Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործազրկության պատկերը՝ 7.5% տնտեսական աճի պայմաններում

Վերադարձ լուրերի բաժին

10:41 , 02 Ապրիլ 2018

Տնտեսությունն աճել է, գործազուրկների թիվը՝ նույնպես

Բավականին հաճախ են հարցնում՝ որքանո՞վ է նախորդ տարվա 7.5%-անոց տնտեսական աճն ազդել հասարակության բարեկեցության վրա, ինչո՞ւ հասարակությունն այնքան էլ չի զգում այդ աճը, և այլն։

Նախկին հրապարակումներում, խոսելով 7.5%-անոց տնտեսական աճի իրական էֆեկտի մասին, միշտ նշել ենք՝ այդ էֆեկտը գնահատելու համար ավելի ճիշտ կլինի սպասել պաշտոնական վիճակագրության մյուս տվյալներին՝ աղքատության մակարդակ, գործազրկություն և այլն։

Այսինքն, եթե պարզվի, որ աղքատությունը կրճատվել է, գործազրկությունն էլ է կրճատվել, կնշանակի՝ աճն իրոք բարենպաստ ազդեցություն է ունեցել բնակչության վրա։ Աղքատության ցուցանիշները դեռ չեն հրապարակվել՝ ամենայն հավանականությամբ դրանք կհրապարակվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Սակայն զբաղվածության և գործազրկության մակարդակի, զբաղվածների և գործազուրկների թվերի տվյալներն Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց։

Միանգամից ասենք, որ դրանք այնքան էլ համահունչ չեն տպավորիչ 7.5% տնտեսական աճի ցուցանիշին, և ինչ-որ առումով՝ հակասական են։ Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների, գործազրկության տարեկան միջին մակարդակը 2017 թվականին կազմել է 17.8%՝ 2016 թվականի 18%-ի դիմաց։ Այսինքն, տարվա կտրվածքով գործազրկության միջին մակարդակը նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով։

Սա, կարելի է ասել, նվազում չէ։ Սակայն պատկերն ավելի է հետաքրքրանում, երբ դիտարկում ենք եռամսյակային տվյալները։ Ինչպես տեսնում եք գծապատկեր 1-ում, 2017 թվականի 4-րդ եռամսյակում գործազրկության մակարդակն ավելի բարձր է եղել (18%), քան 2016 թվականի 4-րդ եռամսյակում (17.1%)։ Ավելի պարզ ասած, 2017 թվականը փակել ենք ավելի մեծ գործազրկությամբ, քան 2016 թվականը։

Ընդ որում, գործազրկության մակարդակի կտրուկ աճ գրանցվել է հենց 2018-ի չորրորդ եռամսյակում՝ 16.5%-ից հասնելով 18%-ի։ Մինչ այդ՝ 2-րդ և 3-րդ եռամսյակներում, գործազրկությունը նվազում էր։

Unempl1

Ընդ որում, 2018 թվականի ընթացքում գործազրկության մակարդակի այս տատանումներն էլ (մասնավորապես՝ նվազումը) խիստ տարօրինակ են։ Այս տարօրինակությունը բավականին լավ երևում է 2-րդ գծապատկերում։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք 2017 թվականի երկրորդ կիսամյակին։ Ինչպես տեսնում եք՝ զբաղվածների թիվը թռիչքաձև աճել է՝ 67 հազարով, սակայն գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 2.5 հազարով (այս մասին գրել ենք դեռ 2017 թվականին)։

2017 թվականի երրորդ եռամսյակում հակառակ պատկերն է՝ զբաղվածների թիվը նվազել է 8.7 հազարով, սակայն գործազուրկների թիվն ավելի քան 20 հազարով է նվազել (անհասկանալի է՝ ինչպես է նվազել գործազուրկների թիվը, եթե զբաղվածների թիվը չի ավելանում)։ Իսկ չորրորդ եռամսյակում, ինչպես տեսնում եք, զբաղվածների թիվը զգալիորեն կրճատվել է (31.5 հազարով), իսկ գործազուրկներինն ավելացել է 16 հազարով։

Unempl2

Գործազուրկների միջին տարեկան թիվը 2017 թվականին կազմել է 218.9 հազար մարդ՝ 2016 թվականի 220.2 հազարի դիմաց։ Սակայն տարվա վերջին եռամսյակների արդյունքներով պատկերը հակառակն է՝ 2017 թվականի 4-րդ եռամսյակում գործազուրկների թիվը 220.2 հազար է՝ ավելի շատ, քան 2016 թվականի չորրորդ եռամսյակում (208.9 հազար մարդ)։

Փաստորեն, 2017 թվականի 7.5%-անոց տնտեսական աճը չի նվազեցրել գործազուրկների թիվը։ Հակառակը՝ այն ավելի է աճել, ինչը վկայում է այն մասին, որ 7.5% ցուցանիշով չափից դուրս շատ ոգևորվել պետք չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ