընդունումից հետո միայն շարունակել այդ ընթացքը: Պետության արդեն իսկ ստանձնած պարտավորությունների կատարումը և նոր ծրագրերով տնտեսական զարգացման ապահովումը պետք է դիտարկվեն՝ որպես միմյանց լրացնող գործընթացներ:

Հաշվի առնելով, որ պետական մարմիններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու ծախսերի արդյունավետության մանրազնին ուսումնասիրմանը և ոլորտային առաջնահերթությունների վերանայմանը՝ հիմնվելով տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների ախտորոշման արդյունքների վրա, ինչն անպայմանորեն իր արտացոլումն է ստանալու՝ ինչպես 2019 թ. պետբյուջեի կատարման ընթացքում, այնպես էլ՝ առաջիկա տարիների պետական բյուջեների նախագծերում»,- նշված է 2019 թ. պետբյուջեի ուղերձում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: