Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դա զուտ «թիմը ձգելու», «տոնուսի մեջ պահելու» համար է». վարչապետը՝ Doing Business-ում հստակ նշաձողեր սահմանելու մասին

Վերադարձ լուրերի բաժին

16:34 , 02 Նոյեմբեր 2017

Արդեն տեղեկացրել ենք, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business 2018 զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով նահանջել է 9 հորիզոնականով. զբաղեցրել է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 38-րդ տեղի համեմատ:  Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ,այս փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները: Հայաստանի միավորն աճել է, սակայն ետ ենք գնացել, քանի որ մյուսներինն ավելի շատ է աճել։

Կառավարությունը, հիշեցնենք, իր ծրագրերում նախատեսել էր մի քանի հորիզոնականով բարելավել Հայաստանի դիրքը այս զեկույցում և հայտնվել առաջին քսանյակում։

Եթե այդ զեկույցում մեր տեղաշարժը միայն մեզնով պայմանավորված չէ, ըստ էության՝ անկանխատեսելի է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի կառավարության ծրագրերում կոնկրետ թիրախները դնել՝ հորիզոնականի հետ կապված։

Այս հարցը այսօր ուղղեցինք վարչապետ Կարեն Կարապետյանին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ճիշտ հարց եք տալիս։ Ասեմ՝ եթե նկատել եք 100 օրվա հաշվետվությունը մենք ձեզ ներկայացրել ենք գրավոր, մեկ տարվա հաշվետվությունը ներայացրել ենք գրավոր։ Այսօր ասուլիսի ժամանակ մաքսիմալ ձեզ նյութ ենք տրամադրում, որպեսզի ինքներս հետագայում չասենք՝ մեր խոսքը ճիշտ չեք հասկացել, ճիշտ չեք մեկնաբանել, և, եթե լինի քննադատություն կամ առաջարկություն, լինի առարկայական։

Doing Business-ում երկրներ կան, որ ցուցանիշով մեզնից ետ են, բայց կյանքի որակով մեզնից առաջ են։ Դա կատաստրոֆա՞ է։ Ոչ։ 

Ինչո՞ւ ենք մենք կոնկրետ թիվ դրել՝ որպեսզի պարտավորվածություն զգանք։ Վաղը կամ մյուս օրը եթե այդ թվին չհասնենք, դուրս կգանք և հանրությանը կասենք, թե ինչն էր պատճառը։ Եթե այդ թվին չհասնենք, բայց դուք բոլորդ զգաք, որ մենք ավելի զարգացող, ավելի կյանքը լավացող երկրում ենք ապրում, կարծում եմ, մեզ շատ չեք քննադատի, որ մենք N-րդը չենք, այլ N+1-րդն ենք։

Դա զուտ «թիմը ձգելու», «տոնուսի մեջ պահելու» համար է», – պատասխանեց Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ մինչ ասուլիսը տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը անդրադարձել էր  «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին և 9 հորիզոնականով նահանջին։

«Թեև զեկույցում, դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար։

Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ միայն կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում, 79-րդից 73 տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54 -ից 33 հորիզոնական զբաղեցնելը նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը։

Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտներում, որտեղ արձանագրվել է անկում՝ դատական և իրավական ապահովման ոլորտները, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,-նշել է վարչապետը։

Ի լրումն նախորդ նիստում տրված՝ ծրագրային բարեփոխումների համար տեսանելի արդյունքների մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև՝ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ։

Նույն ժամկետում առաջարկություն կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցության և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

Թերսնվող Հայաստան. մոտ 450 հազար հոգու սննդակարգում 70%-ը հացն է և կարտոֆիլը

Օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար