Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երկու էջ Հայաստանի նորագույն տնտեսական պատմությունից․ «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակումը

Վերադարձ լուրերի բաժին

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ԽՍՀՄ վերակառուցման (Перестройка) ժամանակաշրջանում ալկոհոլամոլության դեմ անհեռատես պայքարի տնտեսական հետևանքներին: Այս անգամ կցանկանայինք անդրադառնալ մեկ այլ հարցի՝ թե պոպուլիստական գաղափարների ճնշման ներքո կայացրած առանձին տնտեսական որշումներն ինչպես են ազդում ողջ երկրի զարգացման հետագծի վրա։ Մասնավորապես, կդիտարկենք «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակման որոշումները, որը մի քանի տարի անց՝ զուգորդվելով այլ գործոնների հետ, հանգեցրեց երկրի տնտեսական «կաթվածին»։

Բնապահպանական շարժումները 1980-ականների երկրորդ կեսին

1980-ականների կեսերին՝ վերակառուցման (Перестройка) տարիներին, հրապարակայնացումը (Гласность) չշրջանցեց նաև բնապահպանական խնդիրները, և ԽՍՀՄ ողջ տարածքում ձևավորվեցին բնապահպանական շարժումներ, հատկապես կատալիզատոր հանդիսացավ 1986թ-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարը։

Հայաստանը հետ չմնաց ժամանակի հովերից։ Առաջին բնապահպանական կազմակերպությունը՝ «Գոյապահպանությունը» (հետագայում անվանվեց «Կանաչների միություն»), ստեղծվեց դեռևս 1985թ-ի տարեվերջին։ Առաջին ցույցը կազմակերպվեց 1987 թ-ի սեպտեմբերին՝ «Նաիրիտ» գործարանի առաջ, շուրջ 300 մասնակիցներով։ Նույն թվականին կազմակերպվեց նաև «Երեւանին` մաքուր օդ» կարգախոսով քայլերթ՝ այդ թվում անվանի մտավորականների մասնակցությամբ, որն ավարտվեց հանրահավաքով Թատերական հրապարակում (ներկայումս՝ Ազատության հրապարակ)։ Հայաստանում բնապահպանական շարժման հիմնական թիրախներն երկուսն էին՝ «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը։

Ի՞նչ էր Նաիրիտը Հայաստանի համար և ի՞նչպես փակվեց
«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկությունն էր: Հիմնական արտադրանքի՝ քլորապրենային կաուչուկի, հետ մեկտեղ արտադրվում էր նաև կաուստիկ սոդա, ժավել, ջրածին և այլն (ընդհանուր առմամբ 34 անուն քիմիական արտադրանք)։ 1987 թ-ին «Նաիրիտին» բաժին էր ընկնում քլորոպրենային կաուչուկի համաշխարհային արտադրության 15%-ը։

Հանրային ճնշման ներքո 1989թ. հունիսի 25-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց դադարեցնելու «Նաիրիտի» աշխատանքը։ Չանցած երկու տարի` 1991թ. ապրիլի 17-ին, որոշումը չեղյալ համարվեց իշխանության գլուխ կանգնած այն անձանց կողմից, ովքեր բնապահպանական շարժման առաջին շարքերում պայքարում էին գործարանի փակման համար: Անդրադառնալով նախկինում կայացված որոշմանը՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսպիսի ելույթ ունեցավ․
«Ես անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ էկոլոգիական նպատակահարմարությունը խորությամբ այն ժամանակ չէի զգում, ինձ համար ավելի առաջնակարգ էին քաղաքական նկատառումները: …Մենք` Հայոց համազգային շարժումը և «Ղարաբաղ» կոմիտեն, առաջնորդվում էինք քաղաքական նկատառումներով: Կար քաղաքական նկատառում: Առաջինը այն էր, որ «Նաիրիտը» փաստորեն մերը չէր: Մենք «Նաիրիտից» ստանում էինք թույն և անարժեք թղթադրամ` 178 միլիոն ռուբլի: Սա էր այն ամենը, ինչ մենք ստանում էինք «Նաիրիտից»: Մնացած այդ հսկայական հարստությունը տնօրինում էր Խորհրդային Միությունը»։

Գործարանը կրկին շահագործման հանձնվեց 1991-1992թթ.:

Ատոմակայանի փակումը և վերաբացումը
1988թ-ին Հայաստանի ԽՍՀՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում էր 15.3 մլրդ կՎտ ժամ, որից ատոմային էլեկտրակայանի մասնաբաժինը 31.4% էր: Թեև տարածված կարծիքին, որ ատոմակայանը փակվել է 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի փաստի «ճնշման» ներքո, պատմական փաստերը (1988թ-ի հանրահավաքի ելույթների սղագրությունները) վկայում են, որ ժողովրդական լայն զանգվածների ճնշման ներքո դեռևս 1988թ-ի սեպտեմբերի 10-ին ՀԽՍՀ ղեկավարությունը նման խոստում արդեն տվել էր։ Կայանի առաջին բլոկի աշխատանքները դադարեցվեցին 1989 թվականի փետրվարի 25-ին, իսկ երկրորդ բլոկինը` մարտի 18-ին: Արդյունքում, 1988թ-ի համեմատ 1990թ-ին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվեց մոտ 1/3-ով՝ հասնելով 10.4 մլրդ կՎտ ժամի։ Ուշագրավ է, թե հատկապես ինչպես տեղի ունեցավ այդ ժողովրդական ճնշումը և ինչ հակափաստարկներ էին բերվում։

{…..}
ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
(Կոմկուսի կենտկոմի քարտուղար)
— Հարգելի ընկերներ, մի շարք հարցեր են ստացվել քաղաքում էկոլոգիայի մասին: Այդ հարցը շատ է անհանգստացնում մեր ազգաբնակչությանը: Ես պետք է ասեմ, որ իսկապես ձեր անհանգստությունը հիմքեր ունի, որովհետև մենք նույնպես այդ բանը գիտենք և մտահոգված ենք քաղաքի օդային ավազանի վիճակով: Այդ թվում մենք նաև գիտենք ձեր պահանջը…. մենք նույնպես համաձայն ենք այդ ատոմակայանը փակել….
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):

… Մենք համաձայն ենք ատոմային էլեկտրակայանը փակելու հարցին: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Հարությունյանը պաշտոնապես դիմել է վերադաս մարմիններին` ատոմային կայանը փակելու համար: Այդ հարցը շուտով կքննարկվի Կենտկոմի առաջկա պլենումում:
(Ժողովուրդը դարձյալ աղմկում է):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
( «Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
-Սիրելի հայրենակիցներ, դուք արդեն խախտում եք մեր պայմանավորվածությունը: Մենք պայմանավորվել էինք, որ պետք է ելույթ ունեցողներին լսենք մինչև վերջ…

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Այս ինֆորմացիան, որ ես ուզում եմ ձեզ տալ, ես դա գիտեմ, ձեզ համար եմ ասում, որպեսզի իմանաք, թե ինչի մասին է խոսքը: Մեր ժողովրդական տնտեսությունը առանց էլեկտրաէներգիայի մենք պահել չենք կարող: Մեր բալանսը այսօր առանց ատոմակայանի չի ապահովում հանրապետության ժողովրդական տնտեսության….
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):

Մենք որոշել ենք ընդլայնել մեր էներգետիկ կարողությունները Հրազդանի (անհասկանալի բառ) սկսելու ենք նոր բլոկների շինարարություն: Պետք է կառուցել 4 բլոկ, բայց առանց սպասելու 4 բլոկի շինարարությանը, առաջին բլոկն ավարտելուց հետո մենք կփակենք ատոմակայանի առաջին բլոկը: Երկրորդ բլոկը կառուցելուց հետո մենք կփակենք ատոմակայանը:
(Ժողովուրդն աղմկում է, լսելի չէ):

Ես զգում եմ մեր շահագրգռվածությունը ատոմային կայանի շուտ փակման համար, և ինչ, կոչ եմ անում ձեզ, եկեք մեզ օգնեք, այս շինարարությունը եկող տարի վերջացնենք, եկող տարի ատոմային կայանը փակենք:
(Ժողովուրդը գոռում է. «Ոչ: Հիմա փակեք: Գործադուլ»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Ես մի փոքր զարմացած եմ. առաջին անգամ մեր ղեկավարությունից լսում ենք այնպիսի խոսքեր, որոնց ութ ամիս շարունակ սպասում էինք, իսկ դուք նորից սկսել եք հուզվել… Այս վերջին ելույթի առիթով ես կկարդամ մի փոքրիկ հաղորդում, որ տպագրված է «Գիտատեխնիկական հեղափոխություն» բյուլետենում: Այս հաղորդագրությունը Երևանից է: Թույլ տվեք կարդալ ռուսերեն:
(Ժողովուրդը դժգոհում է. «Ոչ, հայերեն: Հայերեն»):
Ռուսերեն թերթ է, որ հենց նոր են բերել մեզ:
(Ժողովուրդը դարձյալ ընդհատում է):

— Ուշադրություն, ուշադրություն, ուրեմն. (ռուսերեն կարդում է հաղորդում այն մասին, որ Սևանում և Հայաստանի այլ շրջաններում հնարավոր է օգտագործել քամու էներգիան): Ուրեմն, միայն քամու հզորությամբ Հայաստանում Սևանում կարելի է ստանալ այնքան էներգիա, որքան այժմ ծախսում է մեր ամբողջ հանրապետությունը տարվա ընթացքում… Ուստի, ինձ թվում է, ընկեր Ղամբարյանն էլ ասաց, որ ատոմակայանի տված էլեկտրաէներգիան կարող են փոխհատուցել մեր ջերմաէլեկտրակայանները և, այսպես կոչված, ժամանակակից հողմաղացները: Ինձ թվում է, մեր ղեկավարությունը պետք է հոգ տանի այդ ուղղությամբ: Այժմ ընկեր Ղամբարյանին մի հարց ունի կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(«Ղարաբաղ» կոմիտեի անդամ)
— Ես ուզում եմ հարցնել ընկեր Ղամբարյանին. եթե ջերմաէլեկտրակայանը փակվի երկու տարի հետո, իսկ ատոմակայանը (եթե մեզ վստահեցվի, որ չի պայթելու) 10-20 օր հետո, ապա այս դեպքում ժողովրդի ճակատագի՞րն է կարևոր, թե՞ էներգիան, որ կարող է լրացվել էներգիայի այլ աղբյուրների հաշվին: Խնդրում եմ ժողովրդին վստահեցնել, որ հրդեհ չի լինելու, վթար չի լինելու, չի պայթելու:
(Ժողովուրդը աղմկում է):

ԿԱՌԼԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ
— Ընկերներ, բոլորդ գիտեք, որ մենք սկսել ենք կառուցել ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթը` նույնքան հզորությամբ: Մենք այդ շինարարությունը դադարեցրել ենք, և երկրորդ հերթը այլևս չենք կառուցելու: Սկզբունքային համաձայնություն ենք ստացել եղած ատոմակայանը փակելու մասին (ես դրա մասին արդեն ասացի): Մենք ունենք ատոմակայանի վերակառուցման նախագիծ և սկսել էինք դա, բայց երբ հարցը դրեցին, որ առաջիկայում փակենք, մենք պայմանավորվել էինք այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին վերակառուցման նախագծով, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը. այդ բոլոր միջոցառումները մենք կատարում ենք, որպեսզի մինչև փակելը որևէ բան չպատահի: Ուրեմն, մեզ տրված գումարները ուղղում ենք միայն նրա անվտանգության պահպանման գործին:
(Ժողովուրդը վանկարկում է. «Փակել, փակել, փակել»):

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
— Մեր ղեկավարները, ինձ թվում է, մեզ հասկացան. մեր ժողովուրդը պահանջում է, վճռականորեն պահանջում է փակել ատոմակայանը, ուրեմն ատոմակայանը պետք է փակվի:
(Ժողովուրդը. «Այո, փակել: Փակել, փակել: Գործադուլ»):

Կարճ ժամանակ անց, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, էլեկտրակայանների շահագործվող հզորությունների կրճատումը, այլ երկրներից ստացվող էլեկտրաէներգիայի կրճատումը, հետագայում նաև ՋԷԿ-երի վառելիքի մատակարարումների խափանումը՝ զուգորդվելով այլ գործոնների հետ, հանգեցրեց «տնտեսական կաթվածի»։

1993թ-ին, երբ հանրապետությունում 1 շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառումը հասել էր 1195 կՎտժ-ի (մոտ 2.3 անգամ ավելի քիչ, քան 1990թ-ին), կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմային էլեկտրակայանը, որի համար անհրաժեշտություն առաջացավ վերցնելու վարկ ՌԴ կառավարությունից՝ շուրջ 60 մլրդ ռուբլի (չհաշված՝ անվտանգության մակարդակի բարձրացման համար այլ երկրներից ստացվող դրամաշնորհները), որը տրամադրման օրվա փոխարժեքով համարժեք է շուրջ $15.9 մլն-ի։ Համեմատության համար պետք է նշել, որ 1994թ-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը $1.315 մլրդ: Դա մոտավորապես կլինի նույնը, եթե այսօր կառավարությունը պարտք վերցնի մոտ $147մլն որևէ արտադրական հզորություն վերագործարկելու համար։
ՀԱԷԿ-ը վերագործարկվեց 1995թ-ի նոյեմբերի 5-ին։

Այլ իրականություն
«Նաիրիտը» թեև արտադրական եզակի տեխնոլոգիա ունեցող գործարաններից մեկն էր աշխարհում, սակայն միակը չէր սինթետիկ կաուչուկի արտադրության համաշխարհային շուկայում։ 1980-ականների վերջին վնասակար արտանետումներով համանման արտադրություններ կային և՛ Հյուսիսային Ամերիկայում (DuPont-ի գործարանները), և՛ Արևմտյան Եվրոպայում՝ մասնավորապես Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում (Bayer AG-ի գործարանները)։ Ինչպես Խորհրդային Հայաստանում, Գերմանիայում ևս բնապահպանական շարժումները պայքարում էին նմանատիպ գործարանների շահագործման դեմ, սակայն ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում գնացին այլ ճանապարհով՝ նախընտրելով զտիչ սարքեր տեղադրել արտանետման խողովակների վրա, շեշտակիորեն նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումները, միաժամանակ շարունակելով նորմալ արտադրական պրոցեսը։ Ավելին, ոչ վաղ անցյալում՝ 2013թ-ին, Lanxess AG-ն (2005թ-ից Bayer AG-ի իրավահաջորդը այս բիզնես ուղղության գծով), բացել է գործարան նաև բնապահպանական խիստ չափորոշիչներով աչքի ընկող Սինգապուրում։

Հատկանշական է, որ «Նաիրիտի» նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վկայություններով, Խորհրդային Միության վերջին տարիներին ճապոնական մի ընկերություն առաջարկել է նմանատիպ զտիչ սարքեր տեղադրել «Նաիրիտի» արտանետման խողովակների վրա՝ պայմանով, որ զտված քիմիական նյութերը պետք է արտահանվեն Ճապոնիա, սակայն ինչ-ինչ պատճառներով մերժվել է ժամանակի պատասխանատու պաշտոնյաների կողմից։
Ատոմային էլեկտրակայանի դեպքում ևս Հայաստանը միակ երկիրը չէր Խորհրդային միությունում, որն ուներ այդպիսի վտանգավոր արտադրական օբյեկտ (ինչպես ժամանակի լեքսիկոնով կասվեր). այդ առումով Հայաստանի հետ բավականին համադրելի օրինակ է Լիտվան, որտեղ գործում էր Իգնալինայի ԱԷԿ-ը։ Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի ԱԷԿ-ի, որի ռեակտորը ВВЭР տեսակի էր, Իգնալինայի ԱԷԿ-ի ռեակտորը РБМК տեսակի էր, այսինքն այնպիսին, ինչպիսին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանինը։ Այդուհանդերձ, գնահատելով իրավիճակը, Լիտվայում այլ ճանապարհ ընտրեցին՝ 1987թ-ին գործարկեցին երկրորդ էներգաբլոկը, սակայն երրորդի կառուցումը կասեցրին (1987թ), ապա նաև ամբողջովին դադարեցրեցին (1989թ)։ Սակայն առաջին և երկրորդ էներգաբլոկները անխափան աշխատեցին մինչև սահմանված ժամկետները (համապատասխանաբար՝ մինչև 2004 և 2009թթ-ը)։ Ավելին, այն ժամանակ, երբ Հայաստանը խարխափում էր համատարած հովհարային անջատումներից, Իգնալինայի ԱԷԿ-ը ապահովում էր Լիտվայում էլեկտրաէներգիայի արտադրության 88%-ից ավելին (12.26 մլրդ կՎտ ժամ, 1993թ)։

Դասեր, որ այդպես էլ չսովորեցինք
Այո՛, անհերքելի է փաստը, որ «Նաիրիտ» գործարանի գործունեության արդյունքում վնասակար նյութերի արտանետումները վտանգում էին շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունը, իսկ ատոմային էլեկտրակայանի գոյությունն ինքնին վտանգավոր է Հայաստանի նման սեյսմիկ առումով անկայուն տարածաշրջանում։ Այդուհանդերձ, այսօր՝ 30 տարվա հեռավորությունից, կարող ենք հստակ նշել, որ և՛ «Նաիրիտի», և՛ ատոմային էլեկտրակայանի փակման որոշումները անշրջահայաց էին, իսկ առաջ բերվող այլընտրանքները այդ պահին գիտական ֆանտաստիկայի ժանրից, համեմատության համար Նիդեռլանդներում էլեկտրաէներգիայի արտադրությունը քամուց 1990թ-ին եղել է շուրջ 70 մլն կՎտ ժամ։ Պատկերավոր ասած, դա նման է նրան, որ գլուխը ցավելիս, ոչ թե բուժեն, այլ կտրեն-գցեն։ Իսկ բուժումը կայանում էր նրանում, որ պետք է խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ փնտրել, օրինակ, ներդրումներ կատարել արտադրական հզորությունների արդիականացման, բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և այլն, ինչպես աշխարհի մի շարք այլ երկրներում։

Թեև ներկայումս Հայաստանում դեռ մեծամասնություն է կազմում այն սերունդը, որը տեսել է այս երկու արդյունաբերական հսկաների փակման հետևանքները, մենք կարծես թե չենք սերտել այն դասը, որ տնտեսական որոշումները պետք է հիմնված լինեն ոչ թե ժամանակի հովերի, քաղաքական նպատակահարմարության [կարդացեք պոպուլիզմի] կամ էմոցիաների վրա, այլ չոր տնտեսագիտական հաշվարկների։ Ռուսերեն ասած՝ мы наступаем на те же грабли, այսօր էլ «անողոք» պայքար է ծավալվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, բուքմեյքերական գործունեության, ծխախոտի դեմ և այլն, հաճախ խառնելով «թացը» «չորի» հետ, ինչի արդյունքները մենք դեռ կզգանք․․․

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: