Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երբ կխստացվեն դրամավարկային պայմանները. ԿԲ խորհուրդը կհստակեցնի դրամավարկային քաղաքականության հաջորդ եռամսյակի ծրագրում

Վերադարձ լուրերի բաժին

11:08 , 09 Ապրիլ 2018

Ինչպես տեղեկացրել էինք, 2018 թ. մարտի 27-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: ԿԲ-ն այսօր հրապարակել է առավել մանրամասն տեղեկատվություն՝ մարտի 27-ի նիստի վերաբերյալ։

* * *

2018 թ. մարտի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը,  Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց մարտի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2018 թ-ի փետրվարին գրանցվել է 0.5% գնանկում, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է 3.3%: Այս ամիս ևս գնաճային զարգացումներն առավելապես պայմանավորվել են «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների փոփոխությամբ, որի կառուցվածքում նվազել են «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Միաժամանակ, ամսվա ընթացքում շարունակվել է մսի գների աճը: Հունվար-փետրվարի փաստացի արդյունքներից ելնելով՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մարտին գնաճային զարգացումները կընթանան կանխատեսված սցենարին համահունչ և 12-ամսյա գնաճը կգտնվի եռամսյակային սպասվող ցուցանիշի շրջակայքում:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2018 թ-ի սկզբին ևս պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն 2017 թ. տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ հունվար-փետրվար ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.6% ցուցանիշ: Արձանագրվեց նաև, որ շարունակվել են ներքին պահանջարկի աճի տեմպերի արագացման միտումները, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կանխատեսված ցուցանիշների զգալի գերազանցմամբ: Փաստվեց, որ ներքին պահանջարկի աճին նպաստել են իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի համեմատաբար բարձր տեմպերը (փետրվարին 12-ամսյա աճը՝ 17.6%):

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնք համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին: Այսպես, համաշխարհային տնտեսությունում շարունակվել են աճի կայունացման միտումները, մասնավորապես՝ Եվրոգոտում տնտեսական աճը փոքր-ինչ գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 2.7%, իսկ ԱՄՆ-ում և Ռուսաստանում դրանք որոշ չափով զիջել են գնահատված մակարդակները՝ կազմելով համապատասխանաբար 2.5% և 1.5%: Հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել են գնաճային զարգացումները, որոնք համահունչ են ԿԲ կանխատեսումներին, իսկ հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում, գների ընդհանուր նվազումների պարագայում, դիտվել է կաթնամթերքի և հացահատիկի թույլ գնաճ: Ելնելով իրենց երկրների մակրոտնտեսական և գնաճային զարգացումներից՝ Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը շարունակել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը, իսկ Ռուսաստանի կենտրոնական բանկը պահպանել է դրամավարկային պայմանների թուլացման ուղղվածությունը: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և փաստվեց, որ փետրվար-մարտ ժամանակահատվածում կարճաժամկետ տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, ինչին մասամբ նպաստել է ԿԲ կողմից ավելցուկային իրացվելիության ներքաշման գործիքների կիրառումը:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ  դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդն այսօր մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար չեզոքացնել դրամավարկային պայմանների խթանող ազդեցությունը: Սակայն, ելնելով արտաքին և ՀՀ տնտեսություններից առաջիկայում սպասվող ոչ էական գնաճային ազդեցություններից և հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա վերջին կուտակված լրացուցիչ գնաճային սպասումները զգալիորեն մեղմվել են, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման տևականության ապահովման համար: Արդյունքում 12-ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ: Ինչ վերաբերում է դրամավարկային պայմանների հնարավոր խստացմանը, ապա Խորհուրդը գտնում է, որ դրա ժամկետներն ու չափերը կհստակեցվեն Դրամավարկային քաղաքականության հաջորդ եռամսյակի ծրագրում:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. տեղեկացնում է Aysor.am-ը։

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում…