Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ե՞րբ օտարերկրյա զբոսաշրջությունը կվերադառնա Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Ճանապարհորդ, բլոգեր, մասնագիտությամբ տնտեսագետ Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կասեմ այն, ինչ հասկացել եմ իրավիճակից՝ առանց մասնագետի կարծիքի հավակնություն ունենալու: Այսպես, ուղիղ երկու ամիս առաջ՝ 2020 թվականի մարտին, տուրիզմը Հայաստանում անկում ապրեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այստեղ կարևոր է նշել, որ սահմանափակումներ մտցված են ամբողջ աշխարհում, և տվյալ պահին տուրիզմ չկա ոչ մի տեղ: Հայաստանի խնդիրն այն է, որ տուրիզմի հասույթը կազմում է ՀՆԱ-ի 15-25%-ը: Հստակ գումարը հաշվելը դժվար է, քանի որ երկրում դեռ նոր են սկսել հարկային բարեփոխումները, իսկ մինչ մոտ ժամանակները տուրիստական շահույթի զգալի մասը կորչում էր, պարզապես «մնում էր ստվերում», այսինքն՝ չէր հասնում պետական բյուջե:
Իրադարձությունների ցանկացած դասավորման դեպքում, այսքան ուժեղ կախվածությունն արտաքին տուրիզմի շահույթից ավելի է երկարաձգում տուրիզմի վերաբացումը և այն վերածում խնդրի: Համեմատելու համար՝ ԱՄՆ-ում տուրիզմի շահույթը ՀՆԱ-ի 2%-ն է, Միացյալ Թագավորությունում՝ 3,5%, Իսրայելում՝ 5%:

Կփոխարինի՞ արդյոք ներքին տուրիզմն արտաքին տուրիզմին:
Մայիսի 16-ի իր ելույթում վարչապետ Փաշինյանը, իմ կարծիքով, իրավացիորեն հայտարարեց, որ փակ սահմանների դեպքում պետք է զարգացնել ներքին տուրիզմը: Ես կավելացնեի նաև, որ ներքին տուրիզմը պետք է զարգացնել ոչ միայն կորոնավիրուսային ժամանակներում: Եվրոպական երկրներում ներքին տուրիզմը կազմում է տուրիզմի շահույթի 30-50%, շահույթը գալիս է այն տուրիստներից, որոնք այցելում են տեսարժան վայրեր և մնում հյուրանոցներում և հանգստյան տներում: Դրա հետ մեկտեղ փորձեք հիշել արդյո՞ք շատ հայերի եք տեսել Գյումրու, Ստեփանավանի կամ Գորիսի հյուրանոցներում: Հարցրեք Երևանի զբոսաշրջային ընկերություններին արդյո՞ք շատ երևանցիներ են ուղեգրեր գնում դեպի Սյունիք կամ Լոռի: Ժամանակ մի ծախսեք՝ ես արդեն հարցրել եմ: Ինձ պատասխանել են, որ տուր վերցնողների 95%-ն արտասահմանցիներ են: Հենց դրա պատճառով էլ կորոնավիրուսն աղետ դարձավ հայկական տուրիզմի համար:
Այսօրվա կարանտինային սահմանափակումները գրեթե հանվել են, և ոչինչ չի խանգարում հայերին ճանապարհորդել հայրենի երկրով, Հյուրանոցները մինչև հիմա դատարկ են, օտարերկրացի տուրիստների համար նախատեսված տուրերն անհասանելի են: Տասնյակ հազարավոր տուրիզմի ոլորտի աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի և եկամտի: Իսկ եթե երկրում լիներ հայրենի երկրի հանգստյան և ճանապարհորդության մշակույթ, այդպիսի իրավիճակ չէր ստեղծվի:

Օրինակ բերեմ Իսրայելը, որտեղ երկու ամիս գործում էին նույն սահմանափակումները, ինչ Հայաստանում: Այսօր գրեթե բոլոր սահմանափակումները հանված են, և չնայած սահմանները դեռևս փակ են, իսրայելցիները զանգվածաբար ճամփորդում են իրենց երկրում: Ես ընթացիկ շաբաթն անցկացրել եմ Իսրայելով ճամփորդելով և ամենուրեք հանդիպել եմ մարդկանցով լեցուն ծովափեր, այգիներ, հազարավոր ընտանիքներ, որոնք ճանապարհորդում էին իրենց մեքենաներով կամ հասարակական տրանսպորտով:

Դեռևս մեկ շաբաթ առաջ առողջապահության նախարարության սահմանափակումների պատճառով դատարկ մնացած հյուրանոցները և ցիմերներն այսօր լցվում են հանգստացողներով: Կրկին աշխատեցին ընկերությունները, որոնք մասնագիտացել են էքստրեմալ զբոսաշրջության ուղղությամբ՝ ջիփերով երթ, լեռնագնացություն, գետերի հոսանքով լաստանավում: Ընդ որում, նման հանգստի պահանջարկն անսպասելիորեն գերազանցեց առաջարկը, ինչը հանգեցրեց գների աճին: Եթե երկու շաբաթ առաջ ես կարողացա Երուսաղեմում, Էյլաթում կամ Գալիլյայում հյուրանոց ամրագրել համեստ գնով՝ 30-50 դոլար մեկ գիշերվա համար, ապա այսօր նման գին այլևս չկա՝ այլ դրա եռակի թանկը: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ այս սեզոնին ներքին զբոսաշրջությունը կգերազանցի անցած տարվա զբոսաշրջային եկամտի 60%-ը: Այո, առանց օտարերկրյա հյուրերի ծանր է, բայց նման ծայրահեղ իրավիճակ, ինչպիսին Հայաստանում է, նույնպես չի լինի:

Ե՞րբ կվերականգնվի ավիահաղորդկացությունը

Իսրայելն արդեն հայտարարել է, որ հունիսի 15-ից վերսկսվելու են թռիչքները դեպի այն երկրներ, որոնք համարվում են կանաչ գոտի, այսինքն՝ որոնք կարողացել են վերահսկողության տակ վերցնել կորոնավիրուսը՝ Կիպրոսը, Հունաստանը, Չեխիան, Սլովակիան, Լիտվան, Լեհաստան, Ավստրիան, Դանիան, Չեռնոգորիան, Խորվաթիան: Եթե մինչև հունիսի վերջը նշված երկրների ուղղությամբ սահմանը և թռիչքները բացելը չբերի հիվանդացածների թվի աճ, ապա երկրների ցուցակը կհասնի մոտ 30-ի՝ այդ թվում՝ Վրաստանը: Խոսքն այն մասին է, որ նշված երկրներից ժամանող և այնտեղ գնացող զբոսաշրջիկները կարող են ազատորեն տեղաշարժվել՝ առանց ժամանելուց հետո կարանտինի կամ բուժզննման ենթարկվելու: Բոլոր սահմաններն ամբողջությամբ բացելը և բոլոր ավիաընկերությունների վերադարձը նախատեսված է իրականացնել օգոստոսին:

Հիմա վերադառնանք Հայաստան: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է բանակցություն սկսի, որպեսզի մտնի եթե ոչ հունիսի 15-ից բացվող երկրների ցանկ, ապա նվազագույնը՝ երկրորդ խմբի մեջ, որի ուղղությամբ բացումը նախատեսված է հուլիսի սկզբին: Եթե դրան կարողացել է հասնել Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի իրավիճակն առանձնապես չի տարբերվում Հայաստանից, ապա Երևանին պետք է եվրոպացի գործընկերներին հասկացնել, որ կորոնավիրուսն արդեն վերահսկելի է, և դուք, որպես երկիր անվտանգ եք եվրոպացի զբոսաշրջիկների համար: Ենթադրում եմ, որ նման հարցերում քաղաքականությունն ավելի մեծ դեր կխաղա, քան հիվանդացության իրական մակարդակը: Ուստի պետք է հարկ եղած չափով աշխատել՝ կանաչ ցուցակում ներառվելու և միջազգային զբոսաշրջությունը վերականգնելու համար:

Հայաստանը, իհարկե, պետք է հստակեցնի, թե որ երկրների համար է բացում սահմանը, իսկ որ երկրների համար՝ դեռ ոչ: Ուշադրություն դարձրեք, որ եվրոպացիք տուրիզմի համար անվտանգ երկրների ցուցակում չեն ընդգրկել Եվրամիության հարևան երկրների մեծ մասին: Ցուցակից բացակայում են նաև ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որտեղ համավարակի իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Ուստի, եթե սահմանը բացվի Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների համար, հնարավոր է դուրս մնալ Եվրոպայի տեսակետից անվտանգ երկրների ցուցակից: Դա ծանր ընտրություն կլինի, քանի որ ռուսաստանցիները Հայաստան եկող զբոսաշրջիկների զգալի մասն են:
Ամփոփում
Եթե Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատի միջազգային մակարդակում և Եվրոպային համոզի, որ համավարակի տեսակետից երկիրն անվտանգ է, օտարերկրյա զբոսաշրջիկները կվերադառնան՝ այս տարվա հուլիսի առաջին օրերից սկսած: Եթե ոչինչ չարվի ու սպասեն լավ օրերին, ապա օտարերկրյա զբոսաշրջիկները, միևնույն է, կսկսեն վերադառնալ, սակայն մոտավորապես սեպտեմբերին, և սեզոնն ամբողջությամբ կտապալվի:

Նաև կարծում եմ, որ ամբողջ աշխարհում նախկին կարանտինային ռեժիմին վերադարձ չի լինի, եթե նույնիսկ սահմանների բացումը բերի հիվանդացության փոքր աճ: Աշխարհը սովորել է պայքարել կորոնավիրուսի դեմ և հասկացել, որ ոչ թե վարակն է սարսափելի, այլ տնտեսության համար դրա դեմ պայքարի մեթոդներն են կործանարար: Վերադարձող թե սեփական քաղաքացիների և թե օտարերկրացիների համար կարանտինի բոլոր տեսակները կհանվեն, մինչև ամառվա վերջը կվերացնեն նաև հյուրանոցներում, լողափերին և ռեստորաններում հյուրերի, քանակի սահմանափակումները: Այդ ամենը կկատարվի, որովհետև բիզնես նման սահմանափակումների պայմաններում պարզապես չի կարողանա գոյատևել, և բոլորը դա հասկանում են: Ռեստորանը չի կարող գործել, պայմանական վերցրած՝ չորս քառակուսի մետր տարածքում մեկ մարդ ընդունելու սահմանափակման դեպքում: Նմանապես հյուրանոցը չի կարող գոյատևել, եթե այնտեղ սահմանափակում մտցվի մինչև 50% զբաղվածություն:

Դե, հայերն էլ պետք է օր առաջ սկսեն սիրել հայրենի երկիրը: Պետք է սկսեն մտածել, որ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ձեզ: Դա նշանակում է, որ ձեր երկիրը գեղեցիկ է, հյուրընկալ և համեղ: Միլիոնավոր զբոսաշրջիկները չեն կարող սխալվել, բացահայտե՛ք ձեզ համար Հայաստանը նաև դուք՝ Հայաստանի բնակիչներդ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

Նավթային ոլորտի ներդրումները կնվազեն

Այս տարվա ընթացքում ակնկալվում է նվազում մոտ մեկ երրորդով: