Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանյան բնակարանների շուկայի ռեկորդն ու գների «հանելուկը»

Վերադարձ լուրերի բաժին

12:29 , 21 Փետրվար 2018

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անշարժ գույքի շուկան 2017 թվականին բավականին ակտիվացել է։ Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, անցած տարվա ընթացքում Հայաստանում կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 19615 գործարք՝ 2016 թվականի 17858-ի դիմաց։ Այսինքն՝ տարվա կտրվածքով օտարման գործարքների թիվն աճել է 1757-ով կամ 10%-ով։

Ընդ որում, բնակարանների օտարման գործարքների թիվն ավելացել է առքուվաճառքի գործարքների հաշվին, իսկ նվիրատվությունների և փոխանակման գործարքների թիվը նվազել է (գծապատկեր 1)։ Ինչպես տեսնում եք, առքուվաճառքի գործարքների թիվն աճել է 2407-ով կամ 20.1%-ով՝ 11498-ից հասնելով 14355-ի։

Գծապատկեր 1. ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման գործարքների թիվը 2016 և 2017 թվականներին

est01

Ինչ խոսք, սա լավ է։ Ինչ-որ առումով անտրամաբանական կլիներ, եթե 7.7%-անոց տնտեսական աճ գրանցած երկրում անշարժ գույքի շուկան չակտիվանար։ Ավելին ասենք, բնակարանների առքուվաճառքի ցուցանիշը 2017-ին գերազանցել է ոչ միայն՝ 2016թ. ցուցանիշը, այլ, որոշ առումներով՝ ռեկորդային է եղել վերջին մի քանի տարիների կտրվածքով։

Այսպես, հանրապետության մասշտաբով վերջին 10 տարիներին ավելի շատ բնակարաններ վաճառվել են միայն 2014 թվականին (14686 բնակարան)։ Դրանից առաջ՝ ետճգնաժամային փուլում, գործարքների թիվը շատ ավելի քիչ է եղել։

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Իսկ Երևանի դեպքում 10 տարվա ռեկորդ ունենք՝ մոտեցել ենք նախաճգնաժամային ցուցանիշներին։ 2017թ. մայրաքաղաքում վաճառվել է 10130 բնակարան։ Ավելի մեծ ցուցանիշ եղել է 2007թ.՝ 10330։

Գծապատկեր 2. Բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքների թիվը Հայաստանում և Երևանում 2006-2017 թվականներին
est02

Սակայն ամեն ինչ այդքան անթերի չէ։ Նախ՝ 2017 թվականին բնակարանների առքուվաճառքների աճը պայմանավորված է հիմնականում Երևանով։ Ինչպես նշեցինք, առքուվաճառքների թիվն 2407-ով, և այդ թվից 1943-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Պատճառների մեջ չենք խորանա, ընդամենը ֆիքսենք, որ բազմաբնակարան շենքերի շուկայում կենտրոնացումը խորացել է։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Կա ևս մեկ հետաքրքիր հակասություն։

Այսպես, 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 1943-ով կամ 24%-ով։ Ինչպես արդեն նշեցինք, այս ցուցանիշով մայրաքաղաքում 10 տարվա ռեկորդ է գրանցվել, և մոտեցել ենք նախաճգնաժամային՝ շինարարական բումի ժամանակների ցուցանիշներին։

Ի՞նչ եք կարծում, շուկայի այսպիսի ակտիվացման դեպքում ի՞նչ պետք է կատարված լիներ երևանյան բնակարանների գների հետ։ Տրամաբանությունը հուշում է, որ գներն ինչ-որ չափով պետք է աճած լինեին։ Իսկ պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, բազմաբնակարան շենքերի բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Կենտրոնի և Նուբարաշենի։ Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, Կենտրոնում գտնվող բնակարանների 1քմ-ի միջին գինն աճել է 37250 դրամով, Նուբարաշենում՝ 1900 դրամով։ Մյուս վարչական շրջաններում գները նվազել են, ամենից շատ՝ Նոր Նորքում (20 հազար դրամով) և Աջափնյակում (19.5 հազար դրամով)։

est03

Նման հակասությունը՝ որ առքուվաճառքի գործարքները կտրուկ ավելանան, իսկ գները նվազեն, տեսականորեն հնարավոր է, սակայն խիստ զարմանալի։ Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ՝ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ։ Այդ դեպքում կստացվի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն՝ կենտրոնացում (Երևանում), այլև՝ գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում)։ Կա նաև մյուս տարբերակը, որ բնակարանների գների վիճակագրությունը ճշգրիտ չէ, ինչը շատ ավելի հավանական տարբերակ է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։