Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դրա՞մ, թե՞ դոլար. ո՞ր արժույթով ավանդ դնել՝ առավելագույնս շահելու համար

Վերադարձ լուրերի բաժին

10:33 , 20 Մարտ 2018

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հետաքրքիր գրառում է արել Linkedin սոցիալական ցանցի իր էջում, որտեղ պարզ լեզվով, բայց հիմնավորված փաստարկներով ցույց է տալիս՝ եթե 15 տարի առաջ բանկում ավանդ դրած լինեինք, ո՞ր դեպքում շահած դուրս կգայինք` դոլարո՞վ ավանդի, թե՞ դրամային ավանդի։

Ներկայացնում ենք Վ. Ավետիքյանի գրառումն ամբողջությամբ:

* * *

Շատ եմ լսել. «Ախպեր, ես բանկում մենակ դոլարով եմ փող գցում» կամ «Էն կենսաթոշակային ռեֆորմը, որ դոլարով անեիք, կարող ա կպնեինք» կամ «30 տարի կենսաթոշակայինը դրամով կուտակեմ, որ հետո ի՞նչ ստանամ. կոպեկնե՞ր» կամ «Էտքան տարի հետո դրամով կուտակածը հաստատ մի անարժեք բան ա լինելու»: Շատ էի մտածում, որ այս բոլոր ֆինանսական «ռազմավարություններն» ու մտքերը պետք է, որ սխալ լինեն: Մտածում էի. եթե երեք տարբեր հայկական բանկերում դոլարով ու դրամով 100 դոլար (և դրան համարժեք դրամ) ավանդ ներդնեինք հինգ տարի առաջ (իհարկե դրամով ավանդը ներդրվեր 5 տարի առաջվա ներդրման պահին օրվա իրական փոխարժեքով) այսօր այդ ավանդները որքա՞ն կկազմեին` հաշվարկված ավանդը ընդունող բանկերի իրական տոկոսներով:

Քանի որ ընկերներս ասում են, որ համառն եմ, համոզեցի գործընկերոջս` Հայկ Բաբայանին (որ հետո չասեն իրավաբանի հաշվածը ի՞նչ պիտի լինի), որ հաշվարկներն անի: Կրկնում եմ. ռեալ փոխարժեքներներով ու տոկոսներով ու իրական բանկերում (այդ բանկերը այսօր էլ գործում են): Եվ հաշվարկը ի՞նչ ցույց տվեց: Ուշադրություն, ուշադրություն: Տիկնայք ու պարոնայք, դյուրահավատ հայեր:

Բանկ 1-ում Ձեր 100 դոլար ավանդը այսօր կլիներ 164.1 դոլար, իսկ դրամայինը` 181.4 դոլարին համարժեք դրամ, Բանկ 2-ում 162.3 դոլար, իսկ դրամայինը` 182.2 դոլարին համարժեք դրամ, իսկ Բանկ 3-ում 143.9 դոլար, իսկ դրամայինը` 157.2 դոլարին համարժեք դրամ: Բա:

Ահա և գրաֆիկական տեսքով, որտեղ կապույտ գիծը դրամով ավանդի աճն է ցույց տալիս, իսկ կարմիրը` դոլարինը, որն, իհարկ,ե պարտվում է դրամին:

varouzhan-01

Գիտեմ: Հիմա շատերը կասեն, որ կենսաթոշակայինը երկարաժամկետ է, որ իրենց երեխաների համար կապիտալ են հավաքում, և այլն, և այլն: Դրա մասին էլ ենք մտածել: Հայկը հաշվարկը արել է նաև 15 տարվա համար, և ահա արդյունքները:

15 տարի առաջ Բանկ 1-ում Ձեր 100 դոլար ավանդը այսօր կլիներ 303.5 դոլար, իսկ դրամայինը` 451.8 դոլարին համարժեք դրամ, Բանկ 2-ում 294.1դոլար, իսկ դրամայինը` 421.8 դոլարին համարժեք դրամ, իսկ Բանկ 3-ում 217.7 դոլար, իսկ դրամայինը` 276 դոլարին համարժեք դրամ: Կրկնակի, բա: Այստեղ նույնպես կարող եք տեսնել գրաֆիկական համեմատությունը, որտեղ կապույտները միանշանակ ջախջախիչ հաղթանակ են տանում:

varouzhan-02

Փաստորեն, եթե Ձեր 100 դոլար ավանդը Բանկ 1-ում 15 տարի առաջ դրամով ներդնեիք, այսօր նույն ավանդը 148.3 դոլարով կամ 33%-ով ավել կլիներ, քան եթե այն ներդնեիք դոլարով: Համապատասխանաբար Բանկ 2-ում 127.7 դոլարով կամ 30%-ով ավել ու Բանկ 3-ում 58.3 դոլարով կամ 21%-ով:

Այնպես, որ չարժի կենսաթոշակային ռեֆորմին չհավատալ կամ չվստահել Հայոց դրամին: Դրամը միշտ էլ հաղթելու է:

Հ.Գ. Նրանք, ովքեր կասկածում են թվերին, ապա կարող եմ ամբողջ թվային շարքը (ռեալ բանկային տոկոսներով ու փոխարժեքներով) տալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ