Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանի նախկին «Քիմտեխ»-ում 3 մլրդ դոլարի թմրանյութ է արտադրվել. «քիմիկոսների» գործի հետքերով

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

14:33 , 09 Հունիս 2016

3 տարի առաջ՝ 2013 թվականի հունիսին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց «քիմիկոսների» գործով: Գործով անցնող 9 հոգուց մի քանիսը  «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտում» աշխատած քիմիկոսներ էին, ովքեր մեղադրվում էին Ամֆետամին տեսակի թմրանյութ արտադրելու և իրացնելու մեջ, մի քանիսն էլ մեղադրվում են դրանք իրացնելու մեջ: Ընկերությունում, որը գտնվում է Երևանում՝ Արցախի 4ա հասցեում, հաստոցի տակ հայտնաբերվել էր Ամֆետամին տեսակի մի քանի հաբ:

Մեղադրյալներն ու նրանց փաստաբանները պնդում էին, որ 4 տարի առաջ հարուցված քրեական գործը սարքված է, և որ այդ հաստոցներով հնարավոր չէր թմրահաբեր արտադրել:

Ինչևէ, նրանց փաստարկները դատարանին համոզիչ չթվացին։ Գլխավոր մեղադրյալը՝ «Քիմտեխ» գիտահետազոտական ինտստիտուտի ղեկավար Սամվել Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ճանաչվեց թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, դրանց պատրաստման և իրացման մեջ և դատապարտվեց 12 տարվա ազատազրկման։

Սիրաժ Ղամբարյանը և Սամվել Մկրտումյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվեցին 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը Արմեն Բաղդասարյանին, Հակոբ Համբարձումյանին, Աղվան Վարդանյանին, Արմեն Լեբեջյանին և Աշոտ Առաքելյանին դատապարտեց 10 տարվա, իսկ Արա Ռոստոմյանին՝ 8 տարի ազատազրկման:

Դրան զուգահեռ Ռուսաստանում քննվում էր երկու քիմիկոսների՝ Իլյա Կուդրյավցևի և Ալեքսանդր Նեդուգովի գործը։ Ըստ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինի կողմից Հայաստան ուղարկված փաստաթղթի՝ հենց այս երկուսն էին հիմնել թմրանյութերի արտադրությունը նախ Պերմում,  իսկ հետո օգնել էին արտադրություն կազմակերպել նաև հայ գործընկերներին։

Քննիչների տվյալներով, մեղադրյալները Հայաստանում գործող կազմակերպված հանցավոր խմբին ավելի քան 10.6 տոննա նատրիումական աղ էին մատակարարել, որից պատրաստվել է ավելի քան 7.6 տոննա ամֆետամին։

Պերմի դատարանը հունիսի 7-ին ազատազրկման դատապարտեց Իլյա Կուդրյավցևին և Ալեքսանդր Նեդուգովին։ Lenta.ru-ն անդրադարձել է այս պատմությանը՝ մանրամասն ներկայացնելով ռուս քիմիկոսների անցած ուղին և նրանց կապը հայ գործընկերների հետ։

Թարգմանաբար ներկայացնում ենք այդ հոդվածն ամբողջությամբ

Ինչպես էին են երկու ռուս քիմիկոսները 10 տարի շարունակ թմրանյութ «եփել» ամբողջ Եվրոպայի համար

Պերմի դատարանը հունիսի 8-ին ազատազրկման դատապարտեց Իլյա Կուդրյավցևին և Ալեքսանդր Նեդուգովին, որոնք բարձր խտության 1-ֆենիլ-2-պրոպանոն հումք էին արտադրում ու մատակարարում Եվրոպա և Հայաստան։

Այդ հումքից նարկոլաբորատորիաներում ստացվում էր ամֆետամին տեսակի թմրանյութ։ Իր գործունեության 8 տարիների ընթացքում Պերմում տեղակայված ձեռնարկությունը թողարկել է մոտ 100 տոննա խտանյութ, որոնցից պատրաստվել է 3.5 մլրդ հատ թմրահաբ։

1–ֆենիլ-2-պրոպանոնը ամֆետամինային շարքի հոգեմետ միջոցների պրեկուրսոր է։ Ամֆետամինը ստացվում է 1–ֆենիլ-2-պրոպանոնից Լեյկարտ-Վալլահի ռեակցիայի միջոցով, որի համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ։ 2010 թվականի մայիսի 5-ից ՌԴ կառավարության որոշմամբ 1–ֆենիլ-2-պրոպանոնը ներառվել է թմրամիջոցների,  հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ցանկում, որոնց շրջանառությունը Ռուսաստանում արգելված է։

Խտանյութը Ռուսաստանից դուրս է բերվել լվացող միջոցի կամ վառելիքի անվան տակ։

Գործի հետաքննությամբ զբաղվել է ներկայումս լուծարված՝ թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը (Федеральная служба по контролю за оборотом наркотиков / ФСКН)։

Գաղափարի հեղինակն ու թմրաբիզնեսի հիմնադիրը քիմիկոս, պրոֆեսոր Պավել Կուդրյավցևն է։ 1999թ. նա Պերմում հիմնում է «Տրիվեկտր» ընկերությունը, որը պետք է զբաղվեր քիմիական արտադրանքի ոչ մեծ տեսականու արտադրությամբ և վաճառքով։

Հիմնական արտադրանքը եղել է բարձր խտության 1-ֆենիլ-2-պրոպանոնը, որն իրացվել է «մեթիլբենզիլկետոն» առևտրային անվան տակ։ Առավել հաճախ օգտագործվել է դրա հապավումը՝  МБК կամ БМК։

Ինչպես տեղեկացրել են ФСКН-ից, այս նյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել Արևմտյան Եվրոպայի քրեական շրջանակներում, որոնց ընդհատակյա նարկոլաբորատորիաները համեմատաբար էժան և որակյալ հումքի կարիք ունեին։

Մերձբալթիկայից Կուդրյավցևին օգնության է գալիս ևս մեկ քիմիկոս՝ Ալեքսանդր Նեդուգովը, և պրեկուրսորի արտադրական պրոցեսը շուտով հասցվում է կատարելության։

Վառելիքի բաքերը

1-ֆենիլ-2-պրոպանոնի շրջանառությունն այն ժամանակ Ռուսաստանում գրեթե չէր կարգավորվում։ Միակ սահմանափակումը արտահանման արգելքն էր՝ առանց հատուկ թույլտվության։ Այդ իսկ պատճառով Կուդրյավցևը որոշում է տեղափոխել ապրանքը մաքսանենգ ճանապարհով։

БМК-ն պարզապես լցվում էր Լիտվայից Լեհաստան գնացող բեռնատարների լրացուցիչ բաքերի մեջ։ Բաքի վերևի մի փոքր մասը թողնվում էր վառելիքի համար, իսկ դրանից առանձնացված ներքևի մեծ մասում լցվում էր մաքսանենգ նյութը։

Գործունեությունը քողարկելու համար մշակվել էր հետևյալ սխեման. ըստ փաստաթղթերի՝ Պավել Կուդրյավցևը պրեկուրսորը մատակարարում էր իր իսկ կողմից ստեղծված «Химтехпром» և«Урал-Химтехпром» ընկերություններին (որոնց ղեկավարը Կուդրյավցևի որդին էր՝ Իլյան): Այնուհետև դրանց կողմից БМК-ն ձևական վերավաճառվում էր տարբեր մեկօրյա ընկերությունների։

Իրականում, սակայն, հումքը գործարանից անմիջապես ուղարկվում էր Մոսկվա՝ Պավել Կուդրյավցևի ընկերոջը, ոմն Վարեժկինին, որն ապրանքը պահում էր մինչև «օտարերկրյա գործընկերների» ժամանումը։

2002 թվականից սկսած՝ «Տրիվեկտրը» 1-ֆենիլ-2-պրոպանոն էր թողարկում արդյունաբերական ծավալներով։

2006 թվականին ոստիկանությունը ձերբակալեց ապրանքը փոխադրողներին և առգրավվեց պրեկուրսուրի հերթական խմբաքանակը։ Սակայն հանցակիցները Կուդրյավցևին չմատնեցին։

Ինքը՝ պրոֆեսորը, ձևացրեց, որ պատրաստ է համագործակցել իրավապահների հետ։ Կուդրյավցևը համոզում էր, որ իր կողմից արտադրվող БМК-ն անհրաժեշտ է արդյունաբերոթյան տարբեր ճյուղերում, և որ նակոբիզնեսն այստեղ ընդհանրապես կապ չունի։

«Հետաքննությանը միայն տարիներ անց ապացուցեց, որ դա ընդամենը հնարք էր. իրականում այդ ծավալի БМК ոչ մի տեղ չի օգտագործվում և պահանջարկ չունի՝ բացի ընդհատակյա թմրանյութերի արտադրությունից։ Հայր և որդի Կուդրյավցևներն, իհարկե, այդ մասին հրաշալի գիտեին, քանի որ նախապես ուսումնասիրել էին իրենց կողմից արտադրվելիք պրեպարատի շուկան», – ասել է թմրամիջոցների վերահսկողության ծառայության ներկայացուցիչը։

Համագործակցություն ձևացնելով՝ Կուդրյավցևն իրականում թաքցնում էր գնորդներին, որոնց անձամբ էր ճանաչում։

Նրանցից մեկին ՌԴ իրավապահները՝ Լիտվայի քրեական ոստիկանության բյուրոյի հետ համատեղ, հայտնաբերեցին։ Լիտվայի քաղաքացի Գինտաուտաս Ցեգելսկիսը «Ագուրկինյայ» («վարունգներ») կոչվող հանցավոր խմբի անդամ էր։ Բանդան գործում էր 2003-2013 թվականներին և զբաղվում էր սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով, մաքսանենգությամբ, շորթմամբ և սպանություններով։ Ռուսաստանի, Լիտվայի,Լատվիայի և Բելառուսի իրավապահների համատեղ ջանքերով 5 տարվա ընթացքում ձերբակալվեցին այդ խմբավորման 52 անդամներ։

Եվրոպական «նարկոցունամի»

2006 թվականին Եվրամիությունում սինթետիկ թմրանյութերի արտադրության շեշտակի աճ նկատվեց։ Լեհաստանի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Միացյալ Թագավորության և եվրոպական այլ երկրների սև շուկաները հեղեղվեցնա ամֆետամինի, մետամֆետամինի, էքստազիի, МДА-ի, МДМА-ի հսկայական քանակներով։

Եվրոպոլի հատուկ հետաքննությունը՝ անցկացված Նիդերլանդների դատափորձագիտական լաբորատորիաների հետ համատեղ, ցույց տվեց, որ ամֆետամինը պատրաստվում է БМК-ից, ընդ որում՝ նույն արտադրողի կողմից։ Բոլոր հետքերը տանում էին Պերմի «Տրիվեկտր» ընկերություն։ Սակայն Կուդրյավցևը կարողացավ խույս տալ պատասխանատվությունից և նորից անցավ հին գործին։

Նա Նեդուգովին հանձնարարեց ազատվեք իրենց ապրանքը մատնող բաղադրիչներից, որոնք հայտնաբերել էին հոլանդացիները։ Քիմիկոսը անհրաժեշտ հետազոտություններից հետո կատարեց պահանջվածը։

Կուդրյավցևը վերազինեց արտադրությունը հատուկ սարքավորումներով, որոնք վերացնում էին «մատնող բիծը» իրենց կողմից արտադրվող БМК-ի միջից։

2007 թվականի մարտից եվրոպացի փորձագետները արդեն չէին հայտնաբերում այդ «հետքը» ռուսների արտադրած БМК-ի և ամֆետամինի բաղադրության մեջ։ Իսկ «Տրիվեկտրի» արտադրության ծավալները շարունակեցին աճել, ինչը տևեց մինչև 2009 թվականը։

Հայկական «լվացող միջոցը»

Կուդրյավցևը փոխեց նաև իր կողմից արտահանվող պրեկուրսորի «քողարկումը»: Այժմ այն վերածվել էր БМК-ից ստացվող նատրիումական աղի, որը ոչ բարդ քիմիական մանիպուլյացիաների արդյունքում կրկին փոխակերպվում էր БМК-ի։ Այս նյութը օրինական կերպով հատում էր սահմանը՝ որպես տեխնիկական լվացող միջոց։

Այս նորամուծությունը Կուդրյավցևին թույլ տվեց ուղղակի մատակարարումներ կազմակերպել թմրանյութ արտադրողներին։ Սրանով նա արանքից հանեց հումքի մաքսանենգ արտահանմամբ զբաղվող միջնորդներին, ինչի շնորհիվ եկամուտները կտրուկ աճեցին։

2007 թվականի ամռանը Կուդրյավցևները ծանոթանում են ոմն Սամվել Խաչատրյանի հետ, որը գնում է Երևանի նախկին «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի արտադրական հզորությունները։

Կողմերը պայմանավորվում են «նատրիումական աղի» մատակարարումների մասին։ Նույն տարվա աշնանը Իլյա Կուդրյավցևն ու Նեդուգովը Հայաստան են բերում քողարկված պրեկուրսորի առաջին նմուշը և հայ գործընկերներին սովորեցնում՝ ինչպես լաբորատոր պայմաններում աղը վերածել БМК-ի։ Նաև բացատրում են, թե ինչպես կարելի է ամֆետամին ստանալ։

2012 թվականին հետաքննության ընթացքում ոստիկանները Երևանում հայտնաբերում են գրավոր հրահանգները, ինչը կարևոր ապացույց է հանդիսացել նարկոդիլերների մեղքը ապացուցելու համար։

Քննիչների տվյալներով՝ 2007-2009 թվականներին Կուդրյավցևներն ու Նեդուգովը Հայաստան են առաքել մոտ 10 տոննա նատրիումական աղ։ «Դա բավարար է ամֆետամինի 60 մլն միանգամյա չափաբաժին արտադրելու համար։ Հաշվի առնելով իրացվող թմրանյութերի մեջ մաքուր ամֆետամինի տոկոսային պարունակությունը՝ դրա արժեքը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար»,- տեղեկացրել են ФСКН-ից։

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել վկայի, ով պատմել է, որ քիմիական արտադրանքը Երևան է առաքվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։ 2013 թվականին քիմիկոսների հայ գործընկերը դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման՝ 180 կգ սինթետիկ թմրանյութ արտադրելու համար։

Դատավճիռը

Իր գոյության ընթացքում «Տրիվեկտրը» արտադրել և իրացրել է ավելի քան 100 տոննա БМК։ Դա բավական է 700 տոննա, այսպես կոչված, փողոցի թմրանյութ պատրաստելու համար (3.5 մլրդ հաբ)։

Պրեկուրսորն արտադրողների, մաքսանենգների, նարկոլաբորատորիաների և իրացման ցանցի ընդհանուր շահույթը գնահատվում է 54 մլրդ դոլար։

2010 թվականին՝ БМК-ի ամբողջական արգելումից հետո, «Տրիվեկտր» ընկերությունը սնանկ ճանաչվեց։

Դատարանի առջև կանգնեցին 35-ամյա Իլյա Կուդրյավցևը (նարկոբիզնեսի հիմնադրի որդին) և քիմիական գիտությունների թեկնածու, 61-ամյա Ալեքսանդր Նեդուգովը։ Պերմի Ձերժինսկու շրջանային դատարանը նրանց մեղավոր ճանաչեց ՌԴ սահմաններից դուրս ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափի ամֆետամին արտադրելու մեջ։

Կուդրյավցևը դատապարտվեց 17 տարի 6 ամիս, իսկ Նեդուգովը՝ 12 տարի ազատազրկման։

Գործով անցնող երրորդ անձի՝ Պավել Կուդրյավցևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

2013 թվականից նա ապրում է Իսրայելում։ Այդ մասին «Новости Перми» պարբերականին պատմել է նրա կինը՝ Սվետլանան, ով Պերմ էր եկել որդու դատին ներկա գտնվելու համար։ Կնոջ խոսքերով՝ 2013 թվականից ի վեր պրոֆեսոր Կուդրյավցևը հրապարակել է 4 մենախոսություն Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, 40-ից ավելի գիտական հոդված և ստացել է ամերիկյան երկու պատենտ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]