Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբոսաշրջությունն ու հյուրանոցային ոլորտի վիճակը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 06 Հուլիս 2018

2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստան է այցելել շուրջ 1.5 մլն զբոսաշրջիկ՝ 2016 թվականի 1.26 միլիոնի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին Հայաստան էին ժամանել 924 965 զբոսաշրջիկներ, իսկ 2014-2016 թվականին միջազգային զբոսաշրջիկների հոսքի միջին թիվը 1.2 մլն էր։

Tourism1-1

Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր հասույթը, ըստ ԱՎԾ տվյալների, համահունչ է զբոսաշրջային այցելությունների թվի դինամիկային։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2014 թվականին ոլորտի հասույթը զգալի աճ է ունեցել՝ հասնելով 22.8 մլրդ դրամի։ Հաջորդ երկու տարիներին հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր հասույթը մեծ փոփոխություններ չի ունեցել։ Իսկ 2017 թվականին կազմել է 28 մլրդ 724.1 մլն դրամ, ինչը 2016 թվականի ցուցանիշից բարձր է 5 մլրդ 466.2 մլն դրամով կամ 23.8%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ աճել է նաև հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվը 174.7 հազարից հասնելով 264.7 հազարի (թեպետ զբոսաշրջիկների մեծ մասը դեռևս շարունակում են նախընտրել բարեկամների/հարազատների տները կամ վարձով տրվող բնակարանները)։

Tourism-Hotels

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը նույնպես աճել է։ Այսպես, եթե 2015 թվականին Հայաստանում գործում էր հյուրանոցային տնտեսության 474 օբյեկտ, 2016-ին այդ թիվը կազմել է 549, իսկ 2017-ին՝ 556։

Իհարկե, այս աճը միայն միջազգային (ներգնա) զբոսաշրջության աճով չի պայմանավորված։ Նշված ժամանակահատվածում աճել է նաև ներքին (տեղացիների կողմից) զբոսաշրջությունը։

Նշենք նաև, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների և ոլորտի շահույթի մեծ մասը կենտրոնացած է Երևանում։ Այսպես, 556 հյուրանոցներից 320-ը մայրաքաղաքում են (2016 թվականին՝ 302-ը), իսկ ոլորտում գեներացված 28.4 մլրդ դրամ հասույթից 22.8 մլրդ դրամը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Երևանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթը 18.6 մլրդ դրամ էր։

Այս տարի զբոսաշրջության աճի տեմպերը նույնպես տպավորիչ են։ Տարվա առաջին եռամսյակում Հայաստան են ժամանել 346 458 զբոսաշրջիկներ՝ 2017 թվականի առաջին եռամսյակի 298 533-ի դիմաց։ Նախորդ տարվա համեմատ՝ միջազգային զբոսաշրջությունն աճել է 116.1%-ով։ Երկրորդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն դատելով օդային ուղևորափոխադրումների վիճակագրությունից՝ աճի տեմպը կպահպանվի և, հնարավոր է՝ արագանա։

Ընդ որում, մի շարք փորձագետների կարծիքով՝ այս տարի զբոսաշրջիկների ներհոսքը կարող է սպասվածից շատ ավելի մեծ աճ ունենալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ թավշյա հեղափոխության շնորհիվ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը և Հայաստանի մասին իրազեկվածությունը կտրուկ բարձրացել է։

Սակայն, ինչ խոսք, այդ պնդումների իրավացիությունը կերևա միայն պաշտոնական տվյալների հրապարակումից հետ։

Ներքին զբոսաշրջությունը տարվա առաջին եռամսյակում նույնպես աճել է 22%-ով. 2017 թվականի առաջին եռամսյակում 91 707 ներքին զբոսաշրջիկների փոխարեն՝ այս տարի ունեցել ենք 111 888 ներքին զբոսաշրջիկներ։ Այսինքն, դատելով այս ամենից՝ հյուրանոցային ոլորտի հասույթն այս տարի կշարունակի աճել։

Սակայն կա մի «բայց». փորձագիտական որոշ գնահատականների համաձայն՝ հյուրանոցային ոլորտի պաշտոնական վիճակագրությունը զգալիորեն շեղված է իրականությունից՝ ստվերի և վիճակագրական մեթոդաբանության պատճառով (օրինակ, օբյեկտի հասույթը, որն ունի ինչպես՝ հյուրանոց, այնպես էլ՝ ռեստորան և խաղատուն, կարող է գրանցել այդ երեք ոլորտներից մեկի հաշվին):

Ընդ որում, խնդիրը միայն ստվերը չէ։ «Ամերիա» Կառավարման խորհրդատվական ծառայության կողմից 2 տարի առաջ իրականացվել էր հյուրանոցային շուկայի մեծության (հասույթի) գնահատում 2010-2015թթ. համար և համադրություն էր կատարվել պաշտոնական վիճակագրության տվյալների հետ:

Ըստ այդմ, 2015թ.-ին տվյալ շուկայի մեծությունը կազմել էր շուրջ 149 մլն ԱՄՆ դոլար, իսկ դիտարկված ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր 2014թ.-ին` շուրջ 166 մլն դոլար: Այս թվերն էապես տարբերվում են պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերից։

«Ամերիայի» փորձագետները տվյալների այս անհամապատասխանությունը, նախևառաջ, պայմանավորել էին այն հանգամանքով, որ ԱՎԾ-ն հրապարակում է միայն իր վիճակագրական ծածկույթում ներառված օբյեկտների մասին տեղեկատվություն և զերծ է մնում ոլորտի հիմնական ցուցանիշները գնահատելուց:

Ըստ այդմ, նրանք կարծիք էին հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ ԱՎԾ-ի և ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության առաջնային խնդիրներից պետք է լինի ոլորտի վիճակագրության վերանայումը, մասնավորապես՝ ընտրանքի ընդլայնումը կամ գնահատման նոր մեխանիզմների մշակումը և կիրառումը:

Նշենք, որ նույն պաշտոնական վիճակագրության մեջ էլ երբեմն ի հայտ են գալիս էական ու դժվար բացատրելի շեղումներ։ Օրինակ, ինչպես վերևում տեսաք, 2015 թվականին հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը 22.1 մլրդ դրամ է կազմել. այս թիվն է ներկայացված ամենաթարմ զեկույցներում և ԱՎԾ տվյալների բազաներում։ Մինչդեռ 2016 թվականին լույս տեսած զեկույցում նշված էր, որ ոլորտի հասույթը 33.9 մլրդ դրամ է։

Ենթադրվում է, որ այս ցուցանիշը հետո ճշգրտվել է, սակայն 30%-անոց շեղումը հարցեր է առաջացնում։ Ընդ որում, հասույթը ճշգրտվել էր նվազման ուղղությամբ, իսկ օբյեկտների թիվը՝ աճման։

Կարելի է ենթադրել, որ ստվերի դեմ ինտենսիվ պայքարի արդյունքում մենք կունենանք հյուրանոցային ոլորտի՝ իրականությանն ավելի մոտ պատկեր։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հասույթին, այլև ծանրաբեռնվածությանը, աշխատողների թվին և այլ ցուցանիշներին։

Իսկ ճշգրիտ տեղեկատվությունը չափազանց կարևոր է ինչպես՝ հայաստանյան շուկա մուտք գործել ցանկացող ընկերությունների համար (օրինակ՝ միջազգային հյուրանոցային ցանցերի մասին, որոնց համար շուկայի մեծությունը կարևոր գործոն է երկիր մուտք գործելու որոշում կայացնելու համար), այնպես էլ գործող բիզնեսների ավելի ճշգրիտ գնահատելու իրենց շուկայական դիրքը և աճի պոտենցիալը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտահանման աճը շարունակում է դանդաղել

2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։

Ինչպես վախեցնել զբոսաշրջիկներին. հայտնի վլոգգերը խոսել է Հայաստանի ականների մասին (տեսանյութ)

Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…