Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու». ՀՀ վարչապետի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի ճեպազրույցը

Վերադարձ լուրերի բաժին

16:13 , 25 Մարտ 2017

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է ճեպազրույցի սղագրությունը.

Շանթ հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ես ուզում եմ կրկին դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»:

Հ2 հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Սա զարմանք չէ՞:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:

Կենտրոն հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու:

Հանրային հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերելու Հայաստան: Իսկ Հայաստանը կամ Դուք ի՞նչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ,որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ:

Արմենիա հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Արդեն կա՞ որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ, և կա՞ն արդեն հստակ ծրագրեր, աշխատատեղերի մասով ի՞նչ հարց է լուծվում այս ներդրումներով: Ունե՞ք գնահատականներ:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Հարգելի ընկերներ, քանի որ էմոցիաներս շատ են, նորից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Չեք պատկերացնում՝ ինչքան շահագրգռված եմ, ավելին, նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևէ չեք փոշմանի, որ այսպիսի քայլ եք արել: Մենք դրանով կփոխենք մթնոլորտը Հայաստանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

ՏԵՍՆԱՅՈՒԹ: Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ

«Ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք»,- Նիկոլ Փաշինյան:

ՓՄՁ-ների համար. Ինչպես օգտվել արտոնյալ վարկի ծրագրից

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, 36 ամիս մարման ժամկետով, ընդ որում, առաջին 6 ամիսներին վարկի մարումներ չեն կատարվում։