Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

#Գործկա՞, թե՞ #գործչկա

Վերադարձ լուրերի բաժին

08:50 , 23 Սեպտեմբեր 2017

Վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում է աշխատանքի թեման։ Օգտատերերը բաժանվել են 2 մեծ խմբի՝ #գործկա-ի կողմնակիցներ և #գործչկա-ի կողմնակիցներ։

Առաջինները, ինչպես և կարելի է ենթադրել, համոզված են, որ Հայաստանում գործ կա, և ցանկության ու ջանքեր ներդնելու դեպքում կարելի է աշխատանք գտնել՝ առանց երկրից բողոքելու։ «#գործչկայականները», հակառակը՝ պնդում են, որ նորմալ աշխատանք գտնելը շատերի համար անհնար է, դրա համար էլ մեծ թվով մարդիկ արտագաղթում են երկրից։

Շատ անզիջում պայքար է ընթանում, տեսակետների բախում, որտեղ կողմերից ոչ մեկը չի ընդունում մյուսի փաստարկները և հակափաստարկներ է բերում։

#Գործկա-ի կողմնակիցները նշում են, որ իրականում շատ աշխատատեղեր կան, պարզապես մարդկանց մի զգալի մասը ցանկանում է միանգամից լավ վաստակել՝ առանց շատ աշխատելու։ #Գործչկա-ի կողմնակիցները պատասխանում են, որ չափահաս՝ ամուսնացած և 2 երեխա ունեցող տղամարդը չի կարող 70-80 հազար դրամով աշխատել։

#Գործկա-ի կողմնակիցներն ասում են՝ շա՞տ եք ուզում վաստակել՝ կարող եք gg տաքսի վարել և ամսական մինչև 200-300 հազար դրամ վաստակել։ Մյուս թևը պատասխանում է, որ նախ՝ բոլորը չեն կարող տաքսի վարել, բացի այդ՝ տաքսիների նկատմամբ պահանջարկն անսահմանափակ չէ։

#Գործկա-ի կողմնակիցներն ասում են՝ եթե հարմար աշխատանք չկա՝ վերապրոֆիլավորվեք, նոր աշխատանք ձեռք բերեք։ #Գործչկա-ի կողմնակիցները պատասխանում են, որ իրենք արդեն ժամանակ չունեն մի քանի ամիս վերապատրաստվելու համար, մանավանդ, որ վստահ չեն՝ դրանից հետո աշխատանք կգտնե՞ն, թե՞ ոչ։ Ավելին, նրանցից շատերը նշում են, որ բարձրագույն կրթություն են ստացել, ասենք, մշակութաբանության կամ արվեստի ոլորտում, ժամանակ են ծախսել, սիրում են իրենց մասնագիտությունը, սակայն մի քանի տասնյակ հազար դրամով չեն կարող ընտանիք պահել։

#Գործկա-ի կողմնակիցները խորհուրդ են տալիս վարձու աշխատանք չգտնելու դեպքում փորձել սեփական գործ հիմնել։ #Գործչկա-ի կողմնակիցները նշում են, որ գործ սկսելու համար դրամագլուխ է պետք, վարկերով աշխատելն անիմաստ է, և բացի այդ՝ ոչ բոլորն ունեն ձեռնարկատիրական տաղանդ, և դա նորմալ է։

Կարճ ամփոփելու դեպքում՝ #գործկա-ի կողմնակիցները դիվանագիտորեն կամ բաց տեքստով ասում են, որ աշխատանքի բացակայությունից բողոքողներն իրականում ծույլ են կամ չափից դուրս հավակնոտ։ #Գործչկա-ի կողմնակիցների պատասխանն էլ հնչում է մոտավորապես այսպես՝ «ձայններդ տաք տեղից է գալիս»։

Թե կոնկրետ երբ է սկսվել անվերջ թվացող այս բանավեճը, դժվար է ասել։ Սակայն, որքանով հիշում ենք, առաջիններից մեկը նույն gg տաքսին էր, որ վարորդների հայտարարություն տեղադրեց #գործկա հեշթեգով։ Դրանից հետո շատ գործատուներ սկսեցին այս հեշթեգն օգտագործել՝ անգամ ամենաանցանկալի, ցածր վարձատրվող և ծանր աշխատանքների համար, ինչը նյարդայնացրեց աշխատանք փնտրողներին։

Ո՞ր կողմն է ճիշտ։ Այս հարցին պատասխանելն անհնար է՝ ամեն մեկն իր փաստարկներն ունի։ Սակայն, մինչև այդ հարցին պատասխանելը, նախ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ է նշանակում՝ «գործ»։ Օրինակ, բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողի համար պահակ աշխատելը, հնարավոր է՝ «գործ չի»։ Շատ բան կախված է նաև վարձատրությունից՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն մարդիկ։

Այո, բոլորն էլ ցանկանում են, որքան հնարավոր է, շատ վաստակել։ Սակայն մարդկանց գերակշիռ մասը ռեալ է գնահատում սեփական արժանիքներն ու հնարավորությունները և հազարավոր դոլարների աշխատավարձ չի ակնկալում։ Մարդիկ ակնկալում են ստանալ այնքան, որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի գոնե նվազագույն պահանջմունքները։

Ո՞րն է այդ շեմը։ Ազգային վիճակագրական ծառայությունը նման հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիների կարծիքով՝ որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ ապրելու կամ ծայրը ծայրին հասցնելու համար։

Հարցման միջինացված արդյունքներն այսպիսին էին՝ Հայաստանում շատ լավ ապրելու համար 1 շնչի հաշվով եկամուտը պետք է լինի 568 հազար դրամ, լավ ապրելու համար՝ 251 հազար դրամ, գոյատևելու համար՝ 96 հազար դրամ։

Այսինքն, որպեսզի 4 հոգանոց ընտանիքը կարողանա ծայրը ծայրին հասցնել, այդ ընտանիքի ամսական եկամուտը պետք է լինի մոտ 384 հազար դրամ։ Սա էլ նշանակում է, որ, եթե ամուսիններն աշխատում են, նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը պետք է լինի 192 հազար դրամի սահմաններում։ Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա օգոստոսին կազմել է հենց 192 հազար դրամ։ Այդ թվում՝ մասնավոր հատվածում՝ 225,3 հազար դրամ, պետականում՝ 163,5 հազար։ Այսինքն՝ պետական հատվածի միջին աշխատավարձը բավարար չէ անգամ յոլա գնալու համար։

Ավելին, որոշ ոլորտներում (օրինակ՝ կրթության) միջին աշխատավարձը շատ ավելի ցածր է։

Կարելի՞ է սա անվանել «գործ»։ Ոմանց կարծիքով՝ այո, ոմանց կարծիքով՝ ոչ։

Մեկ այլ տվյալ բերենք։ 2017 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19%։ Այսինքն՝ տնտեսապես ակտիվ բնակչության 19%-ն աշխատանք չունի և փնտրում է (փնտրելը գործազուրկ համարվելու անհրաժեշտ պայման է)։ Այդ 19%-ը շուրջ 230 հազար հոգի են։ Չափազանցություն է ասել, որ նրանք բոլորը ծույլ են կամ միանգամից լավ աշխատանք են ցանկանում։ Այս թիվը նշանակում է, որ պաշտոնապես գոնե 230 հազար հոգու համար գործ չկա։

Մեկ այլ թիվ՝ Հայաստանում աղքատության մակարդակը 30% է։ Այսինքն՝ մեր երկրում մոտավորապես 900 հազար հոգի աղքատ է՝ պաշտոնական տվյալներով։ Ենթադրենք՝ չափահասներն այս թվի կեսն են։ Ստացվում է՝ Հայաստանում կա 450 հազար աղքատ չափահաս մարդ (կոպիտ հաշվարկով)։  Ու, որ ոչ պակաս կարևոր է՝ աղքատների թիվը գործազուրկների թվից 2 անգամ ավելի շատ է։ Ստացվում է, աշխատողների մի զգալի մասն աղքատ է. նրանց վաստակածը չի բավարարում նվազագույն կարիքները հոգալուն։

Ու նրանք, աշխատելով հանդերձ, ասում են՝ գործ չկա, որովհետև չեն համարում, որ իրենց գործը լավն է։ Չե՞ն ցանկանում փոխել աշխատանքը։ Մի մասը ցանկանում է, մի մասը՝ չի ցանկանում, մյուսները՝ ցանկանում են, բայց պատրաստ չեն։ Հարցն այն է, որ, եթե այս մարդիկ անգամ վերապատրաստվեն և տեղափոխվեն ավելի լավ աշխատանքի, ապա նրանց՝ ցածր աշխատավարձով ցածր որակավորում պահանջող աշխատատեղը թափուր է մնալու, և այլ մարդիկ են զբաղեցնելու այդ տեղը։ Այսինքն՝ աղքատ աշխատողների թիվը չի նվազելու։ Կամ՝ գործատուները պետք է աշխատավարձերը բարձրացնեն, սակայն հարց է՝ մեր տնտեսությունն ունի՞ այդքան ռեսուրս։

Կարճ ասած՝ «գործ կա՞, թե՞ գործ չկա» հարցին պատասխանելը շատ սուբյեկտիվ ու անշնորհակալ զբաղմունք է։ Մեկի համար կա, մյուսի համար՝ ոչ։ Սակայն գործ չունեցող մարդկանց «անբաշարության» կամ ծուլության մեջ մեղադրողները խորը մոլորության մեջ են։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են: