Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դատախազությունը Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:48 , 05 Ապրիլ 2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016 թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնել է, որ նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ապահովել նշված ՊՈԱԿ-ներին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը:

ՀՀ կառավարության նշված որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 07.12.2016թ. և «Հայաստանի ազգային պատկերսրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի 21.01.2017թ. հրամաններով ստեղծվել է հանձնաժողով՝ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով, սակայն նշված աշխատանքները չեն կատարվել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբևէ չի իրականացվել՝ չնայած օրենսդրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ ակտիվների և պարտավորությունների գույքագրումը պարտադիր է:

ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաև կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:

Այսպիսով ՀՀ մշակույթի նախարարության և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով գողության, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: