Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի ՋԷԿ-ի բազմամիլիոնանոց պարտքի մանրամասները

Վերադարձ լուրերի բաժին

18:34 , 05 Սեպտեմբեր 2016

Անցած շաբաթվա տնտեսական լրահոսի գլխավոր թեման Երևանի ՋԷԿ-ի պարտքն էր՝ «Գազպրոմ Արմենիային»։  Մի քանի օր է՝ մեր լրագրողները փորձում են պարզել՝ երբ է առաջացել ավելի քան 52 միլիոն դոլարի պարտքը, ինչպես, ում պատճառով, ինչպես ենք մարելու, ինչով ենք մարելու…

Մեր գործընկերները դիմեցին ում հնարավոր է՝ պետական պաշտոնյաներին, փորձագետներին, թեմային տեղյակ մարդկանց, սակայն պատկան մարմիններից ոչ մեկ լիարժեք ու սպառիչ պատասխան այդպես էլ չտվեց։ Իսկ դա չափազանց տարօրինակ է, որովհետև բոլոր հարցերի պատասխանները վաղուց տրված են, ու ոչ մի գաղտնիք չկա։

Մեր գործընկերներից ոմանք արդեն հասցրել են մի թեթև «բացել» այս թեման և ներկայացնել որոշ տվյալներ։ Սակայն հետաքրքրվողները կարիք ունեն ամբողջական ու սպառիչ հրապարակման, որը կտա բոլոր հնչած ու չհնչած հարցերի պատասխանները։

Մենք ստորև հենց դա էլ փորձել ենք անել։ Հրապարակումը փոքր-ինչ երկար է, սակայն կարծում ենք՝ չեք ձանձրանա։

 

     Ինչո՞ւ և ինչպես է կուտակվել պարտքը

Եվ այսպես, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հարցազրույցում 3 անգամ փորձում է ստանալ այս հարցի պատասխանը, սակայն չի ստանում։

«Երբ է առաջացել Երևանի ՋԷԿ-ի պարտքը և ինչպես է առաջացել» հարցին նախարարը պատասխանում է. «Դուք կարող եք վերցնել վարկային համաձայնագիրը (նկատի ունի Համաշխարհային բանկի հետ համաձայնագիրը – խմբ.) ու մանրամասն ծանոթանալ բոլոր նյութերի հետ, որոնք կան։ Մանրամասն նշված է»։

Լրագրողը տեղի չի տալիս՝ Դուք այդտեղ չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում։ Հնչում է բավականին ուշագրավ պատասխան. «Ես ընդամենը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն եմ։ Նման հարցերի համար կան համապատասխան մարմիններ, որոնց կարող եք դիմել։ Եթե ես սկսեմ զբաղվել նման հարցերով, ես էներգետիկայի զարգացման գործերով չեմ հասցնի զբաղվել»։

Հնչում է երրորդ հարցը՝ եթե Երևանի ՋԷԿ-ին գազ է մատակարարվել, այնտեղ էլեկտրաէներգիա է արտադրվել ու վաճառվել, այդ գումարը ո՞ւր է գնացել։ Այստեղ հնչում է մասնակի պատասխան, որը բավականին ուշագրավ է. «Դուք նորից եկաք նույն հարցին, պարզապես ուրիշ կողմից։ Գործունեություն է իրականացնում Երևանի ՋԷԿ-ը. այն գազի ամենախոշոր սպառողներից մեկն է, ջերմաէլեկտրակայանները մեծ քանակությամբ գազ են սպառում և այդ գործունության արդյունքում կամ հետևանքով ստեղծվել է իրավիճակը»։

Իսկ ինչո՞ւ է պատասխանը ուշագրավ։ Որովհետև իրականում ո՛չ ՀԱԷԿ-ը, ո՛չ Երևանի ՋԷԿ -ը պարտքը չեն կուտակել գործունեության արդյունքում կամ պատճառով, այլ ճիշտ հակառակը՝ նրանք միլիոնավոր դոլարների վարկեր են տվել այլ ընկերությունների՝ իրենց հիմնական գործունեության չառնչվող նպատակների համար։ Այս մասին սևով սպիտակի վրա գրված է Համաշխարհային բանկի փաստաթղթում, որին հղում էր անում Լևոն Յոլյանը։

«Հիմնական գործունեությանը՝ էներգիայի մատակարարմանը չառնչվող նպատակների համար վերոնշյալ տրամադրված փոխառությունների և ծախսերի արդյունքում ՀԱԷԿ-ը և ԵՋԷԿ-ը կուտակել են կանխիկի խոշոր պակասուրդներ, որոնք կազմում են 104 մլն ԱՄՆ դոլար»,- նշվում է փաստաթղթում։ Իսկ այդ բաժինը վերնագրված է այսպես՝ ՀԱԷԿ-ի և ԵՋԷԿ-ի կողմից անշրջահայց որոշումների հետևանքները։

Կոնկրետ ԵՋԷԿ-ը իր սակագնային եկամուտներից 37.5 մլն դոլարի չափով վարկեր է տրամադրել Նաիրիտին և Վանաձորի քիմիական գործարանին։ Ու դա այն պարագայում, երբ ինքը խնդիրներ է ունեցել՝ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները ՀԷՑ-ից ստանալու հետ կապված։ Սա հենց «Ազատության» լրագրողի՝ ուր է գնացել հոսանքի վաճառքից ստացված փողը հարցի պատասխանն է։

Սակայն սա դեռ ամենը չէ։

 

     Ինչից են սկսվել խնդիրները

Ընդհանրապես, նորմալ աշխատանքի մեխանիզմը հետևյալն է. ԵՋԷԿ-ն բնական գազ է ստանում «Գազպրոմ Արմենիայից»։ Ստացված գազով արտադրում է էլեկտրաէներգիա և մատակարարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը։ ՀԷՑ-ը էներգիայի դիմաց վճարում է ԵՋԷԿ-ին, ԵՋԷԿ-ն` «Գազպրոմ Արմենիային»։

Երբ այս շղթայի օղակներից մեկը խախտվում է, ամբողջ համակարգի աշխատանքը կաթվածահար է լինում։ Այս դեպքում, շղթան «խզվել» է ՀԷՑ-ից եկող դրամական հոսքի վրա։ ՀԷՑ-ի խնդիրներն առանձին թեմա են, որի վրա չենք կենտրոնանա։ Պարզապես նշենք, որ այդ խնդիրների պատճառով հայտնված ՀԷՑ-ը չի կարողացել ստացած էներգիայի դիմաց վճարել ԵՋԷԿ-ին և ՀԱԷԿ-ին։

Ըստ Համաշխարհային բանկի վերլուծության՝  ԵՋԷԿ-ի և ՀԱԷԿ-ի ֆինանսական վիճակը սկսել է վատանալ դեռ 2011 թվականից։ Ու արդեն 2013-2015 թվականներին ԵՋԷԿ-ն ու ՀԱԷԿ-ը կուտակել են 30.7 մլն դոլարի դեբիտորական պարտք՝ ՀԷՑ-ին մատակարարված հոսանքի դիմաց ։

Այս ամենին գումարվել է ևս մեկ խնդիր՝ Նաիրիտ գործարանը։ ԵՋԷԿ-ն և ՀԱԷԿ-ը վարկեր են տրամադրել գործարանին։ Բացի վարկերից, ԵՋԷԿ-ը 13.5 մլն դոլարի ջերմային էներգիա է մատակարարել (ավելի ճիշտ կլինի ասել՝ նվիրել) Նաիրիտին, որի դիմաց մինչ օրս վճարում չի ստացել։

Սա էլ դեռ ամենը չէ։ Ֆինանսական դժվարությունների մեջ գտնվող ԵՋԷԿ-ն կատարել է հիմնական գործունեության հետ չկապված այլ ծախսեր։ Օրինակ՝ կես միլիոն դոլարով մոտորանավակ է գնել։

Այս ամենի հետևանքով՝ ԵՋԷԿ-ն կուտակել է 83.5 մլն դոլարի պակասուրդ։

 

     Ունքը շինելու փոխարեն աչքը հանելու տաղանդը

Ամեն ինչ այսքանով չի ավարտվում, որովհետև խնդիրները գնալով խորանում ու բարդանում են։ Ֆինանսական ճեղվածքը ծածկելու նպատակով՝ ԵՋԷԿ-ն սկսել է ուշացնել վճարումները «Գազպրոմ Արմենիային»։ 2011 թվականից կուտակված կրեդիտորական պարտքի մեծությունը միայն «Գազպրոմ Արմենիային» հասել է աստղաբաշխական գումարի՝ 80.7 մլն դոլարի։

Սրանով կոնկրետ փլուզվելու վտանգի տակ է հայտնվել ոչ միայն ԵՋԷԿ-ն, այլ ընդհանրապես՝ երկրում նորմալ ու անխափան էլեկտրամատակարարման համակարգը։ Որովհետև եթե «Գազպրոմ Արմենիան» դադարեցներ գազի մատակարարումը, ապա էլեկտրաէներգիայի պահանջարկը հնարավոր չէր լինի բավարարել. մյուս բոլոր կայանները գործում են ամբողջ հզորությամբ։

Սա էլ դեռ ամենը չէ։ Ֆինանսական խնդիրները լուծելու համար ՀԱԷԿ-ն ու ԵՋԷԿ-ն վերցրել են կարճաժամկետ ու թանկ առևտրային վարկեր՝ տեղական առևտրային բանկերից (9-11.5% տոկոսադրույքով)։ Վարկերի մնացորդը 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 13.1 մլն դոլար և լուրջ բեռ է դարձել այս ընկերությունների համար։

Հիմա մոտավորապես պարզ է՝ ինչպես է կուտակվել ԵՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային» ու ինչ խնդիրների առաջ է կանգնած եղել ընկերությունը։

 

     Ինչ են անում հիմա

Համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ փորձենք հասկանալ, թե ինչ է եղել վերջին շրջանում, ինչ են անում հիմա և ինչ են անելու ապագայում։

Տեսեք, Համաշխարհային բանկի զեկույցում նշվում էր ԵՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիային» ունեցած 80.7 մլն դոլար պարտքի մասին։ Ըստ վերջին օրերի լուրերի՝ ԵՋԷԿ-ի պարտքը  «Գազպրոմ Արմենիային» 52.3 մլն դոլար, որի մի մասը մարվել է և այս պահի դրությամբ կազմում է 33.8 մլն դոլար։ Այս տեղեկությունը հարցազրույցում հաստատում է նաև ԷԲՊ նախարարը։

Ինչպե՞ս 80.7 միլիոն դոլարը դարձավ 52.3 մլն, հետո՝  33.8 մլն դոլար։

Այսպես, 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի թանկացման և ՀԷՑ-ի մարժայի ավելացման շնորհիվ՝ ՀԷՑ-ը սկսեց լրացուցիչ եկամուտներ ստանալ և աստիճանաբար մարել էներգիա արտադրող ընկերություններին ունեցած պարտքերը։ Ապրիլի վերջի դրությամբ այդ պարտքի մնացորդը կազմում էր 30.7 մլն դոլար, որը ըստ ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրի ժամանակացույցի՝ պետք է մարվեր մինչև 2016 թվականի հուլիսի վերջը։

Ըստ երևույթին՝ ՀԷՑ-ը վճարել է ԵՋԷԿ-ի պարտքը, որի արդյունքում ԵՋԷԿ-ը կարողացել է մարել «Գազպրոմ Արմենիայի» պարտքի մի մասը՝ հասցնելով այն 52.3 մլն դոլարի։

Հետո մարվել է ևս 18.5 մլն դոլար։ Լևոն Յոլյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացնում է, որ այդ գումարը մարվել է ոչ թե գույքով, այլ փողով՝ ֆինանսական միջոցներով։  Իսկ ֆինանսական միջոցների աղբյուր կարող էր լինել Համաշխարհային բանկի կողմից ԵՋԷԿ-ին տրամադրվող 21 մլն դոլարի վարկը։

Հնարավոր է՝ մենք հերթականությունը խախտում ենք, սակայն տրամաբանությունը հուշում է, որ ԵՋԷԿ-ը «Գազպրոմ Արմենիային»  ունեցած պարտքի մեծ մասը՝ մոտ 47 մլն դոլարը, մարել է ՀԷՑ-ից ստացած փողերի ու ՀԲ վարկի հաշվին։

Իսկ ինչի՞ հաշվին է մարվելու մնացած 33.8 միլիոն դոլարը։ Դա էլ մարվելու է գույքի տեսքով։ Ու սա ոչ թե բամբասանք է, այլ պաշտոնական տեղեկատվություն։

 

     Հերթական «գույք պարտքի դիմացը»

Այսպես, ՀՀ կառավարությունը օգոստոսի 11-ին ընդունել է 863 – Ա որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարները նախ փոխանցել Երևանի ՋԷԿ-ին (ինչի արդյունքում դրա կանոնադրական կապիտալը կավելանա)։ Հետո այդ գույքը արդեն Երևանի ՋԷԿ-ի անունց օտարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և ստացված միջոցներով մարել վերջինիս հանդեպ իր կրեդիտորական պարտքի մի մասը:

voroshum

Որոշման հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշվում՝ ակնկալվող արդյունք՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ կրեդիտորական պարտքի մարում:

Իսկ ի՞նչ գումարի մասին է խոսքը։ Որոշմանը կից հավելվածում մի քանի ցանկերով ներկայացված է գազատարների գտնվելու վայրերը, երկարությունը, արտադրության կառուցման տարեթիվն ու արժեքը։ Ընդհանուր գումարը կազմում է 10.8 մլրդ դրամ կամ օրվա փոխարժեքով՝ մոտավորապես 22.7 մլն դոլար։ Փաստորեն, մենք հերթական անգամ «գույք պարտքի դիմաց» գործարք ենք անում։

 

    Happy End-ի թաքնված ողբերգությունը կամ՝

    ինչո՞ւ չէր ցանկանում խոսել Լևոն Յոլյանը

Թվում է՝ ԵՋԷԿ-ի խնդիրները հաղաթարվում են և ամեն ինչ լավ է։ Լևոն Յոլյանն ասում էր, որ հաջորդ տարվա օգոստոսին կունենանք լիովին առողջ ու կազմակերպված ընկերություն՝ ի դեմս ԵՋԷԿ-ի։

Սակայն որքան էլ նախարարը չցանկանա խոսել խնդիրների պատճառների մասին, պարզ է, որ ԵՋԷԿ-ի խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել անշրջահայաց որոշումներով։ Արդեն նշեցինք՝ ծանր ֆինանսական վիճակում գտնվող ընկերությունը վարկ է տվել անհասկանալի վիճակում գտնվող Նաիրիտին, 13.5 մլն դոլարի ջերմային էներգիա է մատակարարել, մոտորանավակ է գնել, հետո էլ՝ թանկուկրակ վարկեր է վերցրել ու հայտնվել պարտքային թակարդի մեջ։

Այսինքն՝ կարծես դիտավորյալ ընդունվել են այնպիսի որոշումներ, որ ԵՋԷԿ-ը տանեն կործանման։ Իսկ նման որոշումները իրենք իրենց չեն ընդունվում։ Որոշումներն ընդունում են մարդիկ՝ ինքնուրույն կամ ինչ-որ մեկի թելադրանքով։

Պետական ընկերությունը (մանավանդ խնդիրներ ունեցող) 37 միլիոն դոլարի վարկ չէր տրամադրի անհույս վիճակում գտնվող Նաիրիտին, որովհետև դա նշանակում է գումարը ջուրը գցել։ Նման բան կարող է լինել միայն բարձրագույն իշխանության ուղղակի հրահանգով. ԵՋԷԿ-ի ղեկավարությունը նման բան ինքնագլուխ չէր կարող անել։

Ու սա ոչ թե ենթադրություն է, այլ իրականություն. 2010 թվականին կառավարությունն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարել է ֆինանսավորել գործարանի շահագործման և պահպանման որոշ ծախսեր, այդ թվում` 2200 աշխատակցի աշխատավարձերը։ Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունները սակագնով կարգավորվող իրենց հասույթից միջինն ամսական 1-2 միլիոն ԱՄՆ դոլար ուղղել են այդ ծախսերի ֆինանսավորմանը։ Ստացվում է՝ կառավարությունն ինքն է ոչ կոմպետենտ որոշումներով նպաստել, որ էներգետիկ համակարգը հայտնվի ծանր վիճակում։

Մի երկու «մանրուք էլ» հիշեցնենք։ Կառավարության ղեկավարն այն ժաման Տիգրան Սարգսյանն էր։ Իսկ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, մինչև 2013թ. հանդիսանում էր «Նաիրիտ գործարանի» փոխտնօրենը (փաստացի ղեկավարը)  և ստանում էր շատ զրոներով աշխատավարձ։

Սա այնպես՝ ի գիտություն։ Նշենք սակայն, որ նույն միջազգային կառույցները ժամանակին բազմիցս հորդորել են հրաժարվել իրենց որդեգրած արատավոր պրակտիկայից` նշելով, որ որոշ ժամանակ անց դա ավելի լուրջ խնդիրների է հանգեցնելու։ Նույն Համաշխարհային բանկի կողմից Նաիրիտի կենսունակության գնահատումը թափանցիկ ակնարկ էր, որ գումարները պարզապես փոշիացվում են։

 

     Մսխում եք դուք, վճարում ենք մենք

Ստացվում է այսպիսի պատկեր՝ միլիոնավոր դոլարներ մտնում են «բերմուդյան եռանկյունի»՝ Նաիրիտ գործարան, և փոշիանում։ Ու դրա պատճառով մենք ոչ միայն պետական հարստության վերջին փշուրներն ենք զիջում «Գազպրոմ Արմենիային», այլ մտնում ենք լրացուցիչ վարկային բեռի տակ։ Ու ամենևին կարևոր չէ, որ ՀԲ վարկի պայմանները լավն են։ Դա վարկ է, որը պետք է վերադարձնել տոկոսներով։ Ու այդ վարկն ու տոկոսները վճարում են ՀՀ հարկատուները։

Դրա համար էլ Լևոն Յոլյանը խուսափում էր պատճառների մասին խոսելուց և ակնարկում էր, որ լրագրողն ինքը այս ամենը բացահայտի։ Որովհետև խոսել՝ կնշանակեր քար գցել նախկին վարչապետի ու էներգետիկայի նախկին հանգուցյալ նախարարի բոստանը։

Այսինքն՝ Լևոն Յոլյանը կա՛մ զգուշավորություն է ցուցաբերում, կա՛մ զուտ մարդկային արժեքները թույլ չեն տալիս ինչ-որ մեկին »փուռը տալ»։  Դրա համար էլ ասում էր, որ հարցերի հասցեատերն ինքը չէ և պետք է այլ մարմինների չիմել։ «Ամբողջ կյանքիս ընթացքում ունեցել եմ մի մոտեցում. ոչ թե զբաղվել նրանով, ինչ եղել է, այլ նրանով, թե ինչ ունենք, ինչ խնդիրներ են իմ առաջ կանգնած և այդ խնդիրների լուծմամբ զբաղվել»,- ասում է նա։

Բայց սա սխալ մոտեցում է, որովհետև խնդիրների լուծումը պետք է սկսել պատճառներ բացահայտմամբ։ Այս դեպքում, իհարկե, պատճառները (կամ մեղավորները) հայտնի են, սակայն մարդիկ գերադասում են այդ մասին չխոսել՝«Ինչ եղել՝ եղել է» սկզբունքով։ Ու դա նշանակում է, որ առաջիկայում նույնպես կարող են լինել այդպիսի պատճառներ, որոնք կանցնեն-կգնան՝ փլուզելով կամ փլուզման վտանգի առջև կանգնեցնելով մի ամբողջ համակարգ։

 

     Թեման թարմացնողները

Լևոն Յոլյանը հարցազրույցի սկզբում արդարացված զարմանք է հայտնում՝ ինչո՞ւ այս թեման նոր թափով սկսեց շոշափվել։ «Ուզում եմ արտահայտել այն մեծ զարմանքը այն մեծ ալիքի նկատմամբ, որը վերջին օրերին լրատվամիջոցներում բարձրացել է՝ Երևանի ՋԷԿ-ի հետ կապված»,- ասում է Յոլյանը՝ նշելով, որ Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական դժվարությունների հետ կապված վերջին տարեիներին եղել են բավականին շատ քննարկումներ, ծրագրեր, այնպես որ խնդիր նոր չէ։

Ու իսկապես՝ ինչո՞ւ թեման սրվեց այն ժամանակ, երբ խնդիրները կարծես լուծվում են։

Ովքեր տեղյակ չեն, ասենք՝ Երևանի ՋԷԿ-ի պարտքի թեման վերածնվեց ռուսաստանյան Life.ru-ի ձեռամբ։ Այս կայքը օգոստոսի 29-ին մի հոդված հրապարակեց՝ հետևյալ խոսուն վերնագրով «Армения снова задолжала “Газпрому”. Стоит ли ссориться с Ереваном из-за $52 млн? »։ Դրանից հետո մեր լրատվականները թարմացրին թեման՝ կարծես մոռացած լինելով, որ ընդամենը 4 ամիս առաջ Համաշխարհային բանկը հայտարարեց ՀՀ էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակի և կառավարման բարելավմանը 30 մլն դոլար է ուղղելու մասին։ Կազմակերպվեց մեծ ասուլիս, ներկայացվեցին բոլոր խնդիրները, փակագծերը բացվեցին (որքանով հնարավոր էր)։

Միամտություն է կարծել, թե Life.ru-ի հոդվածը պատահական էր, չնայած հոդվածի հեղինակը փորձում է այդպես համոզել (իբր այդ մասին պատահաբար լսել է ռուս չինովնիկներից մեկից և զարգացրել թեման)։ Վերնագրից սկսած՝ հոդվածը ներծծված է «մեծահոգության» ոգով։ Այսինքն՝ տեսեք, դուք մեզ պարտք եք, սակայն մենք ձեզ չենք նեղացնում։ Ավելին՝ պարտքի դիմաց գույք վերցնելը ներկայացվում է որպես բարի կամքի դրսևորում (կարող էին չէ՞ չվերցնել)։

Իսկ հոդվածի տակ եղած մեկնաբանությունները լրացնում են այն բացը, որը հայի ազգանունով հեղինակը «պոլիտկոռեկտությունից» ելնելով չի լրացրել։

Վերջաբանի փոխարեն

Որքան էլ հնչեն մեղադրանքներ, թե ռուսական կողմը պարտքի դիմաց վերցնում է մեր ակտիվները, ստիպված ենք ընդունել դառը ճշմարտությունը. ստեղծված իրավիճակի միակ մեղավորը մենք ինքներս ենք։ Խոսքը վերաբերվում է ոչ թե միայն այս հարցին, այլ ընդհանրապես, վերջին տարիներին կատարված գործողություններին։

Այս առնչությամբ ընդամենը մի հետաքրքիր հանգամանք նշենք՝ «Գազպրոմ Արմենիային» փոխանցվելիք գույքի (գազատարների) հետ կապված։

Ինչպես նշվում է պաշտոնական որոշման մեջ, ի սկզբանե նախատեսվել էր այդ գույքը ներդնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով ավելացնելով Հայաստանի Հանրապետության 20% կազմող բաժնեմասը: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ. ոչ միայն մեր բաժնեմասը չավելացրինք, այլ եղածն ամբողջությամբ օտարեցինք  «Գազպրոմ»-ին։

Կրկին պարտքի դիմաց։ Անսպասելի ի հայտ եկած 300 մլն դոլարի պարտքի, որի համար ոչ ոք պատասխան չտվեց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ