Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Եկամտային հարկը հարկենք մարդու` չմեռնելու, նվազագույն սպառողական զամբյուղի գումարը նվազեցնելուց հետո միայն». Հակոբ Ավագյան

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 19 Փետրվար 2018

Կառավարության նախորդ նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԵԼՔ դաշինքի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

ԵԼՔ-ն առաջարկում էր`

1. ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` եկամտային հարկի 150 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ հարկման բազայի միջակայքում ավե­լացնել նոր միջակայքեր` 150 հազարից մինչև 300 հազար դրամը ներառյալ և 300 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ միջակայքերը` այդ միջակայքերի համար համապատաս­խա­նաբար սահմանելով եկամտային հարկի 26 տոկոս և 28 տոկոս դրույքաչափերը` ներ­կա­յումս եկամտային հարկի 150 հա­զա­րից մինչև 2 մլն դրամը ներառյալ հարկման բազայի միջա­կայքի համար սահմանված 28 տո­կոսի փոխարեն,

2. սահմանել, որ դիզելային վառելիքի ներ­մուծումն ու օտարումն ազատված է ԱԱՀ-ից,

3. վերականգնել բենզինի և սեղմված բնական գազի` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ակցիզային հարկի դրույ­քաչափերը:

Կառավարությունը եզրակացրեց, որ նախա­­գծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկա­մուտների նվազեցման։ Իսկ դա նշանակում էր, որ Ազգային ժողովում այդ նախագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Փետրվարի 16-ին օրենքի նախագիծը դրեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 38 պատգամավոր: ԵԼՔ-ի նախագիծն, այսպիսով, չընդունվեց։

ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանի համոզմամբ՝ ԵԼՔ-ի նախագիծը շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն էր, մասնավորապես, աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների հարկման դրույքաչափերի այսքան չարչրկված հարցը: «Բայց մինչև անդրադառնալը բուն առաջարկին և դրա մերժմանը, նորից մեկ անգամ պետք է մեր ուշադրությունը սևեռեմ մի շատ կարևոր հարցի: Մենք՝ հասարակական սեկտորը, պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները, այդպես էլ չկարողացանք երկխոսության գեղեցիկ մշակույթ ձևավորել, որպեսզի յուրաքանչյուր խնդրահարույց, օրենսդրական բացի քննարկում մեկ անգամ, միասնական քննարկենք և ստանանք կոնսեսուսի եկած վերջնական տարբերակ: Լուծում, որն առնվազն կբավարարի ապագա հինգ տարիների համար, կսահմանի հստակ խաղի կանոններ», – B4B.am-ին ասաց Հակոբ Ավագյանը:

Վերջինիս խոսքերով, աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը միայն հարկային եկամուտների պլանն ապահովող միջոց չէ, այլ ուղիղ ազդեցությունն է սոցիալական, կեցության, մարդկանց եկամուտների բաշխման, վերաբաշխման, որքան էլ զարմանալի թվա՝ հավասար մրցակցության և ի վերջո արդարության:

«Արդարություն ասելով՝ նկատի ունեմ մի հստակ առաջարկություն, որը մի քանի անգամ հնչեցրել ու առաջարկել ենք: Դա տարիներ առաջ՝ մինչև 2013թ-ի հունվարի 1-ը, գոյություն ունեցող աշխատավարձի չհարկվող շեմի վերականգնումն է: Մենք մինչ այդ ունեինք աշխատավարձից թույլատրելի նվազեցման չափ՝ ամսական 30,000 դրամի չափով, որից հետո միայն կիրառվում էր հարկման դրույքաչափը: Հիմա, երբ մեր վիճակագրական ծառայությունները փաստում են, որ մարդու պարենային սպառողական նվազագույն զամբյուղը մոտ 33,000 դրամի չափ է, այսինքն՝ դա այն մինիմումն է, որը պետք է մարդը ուտի, որ չմեռնի, ապա այդ ինչպե՞ս ենք դա հարկում:

Երբ մեր կառավարության անդամները օրինակներ են բերում աշխարհի տարբեր երկրներից, չգիտես ինչու, այս օրինակները չեն բերում: Սա այն դեպքում, երբ նման պրակտիկա այսօր էլ կա մի շարք եվրոպական երկրներում, բնական է՝ այդ երկրներում հաշվարկված նվազագույնի չափով: Բացի այդ, աշխատավարձից նվազեցումներից հարցը պետք է նայել նաև երկրի այլ սոցիալական կարգավորումների շղթայում: Օրինակ, հիմա սոցապ նախարարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ՝ բազմազավակության մասին օրենքով: Այստեղ ևս պետք է նախատեսվի, որ բազմազավակ ընտանիքի հայրը, մայրը իրենց ստացած աշխատավարձից ավելի քիչ հարկ վճարեն քան մյուսները:   Այսինքն չի կարելի այս ձեռագրով շարունակել՝ ֆիսկալ մարմինները իրենց կողմից և բացառապես իրենց տեսանկյունից առաջարկներ անեն, մյուս գերատեսչություններն ու շահագրգիռ կողմերն էլ՝ իրենց: Վերջապես պետք է կարողանա՞նք միասնական առաջարկներ ձևավորելու մշակույթ մեր մեջ ներդնենք, թե՞ ոչ», – ասում է մեր զրուցակիցը:

Հակոբ Ավագյանը ընդունելի չի համարում, երբ ֆինանսների նախարարությունը առաջարկ ներկայացնողին քննադատում է, որ առաջարկները պետք է ներկայացնել ոչ թե միայն դրույքաչափերի համեմատականներով այլ հարկային մարմիններ ներկայացրած հաշվետվությունների թվերի վերլուծություններով. «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ նման պատասխան ենք ստանում: Ֆինանսների նախարարությունն անտեսում է այն տվյալները, որոնք արտացոլված չեն հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում, այս դեպքում օրինակ, կանխիկ տրվող աշխատավարձների ցուցանիշները, կամ այն ազդեցություններն ու անհավասար մրցակցային պայմանները բիզնեսում: Ի սկզբանե, տրամադրված լինելով մերժելու առաջարկները, պետական մարմինները մեջբերում են միայն պաշտոնական տվյալները, որոնք տվյալ պահին կօգնեն նրանց հիմնավորել իրենց մերժումը»:

Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի առաջարկին` Հակոբ Ավագյանն ասում է. «Ոչ մի կերպ չցանկանալով փնովել նրանց առաջարկությունը` կներեք, բայց դա լավագույններից չի: Դեռևս հարկային օրենսգրքի նախագծային փուլում մեր, մեր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների, փորձագետների կողմից շատ ավելի լավ առաջարկներ հնչեցվել և ներկայացվել են»:

Այնուամենայնիվ, եկամտային հարկի հաշվարկման բանաձևում Հակոբ Ավագյանը ևս մեկ անգամ առաջարկում է փոփոխություններ անել և հաշվարկել հետևյալ կերպ՝

Եկամտային հարկը = (Աշխատավարձ-նվազեցում (33,000 նվազագույն պարենային զամբյուղ, այլ նվազեցումներ(բազմազավակության գործակից))-5%(պարտադիր սոցիալական վճար) – 1%(արհեստակցական միությունների վճար) – 1,000(դրոշմանիշային վճար))* եկամտային հարկի դրույքաչափը:

Դրույքաչափերն էլ հետևյալ պրոգրեսիայով՝

(>=150,000) =>  20 %;

(150,000>1,0մլն) =>  23 %;

(1,0>2,0մլն) =>  26 %;

2,0 մլն դրամից ավելի՝ 28%:

Հակոբ Ավագյանը պարզաբանում է, որ առաջին շեմի դրույքաչափը առնվազն պետք է հավասար լինի շահութահարկի դրույքաչափին, այն պարզ պատճառով, որ երբ գործատուն մտածում է թաքցնի վարձու աշխատողին դրանից ծախսերը կքչանան, և նա կվճարի ավելի շատ շահութահարկ: Իսկ այս դեպքում կվճարի եկամտային հարկ, կնվազեցնի շահութահարկը:

«Մեր ներկայացրած մոդելում եք տեսնում եք նաև այն նվազեցումները դրոշմանիշային վճարի, սոցիալական վճարի, արհեստակցական միությունների վճարների տեսքով, որոնք ևս պետք չէ մոռանալ, որպես բեռ գործատուի կամ վարձու աշխատողի վրա: Եվ վերջապես, երբ մենք քննարկում ենք եկամտային հարկի դրույքաչափերը, ապա չպետք է մոռանանք նաև այսօր գործող այլ պարտադիր վճարների մասին: Իսկ արհեստակցական միությունների վճարները կբերեն նաև այդ ոլորտի զարգացմանը, որի կարիքը մեր երկիրը շատ ունի»,- ասում է Հակոբ Ավագյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։