Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավոսում ՀՆԱ-ի ցուցանիշին այլընտրանք են առաջարկում. Ի՞նչ է ՆԶՀ-ն (IDI)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 29 Հունվար 2018

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում ակտիվորեն քննարկվել է երկրների տնտեսական զարգացման մակարդակը գնահատելու այլընտրանքային համակարգը։ Ներկայումս երկրների համեմատության գլխավոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Նոր ցուցանիշը հեղինակները համարում են ՀՆԱ-ի ավելի ժամանակակից անալոգ։

Ինչ է նոր համակարգը

Այն կոչվում է ներառական* զարգացման համարաթիվ կամ վարկանիշ (Inclusive Development Index): Հեղինակների մտահաղացմամբ, այն պետք է «տեղեկացնի հասարակությանը և նպաստի կայուն ու ներառական տնտեսական զարգացմանը»։

* Ներառական տերմինը նշանակում է, որ պրոցեսի մեջ ներգրավված են բոլոր հնարավոր մասնակիցները։ Օրինակ՝ հաշվի են առնվում բնակչության բոլոր շերտերի շահերը։

Ավելի պարզ ասած, ՆԶՀ-ն մի ցուցանիշ է, որը հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլ նաև ևս 11 պարամետրեր։ Իսկ սա նշանակում է, որ այս ցուցանիշը ավելի լիարժեք է արտացոլում իրական վիճակը երկրում, և ոչ թե միայն տեղեկություն տալիս արտադրական հզորությունների մասին։ Համարանիշը կազմվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Ինչպես է հաշվարկվում ՆԶՀ-ն

Այն պարունակում է 12 ցուցանիշներ, որոնք բաժանված են 3 խմբի.

Աճ և զարգացում

– Մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ԱՄՆ դոլար՝ 2000 թվականի արժեքով)

– Աշխատանքի արտադրողականություն (ՀՆԱ՝ 1 աշխատողի հաշվով)

– Առողջ կյանքի սպասվող տևողություն (տարիներ)

– Բնակչության զբաղվածության մակարդակը (տոկոս)

Ներառականություն

– Հասարակության եկամուտների բևեռացվածության գործակիցը (եթե բևեռացում չկա, արժեքը՝ 100)

– Աղքատության մակարդակը (տոկոս)

– Հասարակության բևեռացվածության գործակիցը՝ ըստ հարստության (եթե բևեռացում չկա, արժեքը՝ 100)

– Մեդիանային եկամուտ** (ԱՄՆ դոլար)

** – Մեդիանային եկամուտը չպետք է շփոթել միջին եկամտի հետ։ Մեդիանային եկամուտը պայմանականորեն երկու մասի է բաժանում բնակչությունը՝ մարդիկ, ովքեր ստանում են դրանից բարձր և ցածր։ Օրինակ, եթե բնակչությունը 2 մլն է, ապա 100 հազար դրամ մեդիանային եկամուտը նշանակում է, որ 1 մլն մարդ 100 հազար դրամից քիչ է ստանում, 1 մլն մարդ՝ դրանից շատ։

Սերունդների անընդհատությունը և զարգացման կայունությունը

– Ճշգրտված զուտ խնայողությունները (ՀՆԱ-ի տոկոս)

– ՀՆԱ-ի ջերմոցային ինտենսիվություն (CO₂ արտանետումները՝ 1 դոլարի հաշվով, կգ)

– Պետական պարտք (ՀՆԱ-ի տոկոս)

– Ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակից*** (տոկոս)

*** – Սոցիալապես կախյալ մարդկանց (մինչև 15 տարեկան երեխաներ և 64 տարեկանից բարձր մարդիկ) և աշխատունակ բնակչության հարաբերակցությունը։

Այս ցուցանիշների հիման վրա կազմվում են նախ խմբային համարաթվերը (ինդեքսները), որոնց թվաբանական միջինից էլ ստացվում է վերջնական համարաթիվը։

ՆԶՀի գծով առաջատարները

Համաշխարհային տնտեսական ֆորումը 30 երկրների վարկանիշ է կազմել։ Ներառական զարգացման մակարդակով առաջատարներն են Նորվեգիան, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։

Իսլանդիան, որը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 12-րդն է, այստեղ 4-րդն է։

Իսկ, օրինակ,  ԱՄՆ-ի նման հզոր տնտեսությունը ներառական զարգացման ինդեքսում 23-րդն է։ Սա պայմանավորված է կյանքի կարճ տևողությամբ, աղքատության բարձր մակարդակով և անհավասարության բարձր աստիճանով։

Հայաստանը այս 30 երկրների մեջ ներառված չէ։

Նշենք, որ կառավարությունը վերջին շրջանում մշտապես շեշտում է տնտեսական աճի՝ ներառական լինելու անհրաժեշտությունը։ Այսինքն, պետք է լինի այնպիսի աճ, որի բարիքներից օգտվեն հասարակության լայն շերտերը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ խոսվում էր, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել ոչ թե տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշին, այլ տնտեսական զարգացմանը։ Սակայն մինչև օր ամենակարևոր ցուցանիշը շարունակում է մնալ ՀՆԱ աճը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ամենադժբախտ» ներդրողը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ (տեսանյութ)

Երբ նախագահը հանդիպել էր Նաիրիտ գործարանի՝ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով

Ինչու՞ Հենրի Ֆորդը գնեց Lincoln-ը

1922 թվականին Հենրի Ֆորդը 8 մլն դոլարով գնեց Lincoln ընկերությունը, քանի որ մի դեպք տեղի ունեցավ։