Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրամական փոխանցումների ներհոսքը շարունակում է աճել

Վերադարձ լուրերի բաժին

12:33 , 06 Հունիս 2018

2018 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձին բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 492.8 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 70.6 մլն դոլարով կամ 16.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի բազաներից։

Սա նշանակում է, որ 2017 թվականից սկսած միտումը շարունակվում է, և դրամական փոխանցումների ներհոսքի ծավալն աստիճանաբար վերականգնվում է։ Հիշեցնենք, որ, եթե 2014 թվականին դրամական փոխանցումների ներհոսքն ավելի քան 2.1 մլրդ դոլար էր, ապա 2015-ին այն կտրուկ նվազեց՝ հասնելով 1.631 մլրդ դոլարի, իսկ 2016-ին հասավ 1.533 մլրդ դոլարի։ 2017 թվականին դրամական փոխանցումների ներհոսքը աճեց՝ կազմելով 1.757 մլրդ դոլար։ Իսկ եթե այս տարի աճի տեմպերը պահպանվեն, ապա ցուցանիշը կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը։

Դրամական փոխանցումների ներհոսքի մեծ մասը՝ շուրջ 270 մլն դոլար, եկել է Ռուսաստանից։ ԱՄՆ-ից Հայաստան ներհոսքի ծավալը եղել է 59 մլն դոլար։

Նույն ժամանակահատվածում՝ 2018 թվականի առաջին չորս ամիսներին, դրամական փոխանցումների արտահոսքը (ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումները) կազմել է 314 մլն դոլար։ Արտահոսքը նույնպես աճել է, սակայն ավելի քիչ, քան ներհոսքը՝ 44.2 մլն դոլարով կամ 16.4%-ով։

Արդյունքում՝ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2018-ի առաջին չորս ամիսներին կազմել է 178.8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 152.5 մլն դոլարի դիմաց։

remit001

Այս տվյալները վերաբերում էին հունվար-ապրիլ ժամանակահատվածին։ Սակայն կարծում ենք՝ ընթերցողին ոչ պակաս հետաքրքիր կլինի նաև առանձին ապրիլ ամսվա դինամիկան, հաշվի առնելով, որ թավշյա հեղափոխության գործողությունների մեծ մասը տեղի էր ունենում հենց ապրիլի երկրորդ կեսին։

Մայիսի սկզբին խոսակցություններ էին շրջանառվում, որ ապրիլի վերջին տասնօրյակում Հայաստանի բանկային համակարգից մեծ ծավալի՝ մի քանի հարյուր մլն դոլարի արտարժույթ է փոխանցվել այլ երկրներ։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հերքեց այդ տեղեկությունները, սակայն խոսակցությունները մինչ օրս ամբողջությամբ չեն դադարել։

ՀՀ ԿԲ այս տվյալները ցույց են տալիս, որ գոնե ֆիզիկական անձանց մասով նման արտառոց տեղաշարժ չկա։ Այսպես, 2018 թվականի ապրիլ ամսին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկիր է փոխանցվել 93.7 մլն դոլար։ Ճիշտ է՝ 2017 թվականի ապրիլի համեմատ այդ գումարն աճել է 7,4 մլն դոլարով կամ 8,6%-ով, սակայն սա արտառոց աճ չէ և լիովին տեղավորվում է վերջին տարիների դինամիկայի մեջ։ Օրինակ, 2017 թվականի ապրիլին՝ 2016-ի ապրիլի համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքն աճել էր ավելի շատ՝ 20 մլն դոլարով կամ 30%-ով։

Այսինքն, կարող ենք ասել, որ գոնե ֆիզիկական անձանց կողմից հեղափոխությամբ պայմանավորված կապիտալի արտահոսք չի եղել։

remit002

Նշենք նաև, որ 2018-ի ապրիլին ֆիզիկական անձանց կողմից արտերկիր ուղարկված 93.7 մլն դոլարից 30 մլն դոլարը փոխանցվել է Ռուսաստան, 15 մլն դոլարը՝ ԱՄՆ, մնացածը՝ այլ երկրներ։

Միևնույն ժամանակ, ապրիլ ամսին ֆիզանձանց կողմից արտերկրից Հայաստան է փոխանցվել 125,4 մլն դոլար՝ 2017 թվականի ապրիլի 109,3 մլն դոլարի դիմաց։ Ապրիլը ապրիլի համեմատ ներհոսքն աճել է 16,1 մլն դոլարով կամ 14,7%-ով։ Այսինքն՝ թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ տոկոսային առումով դրամական փոխանցումների ներհոսքի հավելաճն ավելի մեծ է, քան արտահոսքի դեպքում։ 2018 թվականի ապրիլին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 31,7 մլն դոլար՝ նախորդ տարվա ապրիլի 23 մլն դոլարի դիմաց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ էր «փախել» Հայաստանի ֆինանսական համակարգից և որքանն է վերադարձել

Միայն ապրիլ ամսվա ընթացքում ԿԲ-ում ՀՀ առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները նվազել են մոտ 71.7 մլրդ դրամի չափով

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները

Որքանո՞վ եք պաշտպանված խարդախներից (թեստ)

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և B4B.am-ը ներկայացնում են այս համատեղ փոքրիկ նախագիծը։