Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գործել է սիներգիայի էֆեկտը՝ համատեղվել են բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը». ԿԲ նախագահ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:34 , 29 Դեկտեմբեր 2016

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթ է ունեցել Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Մեծարգո Պարոն Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ:

Հաշված օրեր են մեզ բաժանում 2017 թվականից, և արդեն նախնական կարող ենք ամփոփել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ձեռքբերումները:
2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի համար կարևորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետևողական աշխատանքի շնորհիվ: Վստահության շնորհիվ է նաև, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են:
Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ  տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար:

Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:
Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ:
Բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է.

1.     Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով:
2.    Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով:
3.    Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը:

Տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը:Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում  բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում.
– ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները,

– ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր,

– ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը,

– գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը,

2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը:

Այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով:

Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին:

Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին:
Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը:

Ֆինանսական Կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը:
Ամփոփելով, կցանկանայի նշել նաև, որ Կենտրոնական բանկի անձնակազմը արդյունավետ աշխատելու պատասխանատվության զգացումով ու պատրաստակամությամբ է մուտք գործում 2017 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ: Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: